Ժան Ռենո
Ժան Ռենո (ֆր.՝ Jean Reno [ˈʒɑ̃ ʁeˈno] (իրական անունը՝ Խուան Մորենո ի Էռերա Խիմենես (իսպ.՝ Juan Moreno y Herrera Jiménez)), հուլիսի 30, 1948[1][2][3][…], Կասաբլանկա, Մարոկկո[4]), ֆրանսիացի դերասան իսպանական ծագումով։ Նկարահանվել է սկսած 1979 թ-ից։ Առաջին նշանակալից դերը համարվում է «Լեոն» ֆիլմը։ Այդ ֆիլմը միանգամից փառքի արժանացրեց և Ժան Ռենոյին և Լյուկ Բեսոնին։ Շատերը Ռենոյին հիմա ճանաչում են որպես Լեոն, բայց Ռենոյի դերերը բազմազան են։ Նա այն եզակի դերասաններից է, ով կարողանում է հիանալի կերպով մարմնավորվել առնական հերոսների՝ որոնցից են Վիկտոր (Նիկիտա), Լեոն (Լեոն) և Շառլ Մաթեյի (22 փամփուշտ. Անմահը) և այնպիսի սենտիմանտալ և կատակերգական հերոսների, որոնցից են կոմս Գոդֆրուա դը Մոնտմիրալը (Եկվորները, Եկվորները 2. Ժամանակի միջանցքները), Հուբերտ Ֆիոերենիտին (Վասաբի)։
Ժան Ռենո ֆր.՝ Jean Reno | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 30, 1948[1][2][3][…] (76 տարեկան) |
Ծննդավայր | Կասաբլանկա, Մարոկկո[4] |
Կրթություն | Կարնոյի լիցեյ, Ռենե Սիմոնի դրամատիկական կուրսեր և Lyautey երկրորդական վարժարան |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Իսպանիա |
Մասնագիտություն | կինոդերասան, դերասան և հեռուստատեսային դերասան |
Ամուսին(ներ) | Genevieve Reno?, Nathalie Dyszkiewicz? և Zofia Borucka?[5] |
Երեխա(ներ) | Sandra Moreno? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ժան Ռենոն իր կինոկարիերան սկսել է մոտ երեսուն տարեկան հասակում և կարճ ժամանակում մեծ ճանաչման է հասել ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ և Հոլիվուդում։ Չնայած, որ Հոլիվուդում Ռենոյին բազմաթիվ հետաքրքիր դերեր են առաջարկում, Ռենոն հնարավորինս նախընտրում է նկարահանվել իր հայրենի Ֆրանսիայում։ Բացի այդ Ռենոյին այնքան էլ հետաքրքիր չէ հոնարարները։ Հետաքրքիր դերի կամ լավ նկարահանման անձնակազմի դեպքում հոնարարը մնում է հետին պլանում։
Դերասանը մեծ ժողովրդականություն է վայելում հանդիսատեսի մոտ և չնայած այն հանգամանքին, որ Ժան Ռենոն խոստացել էր նկարահանվել մինչև 60 տարեկանը, նա մինչև հիմա էլ նկարահանվում է և պատրաստվում է նկարահանվել։ Ինչպես ասում է մեծն դերասանը՝ ինքը չի կարողանում մերժել իր ընկերներին։
Վաղ տարիներ
խմբագրելԺան Ռենոն ծնվել է Կասաբլանկայում, Մարոկկո։ Նրա հայրն ու մայրը իսպանացիներ են և Ֆրանսիսկո Ֆրանկոյի դիկտատուրայի պատճառով իրենց երկրից փախել են Հյուսիսային Աֆրիկա։ Երբ տղան 12 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվեց Փարիզ։ Նրա հայրը՝ Խուանը աշխատում էր լինոտիպիտի (տողաշար մեքենա) վրա աշխատող։ Ռենոյի մայրը դերձակուհի էր և մահացել է, երբ Ռենոն դեռևս 17 տարեկան էր[8]։ Ռենոն ունի փոքր քույր՝ Մարի Թերեզա անունով։
Ֆրանսիայում նորմալ կյանք ունենալու համար անհրաժեշտ էր այնտեղի քաղաքացիություն և այն ձեռք բերելու համար Ռենոն ստիպված ծառայության անցավ ֆրանսիական բանակում[8]։
Մինչ դերասան դառնալը Ռենոն օրվա ապրուստ վաստակելու համար զբաղվել է զանազան աշխատանքներով։ Նա վաճառել է երաժշտական գործիքներ, եղել է վարորդ, հաշվապահ և նույնիսկ ծառայել է մաքսատանը։ Այն ժամանակ նա օրական 10 դոլարից ոչ ավել էր կարողանում էր վաստակել։ Նրա առաջին դերասանական հոնարարը եղել է 100 դոլար, իսկ հիմա Ռենոյի կարողությունը գերազանցում է 100 միլիոն դոլարը[9]։
Դերասանությամբ Ռենոն որոշել է զբաղվել դեռ վաղ տարիներից։
