Մեղմասություն
Մեղմասություն (մեղմասացություն, էվֆեմիզմ), գեղասություն, անհարմար, տհաճ, կոպիտ համարվող բառերի և արտահայտությունների փոխարինումը վայելուչ հոմանիշներով, խոսքի կառուցման եղանակ, երբ քաղաքավարական և այլ նկատառումներով նվազեցվում, մեղմացվում են բացասական հասկացությունները՝ դրանց ոչ ուղղակի արտահայտման միջոցով։
Օրինակ․ «ճիշտ չեք ասում», փոխանակ՝ «սուտ եք ասում», «ոչ գեղեցիկ», փոխանակ՝ «տգեղ»)։ Որպես ոճաբանական դարձույթ մեղմասությունը գործադրվում է գրավոր խոսքում և հարում շրջասությանը։ Մեղմասական խոսքը հաճախ աչքի է ընկնում քաղաքավարական, հորդորական, մեղմական բնույթի բառերի առատությամբ, «չէի՜ք բարեհաճի փոխանցել այս տոմսակը», փոխանակ՝ «փոխանցեցե՛ք»։
Մեղմասությանը հատուկ է նաև ժողովրդական լեզվամտածողությանը, օրինակ՝ «սիրտ թափել», փոխանակ՝ «փսխել»։
Մեղմասությունը կարող է արգելաբասության (տաբու) հետևանք լինել, երբ սնոտիապաշտական, ավանդական կամ այլ պատճառով արգելքի ենթարկված որևէ առարկայի կամ երևույթի անվան փոխարեն գործածվում է մեղմասական ձևը՝ «էծերը եկան», փոխանակ՝ «սատանաները եկան», «պարան», փոխանակ՝ «օձ»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 445)։ |