Եդեսիայի կոմսություն
Եդեսիայի կոմսություն (լատին․՝ Comitatus Edessanus), միջնադարյան պետություն հյուսիսային Միջագետքում և Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում 1098-1150 թվականներին։ Հիմնադրել է Բալդուին Բուլյոնցին 1098 թվականին՝ խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ։ Երկիրը կառավարել են ֆրանսիական ծագում ունեցող Բուլյոնցի և դը Կուրտենե ազնվական ընտանիքները։ Տարածքը կազմել է առավելագույնը 35 000 քառ. կմ՝ Ժոսլին I կոմսի օրոք (1118-1131)։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
| ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Եդեսիա (1098-1144 և 1146 թվականներ) Տուրբեսել (1144-1146 և 1146-1150 թվականներ) | |||
Լեզու | Լատիներեն, ֆրանսերեն, հայերեն, հունարեն, իտալերեն, արաբերեն | |||
Կրոն | Քրիստոնեություն, հայ Առաքելական Եկեղեցի, իսլամ | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Պետության գլուխ | Կոմս | |||
Պատմություն | ||||
- 1098 | Կազմավորում | |||
- 1144 | Մայրաքաղաք Եդեսիայի անկումը | |||
- 1150 | Կոմսության անկումը |
Առաջին շրջանում մայրաքաղաքն էր հայաշատ Եդեսիա քաղաքը, որն ուներ 10 000 բնակիչ։ 1144 թվականին Զանգիների ամիրայության հիմնադիր Իմադ ալ-Դինը գրավում է Եդեսիան, որից հետո մայրաքաղաքը տեղափոխվում է Տուրբեսել։ Հզորության շրջանում, երբ անկում էր ապրում Սելջուկյան սուլթանությունը, ներառել է հարևան և հեռավոր հայկական տարբեր գավառներ՝ հասնելով մինչև Կիլիկիա և Անտիոք։ 1116-1117 թվականներին Քեսունի իշխանությունից գրավվեցին բազմաթիվ բերդեր, աքսորվեցին Պիրից իշխան Ապլղարիբ Պահլավունին, Գուրիսի իշխան Բագրատ Կամսարականը։
Եդեսիայի անկումից հետո, որին նվիրված է Ներսես Շնորհալու «Ողբ Եդեսիոյ» պոեմը, իշխանությունը ձևականորեն շարունակում է գոյություն ունենալ։ Նոր կենտրոն է դառնում Տուրբեսելի բերդը։ Միաժամանակ կոմսության տիրույթների մի մասն անցնում է Բյուզանդական կայսրությանը։ 1150 թվականից պետությունը մտնում է Զանգիների ամիրայության կազմի մեջ։
Եդեսիայի կոմսությունը առաջին խաչակրաց պետությունն էր, որը հիմնադրվել էր առաջին խաչակրաց արշավանքի ընթացքում։ Այն թեև կոչվում էր իշխանություն, սակայն վասալական կախման մեջ չէր գտնվում որևէ թագավորությունից կամ կայսրութունից։ Նրա բնակչության հիմնական մասը կազմել էին քրիստոնեադավան հայերը, ասորիները և հույները։ Բնակչության այս կազմը շարունակում էր մնալ այսպիսին մինչև Առաջին համաշխարհային պատերազմը, որի ընթացքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը։ Եդեսիայից ոչ հեռու հիմնադրված Ուռհա կամ Ուրֆա (Շանլիուրֆա) քաղաքը այժմ բնակեցված է գերազանցապես իսլամադավան քրդերով ու թուրքերով։
Հիմնադրում
խմբագրել1098 թվականին Բալդուին Բուլյոնցին, հետևելով Թանկրեդ Տարենտացուն, ով շարժվել էր դեպի հարավ՝ Անտիոք և Երուսաղեմ, առանձնացավ խաչակիրների բանակից, անցավ Կիլիկիա, իսկ այդտեղից ուղղվեց դեպի Եդեսիա։ Մինչև Եփրատ գետի հատվածում Բալդուինի խաչակիրների հայտնվելը, այդտեղ կար Եդեսիայի հայկական իշխանությունը, որի տնտեսության գլխավոր ճյուղը տարանցիկ առևտուրն էր։ Գիյոմ Տյուրոսցին գրում է, որ քաղաքում ապրում էին երկու ազգերի՝ հայերի և «քաղդեացիների» առևտրային գույքի ներկայացուցիչները[1]։
11-րդ դարի ողջ 90-ական թվականները եղել են առավել դժվար Եդեսիայի իշխանության համար, որը դարձել էր ռազմական օբյեկտ Անտիոքի, Հալեպի, Սամոսատի և Հիսանկեյֆի տիրակալների համար։ Ներքաղաքական անկայուն դրությունը, ինչպես նաև ուժեղ բանակի բացակայությունը ստիպեց քաղաքի իշխաններին հզոր հովանավոր փնտրել[2]։ Հայ բնակչությունը սկզբնապես խաչակրաց արշավանքի մասնակիցներին համարել էր, եթե ոչ ազատարարների, այլ դաշնակիցների, ովքեր կարող են դիմակայել սելջուկներին[2]։ Հենց այս պատճառով էլ, Բալդուին Ֆլանդրացու, 200 ասպետների հետ Եփրատ գետի ավազանում հայտնվելիս, Եդեսիայի Թորոս իշխանը, տասներկու իշխանների ճնշման ներքո հրավիրում է նրան և որդեգրում, այդպիսով համաձայնելով կիսել քաղաքի կառավարումը և եկամուտները[3]։ Միջնադարյան ժամանակագիրը նշել է, որ ասպետը տեղափողվեց դեպի Եփրատ, «ստանալով հրավեր Հայաստանից, որտեղ նա տիրում էր Թելբաշիրին ու Ռավենդանին, և իրեն ենթարկեց այդ ողջ երկիրը»[2]։
Որոշ ժամանակ անց, 1098 թվականի մարտին, տասներկու իշխանների խորհուրդը, Թորոս իշխանի հոգեզավակի՝ Բալդուին Երուսաղեմցու օգնությամբ կատարում է հեղաշրջում[4]։ Թորոսն ամրացավ քաղաքի միջնաբերդում և խոստացավ հանձնել այն, եթե երաշխավորեն իր անվտանգ ելքը դեպի Մալաթիա, որի կառավարիչ Գաբրիելը իր ազգականն էր։ Բալդուին I Երուսաղեմցին, սուրբ մասունքների վրա երդվելով, խոստացավ նրան ազատ արձակել և խնայել կյանքը։ Թորոսը, հավատալով խոստումներին, բացեց ամրոցի դարպասները, որից հետո մահապատժի ենթարկվեց։ Այդպիսով, հեղաշրջումից հետո տեղի ունեցավ «հայկական պետության վերափոխումը ֆրանս-հայկականի», որի գլուխը Բալդուինն էր[2]։ Այսպես ստեղծվեց Խաչակրաց առաջին պետությունը՝ Եդեսիայի կոմսությունը։
1100 թվականին եղբոր՝ Գոթֆրուա Բուլյոնցու մահից հետո, Բալդուինը ժառանգեց Երուսաղեմի թագավորության գահը, իսկ նրա նախքին տիրույթները անցան նրա ազգական եղբայր Բալդուին դը Բուրին։ Նրան է միանում նաև Ժոսլեն դը Կուրտենեն, ում պատկանում էր Եփրատի ափին գտնվող Տուրբեսել քաղաքը։
Եդեսիայի քրիստոնյա կառավարիչները սերտ կապերի մեջ էին իրենց մոտ հարևան Կիլիկյան թագավորության հետ, և այդ միության ամրապնդման համար հաճախ նրանք ամուսնանում էին հայ արքայադուստրերի հետ։ Այսպես, Բալդուին I-ը, ում կին Գուտուերան մահացել էր 1097 թվականին Մարաշում, ամուսնանում է Արդայի՝ Կիլիկիայի Ռուբինյան իշխան Կոստանդին Ա-ի թոռան հետ։ Բալդուին դը Բուրը ամուսնացավ Մորֆիայի՝ Մալաթիայի իշխանուհու հետ, իսկ Ժոսլեն դը Կուրտենեն՝ Կոստանդինի դուստր Բեատրիսի հետ։
Պատմություն
խմբագրելԲալդուին II անվան ներքո անցնելով Եդեսիայի գահին՝ Բալդուին դը Բուրը ներգրավվեց հակամարտությունների մեջ Հյուսիսային Սիրիայում և Փոքր Ասիայում։ 1103 թվականին նա օգնեց Բոհեմունդ I-ին՝ Անտիոքի դքսին, փրկագնով ազատվել, ում գերի էր վերցրել Դանեշմանդի ամիրան, իսկ դրանից հետո, երբ 1104 թվականին Եդեսիան հարձակման ենթարկվեց Մոսուլի զորքերի կողմից, Հառանի ճակատամարտում Բալդուինը և Ժոսլենը գերի ընկան սելջուկներին։ 1104-1108 թվականներին Եդեսիայի կոմսությունը միացված է եղել Անտիոքի դքսությանը։ Այդ ժամանակ էլ կոմսության տարածքից անջատվեցին Մարաշը և Դուլուկը[5]։ Մինչև 1108 թվականին գերիների ազատումը, գահի խնամակալն էր Բոհեմունդի եղբայր Թանկրեդ Տարենտացին։ Ազատվելով՝ Բալդուինը ստիպված եղավ ուժով ետ բերել իր օրինական տիրույթները, որի արդյունքում Թանկրեդը հեռացվեց Եդեսիայից, չնայած դրա համար Բալդուինը ստիպված էր ժամանակավորապես միավորվել որոշ տեղական մուսուլման կառավարիչների հետ։
1100 թվականին Եփրատից արևելք ընկած բոլոր տարածքները նվաճվեցին Մոսուլի աթաբեկ Մահմուդի կողմից։ Եվ չնայած նրան, որ Եդեսիան և մնացած լավ ամրացված քաղաքները դիմակայեցին մուսուլմանների գրոհներին, սակայն կոմսության տարածքը «ավերվեց և ամայացավ»[6]։
1116-1117 թվականներին հայ իշխանների տարածքների նվաճման հաշվին կոմսության տարածքը զգալիորեն ընդարձակվեց։ Վասիլ Տղայից գրավվեց Ռաբանը, Քեսուն ի բերդը, Հռոմկլան, Բեհեսնին, և հնարավոր է, Հիսն Մանսուրը։ Պիրից աքսորվեց իշխան Ապլղարիբ Պահլավունին, ում տիրույթները բռնակցվեցին կոմսությանը։ Աքսորի ենթարկվեց նաև Փոքր Ասիայում խաչակիրների ուղեվար և օգնական, Գուրիսի իշխան Բագրատ Կամսարականը[5]։
1118 թվականին Բալդուին I-ի մահից հետո Բալդուին II-ը հռչակվեց Երուսաղեմի թագավոր, չնայած նրան, որ ամենամոտ ազգականը, ում վերապահված էր գահի ժառանգությունը, Բալդուինի եղբայր Էստաշ III Բուլյոնցին էր։ 1119 թվականին կոմսի տիտղոսը հանձնվեց Ժոսլեն դը Կուրտենեին։ 1122 թվականին Ժոսլենը կրկին գերի ընկավ մուսուլմանների ձեռքը։ Որպեսզի ապահովի Եդեսիայի անվտանգությունը, Բալդուինը ուղևորվեց դեպի հյուսիս, բայց նա նույնպես գերի ընկավ կոմսության սահմանը հատելիս։ Երկուսն էլ, սակայն շուտով ազատվեցին. Ժոսլենը՝ 1123 թվականին, իսկ Բալդուինը՝ մեկ տարի ուշ։
