Հայկական սփյուռքի կրթօջախներ

Հայկական սփյուռքի կրթօջախներ, Մեծ եղեռնից հետո աշխարհի տարբեր երկրներում սփռված հայերն օտար միջավայրում նոր կյանք սկսելու դժվարությունների հաղթահարմանը զուգահեռ հիմնել են նաև ազգային դպրոցներ կամ հների կողքին ստեղծել նորերը։ Սկզբնական շրջանում սփյուռքահայ ուսումնական հաստատությունները հիմնականում կենտրոնացած էին Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում՝ Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում, Պաղեստինում, Իրանում, Իրաքում և այլն։ Դրանք որբանոց-կրթարաններ էին, որտեղ պատսպարվել, սնվել ու կրթվել են հազարավոր որբեր։ Գաղթավայրերի կայունացմանը զուգընթաց բացվել են նաև դպրոցներ՝ կրթական որոշակի ծրագրով, որոնք մշտապես եղել են բարեսիրական, մշակութային, հայրենակցական կազմակերպությունների, կուսակցությունների ու անհատ բարերարների հոգածության ներքո։ Ներկայումս Սփյուռքում գործում են ամենօրյա 4 տիպի շուրջ 400 կրթական հաստատություններ՝ տարրական, թերի միջնակարգ (նախակրթարան), միջնակարգ (երկրորդական) և բարձրագույն (լիցեյ, քոլեջ), ինչպես նաև շուրջ 500 մեկօրյա (շաբաթօրյա կամ կիրակնօրյա) դպրոցներ։ Սփյուռքի գրեթե բոլոր հայկական ամենօրյա դպրոցները մասնավոր են և, ի տարբերություն պետականների, վճարովի։ Այդ դպրոցներում ուսուցանում են տվյալ երկրի պետական ուսումնական ծրագրով և պետական լեզվով, որը պարտադիր պայման է ավարտական պետական վկայականը պետության կողմից ճանաչվելու համար։ Հայկական ամենօրյա դպրոցների ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ երեխաները սովորում են նաև հայոց լեզու և գրականություն, հայ ժողովրդի և Հայ եկեղեցու պատմություն, հայկական երգ ու պար։ Խիստ կարևոր է նաև այդ դպրոցներում ստեղծված մթնոլորտը, որի շնորհիվ հայ երեխաների մեջ ձևավորվում է ազգային ինքնագիտակցություն՝ ի տարբերություն կիրակնօրյա դպրոցների, որոնք չեն կարող բավարարել ազգային դաստիարակության և կրթության պահանջները։

Կոստանդնուպոլիս խմբագրել

Մեծ եղեռնին հաջորդած տարիներին Կ. Պոլսում պահպանված հայկական դպրոցները դարձել են գավառներից եկած հայ որբերի ապաստան։ Սակայն 1930-ական թվականների քաղաքական անբարենպաստ պայմանների հետևանքով հայերն սկսել են արտագաղթել, և խիստ նվազել է աշակերտության թիվը։ Փակվել են Սկյուտարի ճեմարանը, Պերպերյան և Հինդլյան վարժարանները, մի շարք նախակրթարաններ ու տարրական վարժարաններ։ Ներկայումս Կ. Պոլսում գործում են (աշակերտների նվազ թվով և հայագիտական առարկաների սեղմված ծրագրով) 17 կրթական հաստատություններ՝ Սահակյան-Նունյանը (1812 թվականից), Վիեննական Մխիթարյանը (1825 թվականից), Կեդրոնականը (1886 թվականից), Եսայանը (1895 թվականից), Սբ Խաչ դպրեվանքը (1953 թվականից, բոլորը՝ լիցեյ), Սեմերճյան (1838 թվականից) և Գալֆայան (1866 թվականից) ճեմարանները, Պեգճյան (1715 թվականից), Լևոնյան-Վարդուհյան (1820 թվականից), Սամաթիայի և Բանկալթիի Անարատ հղության քույրերի (1868 թվականից), Ներսեսյան-Երմոնյան (1872 թվականից), Արամյան-Ունճյան(1874 թվականից), Թարգմանչաց (1884 թվականից), Տատյան (1892 թվականից), Վենետիկյան Մխիթարյան հայ կաթոլիկ (1908 թվականից), Մերամեթճյան (1912 թվականից) վարժարանները, Կարագյոգյան որբանոցը (1913 թվականից)։ Կ. Պոլսի գրեթե բոլոր հայաշատ թաղամասերն ունեն երկրորդ, կամ նախակրթական վարժարաններ՝ իրենց ծաղկոցներով։ Վարժարաններում ուսուցանվում են հայոց լեզու, կրոնի պատմություն (հայոց պատմության դասավանդումն արգելված է)։ Թուրքիայի պատմության և աշխարհագրության, թուրքերենի ուսուցիչները պարտադիր թուրքեր են։

Լիբանան խմբագրել

Սփյուռքահայ ամենակազմակերպված և ստվարաթիվ դպրոց, ցանցերից մեկը Լիբանանում է։ Անդրանիկ դպրոցը Ձմմառի դպրեվանքն է (գործում է 18-րդ դարի կեսից)։ 1920-ական թվականներին Լիբանանում հիմնադրված 10 որբանոցներում ապաստանել են ավելի քան 7 հազար հայ որբեր։ Միաժամանակ հայկական դպրոցներ են հիմնադրվել Լիբանանի գրեթե բոլոր այն քաղաքներում ու գյուղերում, որտեղ հաստատվել են նույնիսկ փոքրաթիվ հայ գաղթականներ։ 1922-1926 թվականներին Հայ առաքելական եկեղեցին այնտեղ ունեցել է 15, կաթոլիկ եկեղեցին՝ 8, ավետարանականը՝ 6 դպրոց։ 1975 թվականին Բեյրութում, Տրիպոլիում, Ձահլեում, Այնճարում և այլ տեղերում կային շուրջ 60 վեցամյա, միջնակարգ, երկրորդ, հայկական վարժարաններ և այլ ուսումնական հաստատություններ՝ 21 հգ. Կ. Պոլսի Սահակյան-Նունյան վարժարանը (գործում է 1812 թվականից) Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանը (1886 թվականից) Կ. Պոլսի Արամյան-Ունճյան վարժարանը (1912 թվականից) բեյրութի Սելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարանը (1930 թվականից) Այնճարի Ազգային Հառաջ-Գալուստ Կյուլպենկյան վարժարանը (1941 թվականից) Բեյրութի Հայկազյան համալսարանի նոր մասնաշենքի բացման արարողությունը (2010) աշակերտով։ Լիբանանի քաղաքացիական պատերազմի (1975-1990 թթ.) պատճառով սկսված արտագաղթի, ինչպես նաև ծնունդների նվազման և հայ երեխաների՝ օտար վարժարաններ հաճախելու հետևանքով տեղի հայկական դպրոցներում կտրուկ նվազել է սովորողների թիվը։

Ներկայումս Բեյրութում և արվարձաններում գործում են Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարանը (1930 թվականից), Սրբոց Հռիփսիմյանց բարձրագույն (1922 թվականից), Հայ ավետարանական Շամլյան-Թաթիկյան (1922 թվականից), Հայ ավետարանական կեդրոն, բարձրագույն (1922 թվականից), Հայ կաթողիկե Մեսրոպյան (1939 թվականից), ՀԲԸՄ Դարուհի-Հովակիմյան (1939 թվականից), ազգային Հառաջ-Գալուստ Կյուլպենկյան (1941 թվականից), Հայ կաթողիկե պատրիարքարանի Գևորգ Հարպոյան (1960 թվականից), ազգային Եղիշե Մանուկյան (1962 թվականից) երկրորդ., Սահակյան-Լևոն Մկրտիչյան (1923 թվականից), Հայ կաթողիկե անարատ հղության քույրերու Ս. Ագնես (1929 թվականից), Վահան Թեքեյան (1951 թվականից), ազգային Սուրեն Խանամիրյան (1963 թվականից) միջնակարգ վարժարանները, Հայ ավետարան. (1923 թվականից) և ազգային Սոֆիա-Հակոբյան (1964 թվականից) քոլեջները, ազգային Աքսոր Գասարճյան (1929 թվականից), ազգային Քառասնից մանկանը (1930 թվականից), Հայ ավետարանական Կերթմենյան (1931 թվականից), ազգային Աբգարյան (1932 թվականից), ազգային Ռուբինյան (1935 թվականից), Նազարյան (1962 թվականից), Պողոս Կարմիրյան (1974 թվականից) նախակրթարանները, Զմմառի (1830-ական թվականներից) և Մեծի Տանն Կիլիկիո Զարեհյան (1930 թվականից) դպրեվանքերը և այլն։ Լիբանանահայ դպրոցներն առաջնորդվում են պետական կրթական ծրագրով, զուգահեռաբար պարտադիր դասավանդում են հայագիտական առարկաներ՝ հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն և աշխարհագրություն։

 
Հայկազյան համալսարանը Բեյրութում

Բեյրութում է Սփյուռքի միակ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Հայկազյան համալսարանը (1955 թվականից, մինչև 1996 թվականը՝ քոլեջ)։ Համալսարանում ուսումնառությունն անգլերեն է, հայկական և արաբական մշակույթներին վերաբերող առարկաները դասավանդվում են հայերեն և արաբերեն։ Դա անում են թե՝ հայեր, թե՝ օտարազգիներ։ Շրջանավարտներն ստանում են արվեստի պսակավորի (բակալավր) և գիտության պսակավորի, արվեստի մագիստրոսի տիտղոսներ, որոնք 1971 թվականից պետականորեն հավասարազոր են Լիբանանի պետական համալսարանի շնորհած աստիճանին։ Ունի հայագիտական ամբիոն։ Համալսարան հաճախող յուրաքանչյուր հայ ուսանող, անկախ ընտրած մասնագիտությունից, ուսման ընթացքում պարտավոր է հետևելու հայագիտական առնվազն 2 առարկայի դասընթացի։ Համալսարանն ունի հայագիտական հարուստ գրադարան, հրատարակում է Դամասկոսի Ազգային Թարգմանչաց ճեմարանը (1898 թվականից) «Հայկազյան հայագիտական հանդեսը» (1970 թվականից) և այլ պարբերականներ։

Սիրիա խմբագրել

 
Հայկական «Կարեն Եպպե» Ճեմարանը Հալեպում

Դպրոցների կազմակերպված համակարգ ունի նաև սիրիահայ համայնքը։ Սիրիայում առաջին հայկական դպրոցը հիմնվել է 1848 թվականին Քեսաբում։ 1850-ական թվականներին Հալեպում բացվել է Հայկազյան ազգային վարժարանը, 1898 թվականին Դամասկոսում՝ ազգային Թարգմանչաց ճեմարանը (գործում են ցայսօր)։

