Մալայզիա
Մալայզիա, պետություն Հարավարևելյան Ասիայում։ Մայրաքաղաքը Կուալա Լումպուրն է։
Մալայզիա Malaysia |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ Bersekutu Bertambah Mutu | ||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Կուալա Լումպուր | |||
Պետական լեզուներ | Մալայերեն | |||
Կառավարում | ||||
- | Թագավոր | Աբդուլլահ | ||
- | Վարչապետ | Իսմայիլ Սաբրի Յակոբ | ||
- | Վարչապետի Տեղակալ | Ահմադ Զահիդ Համիդի | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 330 803 կմ² (64րդ) | ||
- | Ջրային (%) | 0,3 | ||
Բնակչություն | ||||
- | 2009 նախահաշիվը | 28,310 000 (43րդ) | ||
- | 2009 մարդահամարը | 3,249,594 | ||
Արժույթ | Մալայզիական ռինգիտ (MYR) | |||
Ազգային դոմեն | .my | |||
Հեռախոսային կոդ | +60 |
Ընդհանուր տեղեկություններ
խմբագրելՄալայզիան պետություն է Հարավարևելյան Ասիայում` Մալակկա թերակղզու հարավային և Կալիմանտան կղզու հյուսիսային մասերում։ Հարավ-Չինական ծովով բաժանված է Արևմտյան Մալայզիայի (Մալայա) և Արևելյան Մալայզիայի (Սարավակ և Սաբահ)։ Մտնում է Բրիտանական համագործակցության մեջ։ Սահմանակից է Թաիլանդին, Ինդոնեզիային, Սինգապուրին և Բրունեյին։ Տարածությունը 332,8 հազար կմ2 է, 2015 թվականի տվյալներով` բնակչությունը կազմում է 30,513,848 մարդ[1]։ Մայրաքաղաքն է Կուալա Լումպուր քաղաքը։ Վարչականորեն բաժանված է 13 նահանգի՝ 9 սուլթանության և 4 նահանգապետության։ Երկրում քաղաբնակների թիվը կազմում է բնակչության 47 %-ը (2017թվական)։
Պատմություն
խմբագրելՄալայզիայի տարածքը բնակեցվել է վաղ քարի դարից։ Մ. թ. I հազարամյակի սկզբին Կենտրոնական Սումատրայից Մալայզիայի տարածք են ներթափանցել այժմյան մալայացիների նախնիները։ Մալակկա թերակղզու դասակարգերի առաջացման, պետականության կազմավորման գործում նշանակալի դեր են խաղացել առևտրական և մշակութային կապերը Հնդկաստանի հետ, հնդիկ գաղութարարների հայտնվելը, բուդդայականության և հինդուիզմի ներթափանցումը։ Մալայզիայի տարածքում առաջին պետություններն առաջացել են Մալակկա թերակղզու հյուսիսում, որոնք 3-4-րդ դարերում կախման մեջ են եղել Հնդկաչինի Ֆունան պետությունից, 8-13-րդ դարերում՝ Սումատրայի Շրիվիջայա կայսրությունից, 14-րդ դարում՝ ինդոնեզական Մաջապահիտ կայսրությունից։ 15-րդ դարի վերջում և 16-րդ դարի սկզբին առաջացել են Մալակկայի (որի մեջ մտել են Մալակկա թերակղզին, Ոփաու կղզեխումբը և Սումատրա կղզու արևելյան մասը), Բրունեյի (Կալիմանտան կղզու հյուսիսում), 15-րդ դարում այստեղ տարածվել է իսլամը) սուլթանությունները։ 1511 թվականին Մալակկայի սուլթանությունը զավթել են պորտուգալացիները։ 16-րդ դարում Մալակկա թերակղզու հարավում կազմվել է Ջոհորի սուլթանությունը։ 1641թվականի սուլթանությունը և հոլանդացիները զավթել են Մալակկան։ 18-րդ դարում վերջից գաղութային էքսպանսիա է սկսել Մեծ Բրիտանիան, որը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին իրեն է ենթարկել Մալայայի տարածքի սուլթանությունները և միավորելով ստեղծել