Բացել գլխավոր ցանկը

Արաբական արշավանքներ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ
Արաբական նվաճումները 7-8-րդ դարերում․      Մոհամեդ մարգարեի շրջանում, 622-632 թթ․      Հայրիշխանական խալիֆայության շրջանում, 632-661 թթ․      Ումմայադ խալիֆայության շրջանում, 661-750 թթ․

Արաբական արշավանքներ կամ Վաղ մահմեդական արշավանքներ(արաբ․՝ الفتوحات الإسلامية‎‎)[1], հաճախ նաև անվանում են Արաբական նվաճումներ[2], սկիզբ է առել մահմեդականների մարգարե Մուհամմադի ոգեշնչմամբ 7-րդ դարում: Նա հիմնադրեց նոր միավորված պետություն Արաբական թերակղզում, որը Բարեպաշտներ և Օմայյան խալիֆների ժամանակ արագորեն ընդարձակվեց:

Արդյունքում կայսրության սահմանները ձգվում էին Չինաստանից ու Հնդկական թերակղզուց, Կենտրոնական Ասիայով, Մերձավոր արևելով, Հյուսիսային Աֆրիկայով և ընդգրկում էր Եվրոպայի մի մասը (Սիցիլիա և Պիրենեյան թերակղզի մինչև Պիրենեյներ):

Արաբական նվաճումները հանգեցրեցին Սասանյան Պարսկաստանի անկմանը և |Բյուզանդական կայսրության հսկայական տարածքների կորստին: Արաբների հաջողությունները դժվար է բացատրել, քանի որ այդ ժամանակների քիչ սկզբնաղբյուրներ են պահպանվել: Պատմաբան Ֆրեդ Դոնները կարծում է, որ Արաբական թերակղզում միասնական գաղափարական և կրոնական պետության ստեղծումը արաբների հաջողության հիմնական գրավականն է եղել: Ըստ հաշվարկների Արաբական խալիֆայության տարածքը կազմել է մոտ տասներեք միլիոն քառակուսի կիլոմետր[3]: Շատ պատմաբաններ կարծում են, որ Սասանյան և Բյուզանդական կայսրությունները տասնամյակներ ներքաշված լինելով միմյանց դեմ պատերազմներում, տնտեսապես և ռազմական տեսանկյունից հյուծված էին, ինչը հիմք հանդիսացավ արաբների հաղթանակների[4]:

Ըստ որոշ պատմաբանների Սասանյան կայսրության հրեաները և քրիստոնյաները խանդավառությամբ են ընդունել արաբական զորքերին, հիմնականում ունենալով կրոնական հակամարտություններ Սասանյան Պարսկաստանի հետ[5]: Նաև պատմաբանները կարծում են, որ Սիրիայի քրիստոնյաները օգտագործել են արաբների նվաճումները սեփական քաղաքական կամ կրոնական նպատակների համար[6]: Մյուս կողմից արաբ քրիստոնյաները միացել են պարսիկներին և բյուզանդացիներին ընդդեմ նվաճողներին, օրինակ` Ֆիրազի ճակատամարտի ժամանակ[7][8]:

Բովանդակություն

ՆախապատմությունԽմբագրել

 
Բյուզանդական և Սասանյան կայսրությունները 600 թվականին

Արաբիան տարածաշրջան էր, որտեղ կենտրոնացել էին մեծ թվով տարբեր մշակույթներ, ոմանք նստակյաց էին, մյուսները քոչվոր Բեդուիններ[9]: Արաբական հասարակությունը բաժանված էր ցեղային և կլանային խմբերի, որոնցից ամենանշանավորն էին «հարավային» և «հյուսիսային» ցեղային միությունները[10]: Հռոմեական և պարսկական կայսրությունները ժամանակ առ ժամանակ ազդեցություն են ունեցել տարածաշրջանի արաբական ցեղերի վրա, որոնք ծառայել են երկու կայսրություններում` հետապնդելով նաև սեփական շահը[10]: Լեխմիդների թագավորությունը, որը զբաղեցրել էր ներկայիս հարավային Իրաքի և հյուսիսային Սաուդյան Արաբիայի տարածքը, եղել է Պարսկաստանի հպատակը և 602 թվականին պարսիկները հրամայեցին լեխմիդներին իրենց ուժերով պաշտպանել հարավային սահմանները[11]: Սրա պատճառով պարսիկների հարավային սահմանը մնաց անպաշտպան և հող հանդիսացավ Պարսկաստանի փլուզմանը հաջորդ դարում[12]: Հարավային Արաբիան, հատկապես ներկայիս Եմենի տարածքը հազարամյակներ շարունակ եղել է բարեկեցիկ տարածաշրջանը, որը դարձել է համեմունքների առևտրի կենտրոն[12]: Եմենը եղել է Արևելյան Աֆրիկայի, Եվրոպայի և Միջին Արևելքի առևտրային ցանցի կենտրոնը` միավորելով Եվրասիան և Աֆրիկան և Եմեն են ժամանել մեծ թվով վաճառականներ Արևելյան Աֆրիկայից, Եվրոպայից, Միջին Արևելքից, Հնդկաստանից և անգամ հեռավոր Չինաստանից[12]: Բացի այդ Եմենում եղել են մեծ նավաստիներ, որոնք ճանապարհորդել են Կարմիր ծովով Եգիպտոս, Հնդկական օվկիանոսով դեպի Աֆրիկայի արևելյան ափ[12]: Եմենի տարածում կառուցվել են բազմապիսի ջրանցներ, որոնց շնորհիվ ծաղկել են մարգագետինները, սակայն այն փլուզվել է, որբ 450 թվականի երկրաշարժի արդյունքում փլուզվել է Մարիբի ջրամբարը[12]: Խունկը մեծ պահանջարկ ուներ միջերկրածովյան ավազանում, որն օգտագործվում էր կրոնական ծիսակատարությունների ժամանակ: Այնուամենայնիվ Միջրկրյածովային ավազանի երկրների քրիստոնեացումը նվազեցրեց այս ապրանքի խահանջարկը, ինչը դարձավ տնտեսական ճգնաժամի արդյունք հարավային Արաբիայում և ստեղծվեց կարծիք, որ Արաբիան հետամնաց տարածաշրջան է[12]:

Քիչ բան է հայտնի Արաբիայի նախաիսլամական կրոնների մասին, սակայն հայտնի է, որ տարածված է եղել բազմաստվածությունը, արաբների աստվածներից էին ալ-Լատը, Մանաթը, ալ-Ուզզան և Հուբերլ, որոնց գլխավոր աստվածն էր Ալլահը[13]: Կային նաև հրական և քրիստոնական համայնքներ Արաբիայում[13]: Ուխտագնացությունը արաբական բազմաստվածության կարևոր բաղադրիչներից էր և ուխտագնացության գլխավոր վայրը Մեքքան էր[13]: Մուհամմադը, ով վաճառական էր Մեքքայից, սկսեց տեսնել երազներ, որտեղ Գաբրիել հրեշտակապետը նրան հայտնում է, որ նա վերջին մարգարեն է, ով պետք է շարունակի Հիսուս Քրիստոսի և Հին Կտակարանի մյուս մարգարեների գործը[14]: Վիճաբանելով Մեքքայի էլիտայի հետ Մուհամմադը լքեց քաղաքը և տեղափոխվեց Եթրիբ քաղաք, որն անվանակոչեց Մեդինա[14]: Եթրիբում Մուհամմադը հիմնադրեց առաջին իսլամական պետությունը և 630 թվականին նվաճեց Մեքքան[14]:

 
Արաբական արշավանքները Սասանյան կայսրություն և Սիրիա 620-630 թվականներ:

Երկարատև Բյուզանդա-սասանյան պատերազմները 6-րդ և 7-րդ դարերում և ուղեկցված համաճարակը (Հուստինիանոսի ժանտախտ) խոցելի դարձրեց երկու կայսրությունները գալիք վտանգների և արաբական արշավանքների առաջ: Պատերազմների վերջին շրջանում հաղթանակներ էին տանում բյուզանդացիները: Կայսր Հերակլիոս Ա-ն վերադարձերց բլոր կորստյալ տարածքները[15]: Պատերազմն ընդդեմ զրադաշտական Պարսկաստանի, որի ժողովուրդը դավանում էր Ահուրա Մազդա աստծուն, Հերակլիոսի կողմից դիտվեց, որպես պատերազմ ի պաշտպանություն քրիստոնեական հավատքի և սրբազան խաչի[16]: Սրբազան պատերազմի գաղափարը ընդդեմ զրադաշտության բերեց մարտունակության բարձրացման և պարսիկների հետագա պարտությունների[16]:

Այնուամենայնիվ կայսրության վերականգնման հույսերը մարեցին մի քանի տարի անց, երբ արաբները (վերջերս միավորված Իսլամի ներքո) ներխուժեցին կայսրություն, որը ըստ Հովարդ-Ջոնսթոնի «կարող էր համեմատվել միայն մարդկային ցունամիի հետ»[17][18]: Ըստ Ջորջ Լիսկայի «ոչ պարտադիր բյուզանդա-պարսկական հակամարտությունը դուռ բացեց Իսլամի համար»[19]:

620-ական թվականների վերջին Մուհամմադը արդեն նվաճել և միավորել էր Արաբիան մահմեդական վերահսկողության տակ և ղեկավարում էր առաջին արաբա-բյուզանդական ընդհարումները: Մի քանի ամսում Հերակլիոսև պարսիկ գեներալ Շահրվարազը համաձայնեցին արևելյան Բյուզանդիայի տարածքից պարսկական զորքի դուրս բերման շուրջ և բյուզանդական և արաբական զորքերը հանդիպեցին Մուտահի ճակատամարտում, որի արդյունքում բյուզանդացիները սպանեցին արաբ ոստիկանին[20]: Մուհամմադը մահացավ 632 թվականին և նրան փոխարինեց Աբու Բաքրը, ով դարձավ առաջին Խալիֆը անսահմանափակ իշխանությամբ Արաբական թերակղզում հաջող Ռիդդա պատրեզմներից հետո, որի արդյունքում թերակղզում հաստատվեց միասնական հզոր իսլամական պետություն[21]:

Արաբական ցեղերի կենցաղն ու սովորույթներըԽմբագրել

Արաբները նվաճումների ժամանակ, բնակություն հաստատելով Միջերկրածովյան ավազանի երկրներում, ամենուրեք տարածեցին նաև փյունիկյան արմավենու մշակությունը։ Արաբական ցեղի գլուխ կանգնած էր շեյխը: Ճիշտ է, արաբների մոտ հայրիշխանություն էր, սակայն մայրիշխանությունը լիովին չէր վերացել և կինը նրանց մոտ բարձր դիրք ուներ։

Արաբների մոտ պահպանվում էր «արյան վրեժխնդրությունը»: Ավելի ունևոր տոհմակիցները պետք է պաշտպանեին տնտեսապես թույլ իրենց ազգակիցներին։ Յուրաքանչյուր ցեղ ուներ պաշտամունքի իր առարկան, նրանք երկրպագում էին բնության ուժերին։ Արաբներն իրենց ծագումը կապում էին Իսմայելի հետ։

Ժողովրդագրական վիճակը վաղ միջնադարումԽմբագրել

6-րդ դարի վերջին, 7-րդ դարի սկզբին Արաբիայում առաջանում է խորը տնտեսական և սոցիալական ճգնաժամ։ Աճում է բնակչությունը և զգացվում է հողի սուր պակաս։ Այդ ժամանակ ծագում է իսլամը: Իսլամի առաջացումը շրջադարձային եղավ արաբների համար։ Այն ահռելի փոփոխություններ բերեց արաբների կյանքում։ Իսլամը ծագեց 7-րդ դարում և նրա հիմնադիրն էր Մուհամեդը: Վերջինիս հաջողվեց համախմբել արաբներին մեկ գաղափարի շուրջ և միավորել նրանց։ Մուհամեդի մահից հետո արաբների մոտ մեծ տարածում գտավ սրբազան պատերազմի գաղափարը։ Իսլամի առաջացումով սկսվում են նաև արաբական արշավանքները և դրանց արդյունքում էլ ստեղծվեց խալիֆայությունը:

Արաբական էքսպանսիայի նախադրյալներըԽմբագրել

 
Մուհամեդի և Ռաշիդունի նվաճումները

Արաբական էքսպանսիայի տարածման համար առկա քաղաքական պայմանները միանգամայն նպաստավոր էին։ Խիստ թուլացել էին դարաշրջանի երկու մեծ տերությունները՝ Բյուզանդական կայսրությունը և Սասանյան Իրանը: Սրանց տիրապետության ներքո էին գտնվում Մերձավոր և Միջին Արևելքի գրեթե բոլոր երկրները, հետևաբար բախումն Արաբական խալիֆայության և այդ երկրների միջև անխուսափելի էր։

Առաջին արշավանքներըԽմբագրել

Բյուզանդիայի և Իրանի վրա արաբական առաջին արշավանքները հավանաբար սկսվում են դեռևս Մուհամմեդի օրոք, սակայն իրական նվաճումները տեղի են ունենում նրա հաջորդների օրոք, որոնք խալիֆ էին կոչվում։ 633 թ. արաբները սկսեցին բյուզանդական տիրապետության ներքո գտնվող Պաղեստինի, Սիրիայի և Լիբանանի նվաճումը և այստեղ բյուզանդական զորամասերը պարտություն կրեցին։

Դամասկոսի գրավումըԽմբագրել

Շարունակելով իրենց առաջխաղացումը դեպի երկրի խորքը՝ արաբները մոտեցան Դամասկոսին: Արաբները ծանոթ չէին ամրացված և պարսպապատված քաղաքների գրավման ռազմական արվեստին։ Հենց այդ պատճառով էլ Դամասկոսի պաշարումը տևեց ավելի քան վեց ամիս և գրավվեց շնորհիվ խոստման, որ վնաս չեն պատճառի ոչ քաղաքին, ոչ նրա բնակչությանը, ինչն էլ նրանք արեցին։

Յարմուք գետի ճակատամարտը և հետագա նվաճումներըԽմբագրել

Արաբները գրավված տարածքների բնակչությունից հարկում էին ջիզիա՝ գլխահարկ։ Դամասկոսի անկումը սթափեցրեց բյուզանդացիներին, նրանք հասկացան, որ այլևս հարցականի տակ է դրված նրանց տիրապետությունը Սիրիայում։ Արդյունքում, 636 թ. տեղի ունեցավ ճակատամարտ արաբական և բյուզանդական զորքերի միջև, որն ավարտվեց արաբների հաղթանակով։ Այս հաղթանակից հետո արաբները գրավեցին Սիրիայի այլ տարածքներ, իսկ 638 թ. գրավեցին Անտիոքը, Հալեբը և Հոմսը: Նրանց տիրապետության տակ անցավ Երուսաղեմը, իսկ 640 թ. ընկավ նաև Պաղեստինի Կեսարիա բնակավայրը։

Այսպիսով, արաբները գրավեցին ամբողջ Սիրիան, Պաղեստինը և Լիբանանը։

 
Կադիսայի ճակատամարտը՝ Ֆիրդուսու Շահնամեի էպոսի ձեռագրում

Արաբա-պարսկական առճակատումներըԽմբագրել

Կադիսայի ճակատամարտըԽմբագրել

Արաբները մարտնչում էին երկու ճակատով՝ ընդդեմ Բյուզանդիայի և ընդդեմ Պարսկաստանի։ 633 թ. արաբները ռազմական գործողություններ սկսեցին Սասանյան Պարսկաստանի դեմ, որի տիրապետության տակ էր գտնվում Միջագետքը։ Նրանք սկզբում ներխուժեցին հարավային Իրաք և գրավեցի Հիրան: Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ 637 թ. Կադիսիայի մոտ, որտեղ արաբները հաղթանակ տարան։ Արաբները շուտով գրավեցին Տիզբոնը և ավերեցին այն։

Նիհավանդի ճակատամարտըԽմբագրել

Հետապնդելով պարսից արքային՝ արաբները մտան հարավային Խուզիստան նահանգը, այնուհետև, հաղթահարելով Զագրոսյան լեռները, հայտնվեցին Նիհավանդի մոտ։ 640 թ. այստեղ տեղի ունեցավ երկրորդ ճակատամարտը, որը կանխորոշեց Պարսկաստանի հետագա ճակատագիրը։ Այստեղ պարսիկները կրկին պարտություն կրեցին։ Մինչև 651 թ. արաբները գրավեցին ամբողջ Սասանյան Պարսկաստանը և մինչև Ամու Դարյա ընկած տարածքները, որոնք մտան Արաբական խալիֆայության մեջ։

Հարավային արշավանքներԽմբագրել

Արաբների համար չափազանց կարևոր էր նաև Եգիպտոսի գրավումը, որը գտնվում էր Բյուզանդիայի տիրապետության ներքո։ Սա իրականացվեց 640-ական թվականներին։ Մեծ ձեռքբերում էր հատկապես Նեղոսից ոչ հեռու գտնվող Բաբելոն ամրոցի գրավումը։ Շուտով Եգիպտոսի կառավարիչ Կյուրոսը բանակցություններ սկսեց արաբների հետ, որի արդյունքում կնքվեց պայմանագիր։ Պայմանագրով Եգիպտոսը հպատակվում էր Արաբական խալիֆայությանը և պարտավորվում վճարել ջիզիա և բնահարկ։ Այդ պայմանագրի համաձայն 642 թ. արաբները մտան Ալեքսանդրիա քաղաք։

Շարունակելով իրենց նվաճումները Հյուսիսային Աֆրիկայում՝ արաբները 642-643 թթ. իրագործեցին մի շարք արշավանքներ և մտան Բարկա և Տրիպոլիտանիա: Տեղական բերբերական ցեղերը, չկարողանալով դիմադրել, հարկադրված էին ենթարկվել նվաճողներին։ Հյուսիսային Աֆրիկայի բնակիչները, որոնք հիմնականում խոսում էին սեմիտա-խամիտական լեզվով, համեմատաբար արագ էին արաբականացվում՝ յուրացնելով նվաճողների լեզուն, կրոնը և մշակութային մի շարք տարրեր։ Հաճախակի տեղի էր ունեում նաև հակառակ գործընթացը։

Հյուսիսային նվաճումներԽմբագրել

648 թ. արաբների տիրապետության տակ անցավ Կիպրոսը։ 640 թ. արաբներն իրագործեցին իրենց առաջին արշավանքը Անդրկովկաս, Հայաստան և Վրաստան: 650-ական թթ. ավարտվեց արաբական նվաճումների առաջին փուլը, որին հաջորդեց ժամանակավոր դադար։ Վերջինը պայմանավորված էր խալիֆայության ներսում տեղ գտած երկպառակություններով, իշխանության համար պայքարով և ապստամբություններով։ Պատմական շատ կարճ ժամանակամիջոցում արաբները դուրս գալով Արաբական թերակղզուց, ռազմաքաղաքական հաղթանակներ տարան երկու հզոր պետությունների՝ Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի դեմ։

Արշավանքների երկրորդ փուլըԽմբագրել

Կոնստանդնուպոլիսի պաշարումներըԽմբագրել

Շուտով արաբական արշավանքները վերսկսում են և նրանք կրկին շարժվում են արևմտյան ուղղությամբ, որը ներառում էր Բյուզանդիան, Հյուսիսային Աֆրիկան, իսկ ապա նաև Արևմտյան Եվրոպան։ Արաբները Բյուզանդիայի դեմ պայքարում մտցրեցին ռազմավարական փոփոխություն՝ ստեղծելով ռազմական նավատորմ։ Կոստանդնուպոլիսը գրավելու առաջին փորձը ձախողվում է։ 672 թ. նրանց հաջողվում է պաշարել քաղաքը, ինչը տևում է յոթ տարուց ավելի։ Սակայն, արաբներին այդպես էլ չհաջողվեց գրավել այն, որի գլխավոր պատճառներից էր արաբների դեմ կիրառվող «հունական կրակը»: Այս ամենից հետո խալիֆա Մուավիան հարկադրված էր 30 տարի ժամկետով հաշտություն կնքել Կոնստանտին կայսրի հետ։

Մոտ քառասունամյա ընդմիջումից հետո՝ 716 թ. արաբները կրկին պաշարեցին Կոստանդնուպոլիսը, սակայն կրկին անհաջողության մատնվեցին։

Տարածքներ ընդլայում ԱֆրիկայումԽմբագրել

 
Կայրուանի մեծ մզկիթը (Թունիսիա), հիմնադրել է արաբ զորավար Ուկբա իբն-Նավին 670 թ․

Արևմտյան ուղղությամբ արաբները մեծ հաջողություն ունեցան Հյուսիսային Աֆրիկայում, որը Բյուզանդական կայսրության նահանգներից էր։ Արաբները Աֆրիկայի յուրացումը սկասեցին 7-րդ դ. 60-ական թթ. վերջերից։ Այդ ժամանակ «Աֆրիկա», իսկ արաբերեն հնչյուաբանությամբ «Իֆրիկիյա» ասելով դեռևս հասկանում էին Թունիսը: Այստեղ արաբները գրավեցին մեծ տարածքներ և 670 թ. հիմնեցին Կայրուան քաղաքը։

Արդեն 683 թ. արաբները հասան Մավրիտանիա: Այստեղ արաբներին առավել ուժեղ դիմադրություն էին ցույց տալիս բերբերները: Արաբների առաջխաղացումը կասեցնելու նպատակով նրանք հաճախ ոչնչացնում էին ցանքատարածությունները, այգիները, ավազներով լցնում և փակում ջրհորները և այլն։ Չնայած համառ դիմադրությանը, արաբները շարունակում էին իրենց հաղթարշավը։ 698 թ. արաբները գրավում են Կարթագենը, որը համարվում էր բյուզանդական Աֆրիկա նահանգի մայրաքաղաքը։ 8-րդ դ. սկզբին արաբների տիրապետության տակ հայտնվեց ամբողջ Հյուսիսային Աֆրիկան՝ Եգիպտոսից մինչև Ատլանտյան օվկիանոս: Այս տարածքը արաբները կոչեցին «Մաղրիբ», այսինքն Արևմտյան կողմ կամ երկրներ, ի տարբերություն «Մաշրիկի»՝ արևելյան երկրների։

Եվրոպական արշավանքներԽմբագրել

ԻսպանիաԽմբագրել

Շարունակելով իրենց հաղթարշավը արևմտյան ուղղությամբ՝ արաբական զորքերը Թարիքի գլխավորությամբ, որը իսլամ ընդունած բերբեր էր, 710 թ. անցան Իսպանիան Հյուսիսային Աֆրիկայից բաժանող նեղուցը և ներխուժեցին Պիրենեյան թերակղզի: Սա հետախուզական բնույթ էր կրում։ Իսպանիայի նվաճումը սկսվեց 711 թ., երբ արաբական 12 հազարանոց բանակը Թարիքի գլխավորությամբ մտավ Իսպանիա։ Հարավային այդ շրջանը կոչվեց Գիբրալտար (արաբերեն կլինի «Ջաբալ աթ-Թարիիք»՝ «Թարիքի լեռ»)։

711 թ. Բարբաթ գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտը ավարտվեց արաբների հաղթանակով, ինչը վճռական նշանակություն ունեցավ ամբողջ Իսպանիան գրավելու համար։ Արաբները գրավեցին Կորդովան, Տոլեդոն, Սիցիլիան և այլ քաղաքներ։ Իսպանական շատ քաղաքներ և բնակավայրեր իրենք էին անցնում արաբների կողմը և օգնում նրանց, որպեսզի ազատագրվեին վեստգոթերի տիրապետությունից։ 718 թ. ավարտվեց գրեթե ողջ Իսպանիայի նվաճումը, որն արաբները կոչեցին Անդալուս։

Մայրցամաքային ԵվրոպաԽմբագրել

 
Պուատեի ճակատամարտը 732 թ․՝ ֆրանկների և արաբաների միջև

Իսպանիայի նվաճումը նոր հնարավորություններ ստեղծեց արաբների համար մայրցամաքային Եվրոպա ներխուժելու համար։ Նրանք սկսեցին Իսպանիայի սահմանակից Գալլիայից՝ Ֆրանկների թագավորությունից։ 720 թ. ներխուժելով Գալլիա՝ արաբները մտան Սեպտիմանիա շրջանը և գրավեցին Նարբոննա քաղաքը, այնուհետև Բորդոն։ Սակայն շուտով նրանք հանդիպեցին ֆրանկների լուրջ դիմադրությանը։ 732 թ. տեղի ունեցավ Պուատիեյի ճակատամարտը, որում արաբները պարտություն կրեցին։ Դա պատմական նշանակություն ունեցող ճակատամարտ էր, որի շնորհիվ կասեցվեց արաբների հետագա առաջխաղացումը Եվրոպա։ Այս գործն իր ավարտին հասցրեց Պիպին Կարճահասակը, որը 759 թ. արաբներին դուրս մղեց Նարբոննից և Սեպտիմանիայից։ Դրանից հետո արաբներն այլևս դեպի Եվրոպա արշավանքներ չկատարեցին։

Միջին ԱսիաԽմբագրել

Արևելյան ուղղությունն արաբների նվաճողական քաղաքականության երկրորդ ռազմավարական ուղղությունն էր։ Այն տարածքը, որն այժմ անվանում ենք Միջին Ասիա, հնում կազմված էր ոչ մեծ պետական կազմավորումներից և կրում էին տարբեր անուններ, ինչպես Սողդ, Ֆերգանա, Թուխարստան և այլն։ Սրանց մեջ առանձնանում էր Մավարաննահրը, ինչը արաբերեն նշանակում էր «Այն, ինչ որ գետի այն կողմն է»: Գետ ասելով արաբները ի նկատի ունեին Ամու Դարյան: Մավարաննահրը, որ գտնվում էր գետից այն կողմ, հանդիսանում էր Իրանի և Թուրանի սահմանաբաժանը։

673 թ. արաբական զորքերն անցան Ամու Դարյա գետը և հասան մինչև Բուխարա, սակայն նրանց լուրջ դիմադրություն ցույց տվեցին թուրքական և բուխարական միացյալ զինուժը։ Արաբները հաշտություն կնքեցին և վերադարձան Խորասան։ Երկրորդ անգամ արաբները այստեղ ներխուժում են 676 թ. և այս անգամ արդեն հաղթանակ տանում։ Մավարաննահրի ամբողջական գրավումը սկսվում է 705 թ., նրանք շուտով գրավում են Թուխարստանը, Սողդը, Ֆերգանան, ինչպես նաև Շաշը։ Այսպիսով, 751 թ. ավարտվում է նաև Մավարաննահրի նվաճումը։ Սրա հետևանքով անմիջական շփման մեջ մտան երեք տարբեր էթնոռասայական և լեզվամշակութային աշխարհներ՝ սեմական-արաբական, իրանական-հնդեվրոպական և մոնղոլա-թուրքական։

Աֆղանստան, Արևելյան Իրան և ՀնդկաստանԽմբագրել

8-րդ դ. սկզբներին արաբական նվաճողական քաղաքականությունը տարածվեց Աֆղանստանի, Արևելյան Իրանի և Հնդկաստանի վրա։ Արաբները բավականին հեշտությամբ գրավեցին Աֆղանստանի հարթավայրային շրջանները և մնան Քաբուլ։ Արաբական նվաճումները Հնդկաստանում սկսվեցին 710 թ-ից ալ-Կասիմի գլխավորությամբ։ Այստեղ նրանք համառ դիմադրության հանդիպեցին հատկապես Սինդում։ Ալ-Կասիմը, շարժվելով հյուսիս, մտավ հարավային Փենջաբ, որն էլ դարձավ այն վերջին սահմանագիծը, որից այն կողմ արաբները չանցան և արաբական նվաճումները հետագա զարգացում չունեցան։

ՀետևանքներԽմբագրել

 
Իսլամի տարածումը ներկայում (կարմիր՝ Շիա իսլամ, կանաչ՝ Սուննի իսլամ)

Արաբական նվաճումները վիթխարի հետք թողեցին միջնադարյան պատմության վրա։ Արաբական խալիֆայությունը ձգվում էր Հնդկաստանից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Արաբների հաջողություններին նպաստեց այդ ժամանակ մեծ տերություններում առկա քաղաքական-տնտեսական ծանր վիճակը։ Բացի այդ շատ ժողովուրդների մոտ նրանք ընկալվում էին որպես ազատարարներ։ Արաբական Խալիֆայությունը՝ շնորհիվ իր նվաճողական քաղաքականության, զուտ արաբական պետությունից վերածվեց էթնիկական խայտաբղետ կայսրության։ Շնորհիվ արաբական նվաճումների՝ մեծ տարածում գտավ իսլամական կրոնը։ Արաբները նվաճված շատ ժողովուրդների վրա ահռելի մշակութային ազդեցություն ունեցան։ Բազմաթիվ ժողովուրդներ արաբիզացիայի ենթարկվեցին։

Տես նաևԽմբագրել

Գրականության ցանկԽմբագրել

  • Իսկանյան Վ.Կ. Արաբները 6-11-րդ դարերում, Ե. 1968 թ.
  • Հովհաննիսյան Ն. Արաբական երկրների պատմություն, հ. 1, Ե. 2003 թ.
  • Всемирная история. Энциклопедия. Том 3, М. 1957г.
  1. (Kaegi 1995), (Donner 2014)
  2. (Hoyland 2014), (Kennedy 2007)
  3. Blankinship Khalid Yahya (1994)։ The End of the Jihad State, the Reign of Hisham Ibn 'Abd-al Malik and the collapse of the Umayyads։ State University of New York Press։ էջ 37։ ISBN 978-0-7914-1827-7 
  4. Gardner Hall, Kobtzeff Oleg, eds. (2012)։ The Ashgate Research Companion to War: Origins and Prevention։ Ashgate Publishing։ էջեր 208–209 
  5. Rosenwein Barbara H. (2004)։ A Short History of the Middle Ages։ Ontario։ էջեր 71–72։ ISBN 978-1-55111-290-9 
  6. Penn Michael Philip (2017)։ Envisioning Islam։ Philadelphia։ էջեր 45–50։ ISBN 978-0-81224-722-0 
  7. Jandora John W. (1985)։ «The battle of the Yarmūk: A reconstruction»։ Journal of Asian History 19 (1): 8–21։ JSTOR 41930557 
  8. Grant Reg G. (2011)։ «Yarmuk»։ 1001 Battles That Changed the Course of World History։ էջ 108։ ISBN 978-0-7893-2233-3 
  9. Nicolle (2009), էջեր. 14–15.
  10. 10,0 10,1 Nicolle (2009), էջ. 15.
  11. Nicolle (2009), էջեր. 17–18.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 Nicolle (2009), էջ. 18.
  13. 13,0 13,1 13,2 Nicolle (2009), էջ. 19.
  14. 14,0 14,1 14,2 Nicolle (2009), էջ. 22.
  15. Theophanes, Chronicle, 317–327
    * Greatrex–Lieu (2002), II, 217–227; Haldon (1997), 46; Baynes (1912), passim; Speck (1984), 178
  16. 16,0 16,1 Nicolle, 2009, էջ 49
  17. Foss Clive (1975)։ «The Persians in Asia Minor and the end of antiquity»։ The English Historical Review 90 (357): 721–747։ JSTOR 567292։ doi:10.1093/ehr/XC.CCCLVII.721 
  18. Howard-Johnston James (2006)։ East Rome, Sasanian Persia And the End of Antiquity: Historiographical And Historical Studies։ Ashgate Publishing։ էջ xv։ ISBN 978-0-86078-992-5 
  19. Liska George (1998)։ «Projection contra prediction: Alternative futures and options»։ Expanding Realism: The Historical Dimension of World Politics։ Rowman & Littlefield։ էջ 170։ ISBN 978-0-8476-8680-3 
  20. (Kaegi 1995, էջ. 66)
  21. (Nicolle 1994, էջ. 14)