Նիդերլանդներ (հոլ.՝ Nederland (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն)), երկիր Արևմտյան Եվրոպայում, Հյուսիսային ծովի ափին։ Արուբայի և Նիդերլանդյան Անտիլների (Կենտրոնական Ամերիկա) հետ միասին մտնում է Նիդերլանդների Թագավորության կազմի մեջ։ 2020 թվականին երկիրը հրաժարվել է ոչ պաշտոնական «Հոլանդիա» անվանումից[7]։

Նիդերլանդներ
Nederland
Նիդեռլանդների դրոշ Զինանշան


Կարգավիճակպետական կազմավորում Նիդերլանդների թագավորության կազմում և երկիր
Մտնում էՆիդերլանդների Թագավորություն
Ներառում էԽրոնինգեն, Ֆրիսլանդիա, Խելդեռլանդ, Հարավային Հոլանդիա, Հյուսիսային Հոլանդիա, Օվերեյսել, Հյուսիսային Բրաբանդ, Լիմբուրխ, Ֆլևոլանդ, Զեյլանդ, Դրենթե, Ուտրեխտ, Բոնեյրե, Սինտ Էվստատիուս և Սաբա կղզի
Պետական լեզուհոլանդերեն[1]
ՄայրաքաղաքԱմստերդամ[2]
Պետական կարգխորհրդարանական միապետություն և սահմանափակ միապետություն
Օրենսդիր մարմինStates General?
Երկրի ղեկավարՎիլեմ Ալեքսանդր
Կառավարության ղեկավարDick Schoof?[3]
Մակերես41.528 կմ²
Ջրային %18, 41% ջրային
Ազգաբնակչություն17 942 942 մարդ (հունվարի 1, 2024)[4]
Խտություն397, 7 մարդ/կմ²
Կրոն29% կաթոլիկ,
9 % ռեֆորմացված,
6 % բողոքական,
4 % ռեֆորմատորական,
4 % իսլամ,
42 % ոչ-կրոնական
ՀիմնՆիդերլանդների հիմն[5]
ԿարգախոսI will uphold, Ik zal handhaven, Je maintiendrai, Ще удържа և Cynhaliaf
Հիմնադրված էհունվարի 19, 1795 թ.
Արժույթեվրո
Կենտրոնական բանկDe Nederlandsche Bank?
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ+31
Ինտերնետ-դոմեն.nl
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,931[6]
rijksoverheid.nl(նիդեր.)

Հարավում սահմանակցում է Բելգիային, իսկ արևելքում Գերմանիային. արևմուտքում և հյուսիսում ամբողջովին եզերված է Հյուսիսային ծովով։ Նիդերլանդների կազմի մեջ են մտնում Մաասի և Շելդայի գետաբերանի մոտ գտնվող կղզիների խումբը (Զեյլանդ մարզում) և Վադենյան ծովում գտնվող արևմտա-ֆրիզյան կղզիները։

Տարածքի զգալի մասը գտնվում է ծովի մակարդակից ցածր (այստեղից էլ Նիդերլանդներ՝ «ցածրադիր երկրներ» անունը)։ Հեղեղումներից պաշտպանվում է ծովափով ձգվող ավազաթմբերի, ամբարտակների ու պատնեշների համակարգով։ Ընդհանուր տարածությունը 41,2 հզ. կմ² է, իսկ զուտ ցամաքային տարածքը՝ 36,9 հզ. կմ² (մակերեսի 18 %-ից ավելին կազմում են ներքին ջրերը)։ Ավելի քան 16,5 միլիոն ազգաբնակչությամբ՝ աշխարհի ամենախիտ բնակեցված երկրներից մեկն է (397,7 մարդ/կմ²)։

Նիդերլանդները սահմանադրական-խորհրդարանական միապետություն է, որտեղ իշխանությունը բաժանված է նախարարների, խորհրդարանի և թագավորի միջև։ Նիդերլանդները Եվրամիության, ՆԱՏՕ-ի և Առևտրի Համաշխարհային Կազմակերպության համահիմնադիր-անդամներից է։ Բելգիայի և Լյուքսեմբուրգի հետ, մաս է կազմում Բենիլյուքսի միությանը։

Մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Ամստերդամն է։ Թագավորական տան, պառլամենտի և կառավարության նստավայրերը գտնվում են Հաագայում։ Վերջինս կարևոր դեր է խաղում նաև միջազգային իրավունքի ոլորտում՝ որպես չորս միջազգային տրիբունալների և Եվրոպոլի նստավայր։

Պատմություն

խմբագրել

Հնադարյան և հռոմեական ժամանակաշրջան

խմբագրել

Երկաթի դարում Նիդերլանդների տարածքում բնակվել են կելտական ցեղեր, որոնք հիմք են դրել այսպես կոչված Լա Տենեյան մշակույթի (մոտ մ.թ.ա. 450-ից մինչև մ.թ. 1-ին դարՔ.ա. 2-րդ դարում սկսել են հաստատվել նաև գերմանական ցեղեր (կանեֆատերներ, բատավներ)։ Մ.թ.ա. 1-ին դարում Նիդերլանդների տարածքի մեծ մասը գրավել են հռոմեացիները։ Մ.թ. 28 թվականին հյուսիսային մասում բնակվող ֆրիզները ապստամբելով հռոմեացիների դեմ, ձեռք են բերել անկախություն։ 47 թվականից Հռենոս գետը հաստատվել է որպես Հռոմեական կայսրության հյուսիսային սահմնագիծ. այսպիսով այն ընդգրկում էր Նիդերլանդների տարածքի մոտավորապես հարավային կեսը։ Հռոմեական տիրապետությունն իր ավարտին է հասել 5-րդ դարասկզբին։

Միջնադար

խմբագրել

Վաղ միջնադարում Նիդերլանդների տարածքում ձևավորվել էին երեք ցեղային միություններ. ֆրիզները, որոնք բնակվում էին ափամերձ շրջաններում և զբաղվում ծովային առևտրով, սաքսերը՝ արևելքում, և ֆրանկները հարավային մասում։

 
Նիդերլադների քարտեզը (ստեղծված 1593 թվականին)

481 թվականին ֆրանկական ցեղերը, Կլոդեվիկ I-ի գլխավորությամբ, միավորվեցին և գրավեցին Գալիայի (ներկայիս Ֆրանսիայի) մեծ մասը՝ ստեղծելով Ֆրանկական պետությունը։ Վերջինիս կազմի մեջ մտավ Նիդերլանդների տարածքի զգալի մասը (ֆրիզներին և սաքսերին հպատակեցնել ֆրանկներին հաջողվեց ավելի ուշ միայն՝ Կարլոս Մեծի (768–814) ժամանակ)։ Այս շրջանում Նիդերլանդներում սկսեցին արմատավորվել ֆեոդալական հարաբերություններ և տարածվեց քրիստոնեությունը։

Ֆեոդալական իշխանությունների կազմավորումը 10-ից 14-րդ դարերում Նիդերլանդներում ձևավորվեցին մի շարք աշխարհիկ և եկեղեցական ֆեոդալական իշխանություններ, որոնցից էին Հոլանդիայի, Զեյլանդի, Ֆրիզլանդի, Բրաբանտի, Լիմբուրխի և Խրոնինգենի կոմսությունները, ինչպես նաև մեծ թվով մանր տիրույթներ։ Այս իշխանությունները հպատակվում էին օտար միապետերի ու դուքսերի, սակայն գործնականում հանդես էին գալիս որպես ինքնուրույն իշխանություններ։

12-րդ դարում զարգացում են ապրում տնտեսությունը, առևտուրը և երկրագործությունը։ Զարգանում են նաև քաղաքները, որոնք կարևոր դեր են խաղում որպես առևտրաարհեստավորական կենտրոններ։ Նկատվում է նաև մշակութային աշխուժացում։ Բացվում են դպրոցներ և համալսարաններ, որտեղ ուսուցանվում են միջին դարերի «յոթ ազատ արվեստները»։ Այս շրջանը Նիդերլանդների պատմության մեջ հայտնի է որպես «12-րդ դարի վերածնունդ»։

Ուշ միջնադար

 
«Ոսկե առյուծ» առագաստանավը Ամստերդամի Այ ծովածոցում: Վիլլեմ վան դե Վելդե կրտսեր, 1686 թվական:

Նիդերլանդների իշխանների անհամերաշխության, ինչպես նաև եվրոպական ազդեցիկ իշխանատոհմերի հետ ամուսնական կապերի հետևանքով Նիդերլանդների զգալի հատվածներ հայտնվում են օտարերկրյա իշխանական տների ձեռքում։ Այսպիսի դինաստիական կապերի միջոցով Բուրգունդիայի իշխան Ֆիլիպ Բարու (1419–1467) իշխանությանն անցան Բրաբանտ, Լիմբուրխ, Հոլանդիա, Զեյլանդ և այլ մի շարք այլ կոմսություններ։ 1477 թվականին Բուրգունդիայի դքսուհի Մարի Բուրգունդացին ամուսնացավ Մաքսիմիլիան Հաբսբուրգեցու հետ։ Նրանց զավակը՝ Գերմանիայի ապագա կայսր Ֆիլիպ Գեղեցիկը, մոր մահից հետո ժառանգեց Նիդերլանդերը։ Այսպիսով Նիդերլանդերը ենթարկվեցին Սրբազան Հռոմեական կայսրության միապետին։

1556 թվականին կրկին դինաստիական ամուսնությունների արդյունքում Նիդերլանդերը հայտնվեց Իսպանական կայսրության տիրապետության ներքո. Նիդերլանդները այս շրջանում կառավարվում էր իսպանական կայսրի կողմից նշանակված փոխարքայի կողմից։

16-րդ դարում Նիդերլանդերում սկիզբ է առել Ռեֆորմացիան։ Ազնվականությունից բացի, հասարակության գրեթե բոլոր շերտերում մեծ տարածում է գտնում կալվինիզմը (բողոքականության ուղղություներից մեկը)։ Բողոքականությունը, սակայն, խստորեն հետապնդվում էր իսպանական կաթոլիկ իշխանության կողմից՝ հատկապես Ֆիլիպ II-ի օրոք։ Այս, ինչպես նաև Իսպանիայի կողմից վարվող բարձր հարկերի և առևտրային սահմանափակումների քաղաքականությունը, հանգեցրին 1566 թվականի Նիդերլանդերի ապստամբությանը՝ Վիլհելմ Օրանացու գլխավորությամբ։

Ութսունամյա պատերազմ (1568-1648)

 
Վիլհելմ Օրհանացին (հոլանդ. Willem van Oranje) համարվում է Նիդերլադների ազգային հերոսը:

Իսպանիային սկզբնապես հաջողվեց դաժանորեն ճնշվել ապստամբությունը, սակայն այն տարածվեց ողջ երկրով մեկ, սկիզբ դնելով նիդերլանդական մարզերի և Իսպանական կայսրության միջև մղված Ութսունամյա պատերազմի (1568–1648 թվականներ)։ 1579 թվականին հյուսիսային նիդերլանդական մի քանի մարզեր ստեղծեցին Ուտրեխտի միությունը և երկու տարի անց իրենց անկախ հռչակեցին։ 1588 թվականին հռչակվեց Յոթ Միացյալ Նիդերլանդերական Մարզերի Հանրապետությունը, որի քաղաքական իշխանությունը դե ֆակտո պատկանում էր Գլխավոր շտատներին (Խորհրդարանին)։

Չնայած շարունակական պատերզամներին, Նիդերլանդները տնտեսական ծաղկում էր ապրում։ Դա հիմնականում տեղի էր ունենում ծովագնացության ընդլայնվող առևտրի շնորհիվ։ Ամստերդամը աստիճանաբար վերածվեց Եվրոպայի ծովային առևտրի կենտրոնի։ 1609 թվականին Իսպանիայի հետ կնքվեց Տասներկուամյա զինադադար, որով Իսպանիան ճանաչեց Նիդերլանդական Հանրապետության անկախությունը։

Ոսկե դար

խմբագրել

17-րդ դարը Նիդերլանդների պատմության մեջ հայտնի է որպես «Ոսկե դար»։ Այս շրջանում Նիդերլանդները իր զարգացմամբ առաջ անցավ եվրոպական մյուս տերություններից։ Նիդերլանդները ձեռք բերեց գաղութներ Հարավարևելյան Ասիայում, Ամերիկայում և Աֆրիկայում։ Հիմնվեցին անդրծովյան առևտրային ընկերություններ (հատկապես նշանավոր էր «Արևելահնդկական Կոմպանիան»), որոնք վիթխարի շահույթներ էին բերում պետությանը։

Բուրժուազիան այս շրջանում դառնում է գերիշխող դասը, իսկ ազնվականության և հոգևորականության ազդեցությունը գնալով փոքրանում է։ Նիդերլանդիայում հայտարարված էր խղճի ազատություն, թեև իշխանության անդամները բացառապես բողոքական էին։ Տնտեսությանը զուգահեռ ծաղկում են նաև մշակույթը և գիտությունը։ Մեծ հռչակ է ստանում հատկապես հոլանդական գեղանկարչությունը։

Նորագույն պատմություն 17-18-րդ դարերում անգլո-հոլանդական պատերազմների հետևանքով հոլանդացիները դուրս մղվեցին ծովային առևտրից և կորցրին մի շարք գաղութներ. թուլացավ Նիդերլանդների ռազմական և քաղաքական հզորությունը։ 1795 թվականին Նապոլեոնի զորքերը գրավեցին Նիդերլանդերը, նրա տարածքում ստեղծվեց Բատավյան Հանրապետությունը, իսկ 1806 թվականին՝ ստեղծվեց Հոլանդական թագավորությունը։ Երկու պետություններն էլ Ֆրանսիական կայսրության փաստացի վասալներ էին։ Սակայն կործանիչ հետևանքներ ունեցած ռուսաստանյան արշավից հետո, 1813 թվականին ֆրանսիացիները լքեցին Նիդերլանդները։

Նիդերլանդների թագավորություն 1815 թվականին ստեղծվեց Նիդերլանդերի թագավորությունը, որը Վիեննայի կոնգրեսի որոշմամբ միավորեց Նիդերլանդները և Բելգիան (վերջինս անջատվեց Նիդերլանդներից 1830-ին)։ Նիդերլանդների առաջին արքան էր Վիլլեմ I -ը։ Գլխավոր Շտատերը հանդիսանում էին պետության օրենսդիր մարմինը և ժողովրդական ներկայացուցչությունը։ 1848 թ. Վիլհելմ I-ի կարգադրությամբ ստեղծվեց նոր սահմանադրություն, որով սահմանափակվեց թագավորի իշխանությունը և ներմուծվեցին նախարարական գերատեսչություններ։ Նիդերլանդները դարձավ սահամանադրական միապետություն։

 
Ռոտտերդամ քաղաքը 1940 թվականի մայիսի 14-ին գերմանացիների կողմից գնդակոծվելուց հետո:

Վիլհելմ I-ի օրոք սկսվեց տնտեսության, հատկապես արդյունաբերության, առևտրի և ծովագնացության վերականգնում։ Կառուցվեցին բազմաթիվ ջրանցքներ և ճանապարհներ, խոշոր նավահանգիստներ։ 19-րդ դարի վերջերին Նիդերլանդներում շարունակվեց արդյունաբերական հեղաշրջումը՝ նպաստելով տնտեսական աճին։ 20-րդ դարի սկզբին Նիդերլանդները աշխարհի խոշոր գաղութային տերություններից էր։

20-րդ դար Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Նիդերլանդների պահպանեց չեզոքություն։ 1917 թվականին ընդունվեց արական սեռի բնակչության ընդհանուր ընտրական իրավունք, երկու տարի անց ընտրական իրավունք ստացան նաև կանայք։ Այս տարիներին զարգանում է սոցիալական համակարգը. ստեղծվում են նոր քաղաքական կուսակցություններ, արհմիություններ, երիտասարդական շարժումներ, դպրոցներ, մամուլի և ռադիոընկերություններ, որոնք սակայն գաղափարական 7 կրոնական առումով խիստ բևեռացած էին միմյանցից։ Երկիրը բաժանված էր բողոքական, կաթոլիկ և սոցիալիստական շերտերի, որոնք ապրում էին գրեթե լիովին մեկուսացած։

Երկրորդ համաշխարհային պատերազմ 1930-ական թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամը ծանր հետևանքներ ունեցավ Նիդերլանդների համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նիդերլանդները կրկին հայտարարեց իր չեզոքության մասին։ Սակայն 1940 թ. մայիսին գերմանա-ֆաշիստական զորքերը զավթեցին Նիդերլանդները։ Երկրի ներսում իրականացվեցին էթնիկ զտումներ. շուրջ հարյուր հազար հրեաներ (Նիդերլանդերի հրեա բնակչության 75 %-ը) տարհանվեցին և ոչնչացվեցին համակենտրոնացման ճամբարներում։ Նիդերլանդները վերջնականապես ազատագրվեց 1945 թվականի մայիսին։

Նոր կառավարությունը 1965 թվականին (տեսանյութ հոլանդերեն լեզվով):

Համաշխարհային պատերազմից հետո սկսվեց վերակառուցման և տնտեսական վերականգման մի շրջան։ Նիդերլանդները բացի այդ փոխեց իր ավանդական չեզոք քաղաքականությունը անդամակցելով ՄԱԿ-ին, Եվրոպական Տնտեսական Համագործակցությանը, իսկ 1949 թվականին՝ ՆԱՏՕ-ին։

Արդի շրջան 1950-ական թվականներից մշակութային և սոցիալական մեծ փոփոխություններ են առաջացնում գաղափարական նոր շարժումները, հատկապես ֆեմինիստական և երիտասարդական բազմաթիվ շարժումները։ Հասարակության մեջ կրոնը ավելի նվազ դեր է սկսելում խաղալ։

Սոցիալական կայունության և բարեկեցության պայմաններում 60-ական թվականներից մեծ թվով արտագնա աշխատողների ներհոսք է տեղի ունենում։ Ժամանակի ընթացքում վերջիններս դառնում են հիմնական բնակվող։ Տեղի և ունենում նաև ներգաղթի աճ։ Ընդամենը մեկ-երկու տասնամյակի ընթացքում աճում է էթնիկ բազմազանությունը։ Նիդերլանդական ժամանակակից հասարակության համար հատկանշական է դառնում բազմամշակույթայնությունը (մուլտիկուլտուրալիզմը)։

Ներկայիս Նիդերլանդների քաղաքական կյանքում հատկապես ակտուալ խնդիրներ են մի կողմից Եվրոպական միասնականացումը, մյուս կողմից ներքին (հատկապես մեծաքանակ էթնիկ փոքրամասնությունների) ինտեգրացիան։ 2000-ական թվականներից սկսած մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ հանդես են գալիս բազմազգ հասարակության քննադատությամբ (Պիմ Ֆորտեյն, Թեոդոր վան Գոգ, Գեերտ Վիլդերս

Աշխարհագրություն

խմբագրել

Բնություն

խմբագրել

Նիդերլանդներին բնորոշ է ցածրադիր հարթավայրային ռելիեֆը։ Լանդշաֆտում գերակշռում են մշակվող հողատարածքները և պահպանվող բնատարածքները։ Մակերեսի միայն 2 %-ն ունի 50 մ-ից ավելի բարձրություն։ Հեղեղումներից պաշտպանվելու համար կառուցվել են բազմաթիվ ամբարտակներ և պատնեշներ։ Ծովապատնեշով փակվել են Զեյլանդ մարզի ծովախորշերը, Այսելմիեր լիճը (նախկինում՝ Զաուդերզեյ ծովածոցը)։ Նիդերլանդների ցամաքային մակերեսի զգալի մաս են կազմում այսպես կոչված պոլդերները՝ նախկին ջրային տարածություններ, որոնք ամբարտակներով փակվել ու չորացվել են, վերածվելով մշակվող բերրի հողատարածքների։

Նիդերլանդների արևելքում տարածված են բլրապատ մորենային դաշտավայրերը, կենտրոնական մասում տեղ-տեղ պահպանվել են մորենային թմբաշարեր, հարավում՝ լյոսով ծածկված հին գետային դարավանդները։ Նիդերլանդների հյուսիսային մասը կազմված է պլեյստոցենի ավազակավային, ծովային և գետային, արևելքում՝ սառցադաշտային և ջրասառցադաշտային, Հռենոսի, Մաասի և Շելդայի դելտան՝ կուտակումային նստվածքներից, հարավարևելքը՝ կրաքարերից, մերգելներից, կավիճից։

 
 
 
 
 
Հողմաղացները բնորոշ են հոլադնական բնապատկերներին Ֆեյրսը լիճը (Զեյլանդ) Ագարակ Խոյ գյուղակում (Ուտրեխտի մարզ) Ամստերդամի ջրանցքներից մեկը Էյս գյուղ, Լիմբուրխի մարզ

Ներքին ջրեր

խմբագրել

Գետերը ջրառատ են, նավարկելի և միացված են ջրանցքներով։ Ամենամեծ գետը Հռենոսն է (հոլանդերեն՝ Ռայն), որով երկու անգամ ավելի շատ ջուր է Նիդերլանդներ ներհոսում, քան տարեկան տեղումների ընդհանուր քանակը։ Այլ խոշոր գետեր են Մաասը և Շելդան։ Նիդերլանդներում կառուցված են մեծ թվով ջրանցքներ, որոնք, ինչպես նաև գրեթե բոլոր գետերը նավարկելի են։ Ամստերդամ, Լայդեն և Ուտրեխտ քաղաքները հայտնի են իրենց ջրանցքների համակարգով։

Քաղցրահամ լճերը, որոնց մեծ մասը գտնվում է երկրի արևմտյան մասում և Ֆրիսլանդ մարզում, ունեն հիմնականում ռեկրեացիոն նշանակություն։ Խմելու համար օգտագործվում են ստորգետնյա ջրի պաշարները։ Ջրային ռեսուրսների պահպանմամբ և վերահսկմամբ զբաղվում է Տրանսպորտի և ջրային տնտեսության նախարարությունը։

Ռելիեֆ

խմբագրել

Նիդերլանդներին բնորոշ է ցածրադիր հարթավայրային ռելիեֆը։ Գերակշռում են մշակվող հողատարածքները և պահպանվող բնատարածքները։ Մակերեսի միայն 2 %-ն ունի 50 մ-ից ավելի բարձրություն։ Նիդերլանդների ցամաքային մակերեսի զգալի մասը կազմում են պոլդերները՝ նախկին ջրային տարածություններ, որոնք ամբարտակներով փակվել ու չորացվել են՝ վերածվելով մշակվող բերրի հողատարածքների։

Նիդերլանդների արևելքում տարածված են բլրապատ դաշտավայրերը, կենտրոնական մասում տեղ-տեղ պահպանվել են թմբաշարեր, հարավում՝ հին գետային դարավանդները։ Նիդերլանդների հյուսիսային մասը կազմված է ավազակավային, ծովային և գետային, արևելքը՝ սառցադաշտային և ջրասառցադաշտային, Հռենոսի, Մաասի և Շելդայի դելտան՝ կուտակումային նստվածքներից, հարավ-արևելքը՝ կրաքարերից, մերգելներից, կավիճից։

Տարածքի ամենաբարձր կետն է Վալսերբերգ լեռը (321 մ), իսկ ամենացածր կետը՝ -6,7 մ՝ ծովի մակարդակից (Ռոտերդամի արվարձան)։

Նիդերլանդները տեղակայված է Եվրոպայի Մերձատլանտյան բարեխառն իջվածքներում, ինչը պայմանավորում է նրա բացառիկ կլիման։ Երկրի տարածքում՝ բարձրադիր վայրերի կամ լեռների փոքր չափերի և բացակայության պատճառով, կլիմայական տարբերություններ գրեթե չկան։ Նիդերլանդների կլիմայի վրա յուրօրինակ ազդեցություն են թողնում Ատլանտիկական ցիկլոնները։ Եղանակը շատ շուտ փոփոխվում է, սակայն հիմնականում պահպանվում է ամպամած, խիտ ամպերով և մառախուղով պատված եղանակը։ Ամբողջ տարվա ընթացքում հազվադեպ են լինում արևոտ օրեր։

Նիդերլանդերում հիմնականում ձմեռը լինում է մեղմ, օդի միջին ջերմաստիճանը հասնում է 2 °C-ի։ Այս ամենը տեղի է ունենում շնորհիվ գերակշռող արևմտյան ամպերի, որոնք փչում են Հյուսիսային ծովից։ Երբեմն լինում է նաև բացասական ջերմաստիճան, սակայն դրան հաջորդում են տաքացումները։ Ձմռանը ձյան տեղումները հազվադեպ են, և մնացած բոլոր տեղումները լինում են անձրևի տեսքով։ Արևելքից եկող ցրտաշունչ քամիները կարող են իրենց հետ բերել սառնամանիքներ և Ռայնի հոսքն ի վար՝ սառցակալումներ։ Ամռան ընթացքում զով եղանակին հաջորդում են տաք օրերը։

Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը հասնում է մինչև 16 °C-ի։ Օգոստոսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում գրանցվում են տեղումների ամենաշատ քանակը։ Նիդերլանդների կլիման բարենպաստ է բաց գրունտներում հացահատիկային և պտղատու բույսերի աճեցման համար՝ վաղ գարնանից մինչև ուշ աշուն։

Դե Բիլտ (1981–2010), all KNMI locations (1901–2011 extremes), snowy days: (1971–2000 averages).ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 17.2
(63)
20.4
(68.7)
25.6
(78.1)
32.2
(90)
35.6
(96.1)
38.4
(101.1)
38.2
(100.8)
38.6
(101.5)
35.2
(95.4)
30.1
(86.2)
22.0
(71.6)
17.8
(64)
38.6
(101.5)
Միջին բարձր °C (°F) 5.6
(42.1)
6.4
(43.5)
10.0
(50)
14.0
(57.2)
18.0
(64.4)
20.4
(68.7)
22.8
(73)
22.6
(72.7)
19.1
(66.4)
14.6
(58.3)
9.6
(49.3)
6.1
(43)
14.1
(57.4)
Միջին օրական °C (°F) 3.1
(37.6)
3.3
(37.9)
6.2
(43.2)
9.2
(48.6)
13.1
(55.6)
15.6
(60.1)
17.9
(64.2)
17.5
(63.5)
14.5
(58.1)
10.7
(51.3)
6.7
(44.1)
3.7
(38.7)
10.1
(50.2)
Միջին ցածր °C (°F) 0.3
(32.5)
0.2
(32.4)
2.3
(36.1)
4.1
(39.4)
7.8
(46)
10.5
(50.9)
12.8
(55)
12.3
(54.1)
9.9
(49.8)
6.9
(44.4)
3.6
(38.5)
1.0
(33.8)
6.0
(42.8)
Ռեկորդային ցածր °C (°F) −27.4
(−17.3)
−26.8
(−16.2)
−20.7
(−5.3)
−9.4
(15.1)
−5.4
(22.3)
−1.2
(29.8)
0.7
(33.3)
1.3
(34.3)
−3.7
(25.3)
−8.5
(16.7)
−14.4
(6.1)
−22.3
(−8.1)
−27.4
(−17.3)
Տեղումներ մմ (դյույմ) 69.6
(2.74)
55.8
(2.197)
66.8
(2.63)
42.3
(1.665)
61.9
(2.437)
65.6
(2.583)
81.1
(3.193)
72.9
(2.87)
78.1
(3.075)
82.8
(3.26)
79.8
(3.142)
75.8
(2.984)
832.5
(32.776)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 17 14 17 13 14 14 14 14 15 16 18 17 184
Միջ. ձնառատ օրեր (≥ 0 cm) 6 6 4 2 0 0 2 5 25
% խոնավություն 87 84 81 75 75 76 77 79 84 86 89 89 82
Միջին ամսական արևային ժամ 62.3 85.7 121.6 173.6 207.2 193.9 206.0 187.7 138.3 112.9 63.0 49.3 1601,5
աղբյուր: Knmi.nl[8]

Ժամային գոտիներ

խմբագրել

Նիդերլանդների տարածքը գտնվում է Կենտրոնաեվրոպական ժամանակ (CET) (UTC+1) ժամային գոտում։ Ամեն տարի մտցվում է կենտրոնաեվրոպական ամառային ժամանակը (UTC+2). ժամասլաքը մարտի վերջին կիրակիի ժամը 2:00-ին մի ժամով տարվում է առաջ և նոյեմբերի վերջին կիրակիի ժամը 3:00-ին՝ մի ժամով ետ։

Նիդերլանդների Բոնեյր, Սինտ-Էստարիուս և Սաբո հատուկ մունիցիպալիտետները, ինչպես նաև Թագավորության մասերը (Արուբա, Կյուրասաո, Սինտ-Մարտեն) գտնվում են UTC-4 ժամային գոտում։

Տնտեսություն

խմբագրել

Նիդերլանդները ունի զարգացած բաց տնտեսական համակարգ, որի հիմքն է հանդիսանում միջազգային առևտուրը։ Ամենակարևոր առևտրական գործընկերներն են Գերմանիան, Բելգիան, Ֆրանսիան և Իտալիան։ Լավ զարգացած ենթակառուվածքի շնորհիվ Նիդերլանդները կարևոր ճանապարհատրանսպորտային հանգույց է Արևմտյան Եվրոպայում։ Ռոտերդամի նավահանգիստը խոշորագույնն է Եվրոպայում։

Նիդերլանդները երկրագործական և բանջարաբոստանային ապրանքների աշխարհի ամենախոշոր արտահանողներից է։ Գյուղատնտեսությունը ամբողջովին ավտոմատացված է և հիմնված ինտենսիվ հողագործության վրա, ինչով և պայմանավորված է այն, որ գյուղատնտեսության ոլորտում աշխատում է մասնագիտական բնակչության միայն 4%-ը։ Գյուղատնտեսության կարևոր մաս են կազմում ծաղկաբուծությունը և ջերմոցային բանջարաբուծությունը։

Արդյունաբերությունը հիմնականում բաղկացած է սննդի արտադրությունից, քիմիական արդյունաբերությունից, նավթարդյունաբերությունից և մետալուրգիայից։ Տնտեսության այլ կարևոր հատվածներ են ֆինանսական և բանկային սեկտորը, տուրիզմը։ Նիդերլանդներ ամեն տարի այցելում է մոտ 10-11 միլիոն զբոսաշրջիկ, որոնց գրեթե կեսը ժամանում է Ամստերդամ։ Վերջինս շատ զբոսաշրջիկների գրավում է ոչ միայն թանգարաններով և պատմական ճարտարապետությամբ, այլ թմրանյութերի ազատ վաճառքով և կարմիր լապտերների թաղամասերով։

Ազգային արժույթն է եվրոն, որը 2002 թվականին փոխարինել է նիդերլանդական գուլդենին։

Արդյունաբերություն

խմբագրել

Արդյունաբերության ծավալներով կա 3 մեծ ճյուղ՝ նավթաքիմիա՝ 25 % շրջանառություն, սննդի արդյունաբերություն՝ 27 % և մեքենաշինություն՝ 12.4 %:

Մյուս ճյուղերից են ինքնաթիռաշինությունը, նավաշինությունը, սև մետալուրգիան, տեքստիլ արդյունաբերու-թյունը, կահույքի և թղթի արդյունաբերությունները, գարեջրի և հագուստի արտադրությունը։ Հայտնի է նաև կակաչների արտահանումը (կակաչը Նիդերլանդների խորհրդանիշներից է)։

Նիդերլանդների տնտեսությունը աշխարհին հայտնի է այնպիսի ֆիրմաներով, ինչպիսիք են «Royal Dutch Shell»-ը (նավթաքիմիա), «Unilever» (սննդամթերք), «Philips» (Էլեկտրոնիկա), «Hoogovens (Estel)» (մետալուրգիա), «Fokker» (ինքնաթիռաշինություն), «Rhein-Shelde Verolme» (նավաշինություն) և այլն։ Առաջին երեքը մտնում են աշխարհի 30 խոշոր կորպորացիաների մեջ։ Ի դեպ «Royal Dutch Shell»-ը այդ ցուցակում չորրորդն է։

Հոլանդական տնտեսության մեջ մեծ տեղ է զբաղեցնում էներգետիկան։ Հոլանդիայի էներգետիկան էլեկտրաէներգիայի հետ միասին արդյունահանում է նաև նավթ և բնական գազ (ի դեպ՝ գազի պաշարներով 4-րդն է աշխարհում)։ Տարեկան արդյունահանում են 80 մլրդ. մ³ բնական գազ, որի կեսից ավելին արտահանում են այլ երկրներ։

Էլեկտրատեխնիկական ընկերությունների մասնաբաժինը կազմում է 10 %, որի 6 %-ը բաժին է ընկնում մետալուրգիային, մետաղամշակմանը, տրանսպորտային մեքենաշինությանը։ Արդյունաբերական շրջանառության մեջ համեմատաբար փոքր մաս են կազմում ռետինի արտադրությունը, թուղթի և ստվարաթուղթի արտադրությունը, կահույքի, սարքավորումների արտադրությունը, տեքստիլ արդյունաբերությունը, հագուստը և կոշկեղենը։ Արդյունաբերական արտադրանքի մեջ տեխնոլոգիական ոլորտների մասնաբաժինը կազմում է 12.3%:

Ազգային եկամտի մեջ ծառայությունների բաժինը կազմում է 61.6 %, արդյունաբերությունը՝ 34.2 %, գյուղատնտեսությունը՝ 4.2 %:

Գյուղատնտեսություն

խմբագրել

Նիդերլանդների տնտեսությունը բնութագրվում է բարձր արդյունավետ գյուղատնտեսական արտադրությամբ։ Գյուղատնտեսական հատվածն արտահանման ծավալում կազմում է 25 %։ ԱՄՆ-ից հետո Նիդերլանդներն աշխարհում երկրորդն է գյուղատնտեսական ապրանքների արտահանմամբ։ Արտահանման շուրջ 78 %-ը բաժին է ընկնում Եվրամիության երկրներին։

Ամենամեծ հատվածը գյուղատնտեսությունում զբաղեցնում է բանջարաբուծությունն ու պտղաբուծությունը, որից հետո կաթնային տավարաբուծությունն ու թռչնաբուծությունը։ Հողագործությունը համեմատաբար համեստ դեր է խաղում։

Վերջին տարիներին լուրջ ուշադրություն է դարձվում նվազեցնելու շրջակա միջավայրի վրա աճող բացասական ազդեցությունները, որոնք իրենց ազդեցությունն են ունենում գյուղատնտեսության վրա։

Կաթնային տավարաբուծությունն իրականացվում է կլոր տարին՝ շնորհիվ խոշոր արոտավայրերի։ Կաթի արտադրությունը կազմում է տարեկան մոտ 11 միլիոն տոննա։ Կաթնամթերքի ոլորտում գերիշխող դերը պատկանում է երեք խոշորագույն ընկերությունների, որոնց բաժին է ընկնում ոլորտի 75 %-ը։

Պետական կարգ

խմբագրել
 
Գլխավոր շտատների նստավայրը Հաագայում

Խորհրդարան

խմբագրել
 
Նիդերլանդների թագուհի Բեատրիքսը՝ թագավորական կառքում:

1814 թվականից ի վեր Նիդերլանդները սահմանադրական միապետություն է։ Երկրի օրենսդիր մարմինը կոչվում է Գլխավոր Շտատները (հոլանդ. Staten-Generaal)։ Այն բաղկացած է Առաջին և Երկրորդ պալատներից։ Երկրորդ պալատը Նիդերլանդերի ամենաազդեցիկ քաղաքական կառույցն է, օրենքներ ընդունելուց բացի, նրա գործառությունների մեջ է մտնում կառավարության վրա վերահսկողություն կատարելը։ 150 անդամները ընտրվում են 4 տարի ժամկետով ուղղակի ժողովրդական քվեարկությամբ։ Առաջին պալատը ունի ավելի փոքր քաղաքական ազդեցություն. այն կամ հաստատում կամ բեկանում է Երկրորդ պալատի ընդունած օրինագծերը։ 75 անդամները ընտրվում են 6 տարի ժամկետով մարզերի ինքնակառավարման մարմինների կողմից։

Նիդերլանդները չունի եռակողմ իշխանության ավանդական բաժանում։ Օրենսդրական իշխանությունն իրականացում են Գլխավոր Շտատները, թագուհին և կառավարությունը (նախարարների խորհուրդը) միասին։

Թագավոր

խմբագրել
 
Երկրորդ պալատի կուսակցական կազմությունը (2010 թվական)։ Ամենամեծ 3 կուսակցություններն են.
     Աշխատանքային կուսակց. (30 մանդատ)      Ազատության և ժողովրդավարության կուս. (31)      Ազատություն կուսակց. (24)

Թագավորը (ներկայում՝ թագուհին) պետության գլուխն է և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը։ Թագուհին հաստատում է օրինագծերը, նշանակում է նախարարներին, դատավորներին, մարզային խորհուրդների նախագահներին (որոնք կոչվում են թագուհու կոմիսարներ) և համայնքապետերին։ Նախարարների խորհրդի հետ միասին կազմում է գործադիր իշխանությունը։ Գործադիր իշխանությանը կից որպես խորհրդատվական օրգան գործում է Պետական Խորհուրդը (հոլանդ. Raad van State):

Թագավորի սահմանադրական իշխանությունը, սակայն, տարիների ընթացքում գնալով սահմանափակվել է և այժմ ունի ավելի շատ ձևական և ծիսակարգային բնույթ։ Հատկանշական է, որ Նիդերլանդները 1890 թվականից մինչ այժմ ունեցել է միայն թագուհիներ։ Նիդերլանդերի ներկայիս միապետն է Բեատրիքսը։ Գահաժառանգն է Վիլլեմ-Ալեքսանդր արքայազնը։

Կառավարություն

խմբագրել

Կառավարության ղեկավարն է վարչապետը (այս պահին՝ Մարկ Ռուտե)։ Վարչապետը, նախարարների և պետքարտուղարների հետ, կազմում է կաբինետը։ Երկրորդ պալատի ընտրություններից հետո սովորաբար երկու կամ երեք կուսակցություններ կազմում են կոալիցիա։

Ինչպես կառավարության, այնպես էլ թագուհու և խորհրդարանի նստավայրերը գտնվում են Հաագայում։

Քաղաքական կուսակցություններ

խմբագրել

Քաղաքական համակարգը բաժանվում է երեք ավանդական բլոկերի. քրիստոնեա-դեմոկրատներ (որոնց ներկայացուցիչն է CDA – Քրիստոնեա-դեմոկրատական դաշինք կուսակցությունը), սոցիա-դեմոկրատները (PvdA – աշխատավորական կուսակցությունը) և լիբերալ-դեմոկրատները (VVD – Ազատության և Ժողովրդավարության կուսակցությունը)։ Համեմատաբար նոր կուսակցություն է Ազատության Կուսակցությունը (PVV), որի առաջնորդն է Գերտ Վիլդերսը։ Վերջինս հատկապես հայտնի է իսլամի վերաբերյալ իր ծայրահեղ հայացքներով և իմիգրացիոն քաղաքականության վերաբերյալ կտրուկ քննադատությամբ։ Խորհրդարանական փոքրամասնություն կազմող կուսակցություններից են Դեմոկրատներ 66-ը (D66), Կանաչ Ձախը (GroenLinks), Քրիստոնյա Միությունը (CU) և Կենդանիների պաշտպանության կուսակցությունը (PvdD)։

Վերջին վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները կայացել են 2010 թվականի հունիսի 9-ին։ Մինչ այդ խոշորագույն քաղաքական կուսակցություն հանդիսացող Քրիստոնեա-դեմոկրատական դաշինքը (CDA) այս ընտրություններում կորցրեց պատգամավորական մանդատների կեսը։ Ազատության և Ժողովրդավարության կուսակցությունը (PVV) և Աշխատավորական կուսակցությունը (PvdA) դարձան համապատասխանաբար առաջին և երկրորդ կուսակցությունները։ Մեծ թռիչք կատարեց Ազատության Կուսակցությունը (PVV) կուսակցությունը ձեռք բերելով 24 պատգամավորական մանդատ (նախկին 9-ի փոխարեն)։

Մարզային և տեղական ինքնակառավարում

խմբագրել

Մարզերում և համայնքներում գործում են ընտրովի տեղական ինքնակառավարման մարմիններ. Պրովինցիալ Շտատները (մարզային ընտրովի ինքնակառավարման մարմին)՝ թագուհու նշանակած կոմիսարի գլխավորությամբ և համայնքային խորհուրդները (համայնքային ընտրովի ինքնակառավարման մարմին) նույնպես թագուհու կողմից նշանակված համայնքապետի (բուրգոմիստրի) գլխավորությամբ։

Ժողովրդագրություն

խմբագրել

Բնակչություն

խմբագրել

Համեմատած այլ եվրոպական երկրների հետ, Նիդերլանդները իր պատմության ընթացքում ունեցել է արագ ժողովրդագրական աճ. 1850 թվականին բնակչությունը կազմել է 3 միլիոն, 1900 թվականին՝ 5 միլիոն, 1950 թվականին՝ 10 միլիոն և 2000 թվականին՝ 16 միլիոն։ 2009 թվականի դրությամբ այն կազմել է 16,5 միլիոն։ Միջին խտությունը 1 կմ² վրա 397,7 մարդ է[9]։

2005 թվականի տվյալներով՝ ընդհանուր բնակչության 80,9 %-ը նիդերլանդացիներ են, 2,4 %-ը ինդոնեզացիներ, 2,4 %-ը գերմանացիներ, 2,2 %-ը թուրքեր, 2,0 %-ը սուրինամացիներ, 1,9 %-ը մարոկկացիներ, 0,8 %-ը անտիլյանցիներ և արուբացիներ, իսկ մնացած 6,0 %-ը՝ այլ ազգություններ։

Ընդհանուր բնակչության 82 %-ը քաղաքաբնակ է։ Նիդերլանդներին բնորոշ են համեմատաբար փոքր, իրար մոտ գտնվող բնակավայրերը։ Խոշոր, մեկ միլիոնից ավել բնակչություն ունեցող մետրոպոլներ չկան (ամենամեծ քաղաքը Ամստերդամն է, որ ունի 780 հզ բնակչությամբ)։ Երկրի կենտոնաարևմտյան հատվածում գտնվող չորս համեմատաբար խոշոր քաղաքները (Ամստերդամ, Ռոտերդամ, Հաագա, Ուտրեխտ), սերտաճելով իրենց մեջ գտնվող այլ բնակավայրերի հետ, կազմում են այսպես կոչված Ռանդստադի ագլոմերացինան։ Երկրի ընդհանուր բնակչության 40 %-ը կենտրոնացած է Ռանդստադում։

Վարչական բաժանում

խմբագրել
 
Նիդերլանդերի 12 մարզերը (պրովինցիաները)

Նիդերլանդները վարչականորեն բաժանված է տասներկու մարզեր (պրովինցիաներ), որոնք իրենց հերթին բաժանված են 431 համայնքների ու 27 ջրային միավորների։

Մարզեր

  1. Խրոնինգեն
  2. Ֆրիզլանդ
  3. Դրենթե
  4. Օվերեյսել
  5. Ֆլևոլանդ
  6. Խելդերլանդ
  7. Ուտրեխտ
  8. Հյուսիսային Հոլանդիա
  9. Հարավային Հոլանդիա
  10. Զեյլանդ
  11. Հյուսիսային Բրաբանտ
  12. Լիմբուրխ

Պաշտոնական պետական լեզուն հոլանդերենն է։ Ֆրիզլանդ մարզում նաև պաշտոնական լեզու է ֆրիզերենը։ Ստորին սաքսոներենը և լիմբուրգերենը Եվրամիության կողմից ճանաչված են որպես գավառային լեզուներ։ Հոլանդացիեների մեծ մասը տիրապետում է անգլերենին, գերմաներենին և ֆրանսերենին որպես օտար լեզու։

Հոլանդերեն խոսում են ոչ միայն Նիդերլանդներում, այլ նաև Բելգիայում, Սուրինամում, ինչպես նաև Արուբա, Կուրասաո և Սինթ-Մարտեն կղզիներում։

Նիդերլանդների և Բելգիայի թագավորություններում պետական լեզուն համարվում է նիդերլանդերենը։ Եվրոպայում ավելի քան 22 միլիոն մարդ խոսում է այդ լեզվով։

Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում մոտավորապես 60 հազ. մարդ խոսում է նիդերլանդական բարբառով։ Նիդերլանդերենը հաճախ օգտագործվում է Նիդերլանդական Անթիլիական կղզիների և նախկին Նիդերլանդների գաղութ՝ Սուրինամի կառավարման մարմիններում ու կրթական օջախներում։ Նիդերնալդներենը հիմնված է աֆրիկական լեզվի վրա, որով խոսում են Հարավային Աֆրիկայում։

Աշխարհի մոտ 250 համալսարաններում ուսուցումը նիդերլանդերենով է։ Բելգիայի, հյուսիսային Ֆրանսիայի ֆրանսախոս պրովինցիաներում շատ դպրոցականներ՝ որպես իրենց երկրորդ լեզու ընտրում են նիդերլանդերենը։ 1980 թ. Նիդերլանդների և Ֆլանդրիայի ակտիվիստները կազմակերպեցին «Նիդերլանդական լեզվական խորհուրդ», որը զբաղվում է նիդերլանդերենի տարածմամբ և որոշում է գրելու ու կարդալու կանոնները։

Վաղ միջնադարից լինելով քրիստոնյա երկիր, ներկայում Նիդերլանդներն համարվում է Եվրոպայի ամենաաշխարհիկ երկրներից մեկը։ Որևէ կրոնի չհարող չափահասները 2008 թվականի տվյալներով 42 % են կազմում։ Քրիստոնյաների կեսը կամ ընդհանուր բնակչության 29 %-ը կաթոլիկ է, 19 %-ը՝ բողոքական։ Մուսուլմանները կազմում են բնակչության 4 %-ը։ Տարածված են նաև բուդդայականությունը, հինդուիզմը և հուդայականությունը։

2002 թվականին բնակչության 31 %-ը կազմել են կաթոլիկները, հոլանդական բարեփոխված եկեղեցու հետևորդները՝ 13 %, կալվինիստները՝ 7 %, մուսուլմանները՝ 5,5 %, հինդուիստներն ու ուրիշ կրոնների հետևորդները՝ 2,5 %, բնակչության 41 %-ը եղել է աթեիստ կամ էլ ոչ մի կրոնական պատկանելիություն չեն ցուցաբերել։

Նիդերլանդներում 20-րդ դարի առաջին կեսին գոյություն է ունեցել մեծ հրեական համայնք, միայն թե այն ամբողջովին վերացվել է գերմանական գրոհի ժամանակ։ Այսպես՝ եթե 1941 թվականին երկրում ապրում էր հուդաիզմի դավանող 140 հազ. ներկայացուցիչ, ապա 1971 թվականի մարդահամարի տվյալներով՝ ընդամենը՝ 6 հազ. մարդ։

Հայերը Նիդերլանդներում

խմբագրել
 
Հայկական եկեղեցին Ամստերդամում (1714 թվական)

Պատմական Նիդերլանդների տարածքում հայերի հաստատման մասին տվյալները վերաբերում են 11-րդ դարին։ 14-15-րդ դդ. հայ առևտրականների համայնք է ձևավորվել ֆլամանդական Բրյուգգե քաղաքում, որն այն ժամանակ միջազգային առևտրի խոշոր կենտրոն էր (այժմ գտնվում է Բելգիայում), իսկ 17-րդ դարում, երբ Նիդերլանդները հասել էր իր տնտեսական և մշակութային զարգացման բարձրակետին՝ խոշոր նավահանգստային քաղաք Ամստերդամում։

Ամստերդամի հայ համայնքը կազմում էին պարսակահայ առևտրականները, որոնք գլխավորապես զբաղվում էին մետաքսի առևտրով։ 1660 թվականին Մատթեոս Ծարեցին Ամստերդամում հիմնել է հայկական տպարան, որը նրա մահից հետո ղեկավարել է Ոսկան Երևանցին։ Այս տպարանում առաջին անգամ հայերեն լեզվով լույս են տեսել հայերեն Աստվածաշունչը (1666 թվական), Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմությանցը» (1669 թվական), Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» (1695 թվական), հայերեն առաջին քարտեզը՝ «Համատարած աշխարհացոյցը» (1695 թվական), Յ. Շրյոդերի «Գանձ արամեան լեզուին» աշխատությունը (1711 թվական) և բազմաթիվ այլ գրքեր, ընդհանուր առմամբ 53 անուն գիրք։ 1714 թվականին Ամստերդամում բացվում է նաև հայկական եկեղեցի։

19-րդ դարի սկզբին՝ ֆրանսիական զորքը ավերում է Ամստերդամի մեծ մասը, այն կորցնում է իր բնակչության գրեթե կեսը, որից հետո հետզհետե անհետանում է հայկական համայնքը։

Նիդերլանդներում այսօր տարբեր տվյալներով բնակվում է շուրջ 10.000 հայ, գործում են մեկ տասնյակից ավել հայկական կազմակերպություններ, այդ թվում՝ Հայ դատի գրասենյակը, «Աբովյան» մշակութային կենտրոնը, «Գլաձոր» ուսանողական միությունը, 4 եկեղեցի և այլն։ Նիդերլանդների ներկայիս գաղթոջախները կազմավորվել են 20-րդ դարի կեսերից. սկզբնական շրջանում 1943 թվականին Ինդոնեզիայից բռնագաղթված հայերի, հետագա տարիներին Մերձավոր Արևելքից, իսկ 90-ական թվականներին՝ Հայաստանից գաղթած հայերի միջոցով։ 1989 թվականին վերաբացվել է Ամստերդամի հին հայկական եկեղեցին։ Նոր հայկական եղեկեցի և մշակութային կենտրոն է կառուցվել Ալմելո քաղաքում։

2012թ նիդերլանդահայերն ունեն իրենց Նիդերլանդական Օրագիր (հոլ.՝ Nederlandse Dagboek, անգլ.՝ Netherlands Daily), էլեկտրոնային թերթը, որը կարևոր դեր է խաղում մշակութային ու տեղեկատվական դաշտում։

Մշակույթ

խմբագրել
 
«Գիշերային դետք» Ռեմբրանդտի ամենահայտնի գեղանկարն է

Արվեստ

խմբագրել

Նիդերլանդները աշխարհին հայտնի է բազմաթիվ գեղանկարիչներով։ Գեղանկարչությունը հատկապես ծաղկում է ապրել «Ոսկե դարում» (1609–1672 թվականներ)։ Այս շրջանի Հոլանդական դպրոցի ամենահայտնի վարպետներից են Ռեմբրանդտ վան Ռայնը, Յան Վերմեերը, Ֆրանս Հալսը, Յան Ստեյնը և այլք։ 19-րդ դարի գեղանկարիչներից ամենահայտնին է պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգը։ 20-րդ դարի աբստրակցիոնիստ էր Պիտ Մոնդրիանը, ով գլխավորել է «Դե Ստայլ» կոչվող գեղարվեստական շարժումը։ 1948 թ. հիմնվել է «Կոբրա» արվեստի միությունը, որը միավորել է մոդեռնիզմի ներկայացուցիչներ Եվրոպայի տարբեր երկրներից։ «Կոբրայի» անդամներ Կարել Ապելը և Կորնելիս Բևերլուն ավանգարդ արվեստի կարևոր ներկայացուցիչներ էին Նիդերլանդներում։ 20-րդ դարի մեկ այլ հոլանդացի արվեստագետ՝ Մաուրից Էշխերը հայտնի է տեսողական պատրանքներ ստեղծող իր նկարներով։

Գրականություն

խմբագրել

Նախքան 17-րդ դարը, հոլանդական գրականությունը ստեղծվում էր տարբեր բարբառների վրա հիմնված գրական լեզուներով, հաճախ էլ լատիներենով (ինչպես օրինակ Էրազմ Ռոտերդամցու «Գովք հիմարության» երգիծանքը)։ 17-րդ դարում գործածական է դառնում մեկ ընդհանուր գրական լեզուն։ Այս շրջանի հայտնի գրողներ են Պիտեր Կորնելիսզոնը և Յան Վան դեն Վոնդելը։ Վերջինիս «Լուցիֆեր» ողբերգությունը (1654 թվական) համարվում է համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը։ 19-րդ դարի գրող Մուլտատուլիի «Մաքս Հավելար» ստեղծագործությունը քննադատում է Ինդենեզիայում հոլանդական գաղութակալությունը։

 
Ուտրեխտի մայր տաճարը (13-16-րդ դարեր)

1940–1942 թվականներին գրված Աննա Ֆրանկի հանրահայտ օրագրությունը նկարագրում է համաշխարհային պատերազմի ընթացքում հրեա ընտանիքի թաքստոցում անցկացրած երկու տարիները։ Հետպատերազմյան գրականության դասականներ են համարվում Ֆրեդերիկ Հերմանսը, Հարի Մուլիշը և Խերարդ Ռևեն։

Ճարտարապետություն

խմբագրել

Միջնադարյան ճարտարապետական հուշարձաններից են Ամստերդամի, Կամպենի, Զվոլեի պարիսպները, աշտարակները և տները, Հաագայի թագավորական դղյակը, Ուտրեխտի, Հառլեմի, Լայդենի, Դելֆտի գոթական տաճարները։ Քարի սակավության պատճառով հոլանդական ճարտարապետությունում գերակշռում են աղյուսե փոքր շինությունները։ Ամստերդամ քաղաքի կենտրոնը գրեթե ամբողջությամբ արտացոլում է 17-րդ դարի հոլանդական ճարտարապետությունը։ 20-րդ դարի ճարտարապետությունը աչքի է ընկնում ավանգարդ ոճով և նոր ճարտարապետական ձևերի որոնումով։

19-րդ դարի ավարտից նկարահանվել են վավերագրական ֆիլմեր, իսկ 1910 թվականից նաև գեղարվեստական։ Դարակեսից հետո թողարկված ֆիլմերից են «Շեփորանվագ» կատակերգությունը (1958 թվական) և «Բոլորը» (1963 թվական) փաստագեղարվեստական ֆիլմը։ 70-ական թվականներից սկսած մեծ ժողովրդականություն են վայելել Պաուլ Վերհուվենի և Դիկ Մասի ֆիլմերը։ «Հարձակում», «Անոտնիայի շառավիղը» և «Խառնվածք» ֆիլմերը տարբեր տարիների արժանացել են Օսկարի մրցանակի։

 
Թարմ սաղմոնը սոխով ամենասիրված կերակուրներից է
 
Չմշկելը ձմեռային մարզաձևերից է

Մամուլ

խմբագրել
 
Հոլանդական օրաթերթեր կրպակում

Կարևոր օրաթերթերից են «De Telegraaf», «Algemeen Dagblad», «De Volkskrant», «NRC Handelsblad» և «Trouw» պարբերականները։ Հանրաճանաչ շաբաթաթերթեր են «Elsevier», «HP/De Tijd», «Vrij Nederland» և «De Groene Amsterdammer»:

Գործում են չորս հանրային («Nederland 1», «Nederland 2» և «Nederland 3», և «BVN») և մի շարք կոմերցիոն («RTL», «SBS» և այլ) հեռուստահեռարձակողներ։ Հանրահայտ ռադիոհեռարձակողներից են «Radio 1», «Radio 2», «3FM» հանրային և «Radio 538», «Sky Radio», «Q-music» կոմերցիոն ռադիոընկերությունները։

Ազգային խոհանոց

խմբագրել

Հոլանդական ավանդական կերակրատեսակները հատկապես բնորոշել են անցյալի գյուղատնտեսական կյանքը։ Տիպիկ հոլանդական ճաշը հիմնականում պատրաստված է կարտոֆիլից, բանջարեղենից և մսից։ Ողջ աշխարհում հայտնի է հոլանդական պանիրը (հատկապես Էդամմեր և Գաուդա տեսակները)։ Հայտնի են նաև հոլանդական քաղցրեղենները, ինչպես օրինակ հոլանդական թավաբլիթը, մեղրավաֆլին, ձիթագնդիկը և այլն։

Ամենատարածված մարզաձևն է ֆուտբոլը։ «KNVB» ֆուտբոլային ակումբների միությունը շուրջ 1 միլիոն անդամով երկրի ամենախոշոր կազմակերպությունն է։ Նիդերլանդների ազգային հավաքականը բարձր տեղեր է գրավում Ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում։ Հայտնի ֆուտբոլիստներ են Յոհան Կրոյֆ, Պատրիկ Կլաուվերտը և Ֆրենկ Ռայկարդը։ Այլ տարածված մարզաձևեր են թենիսը, վոլեյբոլը, հենդբոլը, կորֆբոլը, հոկեյը, ձիարշավը, չմշկավազքը, հեծանվավազքը և այլն։

Հեծանիվը սպորտային և ռեկրեացիոն նշանակությունից բացի, ամենակարևոր երթևեկության միջոցներից մեկն է։ Երկրի տարածքով անցնում են բազմաթիվ հեծանվային ճանապարհներ, որոնցով կարելի է երթևեկել գրեթե ամենուր։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.rijksoverheid.nl/onderwerpen/erkende-talen
  2. Staat der Nederlanden Grondwet voor het Koninkrijk der Nederlanden (նիդերլ.) — Iss. 1983, 2008.
  3. https://www.rijksoverheid.nl/regering/bewindspersonen
  4. Bevolking; kerncijfers (1950-2024)
  5. 10. Mai 1932 - "Wilhelmus-Lied" wird niederländische Nationalhymne (գերմ.) / Hrsg.: Westdeutscher Rundfunk — 2017.
  6. Human Development Data (1990-2017)UNDP.
  7. «Նիդերլանդները հրաժարվել են «Հոլանդիա» անվանումից». news.am. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  8. «Knmi.nl» (Dutch). Վերցված է 25 December 2011-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Populstat: historical demographical data». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել

Կառավարություն

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիդերլանդներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 278