Շահ-Արմենի տիրապետությունը

Շահ Արմենների ամիրայության ստեղծումը և հզորացումը

խմբագրել

Շահ Արմեններ (Շահ-ի Արմեններ), Խլաթի ամիրայության տիրակալների պայմանական անվանումը՝ ըստ նրանց կրած «Շահ-ի Արմեն» («Հայոց թագավոր») տիտղոսի։ Շահ Արմենների ամիրայությունը հիմնադրել է սելջուկ Սուքման ալ Կութբին (Սուքման Ա), որը 1100 թվականին Մրվանյաններից գրավել է Խլաթն ու հարակից հայկական գավառները։ Նրա որդու՝ Իբրահիմի օրոք (1112-1127 թվականներ) ամիրայության սահմաններն ընդարձակվել են՝ ընդգրկելով նաև Մանազկերտը, Արճեշը և Հայաստանի հարավային այլ քաղաքներ՝ մերձակա գավառներով։

Շահ Արմենների ամիրայության թուլացումը և անկումը

խմբագրել

1127-1133 թվականներին իշխանության համար պայքարից հետո, գահակալել է Սուքման Բ (1133-1183 թվականներ, հայկական աղբյուրներում՝ Շահ Միհրան)։ Վերջինս Ատրպատականի Ելտկուզյանների և Կարինի Սալդուխյանների օգնությամբ փորձել է նվաճել Հայաստանի հյուսիսարևելյան գավառները, սակայն 1160 թվականին Ուղթիքի (Օլթի) մոտ ծանր պարտություն է կրել հայ-վրացական ուժերից և նահանջել։ 1161 թվականին, երբ հայ- վրացական բանակն Անին ազատագրել է Շադդադյաններից, վերջիններին օգնության եկած Շահ Արմենի մոտ 80 հազարանոց բանակը, օգոստոսին, Անիի մոտ կրկին պարտություն է կրել։ Սուքման Բ-ին հաջողվել է առժամանակ կախման մեջ գցել Սասունի Թոռնիկյան և Վասպուրականի Խեդենեկյան Արծրունիների իշխանությունները։ 1193 թվականին պալատական ծառա Ակ Սունկուր Հազարդինարը դավադրությամբ սպանել է Սուքման Բ-ի հաջորդ Բեկթեմուրին (1183-1193 թվականներ) և դարձել ամիրա (1193-1199 թվականներ), որից հետո, կարճ ժամանակով իշխանությանը տիրացել է ծագումով հայ, մամլուք Կութլուղը։ Ներքին երկպառակությունները խիստ թուլացրել են Շահ Արմեններին։ 1207 թվականին ամիրայության մեջ մտնող հայկական գավառները գրավել են ծագումով քուրդ Այուբյանները՝ շարունակելով կրել «Շահ-ի Արմեն» տիտղոսը։ Հետագայում այդ տիտղոսը կրել են նաև Հուլավյան դինաստիայի օրոք Հայաստանում իշխած կառավարիչները, Աղձնիքի Արտուխյան ամիրաները, տասնհինգերորդ դարի կարա կոյունլուները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 421