Դետեկտիվ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դետեկտիվ (անգլ.՝ detective, լատ.՝ detego բացահայտել, հետաքննել բառից), գրականության և կինեմատոգրաֆիայի ժանր։ Այս ժանրի ստեղծագործություններում նկարագրվում է առեղծվածային իրադարձությունների բացահայտման ընթացքը, որի արդյունքում պարզ են դառնում իրադարձության բոլոր հանգամանքները։ Սովորաբար նմանատիպ սյուժեի զարգացման հիմք է հանդիսանում մի որևէ հանցագործություն, և դետեկտիվը նկարագրում է մեղավորների բացահայտման ընթացքը։ Այս ժանրի ստեղծագործություններում կոնֆլիկտը ստեղծվում է արդարության և անարդարության միջև և ավարտվում է արդարության հաղթանակով։
ՍահմանումԽմբագրել
Դետեկտիվի, որպես ժանրի, հիմնական առանձնահատկությունը ստեղծագործության մեջ որևէ առեղծվածային միջադեպի առկայությունն է, որի հանգամանքներն անհայտ են և պետք է բացահայտվեն: Ամենից հաճախ նկարագրվող միջադեպը հանցագործությունն է, թեև կան դետեկտիվներ, որոնցում հետաքննվում են դեպքեր, որոնք չեն համարվում հանցավոր (ինչպես օրինակ «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին» գրքում, որն անշուշտ հանդիսանում է դետեկտիվ ժանրի ստեղծագործություն, 18 պատմվածքներից 5-ում հանցագործություն չկա):
Դետեկտիվի կարևոր առանձնահատկությունն այն է, որ մինչև հետաքննության ավարտը միջադեպի իրական հանգամանքները չեն հաղորդվում ընթերցողին, համենայն դեպս՝ ամբողջությամբ: Փոխարենը, ընթերցողը հեղինակի ուղորդմամբ անցնում է ընթացիկ հետաքննության վրայով՝ հնարավորություն ստանալով դրա ամեն մի փուլում անել սեփական եզրակացություններն ու գնահատել հայտի փաստերը: Եթե ստեղծագործությունում հենց սկզբից էլ նկարագրվում է միջադեպի բոլոր հանգամանքները, կամ միջադեպը անսովոր, խորհրդավոր ոչինչ չի պարունակում, ապա այն վերագրվում է ոչ թե դետեկտիվ, այլ դրա հարակից ժանրերին (մարտավեպ, ոստիկանական վեպ և այլն):
Ըստ հայտնի դետեկտիվ գրող Վել Մակդերմիդի դետեկտիվը որպես ժանր հնարավոր է դարձել միայն ապացույցներով հիմնավորված դատական գործընթացի ի հայտ գալու շնորհիվ[1]:
Ժանրի առանձնահատկություններըԽմբագրել
Դասական դետեկտիվ ստեղծագործության կարևոր առանձնահատկությունը փաստերի ամբողջությունն է: Առեղծվածի լուծումը չի կարող հիմնվել այն տեղեկատվության վրա, որը չի ներկայացվել ընթերցողին հետաքննությունը նկարագրելիս: Հետաքննությունն ավարտվելիս ընթերցողը պետք է բավականաչափ տեղեկություն ունենա, որպեսզի դրա հիման վրա ինքնուրույն լուծում գտնի: Կարող են թաքցվել միայն որոշ աննշան մանրամասներ, որոնք չեն ազդում առեղծվածի հնարավոր բացահայտման վրա: Հետաքննության ավարտին բոլոր հանելուկները պետք է լինեն լուծված, իսկ հարցերը՝ պատասխանված:
Դասական դետեկտիվի մի քանի առանձնահատկություններ էլ Ն. Ն. Վոլսկին համախմբել է դետեկտիվ աշխարհի հիպերդետերմինացվածություն (գերսահմանվածություն) անվան տակ («դետեկտիվ աշխարհը շատ ավելի կանոնակարգված է, քան մեր շրջապատի կյանքը»).
- Իրավիճակի պարզություն: Պայմանները, որոնցում զարգանում են դետեկտիվի գործողությունները, սովորաբար պարզ են և ընթերցողին քաջ հայտնի (համենայն դեպս, ընթերցողը համարում է, որ լավ կողմնորոշվում է դրանցում): Շնորհիվ սրա, ընթերցողին ի սկզբանե պարզ է, թե նկարագրվածից ինչն է սովորական և ինչն է տարօրինակ, նորմայից դուրս:
- Հերոսների կարծրատիպային վարքագիծը: Հերոսները հիմնականում զուրկ են ինքնատիպությունից, նրանց հոգեբանությունն ու վարքագծային մոդելները բավականին թափանցիկ են, կանխատեսելի, իսկ եթե նրանք ինչ-ինչ խիստ աչքի ընկնող առանձնահատկություններ ունեն, ապա դրանք տեղեկացվում են ընթերցողին: Այդ թվում՝ հերոսների գործողությունների դրդապատճառների (ներառյալ հանցագործության դրդապատճառների) կարծրատիպերը:
- Սյուժեի ձևավորման համար նախապես սահմանված կանոնների առկայությունը, որոնք միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը: Օրինակ դասական դետեկտիվ ստեղծագործության մեջ պատմողն ու հետախույզը սկզբունքորեն չեն կարող հանցագործներ լինել:
Վերը նշված առանձնահատկությունները սեղմացնում են հայտնի փաստերի հիման վրա արված հնարավոր տրամաբանական զարգացումների դաշտը: Ինչևէ, դետեկտիվի ոչ բոլոր ենթաժանրերն են միանշանակ հետևում նշված կանոններին:
Կա ևս մեկ սահմանափակում, որին դասական դետեկտիվը գրեթե միշտ հետևում է. թույլ չտալ պատահական սխալներ և չպարզաբանված զուգադիպություններ: Օրինակ իրական կյանքում վկան կարող է ասել ճշմարտությունը, ստել, սխալվել կամ մոլորեցվել, բայց կարող է պարզապես սխալվել աջանց պատճառի (պատահականորեն շփոթել ամսաթվերը, ընդհանուր քանակը, ազգանունները): Դետեկտիվում վերջինս բացառվում է. վկան կամ ճիշտն է ասում, կամ ստում է, կամ նրա սխալը տրամաբանական հիմնավորում ունի:
Երեմեյ Պարնովը մատնանշում է դասական դետեկտիվ ժանրի հետևյալ առանձնահատկությունները.
- դետեկտիվ ընթերցողին առաջարկվում է մասնակցել գաղտնիքը կամ հանցագործի անունը բացահայտելու մի տեսակ խաղի,
- «գոթական էկզոտիկա»—
Սկսած Ալան Պոյի սարսափազդու կապիկից, որը երկու ժանրերի (ֆանտաստիկ և դետեկտիվ) նախահայրն է, Կոնան Դոյլի կապույտ կարբունկուլից և արևադարձային իժից, Ուիլքի Քոլինսի հնդկական լուսնաքարից և ավարտած Ագաթա Քրիստիի մեկուսացված ամրոցներով ու Չարլզ Սնոուի նավակի դիակով, արևմտյան դետեկտիվը աննկարագրելի էկզոտիկ է: Բացի այդ, գոթական վեպը (միջնադարյան ամրոց՝ սիրված բեմական նախադրյալներ, որոնց ֆոնի վրա տեղի են ունենում արյունոտ դրամաներ) պաթոլոգիական (աննորմալ, հիվանդագին) ազդեցություն ունի դրա վրա[2]:
- սխեմա—
Ի տարբերություն գիտական ֆանտաստիկայի, դետեկտիվը գրվում է հիմնականում դետեկտիվի՝ այսինքն խուզարկուի, համար: Այլ կերպ ասած, հանցագործն իր արյունոտ հանցանքը հարմարեցնում է դետեկտիվին, ինչպես օրինակ փորձառու դրամատուրգը դերերը հարմարեցնում է կոնկրետ դերակատարների[2]:
- այս կանոններից կա մեկ բացառություն՝ օրինակ «Շրջված դետեկտիվ»-ը (հանցագորը հայտնի է հենց սկզբից):
Տիպիկ հերոսներԽմբագրել
- Խուզարկու կամ դետեկտիվ— ուղղակիորեն զբաղվում է հետաքննությամբ: Որպես խուզարկու կարող են հանդես գալ տարբեր մարդիկ՝ իրավապահ մարմնի աշխատակիցներ, մասնավոր դետեկտիվներ, բարեկամներ, ընկերներ, տուժածի ծանոթներ, երբեմն լրիվ պատահական մարդիկ: Դետեկտիվը չի կարող վերջում հանցագործ դուրս գալ: Խուզարկուն դետեկտիվ ստեղծագործության կենտրոնական կերպարն է:
- Պրոֆեսիոնալ դետեկտիվ— իրավապահ մարմնի աշխատակից: Նա կարող է շատ բարձր մակարդակի մասնագետ լինել, կամ գուցե նույնիսկ՝ ոստիկանության սովորական աշխատակից, ով բարդ իրավիճակներում կարող է դիմել խորհրդատուի օգնությանը:
- Մասնավոր դետեկտիվ— հիմնական աշխատանքը հանցագործութան հետաքննությունն է, բայց նա ոստիկանությունում չի աշխատում, թեև կարող է պաշտոնաթող ոստիկան լինել: Որպես կանոն, ունի չափազանց բարձր որակավորում, ակտիվ է ու էներգիայով լի: Ամենից հաճախ մասնավոր դետեկտիվը դառնում է հիմնական գործող անձ, իսկ նրա արժանիքներն ընդգծելու համար, հետաքննության մեջ կարող են ներառվել պրոֆեսիոնալ հետախույզներ, որոնք անընդհատ սխալներ են անում, ընկնում են հանցագործի ծուղակը, կանգնում են սխալ հետքի վրա և կասկածում են անմեղ մարդկանց: Օգտագործվում է «միայնակ հերոսն ընդդեմ բյուրոկրատական կազմակերպության և դրա պաշտոնյաների» սխեման, որտեղ հեղինակի և ընթերցողի համակրանքը հերոսի կողմն է:
- Սիրողական հետախույզ— նույնն է ինչ մասնավոր դետեկտիը, միայն այն տարբերությամբ, որ գործի քննությունը նրա համար ոչ թե մասնագիտություն, այլ հոբի է, որով նա զբաղվում է միայն ժամանակ առ ժամանակ: Սիրողական հետախույզի առանձին ենթատեսակ է այն պատահական անձը, ով երբեք նմանատիպ աշխատանք չի կատարել, բայց ստիպված է լինում հետաքննություն իրականացնել՝ խիստ անհրաժեշտությունից դրդված, օրինակ, որպեսզի փրկի անարդարացիորեն մեղադրված մտերիմ մարդու կամ կասկածն իրենից հեռու վանի (հենց այսպիսին են Դիք Ֆրենսիսի բոլոր վեպերի գլխավոր հերոսները): Սիրողական հետախույզը հետաքննությունը մոտեցնում է ընթերցողին: Մի շարք դետեկտիվներում սիրողական հետախույզի (ինչպես օրինակ միսս Մարփլը) դերը պայմանավորված է նրանով, որ իրական կյանքում մարդուն դժվար թե հանդիպեն նման քանակությամբ հանցագործություններ ու առեղծվածային միջադեպեր, եթե, իհարկե, նա չի զբաղվում հանցանքի պրոֆեսիոնալ հետաքննությամբ:
- Հանցագործ— հանցանք է գործում, մաքրում է հետքերը, խոչընդոտում հետաքննությանը: Դասական դետեկտիվում հանցագործի կերպարը հստակորեն նշվում է միայն հետաքննության ավարտին, մինչ այդ հանցագործը կարող է լինել վկա, կասկածյալ կամ տուժած: Երբեմն հանցագործի գործողությունները նկարագվում են հիմնական գործընթացի հետ համընթաց, բայց այնպես, որ չբացահայտվի նրա ինքնությունն ու ընթերցողին չհաղորդվի տեղեկություններ, որոնք հնարավոր չէին լինի պարզել հետաքննության արդյունքում: Որոշ ստեղծագործություններում հանցագործը կարող է բացակայել, օրինակ, եթե միջադեպը դժբախտ պատահար է, ոչ թե հանցագործություն (Ա. Կոնան Դոյլ՝ «Առյուծի բաշը»):