Ներսեհապատի ճակատամարտ

ճակատամարտ Հայաստանի և Պարսկաստանի միջև

Ներսեհապատի ճակատամարտ, Մարզպանական Հայաստանի և Սասանյան Պարսկաստանի միջև ռազմական բախում, որը տեղի է ունեցել Վահանանց պատերազմի ժամանակ՝ 482 թվականին։ Այս ճակատամարտին նախորդել է Ակոռիի ճակատամարտը, որտեղ հայերը հաղթանակի էին հասել պարսիկների նկատմամբ և կարողացել երկրից հեռացնել հակառակորդի ուժերը։ 482 թվականին Հայաստան է ներխուժում Արտներսեհը, որը իր ուժերը կենտրոնացնում է հիմնականում Հեր և Զարևանդ գավառներում։ Հայոց իշխանական զորքը շտապ առաջխաղացում է ցուցաբերում՝ փորձելով թույլ չտալ պարսիկներին ներխուժել երկրի Միջնաշխարհ։ Ճակատամարտը տեղի է ունենում Ավարայրի դաշտից քիչ հեռու գնվող Ներսեհապատ գյուղում, որտեղ պարսիկները նախահարձակ են լինում։ Սակայն հայկական զինված ուժերը կարողանում են հակահարված տալ հակառակորդին և հաղթանակ տոնել։ Հաղթանակից հետո Պարսկաստանի արքունիք կարողանում է փախչել և Հայաստան վերադառնալ Վահան Մամիկոնյանի եղբայր՝ Վարդը, որը գերության մեջ էր գտնվում։ Պատերազմի նպատակը հայերի կրոնափոխումն էր, որից Սասանյանները հրաժարվեցին Նվարսակի պայմանագրով[1]։

Ներսեհապատի ճակատամարտ
Վահանանց պատերազմ
Թվական 482 թվական
Վայր Ներսեհապատ
Արդյունք Մարզպանական Հայաստանի հաղթանակ
Հակառակորդներ
Մարզպանական Հայաստան Մարզպանական Հայաստան Senmurv.svg Սասանյան Պարսկաստան
Հրամանատարներ
Մարզպանական Հայաստան Վահան Մամիկոնյան Senmurv.svg Ատրներսեհ
Կողմերի ուժեր
Մարզպանական Հայաստան մոտ 35 հազար Senmurv.svg մոտ 60 հազար
Կորուստներ
անհայտ անհայտ

ՆախապատմությունԽմբագրել

 
Վախթանգ Գորգասալ

Արևելյան Վրաստանում թագավոր Վախթանգ Գորգասալ ապստամբում է պարսիկների դեմ և սպանում Աշուշա բդեշխի որդուն՝ պարսից դրածո բդեշխ Վազգենին։ Նա նաև Վարդան Մամիկոնյանի փեսան էր՝ Շուշանիկի ամուսինը։ Նա ուրացել էր քրիստոնեությունը և ընդունել զրադաշտականություն, ապա փորձել էր ստիպել, որ Վարդանի աղջիկը՝ Շուշանիկը, նույնպես կրոնափոխ լինի, բայց նա չէր ուրացել և նահատակվել էր դրա համար: Այս սպանությունից հետո ոչ միայն Վրաստանում, այլ նաև Հայաստանում սկսվեց ապստամբություն։ 481 թվականին հայ նախարարները Վահան Մամիկոնյանի ղեկավարությամբ հավաքվում են Շիրակ գավառում և որոշում ապստամբել: Ստեղծվում է նոր կառավարություն՝ երկրի մարզպան է դառնում Սահակ Բագրատունին, իսկ սպարապետ՝ Վահան Մամիկոնյանը։ Այս ամենի հետևանքով Ատրվշնասպը Ատրպատականում զորք է հավաքում և ներխուժում Հայաստան[2]։

Ատրվշնասպի զորքի թիվը հասնում էր 7 հազարի, իսկ հայ ապստամբներինը՝ 400-ի։ Հայ ապստամբներին առաջնորդում էր Վահան Մամիկոնյանի եղբայրը՝ Վասակը, որը հասկանալով, որ անհնար է բաց տեղանքում պարսիկների այսպիսի թվային առավելության դեպքում հաղթանակ տոնել, ընտրում է մի հարմար տեղանք՝ Մասիսի լանջին գտնվող Ակոռի գյուղը։ Տեղի ունեցած ճակատամարտում հայերը լիակատար հաղթանակ են տոնում, սպանվում է նաև պարսից հրամանատար Ատրվշնասպը, իսկ Վասակը հանդիսավոր վերադառնում է Դվին[1][3]։

ՃակատամարտԽմբագրել

482 թվականին պարսկական խոշոր զորաբանակը ներխուժում է Հայաստան, որի հրամանատարը Արտրներսեհն էր։ Պարսկական բանակում կոչումով ավելի բարձր պաշտոնյաներ կային, սակայն Արտներսեհը ավելի փորձառու էր, այդ պատճառով էլ նա էր առաջնորդում բանակը։ Դա ապացույց է այն բանի, որ պարսկական կառավարությունը մեծ կարևորություն էր տալիս այս արշավանքին։ Պարսիկները այս պատժիչ արշավանքի համար հավաքագրել էին իրենց ամբողջ ուժերը, որոնք միասին կազմել էին մոտ 60 հազար զինվոր։

  Լուր հասավ, թե պարսից բազմաքանակ զորքն է գալիս, և, իբրև, արդեն Հեր և Զարևանդ գավառի սահմանին են հասել շատ զորագլուխներ, որոնք են Սուրեն պահլավ, փուշտիպանաց սաղար Ատրներսեհը, Վին-ի-Խոռյանը, Ատրվշնասպ-ի-Տապյանը... Եվ, չնայած սրանց մեջ կար մեկը, որ գահով ավելի բարձր էր, սակայն փուշտիպան սաղարն էր հրամանատուն և զորքի ավագը:
- Ղազար Փարպեցի, Պատմություն հայոց, Գ, Գլուխ ՀԱ
 


Իմանալով հակառակորդի ներխուժման մասին՝ հայոց սպարապետ Վահանը հավաքում է իր մոտ 35 հազարանոց բանակը և 482 թվականի ապրիլին դուրս գալով Դվինից՝ շտապում պարսիկներին ընդառաջ՝ փորձելով չթողնել նրանց Արաքսի վրայով գետանցում կատարել և մտնել Միջնաշխարհ։ Վահանը հայկական զորամասերին Դվինից մինչև Ներսեհապատ պատրաստվում էր տանել գիշերային ռազմերթով, իսկ հակառակորդի վրա հարձակվել առավոտյան։ Վահան Մամիկոնյանի նպատակն էր հակառակորդի հանդեպ հաղթանակ տոնել հայոց հարավային սահմաններում։ Նա հասնում է Արտազ գավառ, որի Ներսեհապատ գյուղում էլ սկսվում է ճակատամարտը։ Սպարապետը կարողանում է նաև լավ օգտագործել տեղանքը։ Նա հակառակորդին տանում է փոքր լանջակողմը, որի արդյունքում պարսկական բանակը զրկվում է առավելությունից։ Զորքին ոգեշնչելու համար այնտեղ էր նաև կաթողիկոս Հովհան Ա Մանդակունին։

 
Հայոց սպարապետ Վահան Մամիկոնյանը (հեղինակ՝ Ն. Տեստեկյուլ)

Ճակատամարտը տեղի է ունենում մայիսին։ Վահան Մամիկոնյանը զորքը բաժանում է 3 մասի․

  • Ձախ թևը հանձնվում է Վահան, Ներսեհ և Հրահատ Կամսարականներին։
  • Կենտրոնական թևը հանձնվում է մարզպան Սահակ Բագրատունուն։
  • Աջ թևը հանձնվում է Բաշղ Վահունուն, ում օգնականներ են կարգվում Բաբգեն Սյունին, Ատոմ Գնունին և Փապակ Պալունին։
  Այնուհետև հայոց զորավար Վահան Մամիկոնյանը սկսեց ըստ պատշաճի կազմակերպել ճակատի յուրաքանչյուր թևը: Կենտրոնական կողմը բազմաքանակ այրուձիով տվեց մարզպան ու քաջ ասպետ Սահակի ձեռքը: Աջ թևում կարգեց Բարշղ Վահևունուն, Բաբգեն Սյունիին, Ատոմ Գնունիին և Փապակ Պալունիին` յուրաքանչյուրի այրուձիով ու այլ հավելվածով: Իսկ ձախակողմը հանձնեց ուխտասեր Կամսարականներին` Վահանին, Ներսեհին, Հրահատին, և իր սիրելի եղբայրներին: Աջ կողմում, գնդերի յուրաքանչյուրից մեկական այրուձիով ինքն էր լինելու: Ուրիշ ավագ տղամարդկանցից էլ կազմեց մի ջոկ` ընտիր այրուձիով, Վրեն Վանանդեցու գլխավորությամբ, որի մոտ ուղարկեց ոստանիկ Արտակունյաց Պապին` Բաբոցի որդուն:
- Ղազար Փարպեցի, Պատմություն հայոց, Գ, Գլուխ ՀԱ
 


Առաջինը նախահարձակ են լինում պարսիկները։ Ատրներսեհը փորձում էր այդպիսով վերացնել հայոց զորքի՝ տեղանքի բարենպաստությունից ստացած առավելությունը։ Հակառակորդի անսպասելի գործողություններից հայերը մի պահ անակնկալի են գալիս։ Վահան Մամիկոնյանը նախօրոք կազմել էր մարտավարությունը, ըստ որի՝ նշել էր, թե որ ջոկատներն էին առաջինը մտնելու մարտի մեջ։ Այս պատճառով որոշ խուճապ է սկսվում, որի հետևանքով խախտվում է հայոց զորքի կենտրոնական գնդի մարտակարգը։ Սակայն հայոց սպարապետը կարողանում է շտկել ամեն ինչ և բեկում է մտցնում ճակատամարտի ընթացքի մեջ[1]։

  Հայոց զորավար Վահան Մամիկոնյանը զորացավ սրտով, երեսը խաչակնքեց ու երկու Կամսարականների հետ միասին հարձակվեց իրենց հասած թշնամիների վրա: Իսկ նրանք, առանց դիմադրելու, այլ իրենց թևը միանգամից սաստիկ տեղահան անելով` փախուստի մատնեցին: Եվ այն թևն առնելով` մյուսն էլ քաշեցին կենտրոնի վրա: Հայոց զորավար Վահան Մամիկոնյանի քաջերը երկու թևերի թշնամական զորքերն առաջներն արած տարան դեպի փոքր լանջակողմը և քաջ զինվորների անթիվ բազմություն դիաթավալ անելով, ջախջախեցին ու սաստիկ արյունահեղություն արին: Եվ միայն Խոռյան Վինը, ուրիշ երկու նիզակակիցների հետ միասին, շուռ էր եկել, խիզախորեն դիմադրում էր: Այնտեղ էլ Հայոց քաջ զորավար Վահան Մամիկոնյանն իր հզորությամբ սպանեց նրան: Եվ Շիրակի տեր Ներսես Կամսարականն էլ` Ատրվշնասպ Տապյանին, իսկ մյուսներից էլ յուրաքանչյուրը շատ քաջերի գետնատարած տապալելով` կոտորեցին:
- Ղազար Փարպեցի, Պատմություն հայոց, Գ, Գլուխ ՀԱ
 


Հայոց սպարապետի և Կամսարական եղբայրների զորագնդերը կարևոր հարվածներ են հասցնում պարսից զորքի համապատասխանաբար աջ և ձախ թևերին, կոտրում դրանց դիմադրությունը և դուրս գալիս հակառակորդի կենտրոնական գնդի թիկունք, որի արդյունքում պարսից զորքերը նահանջում են լանջակող, որտեղ էլ հաղթվում են և անկանոն փախուստի դիմում։ Հայերը հաղթանակ են տոնում։

  Պարսից զորքից սպանվածների թիվն ավելի մեծ էր, քան փախչելով փրկվածներինը, քանի որ մեռածների թվի մեջ էին ոչ միայն պատերազմի վայրում ընկածները, այլև շատերը, որոնք վիրավորված էին և մեռան այս ու այնտեղ:
- Ղազար Փարպեցի, Պատմություն հայոց, Գ, Գլուխ ՀԱ
 


 
Հայկական զորքերի հրամանատար Վահան Մամիկոնյանի տուն վերադարձ ճակատամարտից հետո (481-484)։ Ջուլիան Զասսոյի նկար, XIX դար

ԱրդյունքներԽմբագրել

Ներսեհապատի ճակատամարտին հաջորդում են նաև մի շարք այլ ճակատամարտեր՝ Ճարմանայի, Դվինի, որոնց արդյունքում հայոց ապստամբությունը հաջողվում է․ կնքվում է Նվարսակի պայմանագիրը, ըստ որի[4]՝

  • Վերացնել կրոնափոխության հարկադրանքը, քանդել Հայաստանում կառուցված կրակատները և դժվարություններ չստեղծել հայկական եկեղեցու գործունեության համար:
  • Սասանյան Պարսկաստանի թագավորի և հայերի միջև այսուհետ միջնորդներ չպետք է լինեին:
  • Չմիջամտել հայ նախարարների ներքին գործերին, չհավատալ երկերեսանի, բախտախնդիր անձանց ամբաստանություններին, ունկնդրել ուղղամիտ մարդկանց խորհուրդները։
  • Վահան Մամիկոնյանը պարտավորվել է հեծելագունդ ուղարկել Պարսկաստան՝ գահի հավակնորդ Զարեհի դեմ։ Հայոց հեծելագունդը կարևոր դեր է խաղացել գահակալական կռիվներում՝ պարտության մատնելով ու սպանելով Զարեհին[5]։

Տես նաևԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Մեր հաղթանակները», հատոր Բ։ Երևան: «Նորավանք» հրատարակչություն։ 2009։ էջեր 79–85 
  2. Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 1967։ էջ 113 
  3. Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 1967։ էջ 114 
  4. Կարեւորագույն պայմանագրերը Հայաստանում սկզբից մինչև XIV դարը, էջ 27-33
  5. Լեո, Երկեր, հ. 2, Երևան, 1967թ., էջ 126-128: