Բնագիտություն կամ բնական գիտություններ, բնության մասին գիտությունների համակարգը, որը պատմականորեն սահմանազատվել է մարդկային հասարակության ու մտածողության մասին եղած գիտություններից և ձեռք է բերել հարաբերական ինքնուրույնություն։ Հիմնվելով ֆորմալ գիտությունների վրա՝ բնական գիտությունները փորձում են մաթեմատիկական տեսքի բերել բնական երևույթները։ Բնագիտության խնդիրն է բացահայտել բնության մեջ գործող օրինաչափությունները և պրակտիկ կյանքում նրանց կիրառման հնարավորությունները։

Գիտության պատմություն
Թեմաներ
Մաթեմատիկա
Բնագիտություն
Աստղագիտություն
Կենսաբանություն
Բուսաբանություն
Աշխարհագրություն
Երկրաբանություն
Ֆիզիկա
Քիմիա
Էկոլոգիա
Հասարակական գիտություններ
Լեզվաբանություն
Հոգեբանություն
Սոցիոլոգիա
Փիլիսոփայություն
Տնտեսագիտություն
Տեխնոլոգիա
Հաշվողական տեխնիկա
Բժշկություն
Գյուղատնտեսություն
Նավարկություն
Պորտալ
Կատեգորիա:Գիտության պատմություն

Բաժիններ

խմբագրել

Բնագիտության առարկան օրգանական և անօրգանական մատերիայի շարժման տարբեր ձևերն են, նրանց փոխադարձ կապերն ու անցումները։ Կոնկրետ հետազոտական խնդիրների տեսակետից այդ առարկան տրոհվում է հետևյալ բաժինների՝ մատերիա ընդհանրապես, երկիր, տիեզերք, կյանք, մարդ։ Դրան համապատասխան, Բնագիտության համակարգի գիտությունները խմբավորվում են հետևյալ կերպ՝

  1. ֆիզիկա, քիմիա, ֆիզիկական քիմիա,
  2. երկրաբանություն, հանքաբանություն, մթնոլորտաբանություն, աշխարհագրություն (ֆիզիկական),
  3. աստղագիտություն,
  4. կենսաբանություն, բուսաբանություն, կենդանաբանություն,
  5. անատոմիա, ֆիզիոլոգիա, ուսմունք մարդու ծագման ու զարգացման մասին, ուսմունք ժառանգականության մասին։

Բնավ ոչ լրիվ այս բաժանումը խիստ պայմանական է։ Անհնար է հետևողական բաժանում անցկացնել այս խմբերի միջև, և ներկայումս բնագիտության շատ նոր բնագավառներ ծնվում են նշված խմբերի սահմանագծում (օրինակ՝ աստղաբուսաբանություն, կենսաֆիզիկա ևն)։ Ավելին, բնագիտությունը ևս խիստ կերպով չի սահմանազատված գիտության մյուս համակարգերից, օրինակ, բնագիտության և հասարակական գիտությունների սահմանագծում է ընկած տնտեսական աշխարհագրությունը, բնագիտության և տրամաբանության սահմանագծում՝ կիբեռնետիկան ևն։ Ներկայումս որպես հարաբերականորեն ինքնուրույն բնագավառ ձևավորվել է տեխնիկական գիտությունների համակարգը, որը ինչ–որ իմաստով կարող է դիտվել որպես բնագիտության կիրառություն։

Մաթեմատիկա

խմբագրել

Մաթեմատիկան անմիջականորեն չի ուսումնասիրում բնությունը, ուստի և չի մտնում բնագիտության համակարգի մեջ։ Այն հանդես է գալիս որպես գիտական մտածողության անհրաժեշտ գործիք (ինչպես տրամաբանությունը) և «լեզու», որի միջոցով արտահայտվում են բնագիտության օրենքները։ Միաժամանակ իր մեկնաբանությունների մեջ մաթեմատիկան հանդես է գալիս որպես գիտություն բնության մասին և այս առումով մերձենում է բնագիտությանը։

Կապն այլ բնագավառների հետ

խմբագրել

Բնագիտությունը սերտ կապի մեջ է մարդկային հոգևոր ու նյութական մշակույթի այլ բնագավառների հետ։ Բնության օրենքների պրակտիկ կիրառման և տեխնիկայի միջոցով բնագիտությունը կապվում է արտադրության, գյուղատնտեսության, առողջապահության, հաղորդակցության ու կապի միջոցների հետ։ Պրակտիկայի հետ ունեցած կապի տեսակետից բնական գիտությունները բաժանվում են երկու խմբի՝ կիրառական և հիմնարար։ Հիմնարար գիտությունները (քվանտային մեխանիկա, թերմոդինամիկա ևն) նպատակ ունեն ճանաչել այն օրենքները, որոնք կառավարում են բնության արմատական կառուցվածքների վարքն ու փոփոխությունները։ Այդ օրենքներն ուսումնասիրվում են «մաքուր» ձևով, որպես այդպիսիք, անկախ նրանց կիրառման հնարավորություններից։ Կիրառական գիտությունները լուծում են ոչ այնքան իմացական, որքան պրակտիկ խնդիրներ, նպաստում բնության վերափոխմանն ու յուրացմանը։ Որպես կանոն, հիմնարար գիտություններն իրենց զարգացումով առաջ են անցնում կիրառականներից՝ ստեղծելով նրանց համար տեսական բաժիններ։

Մեթոդներ

խմբագրել

Առարկայի բնույթին համապատասխան, բնագիտության տարբեր բաժիններ կիրառում են ուսումնասիրության ուրույն մեթոդներ։ Մեթոդի տեսակետից ընդունված է բնական գիտությունները բաժանել երկու խմբի՝

  1. նկարագրական, որոնց օգնությամբ ձեռք են բերվում փաստական գիտելիքներ և դրանք ընդհանրացվում օրենքների ու սկզբունքների միջոցով, և
  2. ճշգրիտ, որոնք փաստերն ու կապակցությունները մարմնավորում են մաթեմատիկական ձևի մեջ՝ դրանց տալով համընդհանուր և անհրաժեշտ բնույթ։

Սակայն այդպիսի բաժանումը հետևողականորեն անցկացնելը անհնար է հատկապես մեր օրերում, երբ, հենվելով մաթեմատիկական մտածելակերպի վրա, բոլոր գիտությունները ձգտում են կառուցել տրամաբանական տեսակետից կուռ համակարգեր և միարժեք ու ճշգրիտ բնույթ հաղորդել ստացված արդյունքներին։ Այս պատճառով ավելի ճիշտ է խոսել միայն հետազոտության էմպիրիկ և տեսական մակարդակների մասին, որոնք ավելի կամ պակաս չափով հատուկ են բոլոր գիտություններին։ Էմպիրիկ մակարդակում կիրառվող մեթոդներ են՝ չափում, համեմատում, ինդուկցիա, դեդուկցիա, վերլուծություն (անալիզ), համադրություն, սինթեզ ևն։ Տեսական մակարդակին բնորոշ է հիպոթեզը, մոդելավորումը, իդեալականացումը, աբստրակցիան, մտային էքսպերիմենտը ևն։

Պատմություն

խմբագրել

Բնագիտության զարգացման ազդակները վերջին հաշվով պայմանավորված են մարդկային պրակտիկ պահանջմունքներով։ Ուստի արտադրողական ուժերի, տեխնիկայի զարգացման որոշակի մակարդակի պատմականորեն համապատասխանում է բնագիտության որոշակի փուլ իր ուրույն խնդիրներով ու մտածելակերպով։ Բնության մասին առաջին գիտելիքները ծագել են դեռևս Հին Արևելքում։ Դրանք իմաստավորվել և գիտական համակարգի մեջ են ներառվել Հին Հունաստանում։ Հույն բնագետները՝ «բնափիլիսոփաները», որպես ուսումնասիրման առարկա վերցրել են բնությունը իր միասնության մեջ և աշխատել առանց փորձնական ուսումնասիրության, զուտ մտահայեցողական ճանապարհով նշել բացարձակ հիմքեր, որոնցով հնարավոր լիներ բացատրել ողջ աշխարհը։ Արդի իմաստով բնագիտությունը սկիզբ է առնում նոր ժամանակներից, երբ բնության անմիջական հայեցումից անցում է կատարվում դեպի նրա անալիտիկ մասնատումը, մտահայեցողական կշռադատություններից՝ փորձնական հետազոտությունը։ Կոպեռնիկոսի արևակենտրոն համակարգով դրվում են գիտական աստղագիտության հիմքերը, Գալիլեյով սկսվում և Նյուտոնով ավարտվում է դասական մեխանիկան։ Երկնային մեխանիկայի հիմքի վրա կառուցվում է աշխարհի մեկ–միասնական մեխանիկական պատկեր, որը, հենվելով մեխանիստական դետերմինիզմի գաղափարի և հետազոտության զուտ քանակական մեթոդների վրա, հավակնում էր բացատրել աշխարհի բոլոր երևույթները։

19-րդ դարից սկսած բնագիտույթան մեջ են թափանցում որակական հետազոտությունները, ծնվում են մեթոդներ, որոնք հնարավորություն են ընձեռում կապ հաստատելու մինչ այդ միմյանցից մեկուսացված բնագավառների մեջ։ Էներգիայի պահպանման ու փոխակերպման օրենքը հնարավորություն է տալիս միմյանց հետ կապելու շարժման ֆիզիկական և մեխանիկական ձևերը, բջջային տեսությունը՝ բուսական ու կենդանական աշխարհը։ Դրվում են որակական քիմիայի և գիտական կենսաբանության հիմքերը, ծնունդ են առնում Երկրի էվոլյուցիայի, նյութի քիմիական կառուցվածքայնության մասին տեսությունները։ Հենվելով անվերջ փոքրերի անալիզի վրա՝ բնագիությունը դիսկրետ վիճակներից անցնում է պրոցեսների ուսումնասիրությանը։ Այս բոլորի հետևանքով բնագիտությունն աշխարհի բացարձակ դետերմինացված մեխանիստական պատկերից անցնում է նոր, սինթետիկ պատկերի ստեղծմանը՝ իր բազմակողմանիությամբ, ամբողջականությամբ ու կոնկրետությամբ։ Այս անցումը ծնում է նաև մեթոդաբանական բնույթի դժվարություններ։ 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում ֆիզիկայում կատարված մի շարք հայտնագործություններով (էլեկտրոնի, ռադիոակտիվության ևն), ինչպես նաև ֆիզիկայում ու մաթեմատիկայում մրցակցող տեսությունների առաջացումով արմատական փոփոխություններ կատարվեցին գիտական մտածողության հիմքերում։ Գիտության մաթեմատիկացման հետևանքով հակասություններ ծագեցին ճշմարտության գիտականության և նրա ակնհայտության միջև։ Այս երևույթը, որը հայտնի է ֆիզիկայի ճգնաժամ անունով, ըստ էության, դասական ֆիզիկայի մեթոդաբանական հիմքերի՝ մեխանիստական աշխարհայացքի ճգնաժամն էր։ Այդ ճգնաժամը հաղթահարվեց նոր հեղափոխությամբ, որն սկսվեց ֆիզիկայում (Ալբերտ Այնշտայն) և ընդգրկեց բնագիտության գրեթե բոլոր ոլորտները։

20-րդ դարի բնագիտությունը առանձին մասերի մեկուսի ուսումնասիրություններից անցնում է կոմպլեքսային պրոբլեմների լուծմանը, որը և տանում է սինթետիկ գիտությունների ու հետազոտության սինթետիկ մեթոդների առաջացմանը։ Մասնավորապես այս հիմքի վրա է ծնվում կիբեռնետիկան, լայն կիրառություն են ստանում համակարգա-կառուցվածքային հետազոտությունները։ Ժամանակակից ֆիզիկան ատոմային էներգիայի կիրառման ուղիների և միկրոաշխարհի օրինաչափությունների բացահայտման հետ մեկտեղ խթանում է նաև աստղագիտության, կիբեռնետիկայի, բիոնիկայի, քիմիայի, կենսաբանության զարգացումը։ Հենվելով ֆիզիկայի, մաթեմատիկայի, կիբեռնետիկայի նվաճումների վրա՝ կենսաբանությունն զգալի առաջընթաց է արել արհեստական բիոսինթեզի փորձարարական և տեսական խնդիրների լուծման, ժառանգականության մեխանիզմի բացահայտման, քիմիական կապերի բնույթի իմացության բնագավառում։ Ներկայիս բնագիտության մեջ առաջատար դեր է խաղում ոչ միայն ֆիզիկան, ինչպես այդ տեղի ուներ 20-րդ դարի սկզբում, այլև կիբեռնետիկան, մոլեկուլյար կենսաբանությունը, մակրոքիմիան ևն։ ժամանակակից աստղագիտությունը սոսկ ֆիզիկայի կիրառման ոլորտ չէ, այլ նոր գաղափարների ու աշխարհի մասին նոր պատկերացումների աղբյուր։

Տես նաև

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 486