Նեստորականություն, քրիստոնեական ուսմունք, որը դատապարտվել է որպես հերետիկոսական 431 թ. Եփեսոսի ժողովում։ Ուսմունքը ստացել է իր անունը 428 - 431 թթ. Կ.Պոլսի պատրիարք Նեստորից։ Ուսմունքը, որը դավանում էր Նեստորը հանդիսանում էր նաև Անտիոքի աստվածաբանական դպրոցի դավանանքը, զարգացվել է 4-րդ դարի աստվածաբաններ Դիոդորոս Տարսեցու և Թեոդորոս Մոպսուեստացու աշխատություններում։

Նեստորիական հոգևորականների պատկերը

Ուսմունքը

խմբագրել

Նեստորականությունը ճանաչում է Քրիստոսի մեջ երկու բնություն և երկու դեմք։ Քրիստոսի մի գործողությունները (Մարիամից ծնվելը, չարչարվելը, խաչի վրա մահը) նեստորականությունը վերագրում է նրա մարդկային, իսկ ուրիշները (հրաշքներ գործելը, գերբնական գործողությունները)՝ նրա աստվածային դեմքին։

Քանի որ ըստ նեստորականության Մարիամից ծնունդը վերաբերվում է միայն Քրիստոսի մարդկային դեմքին, բայց ոչ նրա աստվածությանը, Մարիամի նկատմամբ «Աստվածածին» եզրը մերժվում է։ Նեստորականությունն ընդգծում է մարդկանց փրկության համար Քրիստոսի ամբողջ կյանքի, այլ ոչ թե միայն նրա մահվան և հարության կարևորությունը, թեև ընդունում է դրանց կուլմինացիոն նշանակությունը։ Հատկապես շեշտվում է Քրիստոսի՝ որպես մարդու սխրանքների կարևորությունը։

Նեստորականության ճակատագիրը

խմբագրել

Նեստորի ուսումունքը դիմադրության է հանդիպել քրիստոնյա եկեղեցում։ Դրա դեմ պայքարը գլխավորել է Կյուրեղ Ալեքսանդրացին։ 431-ի Եփեսոսի Գ տիեզերական ժողովը նզովել է Նեստորին և նրա հետևորդներին։ Աթոռազրկված Նեստորին Եփեսոսի ժողովից հետո թույլատրվել է վերադառնալ Անտիոքին մոտ գտնվող մի վանք, իսկ 435-ին նա աքսորվել է Եգիպտոս։ Հայտնի է, որ բյուզանդական Մարկիանոս կայսրը հրավիրել է նրան մասնակցելու Քաղկեդոնի ժողովին, սակայն ճանապարհին մահացել է։

Եփեսոսի ժողովից անմիջապես հետո Կյուրեղ Ալեքսանդրացին ձեռնամուխ է եղել Նեստորի նախորդների քրիստոսաբանական հայացքների քննադատությանը և վերլուծմանը։ Եփեսոսի ժողովից հետո Նեստորի համախոհ մի շարք եպիսկոպոսներ հիմնել են առանձին Նեստորական եկեղեցի, որի կենտրոնը Պարսկաստանում էր։ Նեստորականները Եդեսիայում հիմնել են իրենց նշանավոր աստվածաբանական դպրոցը։ Սակայն հականեստորական տրամադրությունների սրման պատճառով նրանք Եդեսիայից (դպրոցը փակվել է 489-ին՝ բյուզանդական Զենոն կայսրի հրամանով) տեղափոխվել են Պարսկաստան։

499-ի Սելևկիայի ժողովում նեստորականությունը հռչակվել է Պարսկաստանի քրիստոնյաների պաշտոն. դավանանք։ Մծբինը դարձել է նեստորական մշակույթի կարևորագույն կենտրոնը. այնտեղ հիմնված աստվածաբանական դպրոցը փոխարինել է Եդեսիայի դպրոցին։ Նեստորականները բավականին մեծ քարոզչական գործունեություն են ծավալել ամբողջ Արևելքում. նեստորականությունը տարածվել է Արաբիայում, Միջին Ասիայում՝ հասնելով մինչև Հնդկաստան և անգամ՝ Չինաստան։

Արաբական տիրապետության շրջանում նեստորականությունը մեծ ծաղկում է ապրել։ XIII դ. նեստորական պատրիարքության ենթակայության տակ կար 25 մետրոպոլիտություն և 150 եպիսկոպոսական թեմ։ Այս ժամանակներից էլ սկսվել է նեստորականության անկումը։

Մոնղոլական արշավանքները կործանարար են դարձել ոչ միայն խալիֆայության, այլև Նեստորական եկեղեցու համար. մազապուրծ եղած նեստորականները քաշվել են Քրդստանի անմատույց լեռները։ XVI դ. սկզբից բնակություն են հաստատել Ասորիքում և Միջագետքում՝ ընդունելով թուրք. հպատակություն, ինչը խիստ անբարենպաստ է եղել նրանց համար, և նրանք հովանավորություն են փնտրել Արևմուտքում։ Նեստորականների մի մասը միացել է Հռոմի եկեղեցուն (քաղդեացիներ), մի փոքր մաս էլ՝ 1898-ին Ռուս ուղղափառ եկեղեցուն։

Նեստորականները (կոչվում են ասորիներ) ներկայումս ապրում են հիմնականում Իրաքում, Իրանում և Սիրիայում։ Նրանց թիվը կազմում է շուրջ 175 հազար (ներառյալ ԱՄՆ գաղթածները)։ Հոգևոր կենտրոնը Իրաքում է, առաջնորդն է պատրիարքը (կոչվում է Անտիոքի պատրիարք)։ Նեստորական եկեղեցին հորջորջվում է նաև Արևելքի եկեղեցի կամ Պարսից եկեղեցի։ 1984-ին նեստորական պատրիարքը և Հռոմի պապը ստորագրել են մի դավան. համաձայնագիր, որով նեստորականները պաշտոնապես հաղորդության մեջ են մտել Հռոմի եկեղեցու հետ։

Հայ եկեղեցին և նեստորականության դեմ պայքարը

խմբագրել

Հայ եկեղեցին անմասն չի մնացել հականեստորական պայքարից, որի վկայություններից է Սահակ Ա Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի թղթակցությունը (պահպանվել է «Գիրք թղթոցում») Կ. Պոլսի Պրոկղ պատրիարքի հետ։ Նեստորականությունը Հայ եկեղեցին դատապարտել է Դվինի 506 և 554 թվականների ժողովներում։ Նեստորականության դեմ պայքարը Հայ եկեղեցու ուշադրության կենտրոնում է եղել մինչև VII դ. սկիզբը։ Պարսկաստանում նեստորականության դիրքերի թուլացումով հականեստորական պայքարը կորցրել է իր կարևորությունը Հայ եկեղեցու համար, սակայն շարունակել է մնալ հայ հակաճառ. գրականության գլխավոր թեմաներից մեկը՝ երբեմն նույնացվելով քաղկեդոնականության հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո:  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 239