Մեծ եղեռնից փրկված հայերը Սիրիայում հիմնադրել են 100-ից ավելի դպրոցներ։ Ներկայումս Հալեպում գործում են 12 ամենօրյա հայկական կրթօջախներ՝ Կիլիկյան (1921, 1960 թվականներից որպես ճեմարան) և ազգային «Կարեն Եպպե» (1947 թվականից) ճեմարանները, Հայկազյան ազգային (1850-ական թվականներից), ազգային Մեսրոպյան (1923 թվականից), Հայ ավետարանական Բեթել (1923 թվականից), Կրթասիրաց (1924 թվականից), Ազգային Զավարյան (1925 թվականից), Ազգային Սահակյան (1927 թվականից), ազգային Կյուլպենկյան (1930 թվականից), Ազգային Մխիթարյան (1936 թվականից), Լագար Նաճարյան և Գալուստ Կյուլպենկյան (1954 թվականից) և Հայ կաթողիկե Զվարթնոց (1965 թվականից) վարժարանները, Դամասկոսում՝ ազգային Թարգմանչաց (1898 թվականից), ազգային միացյալ (1929 թվականից), Կյուլապի Կյուլպենկյան (1929 թվականից), Ալիշան (1965 թվականից), Քեսաբում՝ Հայ ավետարան, երկսեռ (1848 թվականից), ազգային ոաումնասիրաց միացյալ (1933 թվականից), Ռաքքայում՝ ազգային Նուպարյան (1924 թվականից), Յագուպիեում՝ ազգային վերածնունդ (1929 թվականից), Թել Աբյադում՝ ազգային Խորենյան (1930-1932), Ռաս ուլ Այնում՝ ազգային նահատակաց (1932 թվականից), Կամիշլիում՝ ազգային (1932 թվականից), Հասիչեում՝ ազգային Մեսրոպյան (1939 թվականից), Դերիկում՝ ազգային ազատության (1945 թվականից) վարժարանները, Լաթաքիայում՝ Սբ Հակոբյան նախակրթարանը (1922 թվականից) և այլն։ Վարժարաններում առաջնորդվում են պետական ուսումնական ծրագրով։ Ոաուցումն արաբերեն է։ Հայերենով արտոնված է դասավանդել հայոց լեզու, հայ գրականություն և կրոն։

Իրան խմբագրել

Իրանում հայկական համայնքի բոլոր եկեղեցիներին կից, դեռևս 1630-ական թվականներից, գործել են ծխական դպրոցներ, իսկ առաջին աշխարհիկ դպրոցներն ստեղծվել են 19-րդ դարի կեսին։ Առավել հայտնիներից են Թավրիզի Արամյան (1851), Հայկազյան (1875), Թեմական կենտրոնական (1909), Թեհրանի Հայկազյան (1870) և Քուշեշ-Դավթյան դպրոցը (1903 թվականից) Ջուղայի ազգային կենտրոնական (1880) և այլ դպրոցներ։ 1936 թվականին սկսված «իրանացման» քաղաքականության հետևանքով փակվել են բոլոր ազգային դպրոցները։ Վերաբացվել են 1942-1943 թվականին, հայկական դպրոցները՝ 1956-1957 թվականին՝ պարսկերենով դասավանդման պարտադրանքով։ Հայոց լեզուն, պատմությունը և կրոնը դասավանդվել են ծրագրից դուրս։ Իսլամական հեղափոխությունից (1979) հետո 1981 թվականին ընդունված շրջաբերականով բոլոր ազգային դպրոցները հայտարարվել են պետական, մանկավարժական կազմը փոխարինվել է պարսիկներով։ Ծայր առած բողոքի ցույցերից և դասադուլներից հետո թույլատրվել է Թեհրանի հայկական դպրոցներում շաբաթը 2 ժամ հայոց լեզու և գրականություն դասավանդել։ 1981-1982 թվականներին հայ ուսուցիչների և թեմական առաջնորդի ջանքերով առաջնորդարանում բացվել են հայերենի դասընթացներ։ 2000-2001 ուսումնական տարվանից հայկական դպրոցներում նշանակվել են նաև հայ տեսուչներ և փոխտեսուչներ։ Ի տարբերություն Թեհրանի՝ Շահին-շահր, Ռաշթ և այլ քաղաքների հայկական դպրոցներում պետական ծրագրի սահմաններում ներառվել են նաև հայոց լեզվի և գրակ-յան, կրոնի հավելյալ դասաժամեր՝ առաջնորդարանի հովանավորությամբ։ Ներկայումս Իրանի ազգային դպրոցներից 25-ը (Քուշեշ-Դավթյան, Սահակյան, Ռոստով, Արաքս, Նաիրի, Արարատ, Թունյան, Կյուլպենկյան, Գոհար, Ալիշան, Նոր Անի, Շանթ, Իրան Փիրուզ, Թովմասյան, Մարի Մանուկյան, Սողոմոնյան, Մարիամ և այլն) և մանկապարտեզներից 3-ը (Ահարոնյան, Սասուն, Քուշեշ) Թեհրանում են։ ազգային դպրոցներ կան նաև Թավրիզ, Նոր Ջուղա, Շահինշահր, Ռաշթ և այլ քաղաքներում։

Եգիպտոս խմբագրել

Եգիպտոսում հայկական առաջին դպրոցը՝ Եղիազարյան դպրատունը, բացվել է 1828 թվականին Կահիրեում (1865 թվականից՝ Գալոատյան ազգային վարժարան, գործում է ցայսօր)։ 1920 թվականից ընդլայնվել է եգիպտահայ գաղութի կրթական ցանցը։ 1935 թվականին այնտեղ կար 20 դպրոց։ 1950 թվականից բազմաթիվ եգիպտահայերի արտագաղթի հետևանքով շատ դպրոցներ փակվել են։ Ներկայիս գործող ուսումնական հաստատություններից են Կահիրեի Գալուստյան (1828 թվականից) ու Նուբարյան (1925 թվականից) և Ալեքսանդրիայի Պողոսյան (1845 թվականից) ազգային վարժարանները (մանկապարտեզներով), դասավանդվում են հայագիտական առարկաներ, մատենագիտություն, ֆրանսերեն, անգլերեն, արաբերեն, բնական գիտություններ, արվեստ և այլն։ Վարժարանները երկրի լուսավորության նախարարության համակարգում են, և կրթական բարձր մակարդակի շնորհիվ շրջանավարտներն իրավունք են ստանում առանց մուտքի քննությունների և անվճար սովորելու Եգիպտոսի 20 համալսարաններից ցանկացածում։

Իրաք խմբագրել

Իրաքում առաջին դպրոցը՝ Հայկական կրթարանը, հիմնադրվել է 1852 թվականին Բաղբաղում, 1876 թվականին այնտեղ բացվել է Սրբոց Թարգմանչաց վարժարանը, 1890 թվականին՝ Ձապելյան օրիորդացը, 1922 թվականին՝ Սվաճյանը։ 1948 թվականին Սվաճյանի և Սրբոց Թարգմանչացի միավորումով ստեղծվել է Սրբոց Թարգմանչաց-Սվաճյան ազգային ամենօրյա միջնակարգ վարժարանը (գործում է ցայսօր)։ 1920-ական թվականներից Բասրայում բացվել է Հայ ազգային վարժարան-նախակրթարանը, որին 1964 թվականին միավորվել են Ղարիբյան և Մարգիլի ազգային վարժարանները։ Մոսուլում, Կիրկուկում կան նախակրթարան, կիրակնօրյա դպրոց և այլն։

Երուսաղեմում (Իսրայել) գործում են ժառանգավորաց (1843 թվականից), Սրբոց Թարգմանչաց (1929 թվականից), Ամմանում (Հորդանան)՝ Յուզպաշյան-Կյուլպենկյան, Ադիս Աբեբայում (Եթովպիա)՝ ազգային Գևորգով (1918 թվականից), էլ Քուվեյթում (Քուվեյթ)՝ Հայ ազգային (1961 թվականից) ամենօրյա վարժարանները, Աբու Դաբիում (Արաբական Միացյալ էմիրություններ)՝ կիրակնօրյա դպրոց և այլն։

Հնդկաստան խմբագրել

Հնդկաստանում բարգավաճ են եղել հատկապես Ագրայի, Կալկաթայի, Մադրասի, Բոմբեյի համայնքները, որոնք ունեցել են իրենց դպրոցները։ Առավել նշանավորն ու երկարակյացը Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանն է (1821 թվականից), որտեղ սովորում են 7-18 տարեկան աշակերտներ (այդ թվում՝ ՀՀ-ից)։ Անապահով երեխաների ուսումն անվճար է։ Դասավանդվում են հայագիտական առարկաներ, կրոն, լեզուներ, աշխարհագրություն, մաթեմատիկա և այլն։ 1888 թվականից դասվել է Կալկաթայի համալսարանի քոլեջների կարգը։ 1999 թվականից հանձնվել է Ամենայն հայոց կաթողիկոսության տնօրինությանը։

Ֆրանսիա խմբագրել

Ֆրանսիայում առաջին հայկական դպրոցը Սամվել Մուրադյան վարժարանն էր (1846-1995 թթ., Փարիզ1855-1899 թվականներին Փարիզի Գոնել արվարձանում գործել է Հայկազյան ամենօրյա վարժարանը, 1928 թվականին Փարիզի Ռենսի արվարձանում բացվել է Դպրոցասեր տիկնանց վարժարանը (գործում է ցայսօր)։ Ֆրանսահայ համայնքի կրթական կյանքը վերելք է ապրել 1980-ական թվականներին։ Հիմնվել են երկլեզվյան Սբ Մեսրոպ (Ալֆորվիլ), Մարգարյան-Փափազյան (Լիոն), Պարսամյան (Նիս), Թարգմանչաց (Իսի լե Մուլինո) ամենօրյա վարժարանները, Համազգային լիցեյը և Անարատ հղության քույրերի վարժարանը (Մարսել), որտեղ ուսուցանում են ֆրանսիական միջնակարգ դպրոցի պետական ծրագրով։ Հանրակրթական առարկաներին զուգահեռ դասավանդում են հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն և աշխարհագրություն, հայ մշակույթի պատմություն, կրոն և այլն։ Ֆրանսահայ համայնքներում գործում են նաև շուրջ 50 մեկօրյա դպրոցներ, որոնք ինքնատիպ հայապահպան կենտրոններ են։ 1994 թվականից Ֆրանսիայի կառավարության որոշումով հային տրվել է առաջին կարգի օտար լեզվի կարգավիճակ։

Հունաստան խմբագրել

Հունաստանում մինչև Երկրորդ աշխարհամարտը (1939-1945 թթ.) եղել են շուրջ 30 հայկական վարժարաններ, որոնցից 16-ը՝ Աթենքում։ Ներկայումս գործում են 4 ամենօրյա՝ Ձավարյան (1926 թվականից), Գալփակյան (1957 թվականից), Սոֆի և Լևոն Հակոբյան (1963 թվականից), ճենազյան միջնակարգ վարժարանները (պետական ծրագրին զուգահեռ ուսուցանվում են հայոց լեզու և գրականություն, կրոն, հայոց պատմություն և աշխարհագրություն), ինչպես նաև կիրակնօրյա դպրոցներ, մանկապարտեզ։

Կիպրոս խմբագրել

Կիպրոսը նույնպես Սփյուռքի կրթական կենտրոններից է։ Առաջին հայկական դպրոցը բացվել է 1870 թվականին Նիկոզիայում։ 1886 թվականից գործել են Վարդանանց և Շուշանյան տարրական դպրոցները։ Մեծ եղեռնից հետո հիմնադրվել են բազմաթիվ նոր դպրոցներ։ 1924 թվականին Նիկոզիայում հիմնվել է Սփյուռքի հայտնի կրթօջախներից մեկը՝ Մելգոնյան կրթական հաստատությունը. 1940 թվականից՝ բարձրագույն երկրորդ, վարժարան՝ ճեմարանական, առևտրական և գիտական բաժիններով, ընդունվել են 12-14 տարեկան տղաներ ու աղջիկներ։ Դասավանդվել է հայոց լեզու, հայ գրականություն, գրաբար, ընդհանուր պատմություն, հայոց պատմություն, բնագիտական առարկաներ, արփ, օտար լեզուներ։ Դասավանդման հիմնական լեզուն անգլերեն էր։ Հրատարակել է «Այգ» դպրոց, տարեգիրքը, «Ցոլք» պարբերաանները, 1998 թվականից՝ «Հայացք» ամսաթերթը։ 2007 թվականին փակվել է։

1972 թվականից Կիպրոսի Նիկոզիա, Լառնակա, Լիմասոլ քաղաքներում գործում են «Նարեկ» ազգային միջնակարգ վարժարանները (մինչև 2007 թվականը՝ նախակրթարաններ), որոնք ղեկավարում է ընդհանուր տնօրինությունը։ Կրթօջախների ուսումնական ծրագրերում մեծ տեղ է հատկացվում ազգային դաստիարակությանը, հայագիտական առարկաներին։

Իտալիա խմբագրել

Իտալիայում հայկական դպրոցներ հիմնել է Մխիթարյան միաբանությունը (առաջինը՝ 1732 թվականին)։ Մեծ համարում է ունեցել Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանը (1836-1997 թթ.)։ 1883 թվականից Հռոմում գործում է Լևոնյան հայ վարժարանը (դպրեվանք), որը Հայ կաթոլիկ եկեղեցու համար պատրաստում է վարդապետներ. շրջանավարտներն իրավունք ունեն ուսումը շարունակելու Հռոմի բուհերի աստվածաբան. ֆակուլտետներում։

Բուլղարիա խմբագրել

Բուլղարիայի հայկական համայնքը նույնպես հնագույններից է, որտեղ հատուկ ուշադրություն է դարձվել հայեցի կրթությանը։ 19-րդ դարի վերջին այնտեղ կար 10 վարժարան՝ 950 աշակերտով, 1937-1988 թվականներին՝ 16 վարժարան՝ 2212 աշակերտով։ 1960-1970-ական թվականներին Բուլղարիայի իշխանությունները վարել են այլազգիների «բուլղարացման» քաղաքականություն։ Փակվել են ազգային (այդ թվում՝ հայկական) Պլովդիվի Վիկտորիա և Գրիգոր Թյությունճյաև դպրոցի (վերաբացվել է 1990 թվականին) սաները դպրոցները։ 1990-1994 թվականներին Պլովդիվում, Սոֆիայում, Վառնայում, Ռուսեում, Խասկովոյում և այլ քաղաքներում վերաբացվել են հայկական տարրական և միջնակարգ դպրոցները։ Հայտնիներից է Պլովդիվի Վիկտորյա և Գրիգոր Թյությունճյան վարժարանը։ Ռումինիայում հայկական եկեղեցիների հետ ստեղծվել են նաև դպրոցներ։ Դեռևս 15-րդ դարում Սուչավայի Զամկա վանքին կից գործել է վանական դպրոց։ Հնագույններից են Գեռլայի (1670) և Դումբրվենի (1685) դպրոցները։ 1840-ական թվականներին հայկական դպրոցները ձեռք են բերել պետական հովանավորություն, շրջանավարտներն իրավունք են ստացել ուսումը շարունակելու Ռումինիայի բուհերում կամ արտասահմանում։ Հայկական դպրոցներ են եղել Բուխարեստում, Կոնստանցայում, Յաշում, Ֆոկշանում, Ռոմանում, Գալացում, Բազարջիկում և այլ քաղաքներում։ Հայկական վերջին դպրոցը և մանկապարտեզը փակվել են 1962 թվականին։ 1992 թվականին Բուխարեստում բացվել է հայկական մանկապարտեզ, 1994 թվականից Բուխարեստում, Կոնստանցայում և Պիտեշտիում գործում են շաբաթօրյա դասընթացներ՝ ռումինական դպրոց հաճախող հայ աշակերտների համար։ Կա նաև կիրակնօրյա դպրոց՝ Բուխարեստի հայկական եկեղեցուն կից։

Շվեդիա խմբագրել

Շվեդիայի կրթական օրենքով՝ երկրի ազգային փոքրամասնություններին, այդ թվում՝ հայ երեխաներին, ընձեռված է պետական դպրոցներում մայրենի լեզու սովորելու հնարավորություն (հայերենի ուսուցիչները վարձատրվում են պետական բյուջեից)։ Կան նաև շաբաթօրյա դպրոցներ։

Մեծ Բրիտանիա խմբագրել

 
Սանասարյան վարժարանը Մեծ Բրիտանիայում

Մեծ Բրիտանիայում հայկական ամենօրյա դպրոցներ չկան։ Գործում են Գևորգ Թահթայան ազգային կիրակնօրյա վարժարանը և շաբաթօրյա հայերեն դասընթացը, որտեղ դասավանդվում են հայոց լեզու և պատմություն, կրոն, երգեցողություն և այլն։

Հայկական կիրակնօրյա կամ շաբաթօրյա դպրոցներ են բացվել Վիեննայում (Ավստրիա), Բրյուսելում (Բելգիա), Բեռլինում, Մայնի Ֆրանկֆուրտում, Շտուտգարդում, Քյոլնում (Գերմանիա), Մադրիդում, Բարսելոնում, Սևիլյայում, Վալենսիայում, Մալագայում (Իսպանիա), Ցյուրիխում, Բադենում, Շտայնամրայնում, Քրոյցլինգենում, Ռայնեգում (Շվեյցարիա), Պրահայում (Չեխիա), Լատվիայում, Լիտվայում, էստոնիայում, Դանիայում, Նիդեռլանդներում, Հունգարիայում և այլուր։

ԱՄՆ խմբագրել

 
Արշակ Տիգրանյան վարժարան ԱՄՆ-ում

Ամերիկայի Միացյալ նահանգների հայ համայնքն ամենամեծն է Ամերիկա աշխարհամասում, վերջին տարիներին այն ավելի է ստվարացել (շուրջ 1,2 մլն)։ Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանը (1836-1997 թթ.) Հռոմի Լևոնյան հայ վարժարանը (1883 թվականից) Լոնդոնի Գևորգ Թահթայան կիրակնօրյա ազգային վարժարանի (1978 թվականից) սաները Շառլոթ և էլիզ Մերտինյան հայ ավետարանական վարժարանը (Շեր ման Օքս, ԱՄՆ, 1980 թվականից) Մոնրեալի ՀԲԸՄ Արմեն Քեպեք-Ալեք Մանուկյան վարժարանը (1970 թվականից) Բուենոս Այրեսի Արմենիո-Արգենտինա վարժարանը (1968 թվականից) 920 Առաջին հայկական դպրոցը՝ Վարդուկյանը, հիմնադրվել է 1880-ական թվականների վերջին Նյու Յորքում։ Ներկայումս ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում կան 26 ամենօրյա դպրոցներ՝ Սբ Ներսես հոգևոր ճեմարանը, Սրբոց նահատակաց Ֆերահյան ազգային, Մեսրոպյան, Ալեք Մանուկյան, Ռոզ և Ալեք Փիլիպոս, Մանուկյան-ԴԵմիրճյան, Վահան և Անուշ Շամլյան, Համագաղութային հայ, Սբ Գրիգոր Լուսավորիչ, Մխիթարյան հայրերի, Գռուզյան-Ձաքարյան Վասպուրական, Սահակ-Մեսրոպ, Արշավ Տիգրանյան, Հայ քույրերի, Շառլոթ և էլիգ Մերտինյան, Ալֆրեդ և Մարգարիտ Հովսեփյան, Արի Կիրակոս Մինասյան վարժարանները, էմանուել Աստվածաշնչային և Մաշտոց քոլեջները, Դավթյան-Մա- րիամյան և Մխիթարյան կրթական հաստատությունները և այլն, 131 մեկօրյա դպրոցներ, ինչպես նաև մանկապարտեզներ։

Կանադա խմբագրել

Կանադայում առաջին հայկական դպրոցը (երեքօրյա) հիմնվել է 1919 թվականին։ Ամենօրյա դպրոցների ցանցը ձևավորվել է 1970-ական թվականներին Մոնրեալում և Տորոնտոյում։ Գործում են ՀԲԸՄ Արմեն Քեպեք-Ալեք Մանուկյան, Սբ Հակոբ, Սբ Խաչ ազգային, Քոլոլյան, ՀԲԸՄ Դանիել և Ալիս Ձարուկյան, Հայ կաթողիկե Նարեկ վարժարանները։ Կրթությունը պետական կրթական ծրագրով է, պաշտոն, լեզուն՝ անգլերենը կամ ֆրանսերենը։ Հայոց լեզվին և հայերենով դասավանդվող առարկաներին հատկացված է շաբաթական 7-12 ժամ։

Արգենտինա խմբագրել

Արգենտինայում ներկայումս գործում են հայկական 9 ամենօրյա դպրոցներ, այդ թվում՝ Արծրունի ազգային, Մխիթարյան, Պահչեճյան ազգային, Վիսենտե Լոպեսի ազգային, Արմենիո-Արգենտինա վարժարանները, հյրիմյան, Սբ Գրիգոր Լուսավորիչ, Մարի Մանուկյան կրթական հաստատությունները և այլն։ Դասավանդում են պետական կրթական ծրագրով, լրացուցիչ արտոնվում է ուսուցանել հայոց լեզու և կրոնի պատմություն (հայերեն)։