Փարիզում նա սկսեց այցելել թատերական դպրոց, որտեղ ժամանակին սովորել էին այնպիսի աստղեր, որոնք էին Կլոդ Բրասերը, Դիդյե Ֆլամանը։ Բացի այդ նա ցանականալով օգնել իր հորը աշխատել է ամենատարբեր ոլորտներում՝ վարորդ, մաքսատան աշխատող և հաշվապահ։ Դերասանական ուղին ընտրելով դերասանը որոշեց կրճատել իր երկար "Խուան Մորենո-ի-Էրերա Հիմենես" անունը, քանի որ այն ֆրանսիական դերասանի անվան նման չէր։ Նա իսպանական Խուանը փոխարինեց ֆրանսիական Ժանով, իսկ իր Մորենո ազգանվան առաջին երկու տառերը կրճատեց և արդյունքում հայտնվեց Ժան Ռենո անունը[8]։
Դերասանական կարիերա
խմբագրելԿարիերայի սկիզբ
խմբագրելԱվելի ուշ, թատրոնով տարվելով, Ժան Ռենոն դերասանական վարպետության դասընթացներ է առավ Ռենե Սիմոնի դրամատիկական թատրոնում և 1974 թ.-ից նա արդեն հաջողությամբ խաղում էր հեռուստատեսությունում, իսկ ապա և "Ecce Homo"-յի թատերական բեմում։ Էկրանի վրա նրա առաջին աշխատանքը եղավ «Օրական մի գաղտնիք» հեռուստասերիալում մարմնավորած փոքրիկ դերը։ Իսկ լայնամետրաժ կինոյում դերասանի դեբյուտը հանդիսացավ «Գողացված նկարի հիպոթեզ» ֆիլմում տարած դերը։ Դրանից հետո հետևեցին տարբեր մասշտաբի դերեր քիչ նշանակալից ֆիլմերում։ Բարձր հասակի պատճառով սկզբում նրան միայն տալիս էին կոպիտ, դաժան կերպարների դերեր։ 1980-1985 թթ. նա նկարահանվեց 18 ֆիլմերում։ Բայց դա այն չէր։ Չնայած թատերական դերերում ունեցած հաջողությանը, Ժանի կինոկարիերան չէր ստացվում։ Երկար ժամանակ նա ստվերում մնաց։ Նա ոչ մի ռեժիսորի կողմից ուշադրության չէր արժանանում տարօրինակ արտաքին տեսքի պատճառով։ Մնում է միայն ենթադրել, թե ինչ կլիներ Ժան Ռենոյի ճակատագիրը, եթե նա չհանդիպեր Լյուկ Բեսոնի հետ և չդառնար նրա թալիսման աստղը։
1981 թ.-ին նկարահանելով Ժան Ռենոյին «Նախավերջինը», իսկ այնուհետև 1983 թ.-ին «Վերջին մարտը» ֆիլմերում, 26-ամյա ռեժիսորը, որը տարիքով փոքր էր Ռենոյից, ի դեմս նրա գտավ համախոհի և ընկերոջ։ 1985 թ.-ին նրան «Մետրո» ֆիլմում թմբկահարի դեր տալով, միանգամից մի քանի աստիճանով նպաստեց դերասանի հաջողության բարձրացմանը։ Այդ դերը ոչ միայն ճանաչում բերեց երիտասարդ Ժան Ռենոյին, այլ նաև նրա լուրջ կարիերայի զարգացման հիմքը դարձավ, չնայած այն հանգամանքին, որ նա միայն երկրորդ պլանի դերասան էր։ Այդ ֆիլմում հիմնականում համբավը հասավ գլխավոր դերակատարին՝ «անմահ լեռնցի» Քրիստոֆեր Լամբերին։
Նկարահանվելով «Հեռախոսը միշտ զանգում է երկու անգամ», «Զուտ անձնական գործ է» և «Կարմիր գոտի» ֆիլմերում, Ռենոն Բեսոնի «Երկնագույն անդունդ» ֆիլմում մարմնավորեց գլխավոր հերոսներից մեկին՝ սուզորդ Էնցո Մոլինարիին, որն իր չեմպիոնի կորցրած տիտղոսը վերականգնելու համար առանց ակվալանգի խորասուզվում է և մահանում։ Կենսուրախ Էնցոն աստիճանաբար դառնում է ֆիլմի գլխավոր հերոսը, որի մահով ֆիլմը կորցնում է իր դինամիկան, իսկ հանդիսատեսը՝ հետաքրքրությունը։ Այս դերի համար Ժան Ռենոն ներկայացվել է Սեզար մրցանակի[8]։
1990-ական թվականները
խմբագրել1990 թ.-ին լույս տեսած վարձու մարդասպան աղջկա մասին պատմող «Նիկիտա» ֆիլմում Ժան Ռենոն առաջին անգամ մարմնավորեց պրոֆեսիոնալ մարդասպանի կերպար, որի կերպարը նրա համար դարձավ հարազատ։ Այս դերից հետո նրան շատերն անվանում էին «կապույտ էկրանի լավագույն մարդասպան»։ «Մինչ «Նիկիտան» ես ոչ մի նկարահանման առաջարկ չէի ստանում։ Իսկ այդ ֆիլմից հետո ինձ հրավիրում էին մասնակցելու խելագար մարդասպանի դերերի։ Ես բոլորին մերժեցի և անգամ Մայքլ Մանին, որն ինձ հրավիրեց խաղալու «Ձեռնամարտ» ֆիլմում։ Իրականում սրիկաների դերեր խաղալը վտանգավոր թակարդ է, երբ դեռ չես հասցրել քեզ ցույց տալ, որ դեռ ինչերի ես ընդունակ». ասել է Ժան Ռենոն։ Էկրանում ընդամենը 15 րոպե հայտնված հոգեհիվանդ «հավաքարարի» կերպարը այնքան էր տպավորել Բեսոնին, որ նա որոշեց վերամշակել այդ կերպարի բնավորությունը և նրան նվիրել մի ամբողջ ֆիլմ։ Ժան Ռենոյի կերպարը՝ պրոֆեսիոնալ մարդասպան Վիկտորը, այնքան էր տպավորել հանդիսատեսներին, որ նրա մահվան տեսարանի ժամանակ նրանք արտասվում էին։ Հենց Վիկտորն էր նախատիպ հանդիսացել չորս տարի անց հայտնի Լեոնի կերպարի ստեղծելուն Լյուկ Բեսոնի համանուն ֆիլմում, որը 45-ամյա Ժան Ռենոյի բերեց համաշխարհային ճանաչման։
Չսափրված, անգրագետ և միայնակ, բարի, տխուր աչքերով վարձու մարդասպանը մինչև հիմա հանդիսանում է դերասանի այցեքարտը։ Նրա էկրանի հերոսը չնայած իր մեծ ուժերին, ունենալով նաև որոշ թուլություն, դարձավ թմրամոլ ոստիկանի որբացած աղջկա՝ Մաթիլդայի միակ ընկերը։ Մաթիլդայի դերը հիանալիորեն խաղում էր Նատալի Փորտմանը։ Պրոֆեսիոնալ մարդասպանի և փոքրիկ անպաշտպան աղջկա հարաբերությունների հուզիչ տեսարանը չկարողացավ աննկատ մնալ ո՜չ կինոքննադատների աչքերից, ո՜չ էլ հանդիսատեսների։ Ժան Ռենոն «Լեոն» ֆիլմի համար Ֆրանսիական կինոակադեմիայի կողմից արժանացավ պարգևի։ Այսպես Լյուկ Բեսոնի և Ժան Ռենոյի համար ճանապարհ բացվեց դեպի Հոլիվուդ։
90-ական թվականների սկզբերին Ժան Ռենոն նկարահանվել է նաև «Ոսկե դիմակով մարդը», «Փախուստ արդարադատությունից», «Խելացնորություն» և «Ժլատը» ֆիլմերում, որոնք նրան այնքան էլ հաջողություն չբերեցին։ Այդ տարիներին նա հնչյունավորել է նաև Մուֆասա կերպարին «Առյուծ արքան» մուլտֆիլմի ֆրանսիալեզու տարբերակում։ Բնօրինակի հնչյունավորման վրա աշխատել էր Ջեյմ Էրլ Ջոնսը։ Այդ ժամանակաշրջանում նրա հաջողված ֆիլմերից եղան նաև Մեգ Ռայանի և Քևին Քլայնի մասնակցությամբ «Ֆրանսիական համբույր» (1995), «Հիմարները» (1995) և «Յագուար» (1996) ֆիլմերը։ Իսկ 1993 թ.-ին նա Քրիստեան Կլավյեի հետ նկարահանվեց «Եկվորները» ֆիլմում, որի համար նրան ներկայացրեցին Սեզար կինոմրցանակի, իսկ 5 տարի անց նկարահանվեց ֆիլմի երկրորդ մասը՝ «Եկվորները 2. Ժամանակի միջանցքները», իսկ ևս երեք տարի անց նկարահանվեց «Եկվորներն Ամերիկայում» (2001) ֆիլմը, որը հանդիսանում էր նախորդ երկու ֆիլմերի ամերիկյան տարբերակը։
Կարիերայի սկիզբը Հոլիվուդում
խմբագրել«Առաջին անգամ ես զգացի, որ կարող եմ նկարահանվել Հոլիվուդում, երբ նկարահանում էինք «Լեոն» ֆիլմը։ Մենք ընկերներով գնացինք Լոս-Անջելոսյան ռեստորան և այնտեղ մի մատուցող ինձ մատնացույց արեց և ասաց «Նի-կի-տա»։ Այդ մատուցողն առաջին անձն էր, որ իմ մեջ ցանկություն առաջացրեց կարիերա սկսել Հոլիվուդում». հիշում է Ժան Ռենոն։
Առաջին դերը, որ դերասանին Հոլիվուդում առաջարկեցին, դա Մոնտակլմի դերն էր «Վերջին մոհիկանը» ֆիլմում, բայց այդ դերը վերջում տվեցին Պատրիս Շերոյին։ «Նրանք նրբաճաշակ մարդ էին որոնում։ Ամերիկայում Ֆրանսիայի նկատմամբ կարծիքն աղավաղված է։ Մենք միշտ ստիպված ենք լինում ապացուցել, որ ունենք հումորի զգացում, քանի որ ֆրանսիացիներին նրանք համարում են չափազանց լուրջ». ասել է Ռենոն։
Մի տարի անց Բրայան դե Պալման իր ֆիլմի համար տպավորիչ ֆրանսիացի էր ման գալիս։ Դիտելով Ռենոյի մասնակցությամբ «Վերջին մարտը» ֆիլմը, նա հասկացավ, որ Ռենոն այն դերասանն է՝ ով կարող է տպավորություն գործել առանց մի բառ իսկ ասելու։ Նա անմիջապես Ռենոյին առաջարկեց Ֆրանց Կրիգերի դերը «Առաքելությունն անիրագործելի է» (1996) ֆիլմում որտեղ գլխավոր որպես գլխավոր դերակատար հանդես էր գալու Թոմ Քրուզը։ Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ։
Դերասանը կարճ ժամանակում հոլիվուդյան փառքի արժանացավ։ Լյուկ Բեսոնը գրեց «Հինգերորդ տարրը» ֆիլմի սցենարը, որպես գլխավոր դերակատար ի նկատի ունենալով Ռենոյին, բայց պրոդյուսերները այդ դերի համար առաջարկեցին ամերիկյան «ամուր ընկույզին՝» Բրյուս Ուիլիսին։ Բայց ճակատագիրը նրան մի տարի հետո հետաքրքիր անակնկալ մատուցեց։ Նրան առաջարկեցին նկարահանվել «Գոձիլա» (1998) ֆիլմերում, հանուն որի Ռենոն հրաժարվեց «Մատրիցա» ֆիլմում իրեն առաջարկած «Գործակալ Սմիթի» դերից։ «Գոձիլա» ֆիլմն ավելի մեծ հաջողություն ունեցավ, քան «Հինգերորդ տարրը»։ «Գոձիլլայում ես մարմնավորում էի ամենադրական տղաներից մեկին։ Իմ խնդիրն էր ուղղել չարիքը, որը կատարվել էր Ֆրանսիայում Խաղաղ օվկիանոսում ատոմային փորձարկումների ժամանակ։ Նրանց պայթյուններն արթնացրել են Գոձիլային և վերջինս գնացել է Նյու Յորքն ավերելու։ Ի միջի այլոց, Ֆրանսիան իսկապես փորձարկումներ է արել Խաղաղ օվկիանոսում». ասել է Ժան Ռենոն։
1990-ականների ժամանակաշրջանում Ժան Ռենոյի ամենալուրջ աշխատանքը համարվում է Վինսենտի դերը «Ռոնին» (1998) ֆիլմում, որտեղ դերասանի խաղընկերն էր հանճարեղ Ռոբերտ Դե Նիրոն։ Ժան Ռենոյի հերոսը մաքսիմալ կերպով ձգտում էր այն կերպարին, որը Ժան Ռենոն ստեղծում և կատարելագործում էր իր կինոկարիերայի ընթացքում՝ մահվան սահմանագծին գտնվող լռակյաց պրոֆեսիոնալ։ Զգացմունքներ արտահայտվելու ժլատությունը հատուկ էմոցիոնալ ազդեցություն է ստեղծում, որի հետևանքով Ժան Ռենոն անխուսափելիորեն իրեն է ձգում հանդիսատեսներին։
Այս ժամանակաշրջանում Ռենոն նաև նկարահանվել է «Սոլեյ քույրերը» (1997), «Տեղ գերեզմանոցում» (1997) և «Կախարդական սերը» (1997) ֆիլմերում[8]։
Կարիերան 2000-ականներին
խմբագրել2000 թ.-ին լույս տեսավ «Բոսորագույն գետեր» ֆիլմը, որը համանուն վեպի էկրանավորումն էր։ Ֆիլմում Ժան Ռենոն մարմնավորում է հմուտ ոստիկանի, որը երիտասարդ գործընկերոջ հետ հետաքննում է Գրենոբեյլից քիչ հեռու գտնվող սարերում խորհրդավոր սպանությունների շարքը։ «Նկարահանումները բավականին դժվար էին և լարված։ Մենք ֆիզիկապես էին հոգնում, քանի որ նկարահանումներն իրականացվում են սառցե տարածքներում։ Ֆիլմի հանգուցալուծումը իրականացել է բավականին բարձր տեղանքում». հիշում է Ժան Ռենոն։ Էքստրեմալ պայմաններում աշխատելով դերասանները բավականին հյուծվել էին։
«Բոսորագույն գետեր» ստեղծագործության մասին Ռենոն առաջին անգամ իմացել է 1998 թ.-ին՝ «Եկվորները 2. Ժամանակի միջանցքները» ֆիլմի նկարահանման ժամանակ, երբ Քրիստեան Կլավյեն մեկնել է գիրքը և ասել. «կարդա, չես փոշմանի»։ Ժան Ռենոն մի շնչով կարդացել է 400 էջանոց գիրքը, բայց չէր կարող անգամ երազել Պիեռ Նիմանի դերի մասին։ Իմանալով, որ Ալեն Գուդմանը գնել է վեպի էկրանավորման իրավունքները և «Gaumont» կինոընկերությունը պատրաստվում է այն նկարահանել, Ժան Ռենոն միանգամից առաջարկել է իր թեկնածությունը Պիեռ Նիմանի դերի համար։ Ռենոն այն ժամանակ 52 տարեկան էր և 20 տարի համագործակցել էր այդ կինոընկերության հետ։ Երկար ժամանակ ԱՄՆ-ում աշխատելով Ռենոն վաղուց էր երազում վերադառնալ հայրենի Ֆրանսիա, բայց հարմար և ուժեղ ֆիլմ էր փնտրում։ Դա էլ եղավ Մեթյու Կասովիցի «Բոսորագույն գետեր» ֆիլմը։ Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ և չորս տարի անց Ժան Ռենոյի մասնակցությամբ նկարահանվեց ֆիլմի շարունակությունը՝ «Բոսորագույն գետեր 2. Ապոկալիփսիսի հրեշտակները» ֆիլմը։
2001 թ.-ին Ժան Ռենոն նկարահանվեց Լյուկ Բեսոնի «Վասաբի» կատակերգական մարտաֆիլմում, որը շահույթային տեսանկյունով անհաջողության դատապարտվեց։ Դրան հաջորդեցին «Ռոլերբոլ» (2002) և «Սիրո պատմություն» (2002)։ 2003 թ. Ֆրանսիս Վեբերն ուզում էր նկարահանել «Ձախողակները» ֆիլմի շարունակությունը և քանի որ Պիեռ Ռիշարը չկարողացավ մասնակցել նկարահանումներին, «Անհաջողակները» Ժերար Դեպարդիեի խաղընկերը դարձավ Ժան Ռենոն։ Հաջորդ տարի Ժան Ռենոն նկարահանվեց «Կորսիկացին», որտեղ նրա խաղընկերը Քրիստեան Կլավյեն էր։
2006 թ. էկրան բարձրացավ ««Լաֆայեթ» էսկադրիլիան» ֆիլմը, որի գլխավոր սյուժեն ավիացիոն ինստիտուտի երիտասարդ ամերիկացի շրջանավարտների մասին էր, որոնք «ֆրանսիական կուրորտի» փոխարեն հայտնվում են ռազմի դաշտում։ Ֆիլմը պատմում է սիրո, քաջության, տղամարդկային ընկերության, սխրանքների և ֆանտաստիկ ինքնաթիռների մասին, որոնք կարողացան նվաճել ամպերը։
Ինչպես նաև նույն թվականին Ժան Ռենոն Սթիվ Մարտինի հետ նկարահանվեց Շոն Լևիի «Վարդագույն ընձառյուծ» ֆիլմում՝ մարմնավորելով Գիլբերտ Պոնտոնի դերը, իսկ երեք տարի անց նկարահանվեց ֆիլմի երկրորդ մասում՝ «Վարդագույն ընձառյուծ 2» (2009)։ Նկարահանումները մեծ տպավորություն են թողել Ժան Ռենոյի վրա։ «Ֆիլմի նկարահանումների ժամանակ ամենադժվարն այն էր, որ զսպես ծիծաղդ Սթիվ Մարտինի ձայնի վրա։ Ամենասպանիչ տեսարանն այն է ստացվել, որտեղ իմ հերոսը Սթիվ Մարտինի հետ կիպ տրիկո հագած պարում է նմանակելով պաստառների վրայի նկարները։ Մենք այդ տեսարանը նկարահանել ենք ընդամենը մի դուբլով, որովհետև պարը լրիվ իմպրովիզացիա էր և այն կրկնելը պարզապես անհնար էր». հիշում է Ժան Ռենոն։
2006 թ.-ին Ռենոյին առաջարկեցին նկարահանվել Ռոն Հովարդի «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմում։ Ռենոն միանգամից ընդունեց առաջարկը չնայած որ Վատիկանը բողոքարկել էր համանուն գրքի համար։ Ֆիլմի բյուջեն բավականին փոքր էր։ «Երբ ռեժիսորն ասում է Մոտոր, միևնույն է, թե ինչ բյուջեով ֆիլմում ես նկարահանվում։ Այն ինչ իրականում կարևոր է, դա արտահայտություններն են, գործընկերները և շրջապատը». ասել է Ժան Ռենոն։ Բացի այդ Թոմ Հենքսի հետ համատեղ նկարահանվելն էլ է Ռենոյին օգնել անտեսելու քիչ վարձավճարը։ «Որ խելամիտ մարդը կհրաժարվի Թոմ Հենքսի հետ նկարահանվելուց». ասել է դերասանը։ Ըստ Ռենոյի խոսքերի նրան հենց սկզբից հաստատել են կապիտան Բեզու Ֆաշի դերում։ Ռոն Հովարդը երկար մտածում էր, թե ում տա Սոֆիի դերը և Ժան Ռենոն ահագին զարմացել է, երբ դերը վստահվել է Օդրի Տատուն։ Իսկ հետո մի փոքր մտածելուց հետո Ռենոն ասել է. «Նա շատ խելացի է և բացի այդ նա օժտված է շատ զգայուն բնավորությամբ։ Նա ոնց որ Էդիթ Պիաֆ լինի։ Ամեն ինչ պահում է իր մեջ և շատ քիչն է, որ կիսում է ուրիշների հետ»։ Ժան Ռենոյի հերոսը՝ Ֆաշը մի անձ է, որը սրբորեն հավատում է իր գործին։ «Եկեղեցին ուղղակի ասում է՝ արա այդ, իսկ սա ոչ մի դեպքում մի արա։ Այդ խոսքերի վրա էլ ես ստեղծել եմ իմ հերոսի կերպարը». ասել է դերասանը[8]։
2009 թ.-ին Ժան Ռենոն նկարահանվել է «Փակ շրջան» ֆիլմը՝ հաջողությամբ մարմնավորելով հայի դերը։ Այնուհետև նկարահանվել է «Սիրո բանաձև ամուսնության գերիների համար» ռոմանտիկ կատակերգությունում, որտեղ նրա հերոսը ֆրանսիացի Մարսելն էր և իր դրախտային առողջարանում ամուսնալուծման շեմին գտնվող զույգին օգնում էր հասկանալ իրար։ Ֆիլմում նրա խաղընկերներն էին Քրիստեն Բելը, Վինս Վոնը և Ջեյսոն Բեյթմանը[10]։
Կարիերան 2010 թ.-ից մինչև այժմ
խմբագրել2010 թ.-ին Ռենոն նկարահանվել է «22 փամփուշտ. Անմահը» ֆրանսիական մարտաֆիլմում մարտաֆիլմում։ Մեկ տարի անց՝ 2011 թ.-ին Քրիստիան Կլավյեն բանակցում էր Ժան Մարի Պուարյեի հետ, որպեսզի վերջինս որպես ռեժիսոր հանդես գա իր գրած սցենարի համար։ Ռեժիսորը չհամաձայնվեց և Կլավյեն անձամբ ստանձնեց ռեժիսորի դերը։ Այսպիսով «Հայրիկներն առանց վատ սովորության» ֆիլմը դարձավ վեցերորդ ֆիլմը, որտեղ Ժան Ռենոն և Քրիստեան Կլավյեն կրկին հանդես եկան միասին[11]։ «Շեֆ» (2012) կատակերգական ժանրի ֆիլմի նկարահանման համար ռեժիսոր Դանիել Կոհենը գլխավոր դերում միայն Ժան Ռենոյին էր պատկերացնում։ Դրա համար ռեժիսորը նույնիսկ հետաձգել է ֆիլմի նկարահանումը[11]։
Ժան Ռենոն մոտ ապագայում Քրիստիան Կլավյեի հետ հանդես կգա «Երկվորները 3» ֆիլմում։ Բացի այդ պլաններ կան նկարահանելու մեծն դերասան Լուի դը Ֆյունեսի մասնակցությամբ հանրահայտ «Ֆանտոմաս» ֆիլմի շարունակությունը, որտեղ Ժան Ռենոն մարմնավորելու է կոմիսար Ժուվի դերը[12]։
Ժան Ռենոն արվեստի այլ ոլորտներում
խմբագրելԿինոյում խաղալով Ժան Ռենոն չի մոռանում թատրոնի նկատմամբ ունեցած իր սերը։ Նա ժամանակ գտնելուն պես վերադառնում է բեմահարթակ։ Բայց Էդուարդ VII փարիզյան թատրոնի «Մեծ պատահարներ» ներկայացմանը և Թուրինում Պուչինիի «Մանոն Լեսկո» օպերայում մասնակցելուց հետո դերասանը թատրոն վերադառնալու համար այլևս ժամանակ չի կարողանում գտնել։ Պատճառն այն է, որ նա մինչև հիմա հսկայական պահանջարկ ունի կինեմատոգրաֆիայում և Ռենոն չի կարող մերժել մարդկանց՝ ում հետ շատ հաճելի է աշխատել նկարահանման հրապարակում։ Օպերայում մասնակցելը բավականին դժվար էր։ «Չէ որ դա իմ աշխատանքը չէ։ Այն բավականին դժվար դուրս եկավ՝ այնքան էլ հեշտ չէ կառավարել համույթի 16 երգիչներին, երեք տենորներին և երկու կանանց։ Բայց ինձ դուր եկավ». հիշում է Ժան Ռենոն[8]։
Ճապոնական «CAPCOM» համակարգչային խաղեր արտադրող ընկերությունը Ժան Ռենոյին հրավիրել է PlayStation 2 խաղային կցորդի «Onimusha 3: Demon Siege» խաղի կերպարներից մեկի՝ Ժակ Բլանկին մարմնավորելու համար։ Հերոսի կերպարը ռեալիստիկ դարձնելու համար 55-ամյա դերասանը կրել է սենսորներով և 12 տեսախցիկներով սև կոստյում, որոնք ֆիքսել են նրա ամեն մի քայլը։ «Ես ինձ մերկ էի զգում և մոտս այն տպավորությունն էր, որ ես իբրև թե ձուկ եմ, որը ջրից նոր է դուրս թռել»։ Խաղի գլխավոր հերոսն այսպիսով ստացել է Ժան Ռենոյի դեմքը։ Հերոսի անգլերեն հնչյունավորմանը դերասանը մասնակցել չի կարողացել հագեցած աշխատանքային գրաֆիկի պատճառով։ «CAPCOM» ստուդիան այդ խաղի վրա այնքան գումար է ծախսել, որ այն կհերիքեր հոլիվուդյան բլոքբաստեր նկարահանելու համար։ Խաղի իրադարձությունները տեղի են ունենում Ճապոնիայում և Ֆրանսիայում։ Հրեշները հարձակվում են Փարիզի վրա և Ժակ Բլանկը Սամանոսուկե Ակետիի հետ ուս ուսի տված կռվում են հրեշների դեմ[13]։
Բացի այդ նա հանդես է եկել մի շարք ամերիկյան գովազդային հոլովակներում։
Անձնական կյանք
խմբագրելԴերասանն իր ազատ ժամանակը նախընտրում է անցկացնել ընտանիքի և ընկերների շրջապատում։ Նա ապրում է Փարիզի հարավում գտնվող փոքրիկ քաղաքում[14]։ Ժան Ռենոն միշտ մեծ հաջողություն է ունեցել կանանց շրջանում։ Նա ամուսնացած է եղել երեք անգամ։ Ռենոն առաջին անգամ ամուսնացել է իր համադասարանցու՝ Ժենևևայի հետ։ Նրանք ունեն երկու զավակ։ Դուստրը՝ Սանդրան ծնվել է 1978 թ.-ին, իսկ որդին՝ Միքայելը 1980 թ.-ին։ Ամուսինները ամուսնալուծվեցին, երբ Ժան Ռենոն սիրավեպ սկսեց լեհ մոդել Նատալյա Դիշկևիչի հետ, որը դարձավ Ժանի երկրորդ կինը։ Այդ ժամանակ Ժան Ռենոն դեռ նոր էր սկսել իր կարիերան[14]։
Ժան Ռենոն ամուսնացավ Նատալյայի հետ և նրանք համատեղ ապրեցին 5 տարի[14]։ Նրանց որդին՝ Թոմը ծնվել է 1996 թ.-ին, իսկ աղջիկը՝ Սերենան ծնվել է 1998 թ.-ին։ Ռենոն և Նատալյան ամուսնալուծվեցին 2001 թ.-ին։
2006 թ.-ին Ժանն ամուսնացավ ռումինական մոդել և դերասանուհի Սոֆի Բորուկայի (1971) հետ։ Նրանց հարսանիքի խաչեղբայրը Ժան Ռենոյի հարևան և ընկեր Նիկոլա Սարկոզին էր, որն այդ ժամանակ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն էր։ 2009 թ.-ի հուլիսին ծնվեց Սոֆիի և Ժանի առաջնեկը։ Տղան ուներ 3.2 կգ քաշ և 50 սմ հասակ։ Նրան կոչեցին Սիելո անունով։ 2011 թ.-ի սեպտեմբերի 8-ին Ժանի ընտանիքը ևս համալրվեց մի որդով, որին անվանեցին Դին[15]։
Մի անգամ Ռենոն հայտարարել է, որ կինոկարիերան կլքի 60 տարեկանում և իր ամբողջ կյանքը կնվիրի իր ընտանիքին։ Նա արդեն վաղուց անցել է այդ տարիքային շեմը, բայց նմանատիպ հերոսը չէր կարող հենց այնպես լքել կինոն և նա մնաց։ Նա մինչև հիմա էլ մեծ հաջողությամբ խաղում է երկու իրարամերժ դերեր՝ կատակերգական և մարտական։ Այսպիսով նա 2009 թ.-ին հանդես եկավ երկու ամերիկյան կատակերգություններում՝ «Վարդագույն ընձառյուծ 2» և «Սիրո բանաձև ամուսնության գերիների համար» ֆիլմերում, ինչպես նաև միևնույն ժամանակ նկարահանվել է «Շուրջկալում», «Ինկասատոր» և «22 փամփուշտ. Անմահը» ֆիլմերում[14]։
Այն հարցին, թե ինչից է ամենաշատը վախենում, Ժան Ռենոն ասել է. «Ես կյանքում ամենաշատը մահից չէ, որ վախենում եմ, այլ հիվանդությունից՝ ծանր, դաժան հիվանդությունից, որը մարդուն չի թողնում նորմալ կյանք վարել և տանջում է նրա հարազատներին։ Մահն այս դեպքում այդքան էլ դաժան չէ։ Կմեռնես՝ և վերջ։ Երբ նայում եմ կիսով չափ կաթվածահար եղած մեր հիանալի դերասան Ժան Պոլ Բելմոնդոյին, չեմ կարող զսպել արցունքներս»[16]։
Դերասանն ամեն ինչ սիրում է անել ինքնուրույն՝ վարել մեքենա (իհարկե, ֆրանսիական Պեժո), ճաշ եփել և տունը կարգի բերել[9]։ Ժան Ռենոն ունի երեք տուն, որոնք գտնվում են Փարիզում, Լոս Անջելեսում և Մալայզիայում։
Նա Էլվիս Փրեսլիի մեծ երկրպագուն է և նույնիսկ նրա երգելաձևը բեմադրել է «Գոձիլա» ֆիլմում։
Ի շնորհիվ «Լեոն» և «Երկնագույն անդունդ» ֆիլմերի Ժան Ռենոն անբաժանելի դարձավ շրջանաձև ակնոցներից։ Իսկ 2005 թ.-ի դերասանի դպրոցական տարիների ընկերը նոր ակնոցներ ստեղծեց, որի ապրանքանիշը կրեց «Jean Reno Creator» անունը։ Իսկ դիզայների այս փորձի համար Ժան Ռենոն ասել է. «Ես ուզում էի ստեղծել յուրօրինակ, էլեգանտ շրջանակներով ակնոցներ, որը դուր կգա ամենքին»[9]։
Ժան Ռենոն և «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը
խմբագրելՄիջազգային կինոփառատոն Ոսկե ծիրան կինոփառատոնի բացումը վեցերորդ անգամ տեղի է ունեցել 2009 թ.-ի հուլիսի 12-ին ֆրանսիական ռեժիսոր Լորեն Տյուելի «Փակ շրջան» (Le Premier cercle) ֆիլմով, որի գլխավոր դերակատարը Ժան Ռենոն է։
Ֆիլմը պատմում է հանցագործ գերդաստան Մալաքյանների պատմությունը, որտեղ երիտասարդ տղան փորձում է ըմբոստանալ իր հոր՝ Մալաքյանների գերդաստանի գլխավորի, իշխող կամքի դեմ։ Տղան փորձում է վերջ տալ հանցագործ կյանքին և սկսել նոր, ինքնուրույն կյանք։
Ֆիլմի պրոդյուսեր Ալեն Թերզյանը Երևանի մամլո ասուլիսի ժամանակ ասել է, որ «Փակ շրջան» ֆիլմի գլխավոր դերակատար ֆրանսիացի դերասան Ժան Ռենոն հիանալի է մարմնավորել իր հայ հերոսին։ Ֆիլմի ներկայացումից հետո հանդիսատեսների կարծիքները բաժանվեցին երկու խմբի՝ ոմանք վիրավորական էին համարում նման հայ հերոսի կերպարը, իսկ մյուս մասն էլ այն ընդունեց ցնծությամբ։
Այդ առումով Թերզյանը գրել է, որ «Փակ շրջան» ֆիլմը փորձում էր հանդիսատեսին հասցնել հայ ընտանիքի հիմնական արժեքները՝ հոր սերը դեպի որդին և փոխադարձ հոգատարությունը միմյանց նկատմամբ[17]։
Պարգևներ
խմբագրել- հուլիսի 13, 1999 թ. - Պատվավոր Լեգեոնի շքանշանի ասպետ[18]
- մայիսի 14, 2003 թ. - Ազգային ավանդի շքանշանի սպա[19][20]
- նոյեմբեր 23, 2007 թ. - Արվեստի և գրականության շքանշանի սպա[21]
- հուլիսի 11, 2008 թ. - Պատվավոր Լեգեոնի շքանշանի սպա[22]
Ֆիլմագրություն
խմբագրելԿինոմրցանակներ
խմբագրելԹիվ | Մրցանակ | կատեգորիա | Ֆիլմ | Արդյունք |
---|---|---|---|---|
1989 | Սեզար | Երկրորդ պլանի լավագույն դերասան | Երկնագույն անդունդ | Առաջադրված |
1994 | Սեզար | Լավագույն դերասան | Եկվորները | Առաջադրված |
1995 | Սեզար | Լավագույն դերասան | Լեոն | Առաջադրված |
2001 | Եվրոպական կինոակադեմիա | հանդիսատեսների համակրանքի մրցանակ տղամարդկային դերի համար | Բոսորագույն գետեր | Առաջադրված |
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Ժան Ռենոյի ամենասիրած կատակերգական դերասաններն են Ռոբերտո Բենինյին, Բուրվիլը և Լուի դը Ֆյունեսը։
- Բոլոր հոլիվուդյան դերասաններից Ժան Ռենոն հիացմունքով է արտահայտվում Թոմ Հենքսի մասին։ «Հենքսը տեղով էլեգանտություն է։ Նա առատաձեռն, սիրալիր, հետաքրքրասեր, խելացի տղա է, իր երկրի հիանալի քաղաքացի». ասել է Ռենոն։
- Այն հարցին, թե որ կենդանու հետ է իրեն ասոցացնում, Ժան Ռենոն ասել է. «Ուղտերի հետ։ Ուղտերն ունեն իրենց կերակրի սեփական պահուստային պաշարը։ Նրանք խմում են ինչ պատահի՝ նույնիսկ ճահճաջուր։ Նրանք անտանելի հոտ ունեն և շատ զզվելի բնավորություն, բայց դրա փոխարեն նրանք կարող են շատ ու շատ երկար քայլել»։
- Ժան Ռենոն միակ ֆրանսիացի դերասանն է, որ հաշված տարիների ընթացքում կարիերա է ստեղծել Հոլիվուդում։ Ժան Ռենոյի հերոսները՝ Լեոնը, վարձու մարդասպան Վիկտորը, «Ֆրանսիական համբույր» ֆիլմում ֆրանսիացի հակահետախույզ Լարոշը, «Գոձիլա» ֆիլմում աշխարհին փրկող ֆրանսիացի նախկին հետախույզ Ֆիլիպ Ռոաշը, «Ռոնին» ֆիլմում լավագույն գործակալներից մեկը համարվող Վինսենտը և նույնիսկ «Երկնագույն անդունդ» անդունդ ֆիլմի Էնզո Մոլարինին, բարձր կարգի պրոֆեսիոնալներ են։ Հենց պրոֆեսիոնալիզմն է, որ էկրանային կյանքը հագեցնում է վտանգավոր արկածներով՝ թույլ տալով ապրել կամ արժանապատվորեն մեռնել վտանգներով լի աշխարհում[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #123644674 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.programme-tv.net/biographie/294157-borucka-zofia/
- ↑ https://web.archive.org/web/20190502130045/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-2000.73.0.html
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 «nerusactors.ru/biography/jean_reno; Ժան Ռենո». Վերցված է 2012 Օգոստոսի 13-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 «Ժան Ռենո. Մարդ ոչ հասարակ կյանքով». Վերցված է 2013 Հունիսի 9-ին.
- ↑ «Ժան Ռենո». Վերցված է 2013 Մայիսի 27-ին.
- ↑ 11,0 11,1 «Հայրիկներն առանց վատ սովորության». Վերցված է 2013 Մայիսի 27-ին.
- ↑ «Ժան Ռենոն Ֆանտոմասի դերում». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 Մայիսի 27-ին.
- ↑ «Onimusha 3: Demon Siege». Վերցված է 2013 Մայիսի 28-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 «http://tv.akado.ru/persons/; Ժան Ռենո». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2012 Օգոստոսի 13-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ «renofilm.ru; Ժան Ռենո». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2012 Օգոստոսի 13-ին.
- ↑ «Ժան Ռենո. Ես սիրում եմ իմ կնոջը». Վերցված է 2013 Մայիսի 27-ին.
- ↑ «nerusactors.ru/biography/jean_reno; Ժան Ռենոն և Ոսկե Ծիրանը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 Օգոստոսի 13-ին.
- ↑ Décret du 13 juillet 1999 portant promotion et nomination. (ֆր.)
- ↑ Décret du 14 mai 2003 portant promotion et nomination. (ֆր.)
- ↑ BBC: Chirac honours French actor Reno (անգլ.), French action star Jean Reno gets top honour from Chirac Արխիվացված 2011-05-18 Wayback Machine (անգլ.)
- ↑ Nomination ou promotion dans l’ordre des Arts et des Lettres. 23 novembre 2007. (ֆր.)
- ↑ Décret du 11 juillet 2008 portant promoti(ֆր.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Ժան Ռենո․ Ավելի լավ է սիրով զբաղվել կանանց հետ, քան սիրո խոստովանություն անել
- Ժան Ռենո Արխիվացված 2013-08-10 Wayback Machine
- Ժան Ռենո
- Ժան Ռենո
Այս հոդվածը ներառված է Հայերեն Վիքիպեդիայի լավ հոդվածների ցանկում |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ {{{1}}} թվականի {{{2}}} շաբաթվա հոդված։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Ռենո» հոդվածին։ |