Հովհաննես II Կոմնենոս
խմբագրել1137 թվականին Անտիոքի պարիսպներին մոտեցան բյուզանդական կայսր Հովհաննես II Կոմնենոսի զորքերը։ Նա որոշել էր Ռայմունդից ստանալ 1108 թվականի Սատանայի պայմանագրի հաստատումը, որի համաձայն քաղաքը դարձավ կայերական ավատ, իսկ իշխանը խոստացավ ռազմական օգնություն ցուցաբերել և ենթարկվել տեղի Կոստանդնուպոլսի եկեղեցուն[7]:
Բյուզանդացիներին հեշտությամբ հաջողվեց կոտրել դիմադրությունը, և քաղաքը բացեց իր դարպասները։ Բասիլևսին հավատարմության երդում տվեցին, Անտիոքում հայտնվեց ուղղափառ պատրիարք, իսկ քաղաքի միջնաբերդի վրա կախվեց կայսերական դրոշը։ Փոխարենը Հովհաննեսը խոստացավ Ռայմունդին վերադարձնել իսլամադավաններին կողմից գրավված շրջակա քաղաքները[8]։
1138 թվականի մարտի վերջին Հովհաննեսը արշավանքի ելավ խաչակիրների գլխավոր հակառակորդի՝ Մոսուլի ամիրա Իմադ ալ-Դին Զանգիի դեմ։ Կայսրին միացան նաև Ռայմունդը և Եդեսիայի կոմս Ժոսլեն II-ը, ինչպես նաև տաճարականների զորախումբը[9]։ Ապրիլի 8-ին գրավվեց Պիզա քաղաքը, ապրիլի 20-ին սկսվեց Սեզերա քաղաքի պաշարումը, որտեղ դիմադրություն ցույց տվեց միայն միջնաբերդը։ Զանգին սկսեց կեղծ լուրեր տարածել Իրանի, Իրաքի և Անատոլիայի իսլամադավան կառավարիչների բանակների մոտեցման մասին՝ խուսափելով բաց ընդհարումներից։ Այդ իսկ պատճառով հռոմեացիները սկսեցին արագ նրա հետ հաշտություն կնքել, որով նրանք դրամական փոխհատուցում ստացան, իսկ նվաճված քաղաքները հանձնվեցին քրիստոնյա կառավարիչներին[10]։
Հաշտության կնքումից հետո, 1138 թվականին Հովհաննեսը հաղթական մուտք գործեց Անտիոք, որից հետո բարոնների ժողով կազմակերպեց։ Այդ ժողովում նա հայտարարեց այն մասին, որ ռազմական գործողությունները ավարտված չեն, և դրանց հաջողությամբ կատարման համար քաղաքը պետք է հանձնել Բյուզանդիայի կառվարմանը։ Ժոսլենը լատինացիների մեջ խոսակցություն տարածեց, իբր Հովհաննեսը պատվիրել է նրանց աքսորել Անտիոքից, այնտեղ թողնելով միայն հույն բնակչությանը։ Համազգային զայրույթը անակնկալի բերեց բասիլևսին, և նա բավարարվեց միայն Եդեսիայի կոմսության և Անտիոքի դքսության տված հավատարմության երդումով[11]։
Կոմսության անկումը
խմբագրել1131 թվականին Ժոսլեն դը Կուրտենեն ընկավ մարտի դաշտում։ Նրան հաջորդեց որդին՝ Ժոսլեն II-ը։ Այդ ժամանակ Իմադ ալ-Դին Զանգիի կողմից սպառնալիք էր կախված կոմսության գլխին, ով իր տիրապետության ներքո միավորել էր Հալեպը և Մոսուլը։ Ժոսլեն II-ը բավականաչափ ուշադրություն չհատկացրեց կոմսության սահմանների ապահովությանը, քանի որ խիստ զբաղված էր Տրիպոլիի հետ վեճերով, այդ պատճառով էլ, հարկ եղած դեպքում հարևաններից օգնություն չստացավ։ 1144 թվականին Զանգին շրջապատեց Եդեսիան։ Եդեսիայի պաշարումը ընդամենը մեկ ամիս տևեց, և նույն թվականի դեկտեմբերի 24-ին քաղաքն ընկավ։ Ժոսլենը շարունակեց պաշտոնապես մնալ որպես Եդեսիայի կոմս, և անգամ կառավարում էր կոմսության մնացորդները և Տուրբեսել քաղաքը։ 1146 թվականին ստրուկի ձեռքով Զանգիի մահվանից հետո նա փորձեց վերադարձնել իր կորցրած տարածքները, սակայն, պարտություն կրելով Նուր ալ-Դին Մահմուդից, հազիվ փրկվեց գերեվարումից։ 1150 թվականին նա, միևնույն է, գերի ընկավ մուսուլմաններին և պահվեց Հալեպում մինչև իր մահը (1159)։ Նրա կինը վաճառեց Տուրբեսել քաղաքը և հարակից հողերը Բյուզանդիայի կայսր Մանուիլ Կոմնենսոսին, սակայն մեկ տարի անց դրանք գրավվեցին Նուր ադ-Դինի կողմից։
Աշխարհագրությունը և բնակչությունը
խմբագրելԻր չափսերով կոմսությունը գերազանցում էր խաչակիրների, Մերձավոր Արևելքի մյուս նվաճումներին, բայց, նույն պահին, բոլորից քիչ էր բնակեցված և ելք չուներ դեպի ծով։ Միայն քաղաքի բնակչությունը չէր գերազանցում 10 000-ը, սակայն մնացած տարածքներում գոյություն չունեին այլ բնակավայրեր, բացի արոցներից։
Իր լավագույն ժամանակաշրջանում Եդեսիայի կոմսության տարածքը ձգվում էր արևմուտքում Անտիոքի և Կիլիկիայի սահմաններից մինչև Եփրատը արևելքում։ Հարավում կոմսությունը սահմանակից էր հզոր մուսուլմանական պետություններ Հալեպին ու Մոսուլին, իսկ հյուսիսում սահմանը հասնում էր Արածանի գետ։
Կոմսության բնակչությունը կազմված էր միաբնակ-քրիստոնյա ասորիներից և հայերից, ինչպես նաև նրա տարածքում բնակվում էին փոքրաթիվ մուսուլմաններ և ուղղափառ հույներ։
Ենթակա տարածքներ
խմբագրելՏուրբեսելի (Թել Բաշիր) իշխանություն
խմբագրելՏուրբեսելի իշխանությունը Եդեսիայի կոմսության առաջին ավատներից էր։ Թել Բաշիր քաղաքը գրավվել է Եդեսիայի առաջին կոմսի կողմից, Եդեսիայի գրավումից քիչ ավելի առաջ, 1098 թվականի վերջին և հանձնվել է վասալային կառավարման տեղական ավատատերերից մեկին, Ֆեր անունով։ Ժոսլեն դը Կուրտենեն, մինչ Եդեսիայի կոմս դառնալը, եղել է Տուրբեսելի իշխան, կառավարելով Եփրատից արևմուտք ընկած տարածքները։ Եդեսիայի կորստից հետո Ժոսլեն II-ը վերադարձավ Տուրբեսել ամրոց, որը ավելի վաղ պատկանել էր իր հորը, իսկ նրա մահից հետո քաղաքը վաճառվել է Բյուզանդիային, ապա նվաճվել մուսուլմանների կողմից։ Վաճառելով Տուրբեսելը՝ Ժոսլեն II-ի կինը մեկնում է Երուսաղեմի թագավորություն և բնակություն հաստատում Աքքա քաղաքի շրջակայքում։
Այլ ավատներ
խմբագրելԱվատի անվանումը | Առաջացման տարեթիվը | Հայտնի ավատատերերը և նրանց կառավարման տարեթվերը |
---|---|---|
Այնթապ | 1103 |
|
Բեհեսնի | ||
Գուրիս | 1103 |
|
Դուլուկ | 1102 | |
Քեսուն | ||
Մարաշ | 1104 | |
Պիր | ||
Ռաբան | ||
Ռավենդան | 1098 |
|
Սերուջ | 1100 |
