Գլխավոր շտատներ
Գլխավոր շտատներ, (ֆր.՝ Etats Généraux, հոյ․ Staten Generaal), դասային ներկայացուցչության (հոգևորականության, ազնվականության, քաղաքացիների) բարձրագույն մարմին ֆեոդալական Ֆրանսիայում և Նիդերլանդներում։ Գլխավոր շտատների առաջացումը կապված էր ֆեոդալական պետության ամրապնդման անհրաժեշտության հետ։ Առաջին անգամ դրանք գումարվեցին 1302-ին։ Գլխավոր շտատները համարվում էին խորհրդակցական մարմին և գումարվում էին թագավորական իշխանության նախաձեռնությամբ՝ ճգնաժամային պահերին կառավարությանը օգնելու նպատակով։ Գլխավոր շտատներում յուրաքանչյուր դաս խորհրդակցում էր առանձին և ուներ մեկ ձայն (անկախ ներկայացուցիչների թվից)։ XV դ․ վերջից տեղի ունեցավ Գլխավոր շտատների անկում (1484—1560-ին չեն գումարվել)։ 1614-ից նրանց գումարումը նորից դադարեցվեց և միայն 1789-ի մայիսի 5-ին՝ Ֆրանսիական բուրժուական հեղափոխության նախօրյակին, թագավորը գումարեց Գլխավոր շտատները։ Հունիսի 17-ին երրորդ դասի դեպուտատներն իրենց հայտարարեցին ազգային ժողով (արտահայտում էր հաղթանակած բուրժուազիայի շահերը), իսկ հուլիսի 9-ին Ազգային ժողովը իրեն հռչակեց Սահմանադիր ժողով։ Նիդերլանդներում Գլխավոր շտատները առաջին անգամ գումարվեցին 1463-ին։ XX դ․ Գլխավոր շտատները անվանումը կրում են հրատապ քաղաքական հարցեր քննարկող որոշ ներկայացուցչական ժողովներ (օրինակ, Զինաթափման Գլխավոր շտատների ասամբլեա, 1963-ի մայիս, ևս)։ Նիդերլանդական բուրժուական հեղափոխության ժամանակ (XVI դ․) Գլխավոր շտատները դարձան իսպանական տիրապետության դեմ բուրժուա-ազնվականական ընդդիմության կենտրոն, իսկ Հյուսիսային Նիդերլանդների անջատվելուց հետո՝ Միացյալ պրովինցիաների հանրապետության գերագույն, մշտապես գործող օրենսդիր մարմին։ Ներկայումս Նիդերլանդական թագավորությունում Գլխավոր շտատները անվանվում է պառլամենտ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 98)։ |