Բարսեղ Բ Բուլղարասպան
Բարսեղ II Բուլղարասպան կամ Վասիլ Բ (957-15.12.1025), բյուզանդական կայսր 976–ից։ Նրա անչափահասության տարիներին գահին հաջողաբար տիրել են Նիկեփորոս II Փոկասը և Հովհաննես I Չմշկիկը։ Վերջինս, ըստ հայկական ավանդության, մանկահասակ Բարսեղ II–ին և նրա եղբայր Կոստանդնին փախցրել են Անձիտ գավառ Վասակավան գյուղը Թեոփանոս թագուհու ոտնձգություններից փրկելու համար և հետագայում, նրանց Կ. Պոլիս բերելով, թագը զիջել է Բարսեղ II–ին։ 976–ին Բարսեղ II–ի դեմ բռնկվել է նահանգային կալվածատեր ավագանու ապստամբություն։ Այն ճնշվել է 979–ին, բայց 987–ին բռնկվել է սոցիալական նույն խավերի ապստամբությունը։ Այն ճնշելու համար Բարսեղ II–ին օգնել է Կիևյան Ռուսիայի իշխան Վլադիմիրը, որին կայսրը կնության է տվել իր քրոջը՝ Աննային։ Պետության անվտանգությանը սպառնացող խոշոր կալվածատերերի ազդեցությունը թուլացնելու նպատակով և ի շահ քաղաքային առևտրա-արհեստավորական վերնախավի, սահմանափակել աշխարհիկ խոշոր հողատիրության աճը, օրենքներ հրապարակել ի պաշտպանություն հիմնական հարկատու տարրի՝ ազատ գյուղացիության։
Բարսեղ Բ Բուլղարասպան | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | 958 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն |
Մահացել է՝ | դեկտեմբերի 15, 1025 |
Վախճանի վայր | Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն[1] |
Երկիր | ![]() |
Տոհմ | Հայկական (Մակեդոնական) հարստություն |
կայսր | |
Հայր | Ռոմանոս II |
Մայր | Թեոֆանո |
Հավատք | ուղղափառություն |
Բուլղարների դեմ մղած երկարատև պատերազմներից հետո վերացրել է Բուլղարական պետությունը (1018), երկիրը վերածել բյուզանդական նահանգի։ 15000 բուլղար ռազմագերիների կուրացնելու պատճառով ստացել է «բուլղարասպան» մականունը։ 1000–ին դավադրաբար կայսրությանն է կցել Տայքի Դավիթ Կյուրոպաղատի իշխանության տարածքը, որտեղ հետագայում կազմակերպվել է Իբերիա բնակաթեմը։ 1021–ին Բարսեղ II–ի և սելջուկյան թուրքերի ճնշման տակ Վասպուրականի թագավոր Սենեքերիմ Արծրունին իր թագավորությունը «փոխանակել է» Սեբաստիայի շրջանի հետ, իսկ Անի-Շիրակի թագավոր Հովհաննես–Սմբատ Բագրատունին իր պետությունը «կտակել է» Բարսեղ II–ին։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #120911450 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.