Կիլիկիայի հայկական իշխանություն
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կիլիկիա (այլ կիրառումներ)
Կիլիկիայի հայկական իշխանություն կամ Կիլիկիայի հայոց իշխանապետություն (արևմտյան գրականության մեջ նաև՝ Փոքր Հայաստան), հայկական միջնադարյան պետություն՝ Ռուբինյան իշխանների գլխավորությամբ (1080-1198)։ Այն ստեղծվել էր սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքով Կիլիկիա գաղթած հայերի կողմից[1]։ Գտնվելով Մեծ Հայքից դուրս՝ այն զբաղեցնում է պատմական Կիլիկիա շրջանը։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Վահկա (11-րդ դար) Անարզաբա (մինչև 12-րդ դարի կեսերը) Սիս (սկսած 12-րդ դարի կեսերից) | |||
Լեզու | Միջին հայերեն, Հունարեն | |||
Ազգություն | Հայեր, Ասորիներ, Հրեաներ, Հույներ | |||
Կրոն | Հայ Առաքելական եկեղեցի | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Դինաստիա | Ռուբինյաններ | |||
Պետության գլուխ | Իշխան | |||
Պատմություն | ||||
- Նվաճումը Բյուզանդիայի կողմից | 1137 | |||
- Ազատության վերականգնում | 1145 |
Կիլիկիա անվան ստույգ ծագումնաբանություն չկա, սակայն որոշ գիտնականների կարծիքով Կիլիկիա անունը ծագել է եբրայերեն «քելկիմ», «քալեկ» կամ հունական «կալիս», «կալիկա» բառերից, որոնք թարգմանաբար նշանակում են «քարքարոտ»[2]։
Իշխանության հիմքը դրվել է 1080 թվականին Բագրատունիների շառավիղ՝ Ռուբինյանների կողմից։ Մայրաքաղաքը սկզբնապես Բարձրբերդն էր, իսկ 1098 թվականից՝ Վահկա ամրոցը։ Դաշտային Կիլիկայի նվաճումից հետո մայրաքաղաքն է դառնում Սիսը, որը վարչաքաղաքական ու մշակութային դերը չի կորցնում նաև թագավորություն շրջանում (13-14–րդ դարեր)։ Կիլիկյան Հայաստանը մեծ օգնություն է ցուցաբերել Խաչակրաց արշավանքների մասնակիցներին և որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ողջ Մերձավոր Արևելքում։ Իզուր չէ, որ նրան երբեմն անվանում էին «քրիստոնյա կղզի մուսուլմանական ծովում»։ Քանի որ Մեծ Հայքը գտնվում էր սելջուկների իշխանության տակ, կաթողիկոսի նստավայրը տեղափոխվեց Կիլիկիա և հաստատվեց Հռոմկլա քաղաքում։ 1198 թվականին Լևոն Բ Մեծագործի թագադրմամբ իշխանապետությունը վերածվեց թագավորության։
Աշխարհագրական դիրքը
խմբագրելԿիլիկիան գտնվում է Միջերկրական ծովի հյուսիս-արևելքում, ունի տաք և խոնավ մերձարևադարձային կլիմա, որը թույլ է տալիս աճեցնել բազմաթիվ մշակաբույսեր։ Հարավից պաշտպանված է ծովով, իսկ հյուսիսից՝ անմատչելի լեռներով։ Հին և միջին դարերում Կիլիկիան, լինելով Արևելքն Արևմուտքին միացնող ծովային և ցամաքային ուղիների խաչմերուկում, ուներ կարևոր ռազմավարական նշանակություն։
Կիլիկիան բաղկացած է հիմնականում երկու շրջաններից՝ Լեռնային Կիլիկիա կամ ըստ Ներսես Լամբրոնացու՝ «Գահ Կիլիկիոյ» և Դաշտային Կիլիկիա։
Հայկական աղբյուրներում Կիլիկիան անվանել են Կիլիկյան աշխարհ կամ Հայոց աշխարհ, ինչպես բուն Հայաստանը։ 12-րդ դարի ճանապարհորդ Բենիամին Տուդելցին գրում է, որ Կիպրոսից չորս օրում Կոռիկոս են հասնում, որ Հայաստան կոչվող երկրի սկիզբն է։
Կիլիկիա մտնող ճանապարհներն անցնում էին բերդերով վերահսկվող կիրճերով, որոնցից կարևորագույններն էին Դրունք Կիլիկիո և Դրուն Ասորվոց կամ Դրունք Անտիոքայ կիրճերը[3]։
Պատմություն
խմբագրելՀայերը Կիլիկիայում մինչև Ռուբինյանների իշխանապետության հաստատումը
խմբագրելԴեռևս Հայկյան Արամի իշխանության տարիներին Կիլիկիայի հյուսիսային հատվածը մտնում էր Հայքի կազմի մեջ։ Սակայն ընդունված է համարել, որ հայերը մուտք են գործել Կիլիկիա մ.թ.ա. 1-ին դարում, երբ Տիգրան Մեծը նվաճել էր Մերձավոր Արևելքի մեծ մասը։ Մ.թ.ա. 83 թվականին քաղաքացիական պատերազմներից թուլացած Սելևկյանները հրավիրեցին Տիգրանին Ասորիք[4]։ Հետագայում Տիգրանը նվաճեց Փյունիկիան և Կիլիկիան։ Նրա տերության հարավային սահմանը հասնում էր մինչև Իսրայելի Պտղոմայիս (ներկայիս Ակրա) քաղաքը։ Իր հզորության գագաթնակետին Հայկական կայսրությունը ձգվում էր Պոնտական լեռներից (հարավարևելյան Փոքր Ասիա) մինչև Միջագետք, և Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով։ Տիգրանը նույնիսկ ներխուժել էր Պարթևաստանի մայրաքաղաք Էկբատան։ Պատմագիտության մեջ ընդունված փաստ է, որ Տիգրան Մեծի օրոք (մ.թ.ա. 95-55) Դաշտային Կիլիկիան եղել է Մեծ Հայքի թագավորության կազմում։
Սակայն մ.թ.ա. 27 թվականին Հռոմեական կայսրությունը նվաճեց Կիլիկիան և դարձրեց այն իր արևելյան պրովինցիաներից մեկը[5]։ Հնագույն ժամանակներից Կիլիկիայի պատմությունը կապված է Առաջավոր Ասիայի պատմության, այդ թվում՝ Մեծ Հայքի, ինչպես և Եգիպտոսի, Հունաստանի ու Հռոմի պատմության հետ։
Կիլիկիայի պատմությունը սկիզբ է առնում խոր հնադարից, սակայն Կիլիկիայի հին ժամանակների պատմությունը համարյա անհայտ է ոչ միայն գրավոր աղբյուրների, այլև նյութական մշակույթի հուշարձանների անբավարարության պատճառով, քանի որ լայն իմաստով հնագիտական պեղումներ այս երկրում չեն կատարվել։ Միայն Կիլիկիայի միջազգային հարաբերություններն են չնչին չափով լուսաբանվում խեթական, եգիպտական, ասորեստանյան և հունական աղբյուրներում։ Դա բացատրվում է գլխավորապես նրանով, որ Կիլիկիան պայքարի առարկա է եղել խեթական, եգիպտական, ասորեստանյան և այլ նվաճողների համար։ Ք.ա. առաջին հազարամյակը համընկնում է Փոքր Ասիայում խեթերի իշխանության ամրապնդման հետ, որն ուղեկցվում է Միկենյան հարստության ներքո միավորված Հունաստանի բավական համեստ ազդեցությամբ։
Հուստինյանոսն ունի արժեքավոր մի վկայություն այն մասին, որ Ասորիքի բնակչությունը, որը Դաշտային Կիլիկիայի հետ գտնվում էր Սելևկյանների իշխանության ներքո, իշխանության համար այդ դինաստիայի անդամների գժտություններից ու պայքարից հոգնած՝ որոշեց փնտրել նոր կառավարիչներ երկրի սահմաններից դուրս և քննարկելով Պոնտոսի թագավոր Պտղոմեոսի ու Հայոց թագավոր Տիգրան II-ի թեկնածությունը՝ նախընտրեց վերջինիս՝ նրան հրավիրելով Ասորիք։ Ակադեմիկոս Հ. Մանանդյանը ենթադրում է, որ Տիգրանի կոմնակիցներն այստեղ ըստ երևույթին Անտիոք քաղաքը և միջազգային տարանցիկ առևտրով շահագրգռված նրա վաճառականներն են եղել։ Ընտրությունն ընկավ Տիգրանի վրա, Հուստինյանոսի ասելով այն պատճառով, որ նա ուներ իր սեփական ուժերը և դրա հետ միասին պարթևների դաշնակիցն էր ու Միհրդատի փեսան[6]։
VII դարի երկրորդ կեսին, Դամասկոսի խալիֆայության հիմնադրումից հետո, Կիլիկիան դառնում է սահմանամերձ մարզ և բյուզանդական ու արաբական ռազմական ընդհարումների ասպարեզ։
Հայերի ու պարթևների դեմ Անտոնիոսի վարած ռազմական գործողություններում Կիլիկիան էլ իր ծանրակշիռ տեղն ուներ։ Տեղական արքայական շառավիղներից մեկը՝ Պոլեմոնը, ծնունդով Լիկեյի Լաոդիկեից (Կիլիկիա), պարթևական ներխուժման ժամանակ համառորեն պաշտպանում էր քաղաքը։ Անտոնիոսը դրա համար թագավոր դարձրեց նրան և ի կառավարումն հանձնեց Կիլիկիայի մի մասը։
Օկտավիանոսի և նրա հաջորդների օրոք Կիլիկիան մի քանի անգամ վերաձևեց։ Կիլիկիայի ամբողջականությունը վերականգնվել է և տարածքն ընդարձակվել, երբ Վեսպասիանոսը միավորել է Դաշտային և Լեռնային Կիլիկիաները մեկ պրովինցիայի մեջ՝ դրան միացնելով Կոմագենեն։ Անտոնիոս Պիոսը Կիլիկիայի կազմ է մտցրել Իսավրիան ու Լիկաոնիան։ Վերամիավորված Կիլիկիան դարձել է լեգատի կողմից կառավարվող կայսերական պրովինցիա։ Կիլիկիայի ընդարձակումը հարևան երկրների հաշվին, թերևս, կատարվել է շնորհիվ այն բանի, որ վերջիններս, բացառությամբ Կոմագենեյի, եղել են հետամնաց երկրներ և Հռոմի համար ավելի նվազ նշանակություն են ունեցել, քան Դաշտային Կիլիկիան իր առևտրաարդյունաբերական քաղաքներով ու նավահանգիստներով։ Դրա համար էլ Կիլիկիան դարձել է ընդլայնված պրովինցիայի կորզը, գլխավոր ռազմաստրատեգիական բազան Արևելքում։ Ոչ միայն պարթևները, այլև է’լ ավելի մեծ չափով պարսիկները ձգտում էին տիրել դրան, որովհետև կիլիկյան նավահանգիստները դատարանների տեղ էին ծառայում դեպի Արևելքի երկրները հռոմեական լեգեոնների ներխուժման համար։
Մ.թ.ա III դարի երկրորդ կեսին, երբ Հռոմը ճգնաժամ էր ապրում, պարսից արքա Շապուհ I-ը զավթեց Կիլիկիան և այնտեղից տարավ բազմաթիվ գերիներ։ Հետո Կիլիկիան որոշ ժամանակ մտավ Պալմիրա Օդենտայի և Զենոբիայի թագավորության մեջ, բայց 275 թ.-ին հռոմեական տիրապետություննայստեղ, ինչպես և ընդհանրապես Արևելքում, վերականգնվեց։ IV դարի պարսկա-հռոմեական պատերազմների ժամանակ Կիլիկիան ելման կետ է եղել հռոմեական զորքերի համար դեպի Միջագետք ու Հայաստան արշավանք կատարելիս, երկրներ, որոնք պայքարի օբյեկտներ էին Իրանի և Հռոմի միջև։
IV դարի երկրորդ կեսին, Դամասկոսի խալիֆայության հիմնադրումից հետո, Կիլիկիան դառնում է սահմանամերձ մարզ և բյուզանդական ու արաբական ռազմական ընդհարումների ասպարեզ։
Մակեդոնական դինաստիայի դարաշրջանում, մանավանդ X դարում, հայոց զորքերը նշանակալի դեր էին խաղում բյուզանդական բանակում։ Ռազմական տաղանդով առանձնապես աչքի էին ընկնում ծագումով հայ բյուզանդական զորավարներ Յոհան Կուրկասը (Հովհաննես Չմշկիկ)։ 920-942 թթ..-ին բյուզանդական բանակը Գուրգենի հրամանատարությամբ նշանակալի հաջողությունների հասավ Արևելքում։ Նա մի քանի անգամ մտավ Հայաստան և արաբներից ետ խլեց մի նշանակալի տարածք, այդ թվում և Մելիտինեն։
Արշավանքի ելնելով Բաղդադի խալիֆայության դեմ՝ Չմշկիկը իր բանակով նախ գրավեց Հայաստանի հարավարևմտյան գավառներից մեկը՝ Տարոնը, որն արդեն գտնվում էր Բյուզանդիայի քաղաքական ազդեցության ներքո։ Հայ իշխանները ի մի բերեցին իրենց բոլոր ռազմական ուժերը և Աշոտ III-ի զորքի հետ եկան Մանազկերտ՝ Հովհաննես Չմշկիկի մոտ։ Նա Աշոտ III-ից ստացավ 10 հազարանոց օգնական զորք, բարեկամության դաշինք կնքելով Աշոտ Բագրատունու հետ՝ Հովհաննես Չմշկիկը 974 թ. աշնանը արշավանքի ելավ արաբների դեմ։
Մաթեոս Ուռհայեցու մոտ պահպանվել է Չմշկիկի նամակը Աշոտ III-ին։ Նամակում նկարագրվում են բյուզանդական զորքերի նվաճումները Սիրիայում ու Պաղեստինում։ Այդ նամակում Չմշկիկը գրում է.
«Մեծ Հայքի շահնշահ Աշոտ, իմ հոգևոր որդի, լսի’ր և իմացի’ր, թե ինչքան հրաշքներ գործեց աստված` մեզ անօրինակ հաղթանակներ պարգևեց։ Անհնարին է պատկերացնել աստծո բարությունն ու անչափ մարդասիրությունը, որ ցուցաբերեց նա իր ժողովրդի նկատմամբ…Մեր թագավորությունը ճոխանում է անունով և մեծությամբ, իսկ աստծո զորությունը մեր շուրթերով փառաբանվում և գովաբանվում, քազի նրա կամքով մեզ ենթարկվեցին։ Թող միշտ օրհնյալ լինի Իսրայելի տեր աստվածը»[7]։
Բյուզանդիայի ու Բաղդադի խալիֆայության համարյա անընդմեջ պայքարը Հայաստանի, Կիլիկիայի, Սիրիայի ու Միջագետքի համար ձգվում էր ավելի քան երեք դար (VII-X)։ Երկու թշնամական կողմերի պատերազմները, արշավանքները, ներխուժումները և հարձակումները ուղեկցվում էին վերոհիշյալ երկրների տարածքների ամայացմամբ։ Առաջավոր Ասիայի եկրների համար բյուզանդական կայսրերի և արաբական խալիֆների երեքդարյա պայքարի ժամանակ սաստիկ տուժում էին խաղաղ բնակիչները և, գլխավորապես, հայերը, որոնք ապրում էին ոչ միայն Հայաստանում, այլև սահմանամերձ մարզերում, այսինքն հենց այն երկրներում, որոնց համար թշնամական կողմերը համառ պայքար էին մղում։ Քաղաքներն ու գյուղերը հրկիզվում էին, թալանվում, բնակիչները մասամբ կոտորվում էին կամ գերի քշվում, մասամբ բռնի գաղթեցվում կամ իրենք էին լքում իրենց հայրենի վայրերը։ Այս դարաշրջանում հայ ժողովուրդը հաճախ էր ապստամբում արաբական տիրապետության, բայց պարտություն էր կրում, և ապստամբներից շատերը ստիպված էին լինում տեղափոխվել բյուզանդական տարածք։ Ազատագրական կամ գյուղացիական ապստամբությունները ճնշելիս բյուզանդացիները Հայաստանից բռնագաղթեցնում էին տասնյակ հազարավոր հայերի։ Հայտնի է հայերի՝ պավլիկյանների աղանդի հետևորդների զանգվածային գաղթեցումը Փոքր Ասիա ու Բալկանյան թերակղզի, որտեղ նրանք նպաստեցին բոգոմիշների շարժմանը։
VIII-XII դարերի հայ, արաբ, հույն և ասորի ժամանակագիրները բավարար չափով նյութ են տալիս դատելու Հայաստանից դեպի Փոքր Ասիա հայերի արտագաղթի ու բռնագաղթի մասին, մանավանդ դեպի Կապադովկիա (VII-IX), իսկ ապա Միջագետք, Կիլիկիա ու Սիրիա՝ Բյուզանդիայի կողմից այդ երկրների նվաճմանը զուգընթաց։ Երբ Բյուզանդիան, օգտվելով Դամասկոսի խալիֆայությունում տեղի ունեցող երկպառատչական պատերազմներից, 688 թ.-ին գրավեց Հայաստանը, բյուզանդական զորավար Լևոնը ավերեց 25 շրջաններ և 8000 ընտանիք Հայաստանից գաղթեցրեց Փոքր Ասիա։
747 թ.-ին հայերն ապստամբեցին արաբական տիրապետության դեմ։ Ապստամբությունը դաժանորեն ճնշվեց։ Շուտով Կոստանդին Կոպրոնիմոսը ներխուժեց Հայաստան։ Հայ շատ իշխաններ անցան նրա կողմը և նրա անհաջողություններից հետո գնացին նրա նահանջող բանակի հետևից՝ վախենալով արաբների վրեժխնդրությունից։ 751 թ.-ին, երբ Կոստանդինը գրավեց Մելիտինեն ու եփրատամերձ մի շարք այլ քաղաքներ, հեռանալիս հայերին գաղթեցրեց Փոքր Ասիա։ Սա վկայում է, որ VIII դարում հայերն այդտեղ բնակչության նշանակալի խավն էին կազմում։ 752 թ.-ին բյուզանդական զորքերը գրավեցին ու կործանեցին Թեոդոպոլիսը (Կարին, այժմ՝ Էրզրում)։ Այս մարզի հայերից շատերը կայսրին խնդրեցին թույլ տալ գաղթելու Բյուզանդիա, որովհետև նրանք վախենում էին բյուզանդական զորքի նահանջից հետո արաբների հնարավոր բռնություններից։
Առանձնապես ամայացուցիչ էին բյուզանդական զորքերի արշավանքները 830-ական թվականներին, որոնք զուգակցվում էին Հայաստանի ու Միջագետքի շատ շրջանների ու քաղաքների կողոպուտներով և խաղաղ բնակչության գերեվարությամբ։
Հայաստանից դեպի Սիրիա կատարված գաղթի փաստեր կան VIII դարի առաջին քառորդում և ավելի վաղ։ Ասորվոց միտրոպոլիտ Մար Դիոնիսոսը, որն ապրել է XII դարի երկրորդ կեսին, ասում է. «…անցել է 440 տարի այն ժամանակվանից, ինչ հայերը բնակություն են հաստատել Ասորիքում և տիրում են մեր հողերին, գյուղերին ու վանքերին։ Այն ժամանակվանից, ինչ պարսիկները ոչնչացրին նրանց թագավորությունը, հայերն սկսեցին աստիճանաբար տեղափոխվել Ասորիք։ Երբ Աֆանասիոս պատրիարքը տեսավ, որ Հայաստանից Ասորիք եկող հայերը քահանաներ ու եպիսկոպոսներ չունենալու պատճառով միանում են քաղկեդոնականներին կամ հուլիանոսականներին, գրեց Հովհաննես կաթողիկոսին, որ նա եպիսկոպոս ուղարկի հեյերի համար։ Մեր պատրիարքը հայ-ասորական սահմանի վրա մի վանք տվեց կաթողիկոսին, որտեղ հայ ու ասորի աշակերտները սովորում էին երկու լեզուներով»։
Հայերի գաղթը Կիլիկիա Բյուզանդիայի օրոք
խմբագրելVIII դարում հայ իշխանները Մեծ Հայքի այն շրջաններից, որոնք պատկանում էին Բյուզանդիային, հալածվելով բյուզանդական կառավարությունից Քաղկեդոնի որոշումը չընդունելու համար, գաղթում էին Բաղդադի խալիֆայության տարածք։ Նրանք իրենց ենթակա մարդկանցով բնակություն էին հաստատում Միջագետքում՝ բյուզանդական սահմանի մոտ։ IX դարում դաժան հալածանքի ենթարկվելով արաբների մոտ էին փախչում ու սահմանամերձ մարզերում բնակություն հաստատում հայ պավլիկյանները։ Հայերը արաբական տարածքի այն մարզերում էին բնակվում, որոնք X դարում գրավվեցին Բյուզանդիայի կողմից։
IX դարում արդեն նշանակալիորեն մեծացել էր հայ բնակչության թիվը Բյուզանդիայի սահմանամերձ շրջաններում։ Հայ շատ ստրատիոտներ կային Լեռնային Կիլիկիայից մինչև Մելիտինե ձգվող պաշտպանական շերտում։ Այդ ժամանակաշրջանում էլ ավելի մեծ դեր սկսեցին խաղալ հայ զորապետները բյուզանդական բանակում։ Նրանցից մեկը, Մլեհ անունով, IX դարի վերջում իր նախաձեռնությամբ, հենվելով հայ բնակչության վրա, գրավեց Լիկանդոս քաղաքը և ամրացրեց պարիսպներով ու աշտարակներով։ Լիկանդոսը ռազմաստրատեգիական նշանակություն ուներ։ Սա դեպի Սամոսատ, Մելիտինե, Կիլիկիա տանող ճանապարհների սկզբնակետն էր հանդիսանում։ Մլեհը հաջողությամբ պատերազմում էր արաբների դեմ և ընդլայնեց նվաճած մարզը, որը նշանակալի չափով բնակեցված էր հայերով։ Այդ մարզը վերակազմավորվեց բանակաթեմի։ Մլեհը դարձավ դրա ստրատեգոսը և Կոստանդին VIII-ից ստացավ մագիստրոսի կոչում։
X դարում, բյուզանդական զորքերի հարձակողական գործողությունների ժամանակ, Դաշտային Կիլիկիայի և Սիրիայի ու Միջագետքի մի քանի շրջանների արաբ բնակչությունը սաստիկ նոսրացավ հատկապես այն պատճառով որ, արաբները կամ փախչում էին բյուզանդացիների ներխուժումների ահից, կամ այս ու այն մարզն ու քաղաքը գրավելուց հետո վերջիններիս կողմից էին բռնագաղթեցվել։ Արաբների լքաց քաղաքներն ու գյուղերը բնակեցնում էին հույները, հայերը և մասամբ էլ ասորիները։ Արաբ մատենագիր Յակուտի հաղորդման համաձայն Նիկեփոր Փոկասի կողմից Տարսոնը գրավելուց հետո մուսուլմանների մի մասը, որպեսզի մնար քաղաքում, ստիպված էր եղել ծանր հարկ վճարել կամ քրիստոնեություն ընդունել։ Ուստի մուսուլմանների մեծ մասը հեռացել է Տարսոնից ու բնակություն հաստատել մուսուլմանական երկրներում։ Նրանց ունեցվածքն ու տները հույներին են բաժին ընկել։ Նման երևույթներ, հավանաբար, պատահում էին նաև Կիլիկիայի այլ քաղաքներում։ Այսպիսով, արաբների կողմից Կիլիկիան նվաճելուց հետո հույն բնակչությունն այս երկրում նշանակալիորեն նոսրացել էր, ապա բյուզանդացիների կողմից վերագրավելուց հետո այն կրկին մեծացավ, միաժամանակ ուժգին աճեց հայ բնակչության թիվը Տարսոնում և ընդհանրապես Կիլիկիան հարթավայրի բոլոր քաղաքներում ու գյուղերում։ Հայ բնակչությունը շատացավ ոչ միայն Կիլիկիայում։ Հովհաննես Չմշկիկը հայերին բնակեցնում էր Կապադովկիայում, Հյուսիսային Միջագետքում և Սիրիայում։ Հայ բնակչությունն Անտիոքում այնքան մեծացավ, որ 976 թվականին արդեն փորձ արեցին խռովություն բարձրացնել արաբների դեմ, որոնք ժամանակավերապես նորից էին զավթել այդ քաղաքը։
Հայերի թիվը Սիրիայում և Կիլիկիայում շարունակում էր մեծանալ նաև Վասիլ II-ի թադավորության օրոք։ Գրավելով Շեյզարը՝ նա այդ քաղաքում բնակեցրեց հայերին։ Սահմանամերձ պրովինցիաները բնակեցնելով Հայաստանից քշված կամ կայսրության այլ մարզերից բերված հայերով՝ բյուզանդական կառավարությունը ոչ միայն ձգտում էր թշնամական մուսուլման բնակաչության փոխարեն ստաղծել ավելի բարեհույս էթնիկական խավ, այլև հետապնդում էր ռազմական նպատակներ։ Հայ գաղթականները հողամասեր էին ստանում Կիլիկիայում ու Կապադովկիայում և պարտավոր էին զինվորական ծառայություն կատարել։ Սահմանամերձ մարզերում նման նորաբնակ հայերի թիվը, անտարակույս, զգալի է եղել։ Սա հաստատվում է նրանով, որ Նիկեփոր Փոկասը հատուկ օրենք է հրապարակել հայ ստրատիոտների մասին[8]։
Կիլիկիայում և դրան սահմանակից երկրներում հայ տարրի ուժեղացումը բավականին նշանակալից երևույթ դարձավ X դարում, ինչը երևում է Միքայել Ասորու հետևյալ տողերից. «Այն դարաշրջանում, երբ հույները արաբներից գրավեցին Կապադովկիայի, Հայաստանի և Սիրիայի քաղաքները, նրանք Մեծ Հայքից բազմաթիվ հայերի դուրս հանեցին։ Վերջիններս հաստատվեցին վերոհիշյալ վայրերում և բազմացան»։ Այս նույն երևույթը նշում է նաև XI դարի հայ պատմիչ Ստեփանոս Ասողիկը. «Իսկ յաւուրս Տեառն Խաչկայ հայրապետի Հայոց (հայոց կաթողիկոս` 973-992 թթ.) աիռեալ տարածեցաւ ազգս հայոց զկողմամբքն արևմտից, մինչև ձեռնադրել նմա եպիսկոպոսունսյ Անտիոք Ասորւոց ի Տարսոն Կիլիկեցւոց և ի Սուլդնայ և յամենայն գաւառան յայնոսիկ»։
Այսպիով, XI դարի սկզբներին Կիլիկիայում, Կապադովկիայում և Բյուզանդիայի՝ Եփրատից արևմուտք ընկած այլ մարզերում հայ բնակչությունը նշանակալիորեն մեծացավ։ Հայերի գաղթը Փոքր Ասիա ավելի լայն թափ ստացավ՝ կապված հայ ավատական տիրույթների ոչնչացման քաղաքականության հետ, որն սկսեց կիրառել Վասիլ II Բուլղարասպանը XI դարի սկզբին։ XI դարի կեսին էլ հայերի ներգաղթն այդ երկրներ, հատկապես Կիլիկիա, ուժեղացավ՝ կապված Հայաստանում սելջուկների ավերիչ արշավանքների հետ։
395 թվականին՝ Հռոմեական կայսրության կիսումից հետո, Կիլիկիան ընդգրկվեց Արևելյան Հռոմեական կայսրության կազմում, որ հետագայում կոչվեց Բյուզանդական կայսրություն։ 6-րդ դարում մի շարք հայկական ազնվական տոհմերի ներկայացուցիչներ տեղափոխվեցին Բյուզանդիա։ Դրանցից շատերը հետագայում զբաղեցրեցին բարձր զինվորական և պալատական պաշտոններ Բյուզանդիայի արքունիքում[9]։
7-րդ դարում Կիլիկիան ընկավ արաբների իշխանության տակ և մտավ Ռաշիդյան խալիֆայության կազմի մեջ[5] Սակայն արաբներին չհաջողվեց այնտեղ վերջնականապես հաստատվել, և 965 թվականին Կիլիկիան վերանվաճվեց Բյուզանդական կայսրության կողմից։ Դրանից հետո հայերի գաղթը դեպի Կիլիկիա նոր թափ ստացավ[5]։ Բյուզանդիան արևելյան սահմանների պաշտպանության համար մեծ քանակությամբ հայ ընտանիքներ էր վերաբնակեցնում այդ վայրերում[5]։ Շուտով բյուզանդական կայսրը Կիլիկիայից արտաքսեց մուսուլմաններին և խրախուսեց քրիստոնյաների և, հատկապես՝ հայերի գաղթը Մեծ Հայքից և Ասորիքից։ 1021 թվականին Վասպուրականի թագավորության անկման հետևանքով, Սենեքերիմ Արծրունին, բազմաթիվ իշխաններ և գյուղացիներ վերահաստատվեցին Կապադովկիայում և Փոքր Ասիայում[10]։
Կիլիկիայում և հարակից շրջաններում 11-րդ դարի վերջին և 12-րդ դարի սկզբին ձևավորված պետական կազմավորումները
խմբագրելԹուրք-սելջուկյան ռազմարշավների դարաշրջանում Անիի Բագրատունյաց թագավորության կործանման հետ միասին Բագրատունիների և հայկական իշխանական տների ռազմական ուժերը Բյուզանդական կայսրության անհեռատես հակահայկական քաղաքականության հետևանքով դուրս բերվեցին Մեծ Հայքի տարածքներից։ Հայ իշխանները նոր ավատներ ստացան և տեղաբաշխվեցին Կապադովկիա-Գամիրքում և Եփրատացիք-Հյուսիսային Ասորիքում։
Բագրատունյաց Հայաստանի նվաճումը Բյուզանդիայի կողմից 1045 թվականին, պարտությունը Մանազկերտի ճակատամարտում և Մեծ Հայքի նվաճումը սելջուկ-թուրքերի կողմից առաջ բերեց մի քանի նոր հզոր գաղթերի ալիք[10]։ Հայերը չկարողացան վերականգնել պետականությունը Հայկական լեռնաշխարհի սահմաններում, այդ պատճառով էլ իրենց հայացքն ուղղեցին դեպի Կիլիկիա, որտեղ արդեն մեծամասնություն էին կազմում[5]։
Ռուբինյանների իշխանապետության հիմնադրումը և հզորացումը
խմբագրելՌուբինյան իշխանատան գլխավորությամբ Հայոց Մեծ իշխանության հիմնադրումը Կիլիկիայում արդյունք էր Կիլիկիայում և հարակից երկրամասերում հայ բնակչության գերակշռության, ինչպես նաև քաղաքական, տնտեսական և հոգևոր-մշակութային կյանքում նրա խաղացած առաջնակարգ դերով։ 1079 թվականին բյուզանդացիների պատճառով Անիի աքսորյալ հայոց թագավոր Գագիկ Բ-ի սպանությունից հետո նրա թիկնազորի հրամանատարը՝ իշխան Ռուբենը, ամրացավ Բարձրբերդ, Կոպիտառ և Կոռոմզոլ բերդերում, համառ մարտերով 1080 թվականին թոթափեց Բյուզանդիայի տիրապետությունը և Լեռնային Կիլիկիայում հիմնեց անկախ հայկական իշխանապետություն ու հռչակվեց որպես Ռուբեն Ա (1080-1095)։ Նրան հաջորդեց որդին՝ Կոստանդին Ա-ն (1095-1100)։ Նա սելջուկ-թուրքերից և բյուզանդացիներից ազատագրեց Լեռնային Կիլիկիայի մի շարք գավառներ, 1098 թվականին հիմնովին վերակառուցեց Վահկա բերդը և այն դարձրեց իր իշխանանիստ կենտրոնը։ 1098-1099 թվականներին Կիլիկիայի իշխանը օգնել էր խաչակիր ասպետներին՝ Եդեսիայի, Անտիոքի և Երուսաղեմի գրավման ժամանակ, որի համար մեծարվեց «դքսի» և «մարկիզի» բարձրաստիճան տիտղոսներով։ Կոստանդին Ա-ն դստերը կնության տվեց Եդեսիայի դուքս Ժոսլինին, փոխօգնության դաշինք կնքեց նրա հետ։ Ռուբեն Ա-ի և Կոստանդին Ա-ի աճյուններն ամփոփված են Կաստալոնի վանքում։
1100 թվականին իշխանությունը ժառանգում է Կոստանդինի որդի Թորոս Ա-ն (1100-1129)։ 1104 թվականին նա պարտության մատնեց բյուզանդական զորքերին, ազատագրեց Սիս և Անազարբա քաղաքները, իր իշխանապետությանը միացրեց հայաբնակ դաշտային Կիլիկիայի զգալի մասը։ 1107 թվականին Թորոս Ա-ն հայ իշխան Գող Վասիլի (Վասիլ Կամսարական) աջակցությամբ Բերդուս բերդաքաղաքի մոտ ջախջախեց Կիլիկիա ներխուժած Իկոնիայի սելջուկյան սուլթանության զորքերը և ամրապնդեց երկրի հյուսիսային սահմանները։ Թորոսը ևս իր դստերը (Արտա) կնության տվեց Եդեսիայի դուքս Բալդուին II-ին և դաշնակցեց նրա հետ՝ ընդդեմ մուսուլմանական ամիրայությունների։ 1111 թվականին Թորոս Ա-ն մահապատժի ենթարկեց հույն իշխան Մանդալեի որդիներին, որոնք սպանել էին Գագիկ Բ արքային, բռնագրավեց նրանց կալվածքները և Կիզիստրա բերդը։ Նա Անազարբա քաղաքում կառուցեց ապարանքներ և սուրբ Զորավարաց եկեղեցին։ Սսի մոտ հիմնեց Դրազարկի և Մաշկևորի վանքերը, որոնք դարձան մշակույթի և ուսման խոշոր կենտրոններ։ Թորոս Ա-ի աճյունն ամփոփվեց Դրազարկի վանքում, որն այնուհետև դարձավ Ռուբինյանների տոհմական դամբարանը։
Թորոս Ա-ին հաջորդեց կրտսեր եղրայրը՝ Լևոն Ա-ն (1129-1137)։ Խելամտորեն օգտագործելով սելջուկյան թուրքերի և խաչակիրների միջև եղած հակասությունները, նա առանձին֊-առանձին ջախջախեց նրանց և արտաքսեց երկրից։ 1132 թվականին Լևոն Ա-ն բյուգանդական տիրապետությունից ազատագրեց Կիլիկիայի ծովեզրյա հայաբնակ շրջանները՝ Մամեստիա, Ադանա, Տարսոն և այլ քաղաքներով։ 1135-1136 թվականներին նա իր քրոջորդու՝ Եդեսիայի կառավարիչ Ջոսլինի և Հալեպի Զանգի ամիրայի դաշնակցությամբ հաղթական կռիվներ մղեց Անտիոքի դքսության և Երուսաղեմի թագավորության դեմ, ընդլայնեց հայկական իշխանապետության սահմանները դեպի հարավ-արևելք։ Զարգացնելով իր ռազմական հաջողություններր՝ Լևոն Ա-ն Դաշտային Կիլիկիան լիովին ազատագրեց բյուզանդացիներից, հասավ քարուտ Կիլիկիա և պաշարեց Սելևկիա բերդաքաղաքը։ Բյուզանդական կայսրությունը զրկվեց ոչ միայն Կիլիկիայում ունեցած իր տիրույթներից, այլև ցամաքային ուղիով Ասորիքին կապվելու հնարավորությունից։
Բյուզանդական արշավանքները
խմբագրել1137 թվականին գարնանը Բյուզանդիայի կայսր Հովհաննես II Կոմնենոսը Հայոց իշխանապետությունը կործանելու և արևելքում կորցրած տիրույթներր վերանվաճելու ծրագրով ներխուժեց Կիլիկիա։ Հայկական զորքերը Լևոն Ա-ի գլխավորությամբ հարկադրված եղան դադարեցնել Սելևկիայի պաշարումը, ամրանալ Վահկա բերդում և Անազարբա քաղաքում, համառ մարտեր մղել թշնամու գերակշիռ ուժերի դեմ։ 35-օրյա հերոսական պաշտպանությունից հետո Լևոն Ա-ն ճեղքեց թշնամու պաշարման օղակը և դուրս եկավ Անարզաբայից, բայց շուտով ընկավ նոր շրջապատման մեջ և անձնատուր եղավ։ Կայսրը նրան, կնոջը, նաև Ռուբեն և Թորոս որդիներին շղթայակապ ուղարկեց Կոստանդնուպոլիս։ Լևոն I-ի մյուս երկու որդիները՝ Ստեփանեն և Մլեհը զերծ մնացին գերեվարումից, քանի որ ապաստանել էին իրենց ազգականի՝ Եդեսիայի կոմս Ջոսլին II-ի մոտ։
Բյուզանդական զորքերն այնուհետև համառ կռիվներից հետո գրավեցին նաև Վահկա բերդը, որի պաշտպանությունը գլխավորում էր Կոստանդին սպարապետը։ 1137 թվականին ընթացքում Բյուզանդիան լիովին ռազմակալեց Կիլիկյան Հայաստանը, որի քաղաքներում և բերդերում զետեղեց 20 հազար զինվոր։ 1138 թվականին Լեռնային Կիլիկիայի մի զգալի հատվածը զավթեցին Դանիշմանյան թուրքերը, իսկ 1140 թվականին՝ Իկոնիայի սուլթանությունը։
1139 թվականին Կոստանդնուպոլսում խոշտանգումներից մահացավ Ռուբենը, իսկ 1141 թվականին վախճանվեց նաև Լևոն Ա-ն։ Նրա մյուս որդուն՝ Թորոսին, հաջողվեց փախչել գերությունից և 1145 թվականին ժամանել Կիլիկիա ու հռչակվել Հայոց իշխան (1145-1169)։ Նա աստիճանաբար իր շուրջը համախմբեց հայրենասեր ուժերին և եղբայրներ Ատեփանեի ու Մլեհի եռանդուն համագործակցությամբ ձեռնամուխ եղավ Կիլիկյան Հայաստանի ազատագրմանը։ Ազատագրական մարտերը ծավալվեցին հատկապես 1147-1148 թվականներին, երբ արդեն սկսվել էր Խաչակրաց երկրորդ արշավանքը, իսկ Բյուզանդիան, զբաղված լինելով Սիցիլիայի նորմանների և սերբերի դեմ պատերազմներով, չէր կարող նոր ուժեր կենտրոնացնել Թորոս Բ-ի դեմ։ 1147-1151 թվականներին սելջուկյան թուրքերի և բյուզանդացիների դեմ ձեռնարկած մարտերում հայկական զորքերն ազատագրեցին Կիլիկիայի Լեռնային և Դաշտային մասերը, լայնածավալ մի շարք ուրիշ տարածքներ՝ Ամուտա, Վահկա, Սիմանկլա, Առյուծբերդ, Անազարբա, Մամեստիա, Թիլ Համտուն բերդերով ու քաղաքներով հանդերձ, ձերբակալեցին Կիլիկիայում բյուզանդացի կառավարիչ նշանակված Թովմաս դքսին։
1151 թվականին աշնանը խոշոր ուժերով Կիլիկիա ներխուժեց Անդրոնիկոս Կոմնենոսը։ Նա 12 հազարանոց զորաբանակով պաշարեց Մամեստիա բերղաքաղաքր, որտեղ պաշտպանական դիրքեր էին գրավել հայկական զորքերը՝ Թորոս Բ-ի գլխավորությամբ։ Անդրոնիկոս Կոմնենոսի զորքերին միացել էին նաև բյուզանդամետ մի շարք հայ իշխաններ՝ Լամբրոնի տեր Օշին Հեթումյանը, Պապեռոնի տեր Սմբատ Հեթումյանը, Բարձրբերդի տեր Վասիլը և նրա եղբայրը՝ Պառականի տեր Տիգրանը, ինչպես նաև Ասկուռասի տեր Նաթանիլյանը։ Չնայած բյուզանզական ուժերի գերազանցությանը՝ Թորոս Բ-ը վաղ լուսաբացին, հորդառատ անձրևի ժամանակ, անսպասելիորեն դուրս եկավ բերդաքաղաքից և ուժգին գրոհով հարվածելով՝ խուճապի մատնեց թշնամուն ու ջախջախեց նրան։ Անդրոնիկոս Կոմնենոսը լքեց մարտադաշտը և ճողոպրեց Անտիոք։ Մամեստիայի ճակատամարտում բյուզանդացիները կորցրին երեք հազար մարտիկ, գերի ընկան մեծաթիվ զինվորներ ու զորահրամանատարներ, որոնք զինաթափվեցին և ազատ արձակվեցին ղրամական խոշոր փրկագնով։ Մարտադաշտում սպանվեց Պապեռոնի տեր Ամբատը, գերեվարված մյուս հայ իշխանները նույնպես ազատվեցին դրամական փրկագին վճարելով և Լամբրոնի տեր Օշինի Հեթում որդուն պատանդ թողնելով։
1153-1154 թվականներին Թորոս Բ-ն հակահարված հասցրեց Բյուզանդիայի դրդմամբ Կիլիկիա ներխուժած Իկոնիայի սելջուկյան սուլթան Մասուդի զորքերին։ Իսկ Թորոս Բ-ի եղբայր Ստեփանեն, Տաճարական խաչակիր ասպետների զինակցությամբ, Ասորվոց դրունք լեռնանցքում շրջապատեց և գլխովին ոչնչացրեց սելջուկյան զորապետ Յաղուբի զորախումբը։ 1155 թվականին Իկոնիայի նոր սուլթան Կիլիջ Արսլան II-ը հարկադրված եղավ դադարեցնել հակամարտությունները և Թորոս Բ-ի հետ կնքել հաշտության պայմանագիր։
1158 թվականին աշնանը բյուգանդական 50 հազարանոց զորաբանակը՝ Մանուել Կոմնենոս կայսեր գլխավորությամբ, ռազմակալեց Դաշտային Կիլիկիան։ Խուսափելով թշնամու գերակշիռ ուժերի դեմ բաց ճակատամարտից՝ Թորոս Բ-ի գորքերր դիրքավորվեցին Կիլիկյան Տավրոսի դժվարամատույց լեռնաբազուկներում։ Բայց շուտով Երուսաղեմի թագավոր Բոլդուին III-ի միջնորդությամբ կայսրը հաշտվեց Թորոս Բ-ի հետ, ճանաչեց նրա ինքնիշխանությունր։
1162 թվականին Բյուզանդական կայսրությունը վերստին զավթեց Դաշտային Կիլիկիան և այնտեղ կառավարիչ նշանակեց Անդրոնիկոս Ֆերրենոսին։ Նա խաբեությամբ Ստեփանեին հրավիրեց Համուս բերդը և սպանեց։ Թորոս Բ-ն և Մլեհը Դաշտային Կիլիկիան ազատագրելու և իրենց եղբոր վրեժը լուծելու վճռականությամբ դիմեցին հակահարձակման, ջախջախեցին բյուզանդացիներին և ետ գրավեցին Տարսոն քաղաքից մինչև Թիլ Համտուն ընկած տարածքները։
1165 թվականին Թորոս Բ-ն բյուզանդացիներին դուրս մղեց ամբողջ Քարուտ Կիլիկիայից և սահմանակից Իսավրիա երկրամասից։ Այնուհետև նա պաշարեց Լամբրոն բերդը և փորձեց ընկճել վերստին ըմբոստացած Օշին իշխանին։ Ներսես Շնորհալու միջնորդությամբ շուտով կողմերը հաշտվեցին՝ Օշինի հնազանդության պայմանով։ Նույն թվականին Թորոս Բ-ի դեմ ըմբոստացավ Մլեհը, որը դժգոհ էր եղբոր վարած արտաքին քաղաքականությունից։ Այդ պատճառով Թորոս Բ-ը Մլեհին նախ բանտարկեց, ապա արտաքսեց երկրից։ Մլեհը ռազմական ծառայության մտավ Մոսուլի և Հալեպի աթաբեկ Նուր ադ-Դինի զորաբանակում՝ փոխարենն ավատ ստանալով Կիլիկիային հարավ-արևելքից սահմանակից Կուրիս բերդաքաղաքր՝ համանուն գավառով։
1166-1167 թվականներին Թորոս Բ-ն հաջողությամբ ետ մղեց Բյուզանդիայի նոր հարձակումները, խափանեց նրա զավթողական փորձերը և ամրապնդեց Հայոց իշխանապետության սահմանները։ 1168 թվականին նա մտավ վանք և դարձավ կրոնավոր, իսկ գահը Թովմաս պայլի խնամակալությամբ թողեց իր անչափահաս որդի Ռուբեն Բ-ին (1168-1169)։ Նույն թվականին վախճանվեց Թորոս Բ-ն, որի աճյունն ամփոփվեց Դրազարկի վանքի տոհմական գերեզմանոցում։
Իշխանության հզորացում
խմբագրել1169 թվականին հայրենիքից արտաքսված Մլեհը Նուր ադ-Դինի ռազմական օգնությամբ ներխուժեց Կիլիկիա և բռնատիրեց հայոց Մեծ իշխանի գահը։ Թովմաս պայլր Ռուբենին ուղարկեց Հռոմկլա՝ Հայոց կաթողիկոս Ներսես Շնորհալու մոտ։ 1170 թվականին Ռուբեն II-ը մահացավ կասկածելի հանգամանքներում։
Մլեհ Ռուբինյանը (1169-1175) որդեգրեց կենտրոնախույս ուժերին և իր քաղաքական հակառակորդներին սանձելու, բարձրաստիճան հոգևորականության իրավունքներն ու արտոնությունները սահմանափակելու, վանքերում կուտակված մեծաքանակ հարստությունները հօգուտ պետական գանձարանի բռնագրավելու և կենտրոնական իշխանությունը հզորացնելու քաղաքականություն։ Նա կտրուկ փոխեց նաև իր նախորդների վարած արտաքին քաղաքականության ավանդական շավիղր. Նուր ադ-Դինի դաշնակցությամբ իր զենքն ուղղեց բյուզանդացիների և խաչակրաց իշխանությունների դեմ։ 1170 և 1173 թվականներին Մլեհը պարտության մատնեց բյուզանդական զորքերին, կանխեց Դաշտային Կիլիկիայի նկատմամբ Կոնստանդին Կուլամանոս զորավարի ոտնձգությունները, ընդլայնեց և ամրապնդեց Հայոց Մեծ իշխանապետության սահմանները։ Սակայն դաշնակից Նուր ադ-Դինի մահից մեկ տարի անց՝ 1175 թվականին, Մլեհի ներքին և արտաքին քաղաքականությունից դժգոհ իշխանները պալատական դավադրությամբ սպանեցին նրան։
Հայոց բերդատեր իշխանների խորհրդի որոշմամբ Մլեհին հաջորդեց նրա Ստեփանե եղբոր ավագ որդին՝ 30-ամյա Ռուբեն III-ը (1175-1187)։ Ստեփանեի կինը՝ Հեթումյան իշխան Սմբատ Պապեռոնցու դուստր Ռիթան, ամուսնու եղերական մահից (1162) հետո իր որդիներ Ռուբենի և Լևոնի հետ 13 տարի ապրել էր եղբոր՝ Բակուրանի ապարանքում։ Վերջինիս ուղեկցությամբ Ռուբեն III-ը Տարսոն քաղաքի Ս. Սոֆիա մայր տաճարում ճոխ հանդիսավորությամբ օծվեց Հայոց Մեծ իշխան։ Ռուբեն III-ը նախ պատժեց իր հորեղբոր դահիճներին և Մլեհի աճյունն ամփոփեց նրա հիմնած Մեծքար վանքում, իսկ Մլեհի այրիացած կնոջը, որն ապաստանել էր իր եղբոր՝ կաթողիկոս Գրիգոր Դ Տղայի մոտ, շնորհեց երեք բերդ ու արժանացրեց պատիվների։
Ռուբեն III-ի գահակալման սկզբնական տարիներին վերստին սրվեցին շրջակա իսլամադավան պետությունների և Կիլիկյան Հայաստանի թշնամական հարաբերությունները։ Օգտվելով իրավիճակից' բյուգանդական զորքերր գրավեցին Մամեստիա, Ադանա և Տարսոն քաղաքները, ոազմակալեցին Դաշտային Կիլիկիան, որտեղ Մանուել I կայսրը կառավարիչ-դուքս նշանակեց իր ազգական Իսահակ Կոմնենոսին։ Սակայն շուտով Ռուբեն III-ը ջախջախեց բյուգանդական նվաճողներին, ազատագրեց Դաշտային Կիլիկիան, գերեվարեց և բանտարկեց Կոմնենոսին։
Մինչև 1180 թվականին Ռուբեն III-ը վերացրեց բյուգանդական կայսրության վերջին հենակետները Կիլիկիայում, Ալեքսանդրետի ծովածոցից մինչև Սելևկիա գետր ձգվող ծովեզերքը մաքրեց օտար նվաճողներից, որով իր հաղթական ավարտին հասավ Կիլիկիայի հայերի շուրջ 100-ամյա ազատագրական պայքարը Բյուզանդիայի դեմ։
1181 թվականին Երուսաղեմի թագավոր Բոլդուին IV-ի հետ Ռուբեն III-ը կնքեց ոազմա-քաղաքական դաշինք, որն ամրապնդվեց Ռուբեն III-ի և խաչակրաց բարձրաստիճան իշխան Հեմֆրի III-ի դուստր Իզաբելի ամուսնությամբ։ Փորձելով ընկճել վերստին ըմբոստացած Հեթում իշխանին՝ Ռուբեն III-ը Լամբրոն բերդը ենթարկեց երկարատև պաշարման (1182-1185)։ Հեթումի դրդմամբ 1185 թվականին Անտիոքի դուքս Բոհեմունդ III-ը բարեկամություն հաստատելու պատրվակով Ռուբեն III-ին հրավիրեց Անտիոք, նենգորեն ձերբակալեց նրան, ապա խոշոր ուժերով փորձեց նվաճել Կիլիկյան Հայաստանի հարավարևելյան հողերն ու բերդերը։ Սակայն Ռուբեն III-ի կրտսեր եղբայրր՝ Հայոց զորքերի սպարապետ Լևոնը, Թիլ Համտուն բերդի մոտ տեղի ունեցած ճակատամարտում ջախջախեց ներխուժողներին և Բոհեմունդ III-ին հարկադրեց բանակցություններ սկսել Ռուբեն III-ին փրկազնելու պայմանների շուրջ։ Ռուբեն III-ը բանտարկությունից ազատվեց Անտիոքի դքսությանը Սարվանդիքար, Թիլ Համտուն և Ճկեր սահմանային բերդերի զիջման գնով։ Բայց Ռուբեն III-ի՝ հայրենիք վերադառնալուց անմիջապես հետո Լևոնը ետ գրավեց ոչ միայն վերոհիշյալ բերդերը, այլև Ամանոսյան լեռնաշղթայի հարավային ստորոտին տարածվող Հռոսոս (Աբասուս) գավառը ու ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Պադրաս (Գաստոն) բերդը։ Ռուբեն III-ը, չունենալով արու զավակ, 1187 թվականին մայիսի 6-ին Հայոց Մեծ իշխանի գահը փոխանցեց եղբորը՝ 40-ամյա Լևոնին, ինքը դարձավ կրոնավոր, բայց նույն թվականին էլ մահացավ և թաղվեց Դրազարկի վանքի տոհմական գերեզմանոցում Կիլիկյան Հայաստանը իշխանապետության ժամանակաշրջանում ։
Ռուբինյաններ
խմբագրելԿիլիկյան Հայաստանի առաջացումը
խմբագրելՓիլարտոս Վարաժնունու հրավերով Կիլիկիա եկած հայ իշխաններից էր Ռուբենը, որը Բագրատունյաց վերջին արքա Գագիկ Բ-ի ազգականն էր, և ուղեկցում էր նրան Կոստանդնուպոլիս, երբ Բյուզանդիայի կայսրը հրավիրել էր նրան։ Սակայն բանակցելու փոխարեն նա բանտարկեց Գագիկին Կիլիկիայի և Կապադովկիայի սահմանին գտնվող բերդերից մեկում և հետագայում սպանվեց հույների կողմից[11]։ 1080 թվականին, Գագիկի մահից հետո Ռուբենը տեղի հայերի օգնությամբ ապստամբություն բարձրացրեց ընդդեմ բյուզանդացիների[12]։ Շուտով Ռուբենի շուրջը համախմբվեցին այլ հայազգի իշխանները։ Այդպիսով 1080 թվականին դրվեցին Կիլիկիայի Հայկական իշխանապետության հիմքերը։ Ռուբենի հետնորդները կոչվեցին Ռուբինյաններ[9] Ռուբենի մահից հետո՝ 1095 թվականին նրան հաջորդեց նրա որդին ՝ Կոստանդին Ա, ով կարողացավ նվաճել Լեռնային Կիլիկիայի կարևորագույն բերդերը. Բարձրաբերդն ու Վահկան; սակայն բացի Ռուբինյաններից Կիլիկիայում կային նաև այլ իշխանական տներ, որոնցից հզորագույնը Հեթումյաններն էին։ Հեթումյանների հիմնադիրն էր Բյուզանդական կայսրության հայազգի զորավար Օշինը, ով կենտրոնացրեց իր իշխանությունը Լամբրոն բերդի շրջակայքում։ Հեթումյանները մշտապես մրցակցում էին Ռուբինյանների հետ։ Բացի նրանցից կային նաև այլ ազդեցիկ հայ իշխաններ Մարաշում, Մալաթիայում և Եդեսիայում։
Առաջին խաչակրաց արշավանքը և Կիլիկյան Հայաստանը
խմբագրելԿոստանդին Ա-ի իշխանության օրոք տեղի ունեցավ Առաջին Խաչակրաց արշավանքը։ Խաչակիրների զորքն անցնելու էր Փոքր Ասիայով և Կիլիկիայով։ Կոստանդինը հասկացավ, որ խաչակիրների միջոցով կկարողանա գրավել բյուզանդական տիրույթները Կիլիկիայում[12] Կոստանդինն ապահովեց նրանց մթերքով, օթյակով և անասուններով[13]։
Խաչակիրներն իրենց հերթին Կոստանդինին տվեցին կոմսի և բարոնի, ինչպես նաև Լեռների Իշխան կոչումները։ Կիլիկյան Հայաստանին սահմանակից էին երկու խաչակրաց պետություններ՝ Եդեսիայի կոմսությունն ու Անտիոքի դքսությունը, որոնցից առաջինի հետ այն ուներ սերտ և դաշնակցական կապեր, իսկ Անտիոքի դքսության հետ ավելի թշնամական հարաբերություններ[12]։
Կիլիկիան 1100-1187 թվականներին
խմբագրելԿոստանդինը մահացավ 1100 թվականին, նրան հաջորդեց որդին՝ Թորոսը։ Իր կառավարման ընթացքում նա պայքարում էր և բյուզանդացիների, և սելջուկների դեմ, և ի վերջո նրան հաջողվեց ընդարձակել իր տիրույթները Լեռնային Կիլիկիայում։ Նա, գրավելով Սիսն, այնտեղ տեղափոխեց մայրաքաղաքը։ 1112 թվականին նա, ցանկանալով վրեժ լուծել Գագիկ Բ-ի մարդասպաններից, գրավեց Կիզիստրիա ամրոցը և սպանեց մարդասպան երեք հույն եղբայրներին[12][13]։ Արդեն 12-րդ դարում Ռուբինյաններն իրենց ձեռքում էին կենտրոնացրել Կիլիկիայի իշխանությունն ու մրցում էին Բյուզանդիայի հետ, հաստատելու իրենց գերակայությունը։
Լևոն Ա իշխանը՝ Թորոսի եղբայրը, գահ բարձրացավ 1129 թ։ Նա կարողացավ նվաճել Դաշտային Կիլիկիայի որոշ ափամերձ քաղաքներ։ Նրա տիրապետության ընթացքում անընդհատ հարձակումներ էին գործում սելջուկ-թուրքերը, իսկ սահմանամերձ Ամանուս բերդի համար նաև Անտիոքի դքսությունը[12] 1137 թվականին բյուզանդական կայսրը, ով դեռևս համարում էր Կիլիկիան բյուզանդական նահանգ, հսկայական զորքով շարժվեց դեպի Կիլիկիա և գրավեց Դաշտային Կիլիկիայի ամրոցների մեծ մասը[12][13]։ Նա գերեց Լևոն արքային և նրա երկու որդիներին՝ Ռուբենին և Թորոսին։ Լևոնը մահացավ բանտում երեք տարի անց[13]։ Ռուբենը կուրացվեց և սպանվեց, սակայն գահաժառանգ Թորոս Բ իշխանը շահեց կայսրի համակրանքն ու կարողացավ փախչել գերությունից 1141 թվականին, վերադառնալ Կիլիկիա և գլխավորել ազատագրական շարժումն ընդդեմ Բյուզանդիայի[12]։ 1152 և 1165 թվականներին նա գլխովին ջախջախեց Անդրոնիկոսի գլխավորած զորքը[14][15]։ Շուտով Կիլիկիան ազատագրվեց, իսկ բյուզանդացիները քշվեցին երկրից։ 1151 թվականին Թորոսի իշխանության օրոք, կաթողիկոսարանը տեղափոխվեց Հռոմկլա քաղաք, որն իր շրջակայքով տրվեց կաթողիկոսին[10]։ 1152-1155, 1156, 1158-1159, 1162 և 1167 թվականների ընթացքում Բյուզանդիան ապարդյուն փորձեր արեց գրավելու Կիլիկիան։ Թորոս Բ-ին հաջորդեց իր եղբայր Մլեհը։ Վերջինս փոխեց երկրի արտաքին քաղաքականությունը։ Նա պայմանագիր կնքեց տեղի մուսուլմանական իշխանությունների հետ, որոնք այդ շրջանում բավականին մեծ ուժ էին ներկայացնում իրենցից՝ ընդդեմ խաչակիրների ու Բյուզանդիայի։ Սա էլ հարուցեց հոգևորական դասի դժգոհությունը, ինչի հետևանքով նա դավադրաբար սպանվեց։ Մլեհին հաջորդեց Ռուբեն Գ-ն։ Վերջինս նախ վերականգնեց բարեկամական հարաբերությունները Անտիոքի դքսության, Երուսաղեմի թագավորության և արևմտաեվրոպական պետությունների հետ։ Ռուբեն Գ-ի կառավարման տարիներին հայկական զորքերը՝ իր կրտսեր եղբայր Լևոնի հրամանատարությամբ, վերացրին Բյուզանդիայի վերջին հենակետերը Կիլիկիայում՝ հասնելով Հայկական կամ Ալեքսանդրեթի ծոցից մինչև Պռականա գետը ձգվող ծովեզերքը։ Օգտվելով վերականգնված բարեկամությունից՝ Անտիոքի դուքս Բոհեմունդ III-ը 1185 թվականին իր մոտ հրավիրեց Ռուբեն Գ-ին, կալանավորեց նրան և մեծ ուժերով ներխուժեց Կիլիկիա։ Սակայն Թիլ Համտուն սահմանային բերդի մոտ Լևոնը ջախջախեց հակառակորդին՝ պահպանելով Կիլիկիայի ամբողջականությունը։ Այնուհետև Լևոնը գերությունից ազատեց իր եղբորը։ 1187 թվականի մայիսին հայոց Մեծ իշխանի գահը Ռուբեն Գ-ն փոխանցեց իր եղբորը՝ Լևոնին, և նույն թվականին էլ մահացավ։
Լևոն Բ-ն և Կիլիկյան թագավորության հռչակումը
խմբագրելԼևոն Բ-ն (1187-1219) կառավարման առաջին տարիներին հարկադրված էր պայքարել շրջակա մուսուլման ցեղերի դեմ։ 1187 թվականի գարնանը նա ջախջախեց երկրի հյուսիսարևելյան սահմաններ ներխուժած Իկոնիայի սելջուկ հրոսակներին։ 1188 թվականի աշնանը ջախջախեց երկրի հարավարևելյան սահմաններից ներխուժած Եգիպտոսի սուլթանության զորքերը։ 1189-1190 թվականների ընթացքում Բյուզանդական կայսրությունից և Իկոնիայի սուլթանությունից խլեց կարևոր նշանակություն ունեցող մի շարք տարածքներ՝ այդ թվում Պռականա, Սելևկիա, Ատալիա, Կրագյան Անտիոք և մի շարք այլ բերդաքաղաքները, Իսավրիան և այլ երկրամասերը։ Քանի որ շուտով սկսվեց Երրորդ խաչակրաց արշավանքն ընդդեմ Իկոնիայի սուլթանության, այն ստիպված էր հաշտվել իր կորուստների հետ։ 1190 թվականի մայիսի վերջին խաչակրաց զորքերը Ֆրիդրիխ I Շիկամորուսի գլխավորությամբ, Իկոնիայի սուլթանության վրայով մտան Կիլիկիա և ճամբարեցին Սելևկիա քաղաքի մոտ։ Լևոն Բ-ն համաձայնեց օգնել խաչակիրներին՝ պահանջելով ճանաչել Կիլիկյան Հայաստանը թագավորություն, իսկ իրեն՝ թագավոր։ Ֆրիդրիխ I-ը համաձայնեց, և խաչակրաց սովյալ զորքերը սնունդ ստացան հայկական հողերում։ Սակայն մինչ Կիլիկյան Հայաստանը որպես թագավորություն ճանաչելը, Կիլիկիայի գետերից մեկում խեղդվեց Ֆրիդրիխ I-ը (1190 թվականի հունիսի 10)։ 1193 թվականի գարնանը Եգիպտոսի սուլթան Սալահ ադ-Դինը հսկայական ուժերով ներխուժեց Կիլիկիա՝ այն նվաճելու, սակայն Սև գետի մոտ մարտի 4-ին սուլթանը մահացավ, և արշավանքը տեղի չունեցավ։ Նույն թվականին Լևոն Բ-ն գերեց Եգիպտոսի սուլթանության հետ համագործակցող, Անտիոքի դուքս Բոհեմունդ III-ին, նրան հարկադրեց ճանաչել իր գերակայությունը, ստիպեց հրաժարվել Կիլիկիայի հարավարևելյան հողերի նկատմամբ ունեցած հավակնություններից։ Իսկ պայմանագիրը ամրապնդվեց Բոհեմունդ III-ի գահաժառանգ որդի Ռայմոնդի ու Ռուբեն Գ-ի այրիացած դուստր Ալիսի ամուսնությամբ։ Վերջիններիս որդին պիտի ժառանգեր Անտիոքի գահը։ 1196 թվականին կազմակերպված Խաչակրաց նոր արշավանքի ժամանակ Գերմանիայի կայսր Հենրիխ VI-ը իր ենթականերին հանձնարարեց Լևոն Բ-ի գահակալման հարցը։ Վերջինիս թագը ճանաչեց նաև Բյուզանդիայի կայսր Ալեքսիոս III Անգելոսը։ Այսպիսով, 1198 թվականի հունվարի 6-ին, Տարսոն քաղաքում Լևոն Բ-ն օծվեց ամենայն հայոց թագավոր։
Կիլիկիո իշխանապետության Ռուբինյան գահակալները
խմբագրելԱնուն | Կյանքի ժամանակաշրջան |
Գահակալման սկիզբ |
Գահակալման ավարտ |
Հարստություն | Ծանոթագրություններ | Պատկեր |
---|---|---|---|---|---|---|
Ռուբեն Ա | 1025-1095 | 1080 | 1095 | Ռուբինյաններ | Գագիկ Բ Բագրատունու ազգականը | |
Կոստանդին Ա | անհայտ-1100 | 1095 | 1100 | Ռուբինյաններ | Ռուբեն Ա իշխանի որդին[16] | |
Թորոս Ա | անհայտ-1129 | 1100 | 1129 | Ռուբինյաններ | Կոստանդին Ա Ռուբինյան իշխանի որդին[16] | |
Լևոն Ա | անհայտ-1139 | 1129 | 1137 | Ռուբինյաններ | Կոստանդին Ա Ռուբինյան իշխանի որդին և Թորոս Ա Ռուբինյան իշխանի եղբայրը[17] | |
Թորոս Բ | անհայտ-1169 | 1145 | 1169 | Ռուբինյաններ | Լևոն Ա Ռուբինյան իշխանի երկրորդ որդին[18][19][20] | |
Ռուբեն Բ | անհայտ-1169 | 1169 թթ | Ռուբինյաններ | Թորոս Բ Ռուբինյան իշխանի մանկահասակ որդին[21] | ||
Մլեհ | անհայտ-1175 | 1169 | 1175 | Ռուբինյաններ | Լևոն Ա Ռուբինյան իշխանի չորրորդ որդին, Թորոս Բ Ռուբինյան իշխանի կրտսեր եղբայրը[18], | իշխանության եկավ Կիլիկյան հայկական իշխանապետությունում տեղի ունեցած հերթական հեղաշրջման հետևանքով |
Ռուբեն Գ | 1145-1187 | 1175 | 1187 | Ռուբինյաններ | Լևոն Ա Ռուբինյան իշխանի երրորդ որդու՝ Ստեփանեի որդին, Մլեհ Ռուբինյան իշխանի եղբորորդին[22] | իշխանության եկավ Կիլիկյան հայկական իշխանապետությունում տեղի ունեցած հերթական հեղաշրջման հետևանքով |
Լևոն Բ | 1187-1219 | Ռուբինյաններ | Ռուբեն Գ Ռուբինյան իշխանի կրտսեր եղբայրը[23][24]։ Թագադրվում է որպես Կիլիկիայի Հայոց Արքա։ Դեռևս արքայական թագը չստացած՝ տարիներ շարունակ անվանում էր նաև ինքնակալ[25]։ |
Հեթումյաններ
խմբագրելJump to navigationJump to search
Հեթումյաններ | ||
Հեթումյաններ | ||
Երկիր | Կիլիկիայի Հայկական Թագավորություն | |
Տիրույթներ | Լամբրոն բերդ | |
Տիտղոսներ | ԻշխանՀայոց Թագավոր | |
Հիմնադիր | Օշին | |
Մեծագույն ներկայացուցիչ | Հեթում Ա | |
Վերջին ներկայացուցիչ | Լևոն Ե | |
Հիմնում | 1073 | |
Ավարտ | 1226 | |
Ազգային պատկանելիություն | Հայ | |
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի | |
Հեթումյաններ, հայ իշխանական և թագավորական տոհմ Կիլիկյան Հայաստանում։
Համառոտ պատմություն
խմբագրելԿիլիկյան Հայաստան Հեթումյանները մինչև թագավորական տոհմ լինելը իշխանական տոհմ էին։ Հեթումյաններ իշխանական տոհմի հիմնադիրը՝ Հեթումի որդի Օշին Գանձակեցին, խույս տալով սելջուկյան թուրքերի հալածանքներից, 1073 թվականին իր ազգատոհմով Կիլիկիա է տեղափոխվում Մեծ Հայքի Արցախ նահանգի Մայրյաց ջուրք ավանից (Հյուսիսային Արցախ), հիմք դնելով Հեթումյանների իշխանական տոհմին։ Կիլիկիայում իշխող Աբլղարիբ Արծրունին իր ընկեր Օշինին է նվիրում Տավրոսի լեռներում գտնվող՝ արաբներից գրավված Լամբրոն բերդը (հայկական անառիկ բերդ և քաղաք Լեռնային Կիլիկիայում)։ Օշինը հիմնովին վերակառուցում է անառիկ բերդը և կնության առնում Աբլղարիբ Արծրունու դստերը, որտեղ էլ հաջորդաբար իշխում են նրա իրավահաջորդները, կրելով Լամբրոնի իշխան տիտղոսը։ Հեթումյանների իշխանական տոհմին է պատկանում նաև Պապերոն ամրոցը, որտեղ էլ հաստատվում են Օշին Գանձակեցու երկու եղբայրները՝ Բազունին և Ալգամը, կրելով Պապերոնի իշխան տիտղոսը։
Օշինին հաջորդեց որդին՝ Հեթում Բ-ն իշխանը, որը Լաբրոնը, որպես ժառանգություն, թողեց ավագ որդուն՝ Օշին Բ–ին, իսկ Պատեռոն բերդը կրտսերին՝ Սմբատ Նաթանայելյանին։ Վերջինս դստերը կնության տվեց Հայոց կաթողիկոս Գրիգոր Բ Պահլավունու եղբորը՝ Վասիլին։ Ռուբինյան Մեծ իշխան Թորոս Բ–ի դեմ Բյուզանդիային զինակցող Սմբատը մարտում սպանվեց, իսկ Օշին Բ գերեվարվեց։ Պապեռոնում Սմբատին հաջորդեց որդին՝ Բակուրանը, որը քրոջը՝ Ռիտային, կնության էր տվել Թորոս Բ–ի եղբայր Ստեփանե իշխանին։
Վերջինիս սպանությունից հետո նրա զավակներ Ռուբենը և Լևոնը դաստիարակվեցին Բակուրանի խնամատարմությամբ՝ Պապեռոնում։ Բակուրանին հաջորդեց եղբայրը՝ Վասակ իշխանը։ Օշին Բ ազատվեց Թորոսին 40 հազար ոսկի փրկագին վճարելուց և մանկահասակ որդի Հեթումին պատանդ թողնելուց հետո։ Օշին Բ–ի կրտսեր որդին էր Ներսես Լամբրոնացին, դուստրերը՝ Տալիթան և Շուշանը։ Հեթում Գ իշխանը, ամուսնանալով Թորոս Բ–ի դստեր հետ, ազատվեց պատանդությունից և 1175 թ.–ին հորից ժառանգեց Լաբրոնի իշխանությունը։ 1201 թ.–ին Լևոն Բ թագավորը խնամիանալու պատրվակով Հեթում Գ–ին հրավիրեց Տարսոն, ձերբակալեց նրան և առանց մարտի գրավեց Լաբրոնը։ Հեթում Գ այնուհետև նվիրվեց կրոնավորության՝ կրելով Հեղի նոր անունը։ Պապեռոնի տեր Վասակ իշխանի որդի Կոստանդինը դարձավ Հայոց բանակի սպարապետը, իսկ Լևոն Բ–ի մահից հետո՝ պետության խնամակալը (պայլ)։
1126 թ.–ին Կոստանդինը որդուն՝ Հեթում Ա–ին պսակելով Լևոն Բ–ի գահաժառանգ դուստր Զապելի հետ, նրան հռչակեց Հայոց թագավոր, որը և դարձավ Հեթումյանների արքայատան հիմնադիրը։ Կոստանդինի ավագ որդի Սմբատը նշանակվեց սպարապետ, մյուս որդիներից Լևոնը կարգվեց բանակի սպառազինման և մատակարարման հրամանատար՝ մարաջախտ, Օշինը՝ պայլ և Կոռիկոսիբերդատեր, Բարսեղը՝ Սսի արքեպիսկոպոս և Դրազարկի վանահայր։ Ռուբինյանների և Հեթումյանների տոհմերի արյունակցական միասնությունից ծնվում են իննը զավակ։ Հեթում Ա-ն և Զաբել թագուհին ունեցել են հինգ դուստր` Ֆիմի, Մարիյա, Սիբիլ, Ռիտա, Իզաբել և չորս որդի՝ Լևոն (24.01.1236 – 06.01.1289 թթ), Թորոս (1237 – 24.08.1266 թթ), Ռուբեն, Վասակ։ Պատմությանը հայտնի տվյալներով Վասակը մահանում է մանուկ հասակում՝ չորս տարեկանում։ 1266 թվականին Սև լեռների մոտ՝ Մառի կոչվող վայրում, արքայորդի Թորոսը զոհվում է եգիպտական զորքերի դեմ մղված մարտում, իսկ Լևոնը գերի ընկնում։ 1268 թվականին հաշտություն է կնքվում և արքայազն Լևոնը վերադառնում է արքունիք։ Թորոսի որդի Մէլքունը պապու հորդորով թողնելով արքունիքը, զորախմբով տեղափոխվում է պապերի երկիր՝ Արցախ։
«Սուրբ Ներսես Շնորհալու մեռոնի շիշը և ուրիշ մասունքներ Մէլքունը հանձնել է Խարբերդի Խուլե վանքի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոսին, նա էլ իր հերթին այն թաղել է Սուրբ Գևորգ վանքում» - 1839 թվականին գտնվել է վանքի նորոգման ժամանակ։
Հեթում–Հեղու կրտսեր որդուն՝ Կոստանդին Լաբրոնացուն, շնորհվեց թագադրության գործակալությունը։ Սրա որդու՝ Հեթում իշխանի դուստրերից Կիռ Աննան ամուսնացել էր Հեթում Ա թագավորի գահաժառանգ որդի Լևոնի, իսկ Ալիծը՝ Կիպրոսի թագավորության սենեսկալ Փիլիպպոս Իբլինացու հետ։ Հեթում իշխանի եղբայր Օշինը 1274-1294 թթ.–ին վարել է մարաջախտության գործակությունը։ Մարաջախտի պաշտոնը հաջորդաբար վարեցին նաև Հեթումը (1294-1307 թթ.) և Սմբատը (1307-1314 թթ.)։ Հեթումյանների իշխաններից այնուհետև հիշատակվում են Հեթում Պատմիչը, նրա որդիներ Կոստանդին Սպարապետը և Կոռիկոսի տեր Օշին պայլը, որոնք 1329 թ.–ին սպանվեցին Լևոն Ե թագավորի հրամանով։ Վերջինիս մահից հետո ընդհատվեց Հեթումյանների իշխող տոհմաճյուղը։ Իշխանների խորհրդի որոշմամբ թագավոր հռչակվեց Հեթումյանների հեռավոր ազգական Կոստանդին Դ, որին հաջորդեց հորեղբորորդի Կոստանդին Ե։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Der Nersessian, Sirarpie."The Kingdom of Cilician Armenia." in A History of the Crusades, vol. II. Kenneth M. Setton (ed.) Philadelphia: University of Pennsylvania Press, 1962, pp. 630-631.
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 5, էջ 406
- ↑ Հայոց Պատմություն, հեղինակներ՝ Դանիելյան, Մելքոնյան, էջ՝ 169
- ↑ «King Tigran II - The Great». Hye Etch. Վերցված է 2007 թ․ հունվարի 17-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Ghazarian, Jacob G. (2000). The Armenian Kingdom in Cilicia during the Crusades: The Integration of Cilician Armenians with the Latins (1080-1393). Routledge. էջեր 39–42. ISBN 0700714189.
- ↑ Գր.Միքայելյան, Կիլիկիայի հայկական պետության պատմություն,Երևան, 2007
- ↑ Մ. Ուռհայեցի, Ժամանակագրություն,Երևան, 1973
- ↑ Կ. Մութաֆյան, Կիլիկիան կայսրությունների խաչմերուկում,Երևան, 2001
- ↑ 9,0 9,1 Dédéyan, Gérard (2008). «The Founding and the Coalescence of the Rubenian Principality, 1073-1129». In Hovannisian, Richard G.; Payaslian, Simon (eds.). Armenian Cilicia. UCLA Armenian History and Culture Series 8. United States: Mazda Publishers. էջեր 79–83. ISBN 1-56859-154-3.
- ↑ 10,0 10,1 10,2 Donal Stewart, Angus (2001). The Armenian Kingdom and the Mamluks: War and Diplomacy During the Reigns of Het'um II (1289-1307). Netherlands: Brill Academic Publishers. էջեր 33–34. ISBN 0928-5520.
{{cite book}}
: Check|isbn=
value: length (օգնություն) - ↑ Kurkdjian, Vahan (1958). «Chapter XXV: Magnificence to be soon followed by Calamity». History of Armenia. United States of America: Armenian General Benevolent Union of America. էջ 202.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 Kurkdjian, Vahan (1958). «Chapter XXVII: The Barony of Cilician Armenia». History of Armenia. United States of America: Armenian General Benevolent Union of America. էջեր 213–226.
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 Կուրդողլյան, Միհրան (1996). Պատմութիւն Հայոց, II հատոր. Աթենք: Հրատարակութիւն ազգային ուսումնակաան խորհուրդի. էջեր 33–36.
- ↑ Ghazarian, Jacob G. (2000). The Armenian Kingdom in Cilicia during the Crusades: The Integration of Cilician Armenians with the Latins (1080-1393). Routledge. էջեր 118–120. ISBN 0700714189.
- ↑ Հայոց Պատմություն, հեղինակներ՝ Դանիելյան, Մելքոնյան, էջ՝ 170
- ↑ 16,0 16,1 Հայոց պատմություն, հատոր 2-րդ, գիրք 2-րդ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, Երևան, 2014, էջ 333
- ↑ Հայ ժողովրդի պատմություն, հատոր 3-րդ, ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտ, Երևան, 1976, էջ 679
- ↑ 18,0 18,1 Հայոց պատմություն, հատոր 2-րդ, գիրք 2-րդ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, Երևան, 2014, էջ 337-340
- ↑ Հայ ժողովրդի պատմություն, հատոր 3-րդ, ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտ, Երևան, 1976, էջ 681-683
- ↑ Հայաստանի Ազգային Ատլաս, հատոր Բ, ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, Երևան, 2008, էջ 221
- ↑ Հայոց պատմություն, հատոր 2-րդ, գիրք 2-րդ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, Երևան, 2014, էջ 340
- ↑ Հայոց պատմություն, հատոր 2-րդ, գիրք 2-րդ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, Երևան, 2014, էջ 340-341
- ↑ Սմբատ Սպարապետ, Տարեգիրք, Փարիզ, 1859, էջ 104-105
- ↑ Հայոց պատմություն, հատոր 2-րդ, գիրք 2-րդ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, Երևան, 2014, էջ 342
- ↑ Տեառն Ներսէսի Լամբրոնացւոյ Տարսոնի եպիսկոպոսի Ատենաբանոթիւն և թուղթ և ճառք, Ընտիր Մատենագիքր. Գրիգորի Կաթողիկոսի Տղայ, Ներսէս Լամբրոնացի, Վենետիկ, 1865, էջ 207
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 405)։ |