Բրիտանական Մալայա գաղութը, 19-րդ դարի վերջին իր պրոտեկտորատն է հաստատել Սարավակի և Սաբահի (Կալիմանտան կղզում) վրա։ Անգլիական գաղութարարները յուրացրին լավագույն հողերը, զբաղվեցին անագի հանույթով և կաուչուկի արտադրությամբ։ Մալայզիայի ժողովրդի ազատագրական պայքարը գաղութային ճնշման դեմ սկսեց ուժեղանալ։ 1920 թվականինի ստեղծվեցին արհմիություններ, 1930 թվականին՝ ալայայի կոմկուսը։ 1941 թվականի դեկտեմբերին Մալայզիան օկուպացրեց (մինչև 1945 թվականը՝ Ճապոնիան։ 1945 թվականին անգլիական գաղութարարները վերադարձան Մալայզիան։ 1946 թվականի և 1948 թվականի սահմանադրական ռեֆորմներով Սինգապուրը անջատվեց Մալայայից, վերջինս ձևավորվեց որպես անգլիական գաղութ՝ 1946 թվականից՝ Մալայայի Միություն, 1948 թվականից՝ Մալայայի Ֆեդերացիա անվամբ։ Սարավակը և Սաբահը 1946 թվականին անցան Մեծ Բրիտանիայի գաղութային մինիստրության իրավասության տակ։ 1948 թվականին արգելվեցին կոմկուսը և դեմոկրատական այլ կազմակերպություններ։ Անգլիական գաղութարարների դեմ պայքարելու նպատակով 1949 թվականին ստեղծվեց Մալայայի ժողովուրդների ազատագրական բանակը։ Մալայզիայի հասարակական տարբեր խավերի ազգային-ազատագրական շարժման ճնշման տակ Մեծ Բրիտանիան 1957 թվականի օգոստոսի 31-ին հարկադրված ընդունեց Մալայայի Ֆեդերացիայի անկախությունը, պահպանելով սակայն իր տիրապետությունը տնտեսության մեջ։ 1963 թվականին Մեծ Բրիտանիայի, Մալայայի Ֆեդերացիայի, Սինգապուրի, Սարավակի և Սաբահի միջև համաձայնագիր ստորագրվեց Բրիտանական համագործակցության շրջանակներում Մալայզիայի ֆեդերացիա ստեղծելու վերաբերյալ, որը հռչակվեց 1963 թվականի սեպտեմբեր 16-ին։ 1965 թվականին Մալայզիայի կառավարության և Սինգապուրի միջև հարաբերությունների սրման հետևանքով Սինգապուրը դուրս եկավ ֆեդերացիայից։ 1960-ական թվականների 2-րդ կեսից Մալայզիայի կառավարությունը վարում է չմիանալու, խաղաղ գոյակցության քաղաքականություն։ Մալայզիան սերտ հարաբերություններ է պահպանում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի և այլ զարգացած երկրների հետ։
Պետական կարգ
խմբագրելՄալայզիան սահմանադրական միապետություն է, նահանգների ֆեդերացիա։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1957 թվականին։ Պետության գլուխը գերագույն կառավարիչն է՝ ձևականորեն օժտված լայն լիազորություններով. նշանակում է ֆեդերացիայի բարձրագույն պաշտոնյաներին, իրավասու է հրավիրել ու արձակել խորհրդարանը, հաստատել օրինագծեր և այլն։ Օրենսդրական իշխանության բարձրագույն մարմինը պառլամենտն է՝ կազմված երկու պալատից (սենատ, ներկայացուցիչների պալատ) և գերագույն կառավարչից։ Ընտրական իրավունքից օգտվում են 21 տարին լրացրած բոլոր քաղաքացիները, սակայն կիրառվում է նստակեցության ցենզ։ Գործադիր բարձրագույն մարմինը կառավարությունն է՝ վարչապետի գլխավորությամբ, որին նշանակում է գլխավոր կառավարիչը։ Դատական համակարգի մեջ մտնում են ֆեդերալ դատարանը, երկու բարձր դատարանները, օկրուգային դատարանները, մագիստրատների I և II կարգի դատարանները, տեղական առաջնորդների դատարանները և այլն։ Յուրաքանչյուր նահանգում գործում է իսլամական իրավունքի դատարանների համակարգ։
Բնություն
խմբագրելՄալայզիան գտնվում է հասարակածային գոտում։ Մալակկա թերակղզու մակերևույթի մեծ մասը զբաղեցնում են բլուրները, ցածրադիր և միջին բարձրության (1000-2000 մ) լեռները, որոնց բաժանող երկայնաձիգ հովիտները լցված են Փխրուն նըստվածքներով։ Թերակղզու ծովաֆնյա մասը զբաղեցնում են մինչև 90 կմ լայնության ալյուվիալ, հաճախ ճահճապատ, դաշտավայրերը։ Դաշտավայրերը տարածված են նաև Կալիմանտան կղզու ափերի երկայնքով. կղզու կենտրոնական մասում դրանք փոխվում են բլուրների ու լեռնաշղթաների (2000-2400 մ)։ Մալայզիայի բարձրագույն կետը Կինաբալու մեկուսացած զանգվածն է (4101 մ, Կալիմանտան կղզի)։
Կլիմա
խմբագրելԿլիման հասարակածային է, Մալակկա թերակղզու հյուսիսում՝ մերձհսաարակածային, մուսսոնային։ Օդի միջին ամսական ջերմաստիճանը 25-28 °C է։ Ծովափնյա շրջաններում տարեկան տեղումները 2000-2500 մմ են, լեռներում՝ 4000-5000 մմ։
Ներքին ջրեր
խմբագրելԳետային ցանցը խիտ է։ Գետերը կարճ են, ջրառատ։ Առավել խոշոր գետերն են Պահանգը, Ռաջանգը, Բարամը, Կինաբատանգան։
Հողեր, բուսական և կենդանական աշխարհ
խմբագրելՏիրապետում են պոդզոլացած լատերիտները, դաշտավայրերում՝ ասուվիալ հողերը։ Տարածքի 3/4-ը ծածկված է մշտադալար խոնավ արևադարձային անտառներով, լեռների ներքին գոգավորությունները՝ չորասեր թփուտներով, բարձրադիր մասերը՝ մարգագետիններով։ Կենդանական աշխարհը բազմատեսակ է, հարուստ։ Հանդիպում են փիղ, երկեղջյուր ռնգեղջյուր, հիմալայան արջ, վագր, հովազ, գոմշացուլ, մարդանման կապիկներ, գետակինճ, կոկորդիլոսներ և այլն։
Բնակչություն
խմբագրելՄալայզիայի բնակչությունը բնութագրվում է էթնիկական բարդ կազմով։ 50,1%[2]-ը մալայացիներ են, 22,6%[2]-ը՝ չինացիներ, 11,8%[2]-ը տեղաբնիկները, 6,7%[2]-ը՝ հնդիկներ։ Պետական լեզուն մալայերենն է, կրոնը՝ իսլամը։ Կան նաև բուդդայականներ, կոնֆուցիակտններ և քրիստոնյաներ։ Պաշտոնական տոմարը գրիգորյանն է, օգտագործվում են նաև իսլամական (լուսնային հիջրա) և լուսնային տոմարները։ Խոշոր քաղաքներ են Կուալա Լումպուրը, Պինանգը, Իպոհը, Ջոհոր Բարուն, Կլանգը, Մալակկան։
Տնտեսություն
խմբագրելՆերկայումս Մալայզիայի արդյունաբերությունը զարգանում է շատ արագ։ Տնտեսական համագործակցություն է հաստատել Ճապոնիայի հետ. իր տարածքում տեղաբաշխել է վերջինիս պատկանող աշխատատարարտադրություններ (ռադիոտեխնիկական, էլեկտրոնային սարքաշինական, ավտոմեքենաների հավաքման, թեթև արդյունաբերության ձեռնարկություններ)։
Արդյունաբերություն
խմբագրելԱրդյունաբերության մեջ առաջատարը հանքարդյունահանող (նավթ, գազ, անագ, վոլֆրամ, երկաթ, պղինձ, ոսկի) և վերամշակող ճյուղերն են։
Գյուղատնտեսություն
խմբագրելԳյուղատնտեսության առաջատար ճյուղը երկրագործությունն է՝ հատկապես կաուչուկատուների մշակությունը։ Մշակում են նաև յուղատու և կոկոսյան արմավենիներ, բրինձ, ծխախոտ, արքայախնձոր և այլն։ Զբաղվում են ձկնորսությամբ։
Արտաքին առևտուր
խմբագրելԱրտահանում է Էլեկտրական սարքավորումներ, փայտանյութ, նավթ և նավթամթերքներ, արմավի յուղ, արևային վահանակներ։ Ներմուծում՝ մեքենաներ և սարքավորում, վառելանյութ, քիմիական նյութեր, նավթամթերք, քիմիական նյութեր, պողպատ և այլն։ Արտաքին առևտրական գործընկերներն են Ճապոնիան, ԱՄՆ, Սինգապուրը, Մեծ Բրիտանիան, Թայլանդը, Չինաստանը, Հոնգ Կոնգը, Հարավային Կորեան, Ինդոնեզիան[3]։ Դրամական միավորը ռինգիտն է (մալայզիական դոլլար)։
Զինված ուժեր
խմբագրելՄալայզիայի զինված ուժերը (109 հազար մարդ, 2014) կազմված են ցամաքային զորքերից (60 հազար մարդ), ռազմաօդային (26 հազար մարդ) և ռազմածովային (23 հազար մարդ) ուժերից։ Գերագույն գլխավոր հրամանատարը գերագույն կառավարիչն է։ Անմիջական ղեկավարությունն իրականացնում է պաշտպանության նախարարը։ Բանակը համալրվում է վարձվող կամավորներով, թեև կա համընդհանուր զինապարտության օրենք։
Բժշկա-աշխարհագրական բնութագիր
խմբագրել2014 թվականին Մալայզիայում ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 19,71[4], մահացությունը՝ 5[4]: Գերակշռում են վարակիչ և մակաբուծական հիվանդությունները։ Մահացության հիմնական պատճառներն են ուղեղի անոթների ախտահարումները, թոքաբորբերը, տուբերկուլոզը, չարորակ նորագոյացությունները, ստամոքսաաղիքային համակարգի հիվանդությունները, տարածված են մալարիան, բորը, պարբերաբար գրանցվում են խոլերայի դեպքեր։
Մամուլ, ռադիոհաղորդումներ, հեռուստատեսություն
խմբագրելԱռավել խոշոր թերթերից են. մալայերեն՝ «Ուտուսան Մելայյու» («Utussan Melayu»), «Ուտուսան Մալայսիյա» («Utusan Malaysia»), «Բերիտա Հարիան» («Berita Harian»), անգլերեն՝ «Աթրեյթս թայմս» («Straits Times»), «Մալայ մեյլ» («Malay Mail»), չինարեն՝ «Նանյան շանբաո», «Մինչժոու ժիբաո», «Չժունգո բաո», «Մալայ տունբաո», թամիլերեն՝ «Թամիլ նեսան»։ 1967 թվականից գործում է պաշտոնական կառավարական ինֆորմացիոն գործակալությունը՝ Բերնամա։ Ռադիոհաղորդումները տրվում են մալայերեն, անգլերեն, չինարեն և թամիլերեն։ Հեռուստատեսությունը գործում է 1963 թվականից։
Մշակույթ
խմբագրելՄալայզիայում տարածված բազմաթիվ ազգերը, կրոններն ու լեզուները իրենց իսկ բազմազանությամբ կերտել են երկրի մշակույթը։ Այստեղ ապրող տարբեր ազգերից բաղկացած բնիկները՝ օրանգասլիներ, մալայներ, չինացիներ, հնդկացիներ, իրենց ուրույն տեղն ունեն Մալայզիական մշակույթում։ Եվրոպացիների և արաբների երկարաժամկետ ներկայությունը այս տարածաշրջանում թողել է իր հետքը։ Ինչպես հարևան երկրին՝ Սինգապուրին, այնպես էլ Մալայզիային հաճախ են անվանում «Ասիայի մանրանկար»։
Կրթություն
խմբագրելԺողկրթության համակարգի մեջ մտնում են 6-ամյա տարրական, 3-ամյա ցածր, 2-ամյա բարձր միջնակարգ դպրոցները։ Համալսարան ընդունվում են միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի 2-ամյա նախապատրաստական դասընթացներն ավարտողները։ Մասնագիտանում են արհեստագործական դպրոցներում, միջնակարգ և բարձր տիպի տեխնիկական քոլեջներում։ Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում 3-ամյա մանկավարժական կենտրոնները, միջնակարգ դպրոցի՝ 2-ամյա մանկավարժական կենտրոնները և 2-ամյա բարձրագույն մանկավարժական կոլեջները, ինչպես նաև համալսարանները։ Բարձրագույն կրթություն են տալիս Մալայայի (1959), Կուալա Լումպուրի Ազգային (1970), Պինանգի (1969) համալսարանները։ Կուալա Լումպուրում են գտնըվում Մալայզիայի Ազգային գրադարանը (1971), Ազգային թանգարանը (1963)։
Գիտական Հիմնարկներ
խմբագրելՄալայզիայի խոշոր գիտական հիմնարկներից են. Բնական կաուչուկի հետազոտական ինստիտուտ (1925, Կուալա Լումպուր), Գյուղատնտեսության ԳՀԻ (1969, Կուալա Լումպուր), Բժշկական հետազոտությունների ինստիտուտը (1900, Կուալա Լումպուր), Գիտական և արդյունաբերական հետազոտությունների ազգային ինստիտուտը (1970)։ Հումանիտար գիտությունների բնագավառում հետազոտություններ են կատարում Մալայզիայի Պատմության ընկերությունը, Մալայերենի և մալայական գրականության գործակալությունը (1959), Թամիլերենի ընկերությունը (1957)։
Գրականություն
խմբագրելՄալայզիայի գրականությունը ստեղծվում է մալայերենով, չինարենով, մասամբ թամիլերենով, ինչպես նաև անգլերենով։ Հիմնականը մալայերենով գրականությունն է։ Նոր և նորագույն մալայական գրականությունն սկսվում է Աբդուլլահ բին Աբդուլքադիր Մունշիով (1796-1854)։ Մալայացի հերոսներով առաջին վեպերի հեղինակը Ահմադ բին Հաջի Մուհամմադ Ռաշիդ Թալուն է (1889-1939)։ 1930-1940-ական թթ. գրականության մեջ ուժեղացան հայրենասիրական և հակագաղութային տրամադրությունները։ 1945-1957-ին առաջատար տեղ գրավեցին ժողովրդի կյանքի հրատապ խնդիրներն արտացոլող բանաստեղծություններն ու պատմվածքները։ Քննադատական ռեալիզմի ուղղությամբ վիպագրության զարգացմանը նպաստեցին Հասան բին Մուհամմադ Ալին (ծնվել է 1928) և հատկապես Ա. Աամադ Սաիդը (ծնվել է 1935)։ Աստիճանավորների և քաղաքական գործիչների կաշառակերության մասին են գրում արձակագիրներ Հասան Իբրահիմը (ծնվել է 1938), Ալիաս Ալին (ծնվել է 1937), Շահնոն Ահմադը (ծնվել է 1933)։ էթնիկական ու սոցիալական հակասություններին են նվիրված Ա. Աամադ Իսմայիլի (ծնվել է 1924) և այլոց վեպերը։ Շատ ստեղծագործություններ կապված են գյուղացիության կյանքում տեղի ունեցած փոփոխությունների հետ (Իբրահիմ Օմար, ծնվել է 1936, Ցահյի Իսմայիլ, ծնվել է 1940, Աբդուլլահ Հուսեյն, ծնվել է 1921, Ալիաս Հարուն, ծնվել է 1939)։
Արվեստ
խմբագրելՄալայզիայում ապրող ժողովուրդների ավանդական մշակույթը հիմնականում կենտրոնացված է արհեստների, փորագրության, ատաղձագործության և արծաթագործության վրա։ Ավանդական մշակույթը ընդգրկում է ձեռքով պատրաստված զամբյուղներից մինչև երկրի արծաթազարդ դատարանները։ Սկսած հնագույն ժամանակներից՝ ատաղձագործության հետ միասին ավանդաբար զարգացել է նաև գործվածքների գեղանկարչությունը, որն անվանել են բատիկ։ Ավանդական արվեստի գործերի շարքում արժէ նշել ազգային Մալայզիական և ինդոնեզիական դաշույնըª կրիսը։ Շատ տարածքներում մշակվել է նաև կերամիկական արտադրանքի արտադրություն։ Ավանդական արվեստը տարբեր տարածքներում խիստ տարբեր է, սակայն հարկ է նշել, որ Մալայզիական արվեստի ձևավորման մեջ մեծ ազդեցություն է ունեցել հնդկական մշակույթը։ Միևնույն ժամանակ երկրի իսլամացման ընթացքում արվեստի հնդկական և բուդդայական տարրերը սկսեցին կորցնել իրենց նշանակությունըª տալով ավելի մեծ նշանակություն Մերձավոր Արևելքի մշակույթին, իսկ հետագայումª Եվրոպական մշակույթին։ Իսլամը պարտադրեց իր սեփական փոփոխությունները տեսողական արվեստների բնագավառում. երկար ժամանակ արգելքի տակ են եղել մարկանց կամ կենդանիների տեսքով պատկերները։ Ավանդական Մալայզիական պարերն իրենց մեջ ներառում են ջոկետ մելայու և զապին պարերը։ Վերջին տարիներին մեծ ժողովրդականություն է վայելում դիքար բարատ երաժշտական ձևաչափը, որն ակտիվորեն աջակցվում է պետական իշխանությունների կողմիցª որպես Մալայզիական մշակույթի կարևոր մաս։ Դարեր շարունակ Մալայզիայում մեծ հռչակ է վայելել վայանգ կուլիտ ստվերային թատրոնը, որտեղ ներկայացման մեջ խաղացող ավանդական տիկնիկները պատրաստված էին գոմեշի կաշվից և նկարված էին ձեռքով։ Ներկայացումները ցուցադրվում էին տիկնիկների ստվերներով, և հաճախ դրանք հիմնված էին ավանդական պատմությունների, հատկապես §Ռամայանա և Մահաբարաթա¦ հնդկական էպոսի վրա։ Չինական համայնքներից որդեգրել են այնպիսի պարեր, ինչպիսիք են առյուծների ու վիշապների պարերը, իսկ հնդիկները նպաստել են այնպիսի պարային ձևերի զարգացմանը, ինչպիսիք են բարաթանյաթամ և բանգրա ձևերը։ Պորտուգալացի գաղթականներն իրենց հետ բերել են այնպիսի պարեր, ինչպիսիք են ֆարապեյրա և բրանյո պարերը։ Մալայզիայում ապրող ժողովրդների մեծ մասն ունեն իրենց ավանդական պարերը։ Գոյություն ունեն մի շարք ավանդական պարեր, որոնք հաճախ ունեն շատ հզոր հոգևոր նշանակություն։
Ճարտարապետություն
խմբագրելՄալայզիայի ճարտարապետությունը իրենից ներկայացնում է տարբեր ոճերի համադրություն՝ ավանդական չինականից ու հնդկականից մինչև եվրոպական։ Այսպիսով՝ մալայզիական ճարտարապետության վրա ներգործել են շատ երկրներ։ Տները կառուցված են արևադարձային պայմաններում, տանիքները բարձրացված են ոտնափայտերով, իսկ տան պատուհանները մեծ են, որը թույլ է տալիս օդի հոսքը սենյակ՝ դարձնելով այն զով։ Փայտը եղել է հիմանական շինանյութը ամբողջ մալայզիական պատմության մեջ։ Այն օգտագործվել է ամեն ինչում՝ սկսած հասարակ կամպունգից վերջացրած թագավորական պալատներից։ Բացի փայտից նաև օգտագործվել են բամբուկը և տերևը։ Կուլա Կենգարում գտնվող Իստանա Կենենգանը կառուցվել 1926 թ.-ին և միակ Մալայզիական պալատն է բամբուկե պատերից։
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Մալայզիայի Բնակչություն
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Մալայզիայի Բնակչության կազմը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Մալայզիայի Առևտրաշրջանառություն». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ 4,0 4,1 «Մալայզիայի Առողջապահություն». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալայզիա» հոդվածին։ |