Բացել գլխավոր ցանկը

Սուրբ Հոգի եկեղեցի (Ամստերդամ)

ՊատմությունԽմբագրել

Սուրբ Հոգի եկեղեցին հիմնվել է 1714 թվականին 40 հայ վաճառականների ջանքերով։ 1747 և 1749 թթ. Հովհաննես Մինաս Ամասիացի վարդապետի և եկեղեցու երեցփոխան Առաքել Տեր Առաքելենցի հովանավորությամբ եկեղեցին վերանորոգվում է և ստանում այժմյան տեսքը։ Եկեղեցու մուտքի դռան վերևի արձանագրությունից երևում է, որ 1747 թվականին նորոգվել են եկեղեցու աստիճանները և վերին ու ներքին երեք պատուհանները, 1749 թվականի արձանագրությունից՝ զետեղված բուն եկեղեցու դռան վերևի մասում, տեղեկանում ենք, որ նորոգվել է դուռը՝ մարմարե սալիկներով, լայնացվել և բարձրացվել է գավիթը և նկարազարդվել է առաստաղը։

18-րդ դարից հետո հայ գաղութի թիվը սկսել է նվազել, 1806 թվականից հետո եկեղեցում որևէ արարողություն այլևս չի կատարվել։ 1874 թվականին եկեղեցին վաճառվել է «Ամենասուրբ Փրկիչ» բարեգործական կաթոլիկ միությանը։ Վերջիններս, եկեղեցու վրա ավելացնելով ևս մեկ հարկ, հանձնել են իրենց հսկողության տակ գտնվող մայրապետներին, ովքեր էլ եկեղեցին վերածել են կաթոլիկ դպրոցի։

1960-ական թթ., հոլանդահայ գաղութի ստվարանալու հետ մեկտեղ, մեծացել է նաև հայոց պատմական եկեղեցին վերագնելու պահանջն ու անհարժեշտությունը։ 1985 թվականին, հոլանդահայերի կատարած հանգանակության, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տրամադրած միջոցներով հաջողվել է վերագնել եկեղեցին։

1989 թվականի նոյեմբերի 29-ին Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Գյուտ Արքեպիսկոպոս Նագգաշյանի ձեռամբ վերաօծվել է Սուրբ Հոգի եկեղեցին։ 2009-2013 թթ. Սուրբ Հոգի եկեղեցին հիմնովին վերանորոգվել է։

Ներկայումս հոգևոր հովիվը Տեր Տարոն քահանա Թադևոսյանն է[1]։

 
Գառան բարձրաքանդակը եկեղեցու մուտքի վերևի հատվածում

Գառան բարձրաքանդակԽմբագրել

Եկեղեցու շենքի մուտքի վերին հատվածում քանդակված է գառան մարմարյա բարձրաքանդակ, որի մի կողմում գրված է ANNO (թվական), մյուս կողմում՝ 1714, ավելի ներքև կա հայերեն արձանագրություն, որը տեղեկացնում է, որ եկեղեցու քահանա Հովհաննես վարդապետը ի հիշատակ իր ծնողների 1749 թվականին վերանորոգման աշխատանքներ է իրականացրել եկեղեցում, որի ընթացքում էլ ստեղծվել է բարձրաքանդակը։ Քանդակված գառը բռնել է խաչի նշանով ծոփքավոր դրոշակը։

  Գառն Աստծոյ խաչանիշ դրօշակակիր:
- Ա. Սարուխան
 


Գառան բարձրաքանդակը գտնվում է տերևազարդով ոճավորված շրջանակի կենտրոնում, որը պատկերաքանդակն համահունչ է դարձնում մուտքի մյուս զարդատարրերի հետ։ Պատկերաքանդակի և զարդաձևերի ներդաշնակությունը վեհաշուք տեսք են հաղորդում մուտքին[2]:

Հայոց ցեղասպանության խաչքարԽմբագրել

2018 թվականին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Հոգի եկեղեցու պատի վրա տեղադրվել է խաչքար[3]:

ԳրականությունԽմբագրել

  • Թաջիրյան Է. Հայ գաղթաշխարհի պատմություն, հ. 3, Եր., 2013, էջ 147
  • Սարուխան Ա. Հոլանդիան և հայերը, Վիեննա 1926թ էջ 156-157

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: