Շարահյուսություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Շարահյուսություն, քերականության երկու հիմնական բաժիններից մեկը, որն ուսումնասիրում է բառերի գործառական կիրառությունները, նրանց կապակցությունները, նախադասությունները, սրանց կառուցվածքային տիպերը և կապը միմյանց հետ։ Շարահուսության հիմնական խնդիրը, այդպիսով, լեզվի շարահյուսական միավորների և դրանք պայմանավորող քերականական հարաբերությունների քննությունն Է։ Այդ միավորներն են՝ նախադասության անդամներն են բառակապակցությունները և նախադասությունները։
Քերականագիտության մեջ մի ժամանակ շարահուսության հանգեցվել է բառակապակցությունների ուսմունքի, ըստ որում նախադասությունները նույնպես դիտվել են որպես բառակապակցությունների առանձին տեսակ։ Սակայն հետագայում նախադասություններն ու բառակապակցություններն առանձնացվել են։ Այս դեպքում ևս մասնագետների զգալի մասը շարահուսության համարել Է բառակապակցությունների ու նախադասությունների ուսմունք։ Բայց, այդուհանդերձ, նրա ուսումնասիրության ոլորտում չեն անտեսվել նաև նախադասության անդամները։ Աշխարհաբարի քերականագիտության մեջ մինչև․ XX դ․ 60-ական թթ․ Շարահուսության բաժնում շեշտը դրվել է նախադասությունների ու նրանց անդամների վրա, բառակապակցությունները քննության առարկա գրեթե չեն դարձվել։ ժամանակակից հայերենագիտությունը շարահուսության ուսումնասիրության ոլորտի մեջ է ընդգրկում և՝ նախադասություններն ու նրանց անդամները, և՝ բառակապակցությունները։ Նախադասության անդամները, քերականական զանազան կապերի մեջ լինելով, բաղադրում են նախադասությունը և այդպիսով մասնակցում համապատասխան մտքի ձևավորմանն ու հաղորդմանը։ Բառակապակցություններն ավելի մեծ միավորներ են, քան նախադասության անդամները, որովհետև երկու կամ ավելի լիիմաստ բառերի անդամազատ զուգակցումներ են, լրացում-լրացյալ միություններ, որտեղ կա կախման հարաբերություն, գլխավոր բառը գերադաս է, մյուսը՝ ստորադաս, կախյալ, և նրանցից յուրաքանչյուրը նախադասության առանձին անդամ է։ Բայց որոշ դեպքերում նախադասության անդամները կարող են արտահայտվել ամբողջական բառակապակցություններով, ինչպես նաև հիմնական ու սպասարկու բառերի զուգակցությամբ։
Բառակապակցությունները դեռ նախադասություններ չեն, որովհետև չունենալով նախադասության անհրաժեշտ հատկանիշները` միտք չեն հաղորդում, այլ նախադասության կազմում ծառայում են դրան։ Նախադասությունը հաղորդակցման միավոր է, քանի որ, օժտված լինելով ստորոգումով ու հնչերանգային ավարտվածությամբ, որևէ միտք է արտահայտում։ Բայց այն կարող է կազմված լինել և´ մեկ բառանդամից, և բազմաթիվ անդամներից, ինչպես նաև իր կազմում կարող է ունենալ բաղադրիչ նախադասություններ։ Շարահյուսական հարաբերությունները բազմազան են։ Ենթական ու ստորոգյալը միմյանց հանդեպ ունեն ստորոգումային հարաբերություն, ստորադաս կամ գերադաս չեն։ Ընդհանրապես նախադասության անդամների միջև հարաբերությունները լինում են կապակցական հետևյալ տիպերով՝ համաձայնությամբ, հոլովառությամբ և առդրությամբ։ Համաձայնությունը տարբեր անդամների կապակցումն է դեմքի, թվի և հոլովի համապատասխանեցմամբ։ ժամանակակից հայերենում համաձայնական կապակցություն ունեն ենթական և ստորոգյալը (համաձայնվում են դեմքով ու թվով՝ «Ես գրեցի», «Մենք գրեցինք», «Վարդանը և Գրիգորը գրեցին»), բացահայտչի որոշ տիպեր ևս համաձայնվում են բացահայտյալին («Ես՝ ուսանողս, ուսման գերազանցիկ եմ», «Դուք՝ ուսանողներդ, ուսման գերազանցիկ եք»)։ Հոլովառությունը նախադասության այս կամ այն անդամի (և միաժամանակ բառակապակցության անդամի) իմաստի (նաև որոշ բայերի սեռի) պահանջով որևէ հոլովով արտահայտվող լրացման ընդունումն է («Գրում եմ նամակ», «Մոտեցա պատին», «Զգուշացե´ք հրդեհից» «Քայլում եմ մայթով», «Նա սովորում է դպրոցում»)։ Հոլովով արտահայտվող լրացումը կարող է և նախադասության առանձին անդամ չլինել, այլ, մնալով բառակապակցության կազմում, իր գերադաս անդամի հետ հանդես գալ որպես նախադասության անդամ («Սա գովասանքի արժանի գործ է», «Դա մարդուն վայել բան չէ»)։ Առդրումը լրացման հարումն է լրացյալին՝ առանց Փոփոխության («Կարմիր վարդը բացվել է», «Մեքենան արագ ընթացավ»)։ Կապակցման տարբեր տիպերն իրագործվում են զանազան միջոցներով։ Դրանք են՝ թեքույթները և բառափոխական մյուս ձևույթները («Ես ներկեցի վրձինով», «Թռչունները չվեցին» են), կապերը («Դուք խոսեցիք աշխատանքի մասին», «Գնացինք դեպի դաշտ» են), շարադասությունը (համապատասխան մտքի արտահայտումից բխող՝ կապակցվող բառերի դասավորությունը), հնչերանգը։ Նախադասությունների կապակցություններն ուսումնասիրվում են ըստ նրանց բարդ տիպերի մեջ մտնող պարզ նախադասությունների հարաբերությունների, որոնք ընդհանուր առմամբ լինում են համադասական և ստորադասական՝ կապակցման համապատասխան միջոցներով ու եղանակներով։ Արդի շարահյուսագիտության մեջ նոր են շարահյուսական հոմանիշների, շարահյուսական հարացույցների, բնագրի շարահուսության գաղափարները։
Գրականություն
խմբագրել- Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Ե., 1965։
- Ս. Աբրահամյան, Հայոց լեզու (Շարահյուսություն), Ե., 1984։
- Ս. Աբրահամյան և այլք, Հայոց լեզու, մ. II, Ե., 1975։
- Ս. Աբրահամյան և այլք, Ժամանակակից հայոց լեզու, հ. 3, Ե., 1976։
- Վ. Առաքելյան, Հայերենի շարահյուսություն, հ. 1-2, Ե., 1959-1964։
- Վ. Առաքելյան, Ներածություն «Հայերենի շարահյուսության», Ե., 1959։
- Ստ. Մալխասյանց, Գրաբարի համաձայնությունը, Թիֆլիս, 1892։
- Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987։
- Գ. Սևակ, Հայոց լեզվի շարահյուսություն, Ե., 1937-1980։