Բրազիլիա խմբագրել

Բրազիլիայում գործում են Դուրյան ազգային, Փառեն և ՌԵգինա Պազարյան ամենօրյա, ինչպես նաև մեկօրյա վարժարաններ։

Ուրուգվայ խմբագրել

Ուրուգվայում առաջին հայկական դպրոցը հիմնադրվել է դեռևս 1923 թ.-ին։ 1940-ական թվականների սկզբին այնտեղ կար հայկական 6 դպրոց։ Ներկայումս գործում են 2 ամենօրյա հայկական վարժարաններ՝ Նուբարյան-Ալեք Մանուկյան և Ներսեսյան։ Ուրուգվահայ երիտասարդ սերնդի գերակշիռ մասը իսպանախոս է, հայ երեխաները հիմնականում հաճախում են պետական վարժարաններ։

Սանտյագոյում (Չիլի) գործում է կիրակնօրյա դպրոց, Կարակասում (Վենեսուելա)՝ շաբաթօրյա վարժարան։

Ավստրալիա խմբագրել

Ավստրալիայում առաջին հայկական դպրոցը (կիրակնօրյա) հիմնվել է 1960 թվականին Սիդնեյում։ Ներկայումս գործում են 3 ամենօրյա՝ Սբ Գրիգոր Լուսավորիչ (1985 թվականից), Արշակ և Սոֆի Գոլստըն (1986 թվականից), Ալեքսանդր (1991 թվականից, երեքն էլ՝ Սիդնեյի ՀԲԸՄ Ալեքսանդր վարժարանի (1990 թվականից) սաները Սիդնեյում) վարժարանները, ունեն մանկապարտեզ և նախակրթարան։ Ոսումը պետական ծրագրով է, դասավանդվում են նաև հայոց լեզու և պատմություն, կրոն, հայկական երգ ու պար։ Կան նաև եկեղեցիներին կից 6 շաբաթօրյա դպրոցներ։

Ռուսաստան խմբագրել

Ռուսաստանի հայկական համայնքներում դպրոցներ են հիմնադրվել 18-րդ դարի վերջից. առաջինը Նոր Նախիջևանի Սբ Խաչ վանքի դպրոցն էր (1784 թվականից, գործել է շուրջ 140 տարի)։ Հայտնի էին նաև Աստրախանի Աղաբաբյան դպրոցը (1810-1917 թթ.), Մոսկվայի Լազարյան ճեմարանը (1810-1924 թթ.), Եկատերինոդարի, Ստավրոպոլի, Արմավիրի, Մոզդոկի, Ղզլարի, Կիսլովոդսկի և այլ Աստրախանի հայոց հոգևոր սեմինարիան (1906-1920-ական թվականներ) քաղաքների հայկական դպրոցները։ 19-րդ դարի սկզբից, հատկապես Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միանալուց հետո հայկական համայնքների ազգային կյանքում գլխավորը դարձել է կրթ, մշակութային գործունեությունը։

1990-ական թվականների սկզբներից կտրուկ ստվարացել է հայերի թիվը ՌԴ-ում (շուրջ 2,2 մլն), մասնավորապես՝ Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում, Ռոստովի մարզում, Մոսկվայում, Ուրալի և Սիբիրի արդյունաբերական կենտրոններում, Սև ծովի կովկասյան ափի քաղաքներում։ Ներկայումս Կրասնոդարի երկրամասի մի շարք գյուղերում (Սերգեյ Պոլե, Մոլղովկա, Ներքին Շիշլովկա, Չերեշնյա, Լոռ և այլն), Արմավիրում, Ստավրոպոլի երկրամասի Եդեսիա հայկական գյուղում (2 միջնակարգ և ութամյա), Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի հայկական գյուղերում (Չալթր, Մեծ Սալա, Թոփթի, Սուլթան Սալա և այլն) շարունակում են գործել կամ վերաբացվել են հայկական միջնակարգ դպրոցներ։

ՌԴ-ի գրեթե բոլոր հայ համայնքներում համայնքային կազմակերպություններին կից և նրանց հովանավորությամբ ստեղծվել են մեկօրյա դպրոցներ, պետական դպրոցներում՝ հայկական դասարաններ, հայոց լեզվի, հայ գրակ-յան, հայոց պատմության ուսուցման խմբակներ, դասընթացներ, Մոսկվայում 1990-ական թվականների սկզբին հիմնադրվել են հայկական և բազմազգ, ամենօրյա դպրոցները, «Վերածնունդ» և Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի բաժանմունքին կից կիրակնօրյա դպրոցները, «Հայորդաց տուն» դաստիարակության, «Լույս» մշակութային կենտրոնները, Կալուգայում՝ ազգային կրթության կենտրոնը, և այլն։

2018 թվականին Մոսկվայում հիմնուվում է Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանը։ Վարժարանը դարձավ առաջին հայկական դպրոցը ՌԴ-ում, որը ստացել է կրթական ծառայությունների մատուցման ամբողջական իրավունք։

Վրաստան խմբագրել

Վրաստանն այն բացառիկ երկրներից էր, որտեղ հայկական դպրոցները գործել են պետական հովանավորությամբ, առաջնորդվել ՀՀ գիտության և կրթության նախարարության ծրագրով ու մեթոդ, գրականությամբ։ Վրաստանի անկախացումից հետո պատկերը կտրուկ փոխվել է. հայկական միջնակարգ դպրոցներում դադարեցվել է հայոց պատմության դասավանդումը։

Վրաստանի կրթական նոր օրենքի համաձայն՝ Վրաստանի հանրային դպրոցներում (այդ թվում՝ հայկական) դասավանդման լեզուն վրացերեն է, որը լուրջ խոչընդոտ է դարձել հայաբնակ Ախալքալաքի և այլնի- նոծմինդայի շրջանների շուրջ 130 հայկական դպրոցներում սովորող հայ Երեխաների համար։ Կրճատվել է նաև Թբիլիսիի հայկական դպրոցների թիվը, նախկին 8-ի փոխարեն ներկայումս 3-ն են։ 2010 թվականից Քութայիսում ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի աշխատանքային խումբն անցկացնում է հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ՝ «Հայոց պատմություն», «Հայոց լեզու», «Հայ գրականություն» առարկաների և տարր, դպրոցներում դասավանդող ուս ուցիչների համար, որին մասնակցում են Ախալքալաքի, Ախալցխայի, Նինոծմինդայի, Բորժոմի, Մառնեուլի, Թբիլիսիի հայկական դպրոցների ուսուցիչները։

Աբխազիա խմբագրել

Աբխագիայում գործում են 32 պետական հայկական դպրոցներ (յուրաքանչյուրում՝ 30- 60 աշակերտ, ընդամենը՝ 2 հազար), որոշ դպրոցներում կան նախապատրաստական դասարաններ՝ լեզվ. դժվարությունները հաղթահարելու համար։ Քիշնևում (Մոլդովա) 1990-ական թթ- ից ռուս, դպրոցի հիմքի վրա գործում է հայկական դպրոց, որտեղ դասավանդվում են հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն, աշխարհագրություն, ազգային երգ ու պար։ Բացվել է նաև կիրակնօրյա դպրոց։

Ուկրաինա խմբագրել

Ուկրաինայի որոշ քաղաքներում (Կիև, Օդեսա, Յալթա, Սիմֆերոպոլ, Եվպատորիա, Թեոդոսիա, Կազարատ, Սևաստոպոլ և այլն) նույնպես բացվել են կիրակնօրյա հայկական դպրոցներ։

Վերջին 2 տասնամյակում ստվարացել են նաև Միջին Ասիայի հանրապետությունների հայկական համայնքները, որն էլ հանգեցրել է հայկական կրթական կյանքի աշխուժացմանը։ Աշգաբադ և Թուրքմենբաշի (Թուրքմենստան), Ալմաթի (Ղագախստան), Բիշքեկ (Ղրղըզստան), Սամարղանդ (Ուզբեկստան) և այլ քաղաքներում գործում են կիրակնօրյա հայկական դպրոցներ, Սամարղանդի պետական դպրոցներից մեկում բացվել է հայկական դասարան։ Սփյուռքահայ կրթօջախների մեծ մասը սերտ կապի մեջ է մայր հայրենիքի հետ։ Սփյուռք են առաքվում գիտական հրատներ, դասագրքեր (նաև էլեկտրոնային տարբերակով), տեսաժապավեններ։ Սփյուռքի հայտնի կրթական կենտրոններում դասընթացներ կարդալու են հրավիրվում Հայաստանի բուհերի լավագույն հայագետների, գրականագետների, պատմաբանների, և հակառակը՝ միջազգային համբավ ունեցող սփյուռքահայ մասնագետներին հնարավորություն է տրվում դասավանդելու ՀՀ կրթօջախներում՝ ներգրավելով նրանց կրթության համակարգի զարգացման ծրագրերում։ 2000 թվականից Երևանում կազմակերպվում են սփյուռքահայ ուսուցիչների ամենամյա դասընթացներ և սեմինարներ։

Արտերկրում հայապահպանության խնդիրների լուծմանը, ազգային ավանդույթների պահպանմանը, սփյուռքահայ դպրոցների գործունեությանը մեծապես նպաստում են ՀՀ Սփյուռքի նախարարությունը և ՀՀ ԿԳՆ-ի սփյուռքի բաժինը. 1964-1998 թվականներին այդ գործառույթն իրականացրել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն։

2004 թվականից ՀՀ ԿԳՆ-ն 2 տարին մեկ կազմակերպում է համահայկական կրթական խորհրդաժողովներ՝ ՀՀ-ի, ԼՂՀ-ի և Սփյուռքի կրթական ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ։ ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ 2010 թվականից անցկացվում է «Սփյուռքի լավագույն կրթօջախ» մրցույթը։ Սփյուռքահայ դպրոցների շատ շրջանավարտներ բարձրագույն կրթություն են ստանում Հայաստանի բուհերում։

Այդուհանդերձ, սփյուռքահայ համայնքների հայկական ամենօրյա դպրոցներում սովորում է հայազգի երեխաների փոքր մասը, հայ երիտասարդության ճնշող մեծամասնությունը լավագույն դեպքում հաճախում է մեկօրյա դպրոց և տիրապետում է ընդամենը խոսակցական հայերենին, որն էլ իր հերթին բացասաբար է անդրադառնում Սփյուռքում հայկական մամուլի, հայալեզու գրականությանյաև և հայկական մշակույթի զարգացման վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։