Եդեսիայի կառավարիչներ
խմբագրելԿառավարման տարիներ | Անուն |
---|---|
1098-1100 | Բալդուին I |
1100-1118 | Բալդուին II |
1104-1108 | Թանկրեդ դ'Օտվիլ (Ռիչարդ Սալերնացու հետ համատեղ խնամակալություն) |
1118-1131 | Ժոսլեն I |
1131-1150 | Ժոսլեն II |
1159-1200 | Ժոսլեն III (Եդեսիայի կոմսի տիտղոսը պաշտոնապես ստացել է 1159 թվականից)[12]. |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Քաղվածք.«խաղաղասեր ազգեր քաղդեացիները և հայերը, ովքեր ոչինչ չէին հասկանում ռազմական գործից և բացառապես նվիրված էին առևտրին»
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Վ. Պ. Ստեպանենկո // «Տասներկու իշխանների խորհուրդը» և Բոդուեն Ֆլանդրիացի։ Եդեսիայի հեղաշրջման փաստերով (մարտ 1098 թ.)// Հնագույն աշխարհ և միջին դարեր։ Հասարակական զարգացման խնդիրներ։ - Սվերդլովսկ, 1985։ - 82-92 էջեր [1] Արխիվացված 2012-01-11 Wayback Machine արխիվ Արխիվացված 2015-09-24 Wayback Machine
- ↑ Վ. Պ. Ստեպանենկո // Փիլարտոս Վարաժնունու պետությունը //Հնագույն դարեր և միջին դարեր։ - Սվերդլովսկ, 1975։ - Թող. 12: - էջեր 86-103 [https://web.archive.org/web/20120409150543/http://elar.usu.ru/bitstream/1234.56789/2278/1/adsv-12-08.pdf Արխիվացված 2012-04-09 Wayback Machine]արխիվ Արխիվացված 2012-10-12 Wayback Machine
- ↑ Մ. Ա. Զաբորով // Խաչակրաց արշավանքների հայտնի արևելքի ժամանակակիցների նշանակության մասին հարցին ի պատասխան
- ↑ 5,0 5,1 Վ. Պ. Ստեպանենկո Կիլիկիայի Ռուբինյանները և Եդեսիայի կոմսերը 12-րդ դարի առաջին կեսին. (Եդեսիայի կոմսության կառուցվածքը)] // Հնագույն դարեր և միջին դարեր. Բյուզանդիան և սահմանակից աշխարհը։ Սվերդլովսկ, 1990, էջեր 151-159 [2](չաշխատող հղում) արխիվ Արխիվացված 2012-10-12 Wayback Machine
- ↑ Մատթեոս Եդեսացի։ Ժամանակագրություն
- ↑ Ֆ. Ի. Սկազկի, Բյուզանդիայի պատմություն։ Հատոր 2։ Գլուխ 13։ Կայսրության ներքաղաքական դրությունը 12-րդ դարի առաջին կեսին։
- ↑ Ա. Ա. Վասիլև, Բյուզանդական կայսրության պատմություն։ Հատոր 2։ Գլուխ 1. Բյուզանդիան և խաչակիրները։ Ներքին քաղաքականությունը Հովհաննես II-ի օրոք։
- ↑ Յոհան Կիննամ //Հովհաննես և Մանուել Կոմնենոսների գահակալման կրճատ նկարագրություն Գիրք 1
- ↑ Ֆ. Ի. Ուսպենսկի, Բյուզանդական կայսրության պատմություն։ Բաժին VI: Կոմնենոսներ։ Գլուխ X: Արևելյան գործեր, 2005։
- ↑ Դ. Նորվիչ //Բյուզանդիայի պատմություն - էջեր 382-383
- ↑ Էրլիխման Վ.Վ.. // Աշխարհի կառավարիչներ
Գրականություն
խմբագրել- Մատթեոս Եդեսացի։ Խաչակիրների հաստատումը Եդեսիայում
- Միխաիլ Սիրիացի։ Ժամանակագրություն
- Ալբերդ Աախենացի։ Խաչակիրների հաստատումը Եդեսիայում
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |