Գիրք, ձեռագիր, տպագիր կամ այլ կրիչի վրա գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական, գիտական կամ այլ բովանդակությամբ ստեղծագործություն։ Գիրքը և՛ դյուրակիր նյութական առարկա է, և՛ աննյութեղենի կամ մտավորի մարմնավորումը, որի նյութական արտահայտությունը գրավոր նշաններն են, ибацца տողերը կամ էլ երկչափ զանազան միջոցներ։

Գիրք
Տեսակtype of mass media? և type of publication?
Կազմված էտեքստ, էջեր, գլուխ
ՎիքիքաղվածքԳիրք
 Books Վիքիպահեստում
Գրքեր

Գիրքը՝ որպես նյութական առարկա, ուղղանկյուն էջերի (պատրաստված պապիրուսից, մագաղաթից, մոմաթղթից կամ թղթից) ամբողջություն է՝ ամրացված, կարված կամ այլ եղանակով միացրած, իսկ հետո կապված ավելի ամուր, հարաբերականորեն ոչ այնքան ճկուն պաշտպանիչ շերտի ճկուն կռնակին[1]։ Այս բոլոր գործողությունների համար կա հատուկ տերմին՝ ձեռագիրը։ Ձեռագիր գրավոր ստեղծագործությունների կամ հիշատակարանների ձևավորման պատմության մեջ ձեռագիրը անմիջականորեն հաջորդում է մագաղաթին։ Ձեռագրի եզակի միավորը կոչվում է թերթ, իսկ թերթի յուրաքանչյուր կողմը՝ էջ։

Ի սկզբանե գիրքն ընկալվել է որպես մտավոր գործունեության արդյունք, մեծածավալ երկ, որի ստեղծումը պահանջում է ժամանակի զգալի ներդրում և նույնքան էլ (թեպետ ոչ այնքան մեծ) ժամանակ ընթերցելու համար։ Գիրքն այս առումով ընկալելի է նեղ և լայն իմաստներով. նեղ իմաստով գիրքը մեծածավալ ստեղծագործության լիարժեք բաժինը կամ մասն է. այս իմաստով այն կիրառվել է անտիկ ժամանակներում, երբ երկար երկերը պետք է գրվեին մի քանի մագաղաթների վրա, իսկ յուրաքանչյուր մագաղաթ պետք է նույնականացվեր այն գրքի հետ, որի մասն է այն կազմում։ Այսպես, օրինակ, Արիստոտելի «Ֆիզիկան», ինչպես Աստվածաշունչը, բաղկացած է մի քանի տարբեր գրքերից։ Լայն իմաստով գիրքը ստեղծագործական ամբողջությունն է այնպիսի մասերի, որոնք կոչվում են գրքեր, գլուխներ,և դիտվում են որպես ընդհանուրի բաղկացուցիչ մասեր։

Նյութեղեն գրքի մտավոր բաղադրիչը, սակայն, չի ենթադրում, որ գիրքը պարտադիր գրավոր ստեղծագործություն պիտի պարունակի գիրք համարվելու համար։ Այն կարող է ներառել նկարներ, փորագրանկարներ կամ լուսանկարներ, կամ էլ խաչբառեր ու նկարազարդման այլ տարրեր։ Գիրքը՝ որպես նյութական առարկա, կարող է պարունակել դատարկ էջեր, տողեր նշումներ կատարելու համար, կարող է լինել օրագիր, հաշվառման գիրք, ինքնագրերի գիրք, նշումների գիրք։ Մի շարք գրքեր պատրաստվում են բավականին հաստ և ամրակազմ էջերով, որպեսզի չպատռվեն. այդպիսի էջեր կարող է ունենալ լուսանկարների ալբոմը։ Գրքերը կարող են ներկայացվել էլեկտրոնային տարբերակով (e-book) և այլ ֆորմատներով։

Ակադեմիական ընկալումների համաձայն՝ մենագրությունը մասնագետի ակադեմիական աշխատանքն է, այլ ոչ թե տեղեկատու աշխատանք որևէ գիտական թեմայի շուրջ, թեպետ գրադարանագիտության մեջ և ինֆորմատիկայում մենագրություն նշանակում է ոչ պարբերական հրատարակություն՝ ավարտված մեկ գրքով կամ ավարտուն թվաքանակի գրքերով (անգամ Պրուստի՝ յոթ գրքից բաղկացած «Կորուսյալ ժամանակի որոնումներում» շարքը)՝ ի հակադրություն պարբերական հրատարակությունների, ինչպիսիք են ամսագիրը, հանդեսը կամ թերթը։ Անհագ ընթերցողին կամ գրքերի կոլեկցիոներին ասում են գրքասեր կամ գրքամոլ։ Խանութը, որտեղից գնում են գրքեր, կոչվում է գրախանութ կամ գրատուն, թեպետ գրքերը վաճառվում են նաև զանազան այլ վայրերում։ Գրքեր կարելի է վերցնել նաև գրադարաններից։ Գուգլի տվյալների համաձայն՝ 2010 թվականի դրությամբ տարբեր վերնագրերով մոտ 130,000,000 գրքեր են հրատարակվել[2]։ Առավել զարգացած երկրներում էլեկտրոնային գրքերի լայն կիրառության արդյունքում տպագիր գրքերի վաճառքը նվազել է՝ չնայած էլեկտրոնային գրքերի[3] վաճառքը նվազեց 2015 թվականի առաջին կեսին[4]։

Ստուգաբանություն

խմբագրել

«Book» բառը ծագում է հին անգլերեն "bōc" բառից, որն էլ սերում է գերմաներեն "*bōk-" արմատից և նշանակում է հաճարենի[5]։ Նույն կերպ սլավոնական լեզուներում (օրինակ՝ ռուսերեն, բուլղարերեն, մակեդոներեն) "буква" բառն է ծագում "beech" բառից։ Ռուսերենում, սերբերենում և մակեդոներենում "букварь" (bukvar') կամ "буквар" (bukvar) բառը նշանակում է տարրական դպրոցի գիրք-տետր, որն օգնում է երեխաներին սովորել գրել և կարդալ։ Ըստ այս ամենի էլ՝ ենթադրություններ են եղել, որ վաղ հնդեվրոպական գրությունները փորագրվել են հաճարենու փայտի վրա[6]։ Նույն ձևով լատիներեն codex բառը, որն այժմյան իմաստով գիրք է նշանակում, նախապես նշանակել է փայտի կտոր։

Պատմություն

խմբագրել

Հին շրջան

խմբագրել
 
Շումերական կավե սալիկ, որն ըստ վերջին տվյալների՝ պահվում է Չիկագոյի համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում. վրան դրոշմված է առաջին հեղինակներից մեկի՝ քրմուհի Էնհեդուաննայի կողմից գրված բանաստեղծությունը՝ նվիրված Իշտար աստվածուհուն[7]:

Երբ ստեղծվեցին գրային համակարգեր վաղ շրջանում ձևավորված քաղաքակրթությունների կողմից, սկսեցին գրել զանազան առարկաների վրա, ինչպես օրինակ՝ քարի, կավի, ծառի կեղևի, մետաղյա իրերի և ոսկորների. սա ուսումնասիրվել է վաղ արձանագրությունները հետազոտող գիտության կողմից։

Սալիկը գրելու միջոց է եղել՝ ֆիզիկակական առումով ամուր և հարմար ամենօրյա տեղափոխման ու գրելու համար։ Կավե աղյուսները հարթեցվել են, հատկապես նրա չոր մասերը, որ կարելի էր հեշտությամբ տեղափոխել, և կնքվել են ստիլոսով։ Նրանք ծառայել են որպես գրելու միջոց հատկապես սեպագրերի համար Բրոնզի և Երկաթի դարերի ընթացքում։ Մեղրամոմե սալիկները փայտի կտորներ էին՝ պատված մեղրամոմի բավականին խիտ շերտով՝ ստիլոսի տպավորություն ստեղծելու համար։ Դրանք՝ որպես գրելու սովորական միջոցներ, կիրառվում էին դպրոցներում, հաշվողական գործողություններ կատարելիս, զանազան նշումների համար։

Այս սալիկներն ունեին մի կարևոր առավելություն, այն է՝ նախատեսված չէին զուտ մեկանգամյա կիրառության համար. մոմը հալեցվում էր, և գրելու համար հարթ և ազատ շերտ էր ստացվում։ Մի քանի մեղրամոմե սալիկներ միասին կցելու սովորությունը ժամանակակից գրքի կազմի հավանական նախատիպն է[8]։

Մագաղաթ

խմբագրել
 
Եգիպտական պապիրուս, որ պատկերում է Օսիրիս աստծուն և սրտի կշռման դրվագը:

Մագաղաթները կարող են պատրաստվել պապիրուսից՝ թղթանման խիտ նյութ՝ պատրաստված պապիրուս բույսի ցողունների հյուսման, ապա դրանք մուրճանման գործիքով այնքան հարվածելու արդյունքում, մինչև այն հարթ դառնա։ Պապիրուսը՝ որպես գրելու միջոց, օգտագործվել է Հին Եգիպտոսում, հավանաբար շատ վաղ՝ Առաջին դինաստիայի գոյության շրջանում, թեպետ առաջին վկայությունը Հինգերորդ դինաստիայի Նեֆերիրկարա Կակաի փարավոնի (Ք.ա. մոտ 2400 թ.) հաշիվների գրքերն են[9]։ Պապիրուսի շերտերը սոսնձում էին՝ ստանալու մագաղաթ։ Ծառի կեղևները, ինչպես օրինակ լայմինը, և այլ նյութեր ևս օգտագործվում էին[10]։

Ըստ Հերոդոտոսի (Պատմություն 5:58)՝ գիրը և պապիրուսն առաջինը փյունիկացիները բերեցին Հունաստան Ք.ա. մոտ 10 կամ 9-րդ դարում։ Պապիրուսի՝ որպես գրելանյութի, հունարեն անվանումը՝ բիբլիոն, իսկ գրքինը՝ բիբլոս, ծագում են փյունիկյան նավահանգստային քաղաք Բիբլոսից, որտեղից պապիրուսը արտահանվել է Հունաստան[11]։ Հունարենից է սերում նաև հատոր բառը (հուն.՝ τόμος), որը սկզբնապես նշանակել է շերտ կամ կտոր, իսկ դրանից հետո սկսեց նշանակել պապիրուսի գլանաթերթ։

Հելլենիստական, հռոմեական, չինական, եբրայական և մակեդոնական մշակույթներում մագաղաթները գրքի գերակշռող ձևն էին՝ անկախ այն հանգամանքից, թե ինչից էին պատրաստված՝ պապիրուս, թուղթ, թե մագաղաթ։ Գրքի առավել ժամանակակից ձևաչափը հռոմեական աշխարհ հասավ բավականին ուշ, իսկ Ասիայում մագաղաթը շարունակեց տիրապետող լինել շատ ավելի երկար։

Գրչագիր

խմբագրել
 
Բամբուկից պատրաստված չինական գիրք:

Իսիդոր Սևիլյացին (մահացել է 636 թվականին) իր «Ստուգաբանություն» (VI.13) հանրագիտարանային բնույթի երկում բացատրում է այն ժամանակվա գրչագրի, գրքի և մագաղաթի կապը.

  Գրչագիրը ստեղծվում է տարբեր գրքերի հիման վրա, իսկ գիրքն էլ ներկայացնում է մեկ մագաղաթ։  

Այժմյան բացատրությունը տարբեր է։ Այսօրվա ընկալումների համաձայն՝ գրչագիրը տեղեկատվության առաջին շտեմարանն է, որ այսօր մարդիկ կոչում են գիրք. միևնույն չափի էջերը կապվում են մեկ եզրով և հիմնականում ամփոփվում երկու կազմերի միջև՝ պատրաստված ավելի ամուր որակի նյութից։ Գրչագրի՝ որպես գրքի տեսակի մասին առաջին հիշատակությունը գտնում ենք առաջին հազարամյակի գրող Վալերիուս Մարցիալիսի «Apophoreta CLXXXIV» գրքում, որտեղ նա ողջունում է դրա սեղմությունը։ Ինչևէ, գրչագիրը մեծ կիրառություն չունեցավ հեթանոսական հելլենիստական աշխարհում, և միայն քրիստոնեական հասարակությունն այն լայնորեն կիրառեց[12]։ Այս փոփոխությունն եղավ աստիճանաբար 3-րդ և 4-րդ դարերում, իսկ գրչագրի ընդունման պատճառները մի քանիսն են. ձևաչափը առավել խնայող է, քանի որ գրանյութի երկու կողմերն էլ կարող են օգտագործվել, այն դյուրակիր է, հարմար է նրանում ինչ-որ բան որոնելու համար և հարմար է պահելու առումով։ Գիրքը հեշտ է կարդալ, թերթել, գտնել այն էջը, որը ցանկանում ես։ Մագաղաթն ավելի անհարմար է օգտագործել։ Քրիստոնյա հեղինակները գուցե ցանկացել են իրենց գրվածքները տարբերակել հեթանոսական և հուդայական տեքստերից, որոնք գրվում էին մագաղաթի վրա։ Ի հավելումն՝ որոշ մետաղյա գրքեր ստեղծվեցին, որոնք պահանջում էին մետաղյա փոքր էջեր անհավանականորեն երկար, չկապվող մագաղաթի փոխարեն։ Գիրքը կարելի է նաև հեշտությամբ պահել ավելի փոքրածավալ տարածքներում կամ գրադարաններում՝ գրապահարանների վրա կողք կողքի, խիտ դասավորված։

Ձեռագիր

խմբագրել
 
5-րդ դարի ձեռագիր Ռոմանուս Վերգիլիուսի էջ, որտեղ պատկերված է Վերգիլիոսը. նկատելի է գրապահարանը, ընթերցանության կանգնակը և տեքստը՝ գրված առանց բացատի:
 
Բուրգունդացի հեղինակ և գրիչ Ժան Միելոն իր «Նոտր Դամի հայելիները» (Miracles de Notre Dame) երկում, 15-րդ դար
 
Ամիատինյան ձեռագիր (Codex Amiatinus), որտեղ, անախրոնիզմ կիրառելով, պատկերվում է Եզրասը՝ մ.թ. 8-րդ դարի գրքերով:
 
Գրասեղան ՝ շղթայով ամրացված գրքերով, Չեզենայի (Իտալիա) Մալատեստիանա գրադարանում:

Մ.թ.ա. 5-րդ դարում Հռոմեական կայսրության անկումը վերջ դրեց նաև Հին Հռոմի մշակույթին։ Դժվարացավ պապիրուսի ձեռքբերումը եգիպտացիների հետ կապի բացակայության պարագայում, իսկ մագաղաթը, որն օգտագործվել էր դարեր շարունակ, դարձավ գլխավոր գրելանյութը։ Մագաղաթը պատրաստվում էր կենդանու մշակված կաշվից և անցյալում օգտագործվում հիմնականում վրան գրելու համար։ Մագաղաթը հիմնականում պատրաստվել է հորթի կաշվից, գառան կամ այծի կաշիներից։ Պատմականորեն այն օգտագործվել է փաստաթղթերի, նշումների կամ գրքի էջերի համար։ Կաշին մոխրով աղաղում էին, քերթում և չորացնում մեծ ճնշման ներքո։ Այն չեն մգեցնում, և հենց սրանով է այն տարբերվում կաշվից։ Այսպիսով՝ այն ավելի հարմար է գրելու համար, սակայն շատ զգայուն հարաբերական խոնավության փոփոխություններին, այդ իսկ պատճառով էլ վերամշակվում է, երբ ամբողջությամբ խոնավանում է։

Արևմտյան Հռոմեական կայսրության մենաստաններում շարունակվում էին գրի լատինական ավանդույթները։ Կասիոդորը Վիվարիում մենաստանում (հիմնադրված մոտ 540 թվականին) ընդգծում էր տեքստերը կրկնօրինակելու կարևորությունը[13]։ Սուրբ Բենեդիկտ Նուրսիացին ավելի ուշ իր «Սուրբ Բենեդիկտի վարք»-ում (ավարտված 6-րդ դարի կեսերին) կարևորում է ընթերցանությունը[14]։ «Սուրբ Բենեդիկտի վարք»-ը (Գլուխ XLVIII), որը մի շարք անգամներ ընդգծում է ընթերցանության դերը, մեծապես ազդեց միջին դարերի մենաստանային մշակույթի վրա. այդ աշխատության շնորհիվ է, որ հոգևորականները ժամանակի հիմնական ընթերցողներն էին։ Հռոմեական կայսրության ավանդույթը և ոճը դեռ տիրապետող էր, սակայն կամաց-կամաց միջնադարյան գրքի մշակույթը ձևավորվեց։

Տպագրության հայտնագործությունից և ընդունումից առաջ գրեթե բոլոր գրքերի կրկնօրինակումը կատարվում էր ձեռքով, որն էլ բարձրացնում էր գրքի արժեքը և դարձնում այն համեմատականորեն հազվադեպ։ Փոքր մենաստանները սովորաբար ունեին ընդամենը մի քանի տասնյակ գիրք, միջինները՝ հավանաբար մի քանի հարյուր։ 9-րդ դարում մեծ հավաքածուներն ունեին շուրջ 500 գիրք, և նույնիսկ միջնադարի վերջերին Ավինյոնի պապական գրադարանը և Փարիզի Սորբոնի համալսարանն ունեին ընդամենը մոտ 2000 գիրք[15]։

Մենաստանի ձեռագրային կրկնօրինակման սենյակը սովորաբար տեղակայված էր ժողովատան մոտ։ Արհեստական լույսն արգելված էր՝ մտահոգություն ունենալով, որ այն կարող է վնասել ձեռագիրը։ Գրագիրների հինգ տեսակներ կային՝

  • Գեղագիրներ, ովքեր զբաղվում էին գեղեցիկ գրքի թողարկմամբ։
  • Կրկնօրինակողներ, ովքեր զբաղվում էին բուն նյութի վերարտադրմամբ և համապատասխանության ստուգմամբ։
  • Սրբագրիչներ, ովքեր ստուգում էին և համեմատում ավարտուն գիրքը ձեռագրի հետ, որտեղից այն արտագրվել էր։
  • Նկարազարդողներ, ովքեր պատկերազարդումներ էին անում։
  • Մակագրող, ով համապատասխան տառերը կարմիրով էր ներկում։

Գրքի ստեղծման գործընթացը երկար էր և աշխատատար. մագաղաթը պետք է պատրաստվեր, հետո անջատ էջերը պիտի կանոնավորվեին և կարգավորվեին բութ գործիքով կամ արճիճով, որից հետո պիտի գրվեր տեքստը գրիչի կողմից, ով ազատ տարածություն էր թողնում նկարազարդողների և մակագրողների համար։ Ի վերջո գիրքը կարվում էր կազմարարի կողմից[16]։

Վաղ շրջանում թանաքի տարբեր տեսակներ կային, որ սովորաբար պատրաստվում էին մրից և խեժից, իսկ ավելի ուշ նաև գխտորից և երկաթի սուլֆատից։ Սա գրվածքին տալիս էր շագանակագույն, սև երանգներ, սակայն սևը և շագանակագույնը օգտագործվող միակ գույները չէին։ Կան տեքստեր՝ գրված կարմիրով կամ նույնիսկ ոսկեգույնով, իսկ նկարազարդման համար զանազան այլ գույներ էին օգտագործվում։ Առավել շքեղ ձեռագրերի համար ամբողջ մագաղաթը ներկվում էր մանուշակագույն, իսկ նրա վրա գրվում էր ոսկեգույնով կամ արծաթագույնով (օրինակ՝ Codex Argenteus-ը)[17]։

7-րդ դարում իռլանդացի վանականները սկսեցին բառերի միջև բացատ թողնել։ Սա հեշտացրեց ընթերցանությունը։ Այս վանականները մտադիր էին քիչ առնչվել լատիներենի հետ։ Ինչևիցե, բառերի միջև բացատ թողնելը ընդհանրական երևույթ չդարձավ մինչև 12-րդ դարը։ Վիճարկվում էր այն հարցը, որ բացատի կիրառությունը ցույց է տալիս անցումը կիսաձայն ընթերցանությունից լուռ ընթերցանության[18]։

Առաջին գրքերի էջերի համար օգտագործվում էր մագաղաթ կամ հորթի կաշի։ Գրքի կազմը պատրաստվում էր փայտից և պատվում կաշվով։ Քանի որ չոր մագաղաթը կարող էր ընդունել այն ձևը, որն այն ուներ մինչ մշակման գործընթացը, գրքերն ամրացվում էին ճարմանդներով և կաշեփոկերով։ Ուշ միջնադարի ընթացքում, երբ ի հայտ եկան հանրային գրադարանները, մինչև 18-րդ դարը գրքերը հաճախ շղթայվում էին գրադարակին կամ գրապահարանին՝ կանխելու գողության դեպքերը։ Այս շղթայված գրքերը կոչվում էին libri catenati:

Սկզբնապես գրքերն արտագրվում, կրկնօրինակվում էին գլխավորապես մենաստաններում, ամեն անգամ մեկ գիրք։ 13-րդ դարում, երբ համալսարաններ ձևավորվեցին, գրքերի պահանջարկն աճեց, և գրքերի կրկնօրինակման նոր համակարգ ստեղծվեց։ Գրքերը բաժանվում էին երկու չկարված մասերի, որոնք տրվում էին տարբեր կրկնօրինակողների, որով և գրքի ստեղծման արագությունը նշանակալիորեն մեծացավ։ Համակարգը պահվում էր աշխարհիկ գրահրատարակիչների համքարությունների կողմից, որը թողարկում էր թե՛ կրոնական, թե՛ ոչ կրոնական նյութեր[19]։

Հուդայականությունը պահպանել է մագաղաթի կիրառությունը մինչ օրս։ Հուդայական սովորույթի համաձայն՝ Թորայի գլանաձև ձեռագիրը, որ դրվում է սինագոգում, պարտադիր պետք է ձեռքով գրված լինի մագաղաթի վրա, այլ ոչ թե լինի տպագիր՝ չնայած միությունը կարող է օգտագործել տպված աղոթագրքեր սինագոգից դուրս սովորելու համար։ Գրիչը խորապես հարգված մարդ է հրեական ցանկացած օրինապահ համայնքի կողմից։

Միջին Արևելք

խմբագրել

Տարբեր կրոնական (հրեաներ, քրիստոնյաներ, զրադաշտականներ, մուսուլմաններ) և ազգային (սիրիացիներ, ղպտիներ, պարսիկներ, արաբներ և այլք) պատկանելության մարդիկ ստեղծեցին գրքեր իսլամական ոսկեդարի շրջանում (8-րդ դարի կեսերից մինչև 1258 թվականը)՝ զարգացնելով նորարարական հնարքներ իսլամական գեղագրության, մանրանկարչության և կազմարարության ոլորտում։ Միջնադարյան իսլամական աշխարհում մի շարք քաղաքներ ունեին գրքի արտադրության կենտրոններ և գրքի տոնավաճառներ։ Աբուլ-Աբբաս Ահմեդ իբն Յակուբին (մահացել է 897 թվականին) պատմում է, որ իր ապրած ժամանակաշրջանում Բաղդադն ուներ շուրջ 100 գրավաճառ[20]։ Գրախանութները հիմնականում քաղաքի գլխավոր մզկիթի շուրջն էին տեղակայված լինում[21], ինչպես Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում, որն ունի «Kutubiyyin» անունով փողոց, որը թարգմանաբար նշանակում է գրավաճառներ, ինչպես նաև՝ «Koutoubia» անունով մզկիթ, որն իր անունը ստացել է այս փողոցում տեղակայված լինելու համար։

Միջնադարյան մուսուլմանական աշխարհը նույնպես օգտագործում էր գրքի վստահելի կրկնօրինակ-նմուշները մեծ քանակով վերարտադրելու եղանակը՝ սրբագրելով դրանք՝ ի հակադրություն ավանդական մեթոդի, որի համաձայն՝ մեկ ձեռագիրը ստեղծվում էր միայն մեկ օրինակից և միայն մեկ գրչի կողմից։ Սրբագրման ժամանակ միայն հեղինակը կարող էր հաստատել կրկնօրինակների իսկությունը. ընդօրինակողը հանրային հավաքույթի ժամանակ հեղինակի ներկայությամբ բարձրաձայն կարդում էր կրկնօրինակված տեքստը, իսկ հետո հեղինակը վավերացնում էր նրա ճշգրտությունը, համապատասխանությունը բնօրինակին[22]։ Սրբագրման միջոցով հեղինակը կարողանում է ստեղծել գրքի մեկ և ավելի տասնյակ օրինակներ մեկ ընթերցումից, իսկ երկու և ավելի ընթերցումներից՝ ավելի, քան հարյուր օրինակ[23]։ Մուսուլմանները, կիրառելով հարաբերականորեն ավելի էժան թուղթ մագաղաթի կամ պապիրուսի փոխարեն, Պեդերսենի խոսքերով՝ «կարևոր գործ կատարեցին ոչ միայն իսլամական գրքի պատմության համար, այլև համընդհանուր»[24]։

Փայտատիպ տպագրություն

խմբագրել
 
Ավանդական փայտատիպ տպագրություն Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգի Բաղ քաղաքում՝ հայտնի որպես Բաղ պրինտ:

Փայտատիպ տպագրության դեպքում ամբողջ էջի պատկերը փորագրվում է փայտի կտորների վրա, թանաքով ընդգծվում և օգտագործվում այդ էջի կրկնօրինակները ստանալու համար։ Այս մեթոդը ծագել է Չինաստանում Հան դինաստիայի ժամանակաշրջանում (մինչև մ.թ. 220 թվականը) նախապես որպես տեքստիլի վրա տպելու եղանակ, իսկ ավելի ուշ՝ թղթի, և լայնորեն կիրառվել է Արևելյան Ասիայում։ Այս մեթոդով տպված ամենահին գիրքը «Ադամանդե սուտրան» է (The Diamond Sutra) (մ.թ. 868 թվական)։ Այս եղանակը (արվեստում կոչվում է փորագրություն) մուտք գործեց Եվրոպա 14-րդ դարի սկզբներին։ Գրքերը (հայտնի որպես փորագրատիպ գրքեր), ինչպես նաև խաղաքարտերը և կրոնական նկարները սկսեցին ստեղծել այս մեթոդով։ Ամբողջական գրքի ստեղծումը տքնաջան գործընթաց էր, որ պահանջում էր ձեռքով փորագրված փայտի կտոր յուրաքանչյուր էջի համար։ Երկար ժամանակով պահելու դեպքում փայտի կտորները կարող էին ճաքել։ Վանականները կամ մարդիկ, ովքեր գրում էին դրանց վրա, բարձր էին վարձատրվում։

Գրաշարային տպագրություն. զարգացման վաղ շրջան

խմբագրել

Չինացի գյուտարար Բի Շենը ստեղծեց խեցեղենի վրա շարվածքային տպագրություն 1045 թվականին, սակայն այս տպագրության պահպանված օրինակներ չկան։ Մոտ 1450 թվականին Յոհան Գուտենբերգը հայտնագործեց գրաշարային տպագրությունը Եվրոպայում մի շարք նորամուծությունների հետ՝ մարտահրավեր նետելով ձեռքով արված գրի կաղապարներին։ Այս հայտնագործությունն աստիճանաբար գրքի թողարկումը դարձրեց ոչ այնքան թանկ և մեծապես հասանելի։

Վաղ շրջանում սակավ թերթերով և նկարներով տպված գրքերը, որոնք ստեղծվեցին Եվրոպայում մինչև 1501 թվականը, հայտնի են որպես ինկունաբուլա։ «1453 թվականին՝ Կոստանդնուպոլսի անկման տարում, ծնված մեկ մարդը կարողացավ իր հիսուն տարիների ընթացքում ավելին անել՝ շուրջ ութ միլիոն տպված գիրք, քան հավանաբար Եվրոպայում ստեղծված բոլոր ձեռագրերն են, Կոստանդինոսի կողմից մ.թ. 330 թվականին քաղաքը հիմնելուց ի վեր»[25]։

19-20-րդ դարեր

խմբագրել

{{Տես նաև՝ մտավոր սեփականություն, հանրային սեփականություն, հեղինակային իրավունք}}

 
«Չիկչի» բուդդիստական գիրքը, որը հայտնի է որպես գրաշարային երկաթյա տպագրության ամենաառաջին նմուշ՝ տպված Կորեայում 1377 թվականին, Ֆրանսիայի ազգային գրադարան:
 
15-րդ դարի ինկունաբուլա. ուշադրություն են գրավում կազմը, անկյունների ուռուցիկ զարդանախշերը և ճարմանդները:

19-րդ դարի սկզբներին լայն տարածում գտավ շոգետուրբիններով տպագրությունը։ Այս մեթոդով գործող մեքենաները տպում էին 1100 թերթ մեկ ժամում, սակայն աշխատողները մեկ ժամում կարող էին մուտքագրել միայն 2000 տառ։ Միատիպ և տողատիպ տպագրական մեքենաները կիրառության մեջ մտան 19-րդ դարի վերջերին։ Նրանցով հնարավոր էր մուտքագրել 6000 տառ մեկ ժամում և մեկ ամբողջական տող միանգամից։ Բազմաթիվ բարելավումներ եղան տպագրական մամուլում։ Բարելավվեցին նաև մամուլի ազատության պայմանները՝ գրաքննության աստիճանաբար ներմուծվող մեղմացուցիչ օրենքների շնորհիվ։ 20-րդ դարի կեսերին եվրոպական գրքի տպագրությունը մեկ տարում ավելացավ շուրջ 200,000 անուն գրքով։

20-րդ դարի ընթացքում գրադարաններն արձանագրեցին տպագրության ավելի մեծ աճ, որ երբեմն կոչում են «տեղեկատվական պայթյուն»։ Էլեկտրոնային տպագրության և համացանցի ի հայտ գալով՝ պարզ դարձավ, որ շատ նոր տեղեկատվություն չի տպվի թղթե գրքերում, այլ առցանց հասանելի կլինի թվային գրադարանի, խտասալիկի, էլեկտրոնային գրքի կամ առցանց այլ միջոցի շնորհիվ։ Առցանց գիրքն էլեկտրոնային գիրք է, որ հասանելի է համացանցի միջոցով։ Թեպետ շատ գրքեր թողարկվում են թվայնացված, դրանցից շատերը հասանելի չեն հանրությանը, այդ իսկ պատճառով գրքի թղթային տարբերակով տպագրության անկում չկա[26]։ Փորձեր են արվել, ինչևէ, հանրային սեփականություն համարվող գրքերը փոխակերպել թվայինի անսահմանափակ տարածման և հասանելիության համար։ Այս միտքն առաջ քաշվեց «Գուտենբերգի» նախագիծ և «Distributed Proofreaders» վեբ-նախագծի համատեղ նախաձեռնությամբ։ Նորամուծություններ եղան նաև գրքի տպագրության ոլորտում։ Այնպիսի տեխնոլոգիան, ինչպես POD (print on demand), դարձրեց հրատարակման գործընթացն առավել հեշտ և մատչելի։ Ըստ անհրաժեշտության՝ տպագրությունը թույլ տվեց հրատարակիչներին խուսափել մեծ ծախսերից մեծածավալ տպագրության պարագայում՝ հրատարակելով նաև քիչ վաճառվող գրքերը, քան զրկել դրանք տպագրության հնարավորությունից։

Ժամանակակից տպագրություն

խմբագրել

15-րդ դարից մինչև 20-րդ դարի սկիզբը գրքի տպագրության և կազմարարության եղանակները հիմնականում անփոփոխ մնացին։ Չնայած մեքենայացման տեմպերին՝ գրքի տպիչը 1900 թվականին շատ ընդհանրություն ուներ գուտենբերգյան տպիչի հետ։ Գուտենբերգի գյուտը գրաշարային մետաղյա գրաձուլիչներն էին՝ համապատասխանեցված բառերին, տողերին և էջերին, իսկ հետո վերածված տպագրանյութի՝ բազմաթիվ օրինակներ ստանալու համար։ Ժամանակակից թղթային գրքերը տպվում են տպվող գրքերի համար նախատեսված հատուկ թղթերի վրա։ Ավանդաբար գրքի թղթերը լինում են ճեփ-ճերմակ կամ դեղին (ավելի հարմար է ընթերցանության համար), անթափանց են, որպեսզի մեկ էջից մյուսը տեքստը չերևա, և սովորաբար ունենում է տրամաչափի նոսրացման կամ խտացման առանձնահատկություն հատկապես գրքի կողքի կազմության համար։ Կախված գրքի տեսակից՝ տարբեր որակի թղթեր են օգտագործվում՝ կավճաթուղթ, օֆսեթ, բարձր որակի կավճաթուղթ և հատուկ բարձր որակի թուղթ։

Այսօր գրքերի մեծ մասը տպվում են օֆսեթ տպագրությամբ[27]։ Երբ գիրքը տպվում է, թղթերը դրվում են հաստոցի վրա այնպես, որ տպվելուց հետո դուրս գան ճիշտ հաջորդականությամբ։ Մեր օրերում գրքերը սովորաբար տպվում են մի քանի ստանդարտ չափերով, որն ընդունված է կոչել տպագրական մամուլ. այն կախված է թերթի չափերից (ուստի նաև հաստոցի չափերից)։ Սա տարածված էր 200 կամ 300 տարի առաջ և տիրապետող է մինչ օրս։ Բրիտանական ստանդարտներն այս առումով տիրապետող են անգլախոս աշխարհում՝ բացառությամբ ԱՄՆ-ի։ Եվրոպական գրքի արտադրության մեջ գործում են միանգամայն այլ ստանդարտներ։

Գործընթաց

խմբագրել

Էջադրում

խմբագրել
 
Գրքի կռնակը կարևոր տարր է նրա դիզայնի, հատկապես կազմի դիզայնի համար: Երբ գրքերը դասավորվում են պահարանի վրա, կռնակը միակ տեսանելի մասն է, որ տեղեկություն է պարունակում գրքի մասին: Գրախանութներում հենց կռնակն է, որ գրավում է գնորդի ուշադրությունը:

Մերօրյա տպվող գրքերը կազմվում են ըստ հատուկ ձևաչափի, որ կոչվում է էջադրում։ Չնայած էջադրման պարագայում գործում է բազմազանություն, այնուամենայնիվ, այժմյան գրքերը տպելիս հավատարիմ են մնում գրքի բաղադրիչներին և բովանդակությանը։ Ըստ ընդունված ձևի՝ նախ կազմն է, հետո տիտղոսաթերթը։ Տիտղոսաթերթի վրա սովորաբար գրվում է հեղինակի (հեղինակների) անուն(ներ)ը, ազգանուն(ներ)ը, գրքի վերնագիրը (ենթավերնագիրը, եթե կա), հրատարակության վայրը, հրատարակության տեսակը և հրատարակության տարեթիվը։ Տիտղոսաթերթի դարձերեսին գրվում են գրքի ելից տվյալները՝ գրադարանային թեմատիկ դասակարգման կոդերը (ՀՏԴ, ԳՄԴ), գրքի մատենագիտական նկարագրությունը և անոտացիան, ISBN կոդը, որը եզակի է յուրաքանչյուր գրքի համար, և հեղինակային իրավունքի նշանը։ Այս ամենին արդեն հաջորդում է բուն տեքստը իր բովանդակությամբ, ծանոթագրություններով ու հավելվածներով, եթե դրանք կան։ Ետևի մասի կազմին դրվում է հեղինակի նկարը կենսագրությամբ, իսկ ներքևի մասում գծիկավոր ծածկագիրը՝ կրկին, եթե դրա անհրաժեշտությունը կա։ Սրանք ընդհանուր կետեր են, որոնք ոչ բոլոր դեպքերում են պահպանվում՝ կախված գրքի տեսակից, նպատակադրումից և հեղինակի կամ հրատարակչի նախասիրությունից[28]։

Տպագրություն

խմբագրել

Որոշ գրքեր՝ հատկապես փոքր տպաքանակով գրքեր, տպվում են օֆսեթային տպագրությամբ, սակայն շատ գրքեր էլ այսօր տպվում են ցանցային տպագրությամբ, որի ժամանակ կիրառվում է շարունակական թղթագլան, և հետևաբար կարող է կարճ ժամանակում շատ օրինակներ տպել։ Քանի որ տպագրական գիծը պտտվում է, ամբողջական գիրքը հավաքվում է մեկ տեղ։ Ցանցային տպագրությունը կատարում է թերթերը ծալելու, դրանց տարբեր մասերը միմյանց կցելու գործողությունները։ Պետք է նկատի ունենալ, որ գրքի երկու էջ է տպվում մեկ անգամով, այլ ոչ թե մեկ ամբողջական գիրքը։ Մինչև վերջնական տպագրությունը, փորձանմուշային օրինակներ են տպվում՝ կանխելու տպագրական խոտանը։

Տպագրության նախապատրաստական աշխատանքները կատարվում են տպագրիչի կողմից պահանջված որակը ստանալու նպատակով։ Այդ ժամանակ է, որ հաստոցը բարձրացվում և դրվում է մեքենայի մեջ, մաքրվում է նախորդ աշխատանքից մնացած թափոնը և ընթացք է տրվում տպագրությանը։ Հենց հրատարակիչը որոշում է,որ ամեն ինչ պատրաստ է, տպագրությունը սկսվում է։ Նման նախապատրաստական աշխատանքներ են կատարվում նաև ծալելու և կարելու ընթացքում։

Կազմարարություն

խմբագրել

Երբ դրոշմվում են և հավաքվում տպված օրինակները, տարվում են կազմատուն։ Ժամանակին եղել են միայն կազմարարությամբ զբաղվող և դրանում հմտացած կազմակերպություններ։ Այսինքն՝ մուտքագրումը, տպագրությունը կատարվում էր մի վայրում, կազմարարությունը՝ մեկ այլ։ Երբ տպագրությունը մետաղյա էր, գիրքը, որն արժանացել էր տպագրության, պետք է լիներ խոշոր, դյուրաբեկ և ծանր։ Որքան քիչ էր այն տեղափոխության ենթարկվում այս վիճակում, այքան ավելի լավ. դրա համար էլ տպագրությունը պետք է իրականացվեր նույն վայրում, որտեղ գրքի շարվածքն էր արվում։ Արդեն տպված թերթերը կարող էին տեղափոխվել։ Մեր օրերում գրքի տպագրության համակարգչայնացման արդյունքում աշխատանքի շարվածքի մասը հակառակ հաջորդականությամբ է իրականացվում. հիմա դա արվում է կա′մ հրատարկչի, կա′մ հեղինակի, կա′մ էլ տեքստը մուտքագրող այլ անձի կողմից։ Այսօր հնարավոր չէ պատկերացնել տպարանն առանց կազմատան և հակառակը։

Եթե գիրքը կոշտ կազմով է, նրա ուղին կազմատանը ավելի երկար է տևում, քան երբ այն փափուկ կազմով է։ Անկար կազմարարությունը այժմ զգալիորեն տարածված է։ Գրքի կազմումն իրականացվում է՝ օգտագործելով ասեղներ, իսկ, օրինակ, «Մակքեյն» կազմարարության դեպքում կլոր անցքեր են արվում էջերին, որոնք օգտագործվում են նաև դպրոցական գրքերը կարելիս։

 
Գրքի էջեր

Գրքի կռնակի պատրաստումը կատարվում է գրքի կազմարարության ավարտին։ Հիմնականում ստվարաթղթի երկու կտորները դրվում են սոսնձված կտորի վրա, իսկ դրանց միջև դրվում և սոսնձվում է գրքի կողքի մասի լայնության այլ ստվարաթուղթ։ Կտորի իրար ծածկող ծայրերը (մոտ 5/8 տրամագծով) ծալվում են ստվարաթղթի շուրջ և ամուր սեղմվում, որպեսզի սոսնձվեն։ Կռնակը պատրաստելուց հետո կուտակված օրինակներն անցնում են ջերմային հատուկ ռեժիմով ձևավորման փուլ։

Թվային տպագրություն

խմբագրել

Գրքարտադրության վերջին փոփոխությունները ներառում են թվային տպագրության զարգացումը։ Գրքի էջերը տպվում են այնպես, ինչպես սովորական տպարաններում, պարզապես թանաքի փոխարեն օգտագործվում է փոշեմելան։ Յուրաքանչյուր գիրք տպվում է մեկ անգամից, այլ ոչ թե առանձին միավորներով։ Թվային տպագրությունը հնարավորություն է տալիս նաև գիրքը թողարկել ավելի քիչ տպաքանակով՝ ի տարբերություն օֆսեթի։ Ցանցային տպագրության պարագայում տպաքանակը պետք է շուրջ 2000 լինի, մինչդեռ թվային տպագրությունը կարող է իրականացնել 250-ից պակաս տպաքանակով գրքի թողարկում։ Այս թվերն իհարկե մոտավոր են և կարող են տարբերվել հրատարակչից հրատարակիչ, գրքից գիրք։

Էլեկտրոնային գրքեր

խմբագրել
 
Ամազոն Քինդլ էլեկտրոնային ընթերցիչի էկրանը:

2000-ական թվականներին համակարգչային հասանելի դյուրակիր միջոցների տարածման պայմաններում զանգվածային լրատվամիջոցների համար ժամանակի հրամայականը դարձավ էլեկտրոնային եղանակով տեքստի տարածումը[29]։ Այսպես ստեղծվեց էլեկտրոնային գիրքը, որը թվային տարբերակով գրքի հրատարակումն է[30]։ էլեկտրոնային գիրքը սովորաբար հասանելի է համացանցի միջոցով, թեպետ հնարավոր է նաև խտասալիկով և այլ եղանակներով տարածել։ Էլեկտրոնային գիրքը հնարավոր է ընթերցել LED էկրանով համակարգչի, սմարթֆոնի, պլանշետի կամ էլեկտրոնային դյուրակիր այնպիսի ընթերցիչների միջոցով, ինչպես Sony Reader-ը, Barnes & Noble Nook-ը, Kobo eReader-ը և Amazon Kindle-ը։

Գրքի ձևավորում

խմբագրել

Գրքի ձևավորումը գրքի բովանդակության, ոճի, ձևաչափի և նրա զանազան այլ բաղադրիչների միավորումն է մեկ ամբողջության մեջ։ Յան Չիխոլդի խոսքերով՝ գրքի ձևավորումը, «թեպետ մեծապես մոռացված է այսօր, սակայն նրա մեթոդներն ու կանոնները, որ ձևավորվել են դարերի ընթացքում, անհնար է կատարելագործել։ Կատարյալ գրքեր հրատարակելու համար այս կանոնները պետք է կյանքի կոչվեն և կիրառվեն»։ Ռիչարդ Հենդելը բնութագրում է գրքի ձևավորումը որպես «առեղծվածային առարկա» և կարևորում է համատեքստի դերը այն հասկանալու համար։ Տարբեր ստեղծագործողներ են մասնակցում գրքի ձևավորմանը՝ գրաֆիկ դիզայներներ, նկարիչներ և խմբագիրներ։

Գրքի չափեր

խմբագրել
 
Կոդեքս Գիգասի ֆաքսիմիլ վերարտադրություն իրական չափերով:
 
Աշխարհի ամենամեծ գրքի էջերից մեկը: Յուրաքանչյուր էջ ունի երեքուկես ոտնաչափ լայնություն, հինգ ոտնաչափ բարձրություն և հինգ մատնաչափից մի փոքր ավել հաստություն:

Ժամանակակից գրքի ամենատարածված չափերն են՝

  • Քուարտո (4to). թուղթը ծալվում է կրկնակի՝ ձևավորելով չորս թերթ (ութ էջ)՝ մոտավորապես 11-13 մատնաչափ (մոտ 30 սմ) երկարությամբ
  • Օկտավո (8vo). կոշտ կազմով գրքերի համար ամենատարածված չափը. թուղթը ծալվում է երեք անգամ, ութ թերթերի (16 էջերի) մինչև 9 ¾" (մոտ 23 սմ) երկարությամբ
  • Դուոդեցիմո (12mo)՝ մինչև 7 ¾" (մոտ 18 սմ) երկարությամբ
  • Սեքստոդեցիմո (16mo). թուղթը ծալվում է չորս անգամ՝ ձևավորելով 16 թերթ (32 էջ) մինչև 6 ¾" (մոտ 15 սմ) երկարությամբ։

Սեքստոդեցիմոյից ավելի փոքր չափեր՝

  • 24mo՝ մինչև 5 ¾" (մոտ 13սմ) երկարությամբ
  • 32mo՝ մինչև 5" (մոտ 12սմ) երկարությամբ
  • 48mo՝ մինչև 4" (մոտ 10սմ) երկարությամբ
  • 64mo՝ մինչև 3" (մոտ 8 սմ) երկարությամբ։

Փոքր գրքերը կոչվում են գրքույկներ (բրոշյուրներ)։

Քուարտոյից ավելի մեծ չափերն են՝

  • Ֆոլիո՝ մինչև 15" (մոտ 38 սմ) երկարությամբ
  • Էլեֆանտ ֆոլիո՝ մինչև 23" (մոտ 58 սմ) երկարությամբ
  • Ատլաս ֆոլիո՝ մինչև 25" (մոտ 63 սմ) երկարությամբ
  • Դաբլ Էլեֆանտ ֆոլիո՝ մինչև 50" (մոտ 127 սմ) երկարությամբ։

Միջնադարյան պահպանված ամենամեծ մատյանը Կոդեքս Գիգասն է (լատ.՝ Codex Gigas, հայ․՝ Հսկա գիրք)՝ 92 × 50 × 22սմ։ Այն պատրաստված է քարից և պահվում է Մյանմայում։

Տեսակներ

խմբագրել

Ըստ բովանդակության

խմբագրել

Ըստ բովանդակության՝ գրքերը բաժանվում են երկու խմբի՝ գեղարվեստական և ոչ գեղարվեստական։ Այս ընդհանրական տարբերակումը գործում է շատ հավաքածուներում, գրադարաններում և գրախանութներում։

Գեղարվեստական գրքեր

խմբագրել
 
Վեպեր գրախանութում:

Մեր օրերում հրատարակվող գրքերից շատերը գեղարվեստական են, որը նշանակում է, որ դրանք մասամբ կամ ամբողջությամբ հորինվածք են։ Պատմականորեն թղթի արտադրությունը չափազանց թանկ միջոց է եղել ժամանցի կազմակերպման գործիք լինելու համար։ Համընդհանուր գրագիտության աճը և տպագրական տեխնոլոգիաների զարգացումը նպաստեց գրքի՝ ժամանցի միջոց դառնալուն։ Շատ գեղարվեստական գրքեր ենթարկվում են լրացուցիչ դասակարգման ըստ ժանրի։

Գեղարվեստական գրքի ամենատարածված տեսակը վեպն է։ Վեպերը պատմություններ են, որոնց բնորոշ են սյուժեն, ֆաբուլան, թեման և կերպարները։ Պատմությունը թեմատիկ սահմանափակում չունի. վեպի թեման կարող է լինել արտառոց, լուրջ կամ վիճարկելի։ Վեպը հսկայական ազդեցություն է ունեցել գրաշուկայի ձևավորման վրա[31]։

Վեպին զուգահեռ առանձնացվում են նաև վիպակը, պատմվածքը, նովելը, որոնք տարբեր են իրենց ծավալով և ժանրային առանձնահատկություններով։

Կոմիքսները և գրաֆիկական վեպերը գրքեր են, որտեղ պատմությունը ներկայացվում է պատկերազարդումների միջոցով։ Կոմիքսներն ունենում են փոքրիկ փուչիկի տարածք, որտեղ գրվում է պատմողի կամ կերպարների խոսքը։

Ոչ գեղարվեստական գրքեր

խմբագրել
 
Ատլաս
 
Բառարանի էջ

Գրադարանի տեղեկատուն ոչ գեղարվեստական գրքի տեսակ է, որը պարունակում է տեղեկություն, որը ո՛չ հորինվածք է, ո՛չ էլ մեկնաբանություն։ Տարեգիրքը ևս այս տեսակին է պատկանում՝ ներկայացնելով տարեթվերը և դրանց ընթացքում կատարված իրադարձությունները։

Հանրագիտարանը գիրք է կամ գրքերի շարք, որն ունի տարբեր թեմաներով գրված մանրամասն հոդվածներ։

Որոշակի կարգով դասավորված բառերը, նրանց ստուգաբանությունը, իմաստը և այլ տեղեկություն պարունակող գրքերը բառարաններն են

Քարտեզներ պարունակող գիրքը ատլասն է։

Հատուկ տեղեկատվություն, աղյուսակներ, ցանկեր պարունակող և հստակ որոշակի թեմայով գրված գիրքը՝ հաճախ նախատեսված մասնագիտական կիրառության համար, կոչվում է ձեռնարկ։

Տեխնիկական տեղեկատվությամբ գրքերը, որ սովորեցնում են, թե ինչպես անել մի բան (օրինակ՝ պատրաստել ճաշատեսակներ) կամ ինչպես կիրառել որոշ սարքավորումներ, կոչվում են ցուցումների ձեռնարկ։

Մի շարք գրքեր նախատեսված են անձնական մտքեր, նշումներ և հաշիվներ գրառելու համար։ Այսպիսի գրքեր քիչ են հրատարակվում՝ հիմնականում մնալով մարդու անձնական տիրույթում։

Նոթատետրերը դատարկ էջերով գրքույկներ են՝ նախատեսված նշումներ կատարելու համար։ Սովորաբար ուսանողները և գրողներն են դրանք կիրառում։

Գիտնականները և զանազան հետազոտողներ կիրառում են լաբորատորային նշումների գրքույկներ, որոնք շատ դեպքերում պարուրաձև ամրակներով են, որպեսզի անհրաժեշտության դեպքում գրառումով թուղթը հնարավոր լինի հեշտությամբ պոկել։

Հասցեագրքերը, հեռախոսահամարների գրքերը և հանդիպումների նշումների համար գրքերը ամենօրյա կիրառության համար են՝ գրառելու հանդիպումներ, անձնական կոնտակտային տվյալներ։

Մարդու անձնական ապրումների, նրա կյանքում տեղի ունեցածի նկարագրության համար նախատեսված գիրքը օրագիրն է։ Վերը նշված բոլոր գրքերը ոչ գեղարվեստական տեսակին են պատկանում։

Այլ տեսակներ

խմբագրել
 
Նոթատետրի էջ
 
Տեղեկատու գիրք

Կան նաև գրքերի այլ տեսակներ, որոնք դժվար է որակել որպես գեղարվեստական կամ ոչ գեղարվեստական. դրանք որոշակի թեմատիկայով ալբոմներն են, լինեն դրանք նկարների, բացիկների հավաքածուի, թե ուղղակի հուշալբոմ։ Հայտնի է, օրինակ, դրոշմանիշների ալբոմը, որը կոլեկցիոների կողմից իր հավաքածուն պահպանելու միջոց է։ Պատկերազարդ գրքերը, որոնք նախատեսված են երեխաների համար, նույնպես այս խմբին են պատկանում. դրանցում գերակշռում են նկարները, իսկ տեքստը զբաղեցնում է շատ փոքր մաս կամ առհասարակ բացակայում է։ Տաղարանները երգեր պարունակող գրքերն են։ Աղոթագրքերը և պատարագամատույցները գրքեր են, որ պարունակում են աղոթքներ և սովորաբար կիրառվում վանականների, միանձնուհիների և հոգևորականության այլ ներկայացուցիչների, ինչպես նաև եկեղեցու նվիրյալ հետևորդների կողմից։

Արտաքին տեսք

խմբագրել
 
Կոշտ կազմով գրքեր

Առանձնացվում են կոշտ և փափուկ կազմով գրքեր։ Կոշտ կազմով գրքերն ունեն ամուր, հաստ կազմ, մինչդեռ փափուկ կազմով գրքերի կազմը պակաս դյուրաբեկ է, բարակ և ավելի էժան։ Դրանք էլ կարող են լինել փայլուն կամ անփայլ՝ կախված հրատարակչի կամ հեղինակի նախասիրությունից։

Գրադարաններ

խմբագրել
 
Փափուկ կազմով գրքեր
 
Ալեքսանդրիայի գրադարանի այժմյան ներքին տեսքը:

Մասնավոր և անձնական գրադարանները, որ պարունակում են թե՛ ոչ գեղարվեստական, թե՛ գեղարվեստական գրքեր, առաջին անգամ ստեղծվել են դասական շրջանի Հունաստանում։ Հին աշխարհում գրադարանի պահպանումը սովորաբար (բայց ոչ միանշանակորեն) որևէ հարուստ անհատի մենաշնորհն էր։ Դրանք կա՛մ մասնավոր, կա՛մ էլ հանրային էին այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրված էին դրանցով։ Ժամանակակից հանրային գրադարաններից դրանք տարբերվում էին նրանով, որ սովորաբար չէին ֆինանսավորվում հանրային միջոցներից։ Հայտնի է, որ 3-րդ դարի Հռոմում շուրջ 30 հանրային գրադարաններ կային։ Միջերկրածովյան հին շրջանի այլ քաղաքներում նույնպես կային հանրային գրադարաններ (օրինակ՝ Ալեքսանդրիայի գրադարանը)[32]։ Ավելի ուշ՝ միջին դարերում, վանքերը և համալսարանները նույնպես ունեին գրադարաններ, որ հասանելի էին հանրությանը։ Հիմնականում ամբողջ հավաքածուն հասանելի չէր լինում հանրությանը, գրքերը տուն տանել չէր կարելի, շատ հաճախ դրանք շղթայով ամրացված էին ընթերցանության կանգնակներին՝ կանխելու գողության դեպքերը։

Ժամանակակից հանրային գրադարանները հիմնվեցին մոտ 15-րդ դարից, երբ անհատները սկսեցին քաղաքներին նվիրաբերել գրքեր[33]։ Միացյալ Նահանգներում հանրային գրադարանների համակարգի աճը սկսվեց Էնդրյու Կարնեգիի նվիրաբերումների շնորհիվ։ Սա հասարակության դասային տարբերակման վրա ունեցավ իր ազդեցությունը։ Աղքատ կամ միջին ապրուստի տեր մարդկանց համար գիրքը հասանելի էր հանրային գրադարանի կամ այլ միջոցով, մինչդեռ հարուստները կարող էին թույլ տալ իրենց ունենալ մասնավոր գրադարան իրենց տան ներսում։ Միացյալ Նահանգներում Բոստոնի հանրային գրադարանի Հոգաբարձուների խորհուրդը 1852 թվականին հռչակեց հանրային գրադարանները որպես հարկային ապահովման ենթակա կառույց՝ նպատակ ունենալով մեծացնել նրա կրթական հնարավորությունը և մշակութային դերը[34]։

20-րդ դարում փափուկ կազմով գրքի ի հայտ գալը նպաստեց հրատարակչական զգալի աճին։ Փափուկ կազմով գրքերը հնարավոր դարձրին սեփական գրքեր ունենալը շատ մարդկանց համար։ Փափուկ կազմով գրքերը հաճախ պարունակում էին տարբեր ժանրի գործեր, որ մինչ այդ տպվում էին հիմնականում էժանագին ամսագրերում։ Արդյունքում մատչելի գնով այս գրքերը և նրանց տարածումը գրախանութներում (ի լրումն այս ամենի՝ անհավանական ցածր արժեքով փափուկ կազմով օգտագործված գրքերի փոքր շուկաները) վերջ դրեցին մասնավոր գրադարանների՝ հարուստ մարդկանց կարգավիճակի «խորհրդանիշը» լինելուն։ Գրադարանների և գրախանութների գրացուցակներում սովորաբար գրքի մատենագիտական նշումներ են արվում՝ ընդգծելով գրքի հրատարակման վայրը, հրատարակչությունը, տարեթիվը, ձևաչափը։

Նույնականացում և դասակարգում

խմբագրել
 
ISBN ը և գծիկավոր ծածկագիրը
 
Գրքերը գրադարանի դարակներին՝ կռնակներին գրված շիֆրերով

20-րդ դարի ընթացքում գրադարանավարները մտահոգ էին ամեն տարի Գուտենբերգի գալակտիկայում ավելացվող գրքերին հետևելու խնդրով։ Միջազգային այնպիսի կառույցի միջոցով, ինչպիսին Գրադարանային միությունների և կառույցների միջազգային ֆեդերացիան է, նրանք ստեղծեցին մի շարք գործիքներ, որոնց թվում է Միջազգային ստանդարտ մատենագիտական նկարագրությունը (ISBD): Յուրաքանչյուր գրքի նշանակվում է գրքի միջազգային ստանդարտ համարանիշ՝ ISBN, որն ամբողջ աշխարհում գրքի ընդունված եզակի նույնականացուցիչ է. յուրաքանչյուր գրքի տրվում է միայն մեկ ISBN: Այս համակարգը կառավարվում է ISBN միջազգային կազմակերպության կողմից։ ISBN-ը բաղկացած է չորս մասից՝ առաջին մասը երկրի կոդն է, երկրորդը՝ հրատարակչի, երրորդը գրքի անհատական նիշն է, իսկ վերջին բաղադրիչը ստուգիչ թիվն է, որը 0-9 թվերից մեկը կամ X (10) կարող է լինել։ ISBN-ը մեքենայաընթեռնելի է EAN.UCC գծիկավոր ծածկագրի շնորհիվ, որը կազմվում է ըստ ISBN-ի։

Վաճառքի գործում մասնագիտացած հրատարակիչներն առանց բացառության զարգացած երկրներում հիմնականում նշանակում են ISBN իրենց գրքերին՝ որպես գրքի հրատարակման անհրաժեշտ բաղադրիչ։ Ինչևէ, շատ հրատարակիչներ, անգամ զարգացած երկրներում, չեն կիրառում ISBN համակարգ, հետևաբար գրքերը հրատարակում են առանց ISBN-ի։

Հանրային մեծ հավաքածուները կարգավորվում են գրացուցակով։ Յուրաքանչյուր գրքի նշանակվում է շիֆր գրացուցակում, որով և որոշվում է նրանց վայրը դարակներում։ Շիֆրերը հիմնվում են գրադարանային դասակարգման համակարգի վրա։ Շիֆրը նշվում է գրքի կռնակի վերին մասում։ Միջազգային կամ ազգային այնպիսի ստանդարտներ, ինչպես ANSI/NISO Z39.41 - 1997-ը, հաստատում են տեղեկության նշման ճիշտ կարգը (օրինակ՝ վերնագիր, հեղինակի անուն և այլն) գրքի կռնակին, ամսագրերի, խտասալիկների և այլ նմանատիպ առարկաների վրա։

Դասակարգման համակարգեր

խմբագրել
  • Բլիսսի մատենագիտական դասակարգում (BC)
  • Չինական գրադարանի դասակարգում (CLC)
  • Երկու կետով դասակարգում
  • Դյուի տասնորդական դասակարգում (DDC)
  • Հարվարդ-Յենչինգի դասակարգում
  • Կոնգրեսի գրադարանի դասակարգում (LCC)
  • Դասակարգման նոր համակարգ չինական գրադարանների համար
  • Համընդհանուր տասնորդական դասակարգում (UDC)

Այլ կիրառություններ

խմբագրել

Կարդալուց բացի՝ գիրքն օգտագործվում է նաև այլ նպատակներով.

  • Գիրքն արվեստի գործ է, արվեստագիտական հնություն
  • Գիրքը ընթերցողների կամ մասնագետների ուսումնասիրության, քննարկման առարկա է
  • Գիրքը ուսանողների ուսումնառության բուն առարկան է, նրանց զեկույցների և հետազոտությունների աղբյուրը
  • Երբեմն գիրքն օգտագործվում է արտաքին ձևավորման նպատակով, օրինակ՝ դասասենյակը ձևավորելու միջոց կարող է լինել։

Գրաշուկա

խմբագրել

Գիրքը տպվելուն պես մուտք է գործում գրաշուկա վաճառքի գործակալների և գրախանութների միջոցով։ Միևնույն ժամանակ նրա գովազդն իրականացվում է զանազան լրատվական անդրադարձների շնորհիվ։ Շատ վայրերում գրաշուկայի գործունեությունը սահմանվում է հստակ օրենքներով։

Հետագա տարածման այլ ձևեր

խմբագրել

Վերջին տարիներին գիրքը երկրորդ կյանք է ստանում բարձրաձայն ընթերցման միջոցով։ Սա կոչվում է հրատարակված գրքերի հանրային ընթերցանություն մասնագիտացած ընթերցողների (ասմունքողների, հաճախ նաև դերասանների) մասնակցությամբ և գրողների, հրատարակիչների, գրավաճառների, գրադարանավարների, գրական աշխարհի կարևորագույն ներկայացուցիչների, արվեստագետների սերտ համագործակցությամբ։

Շատ անհատական և հավաքական միջոցառումներ են կազմակերպվում՝ խթանելու ընթերցանությունը։ Դրանցից են՝

  • հանրային վայրերում գրքեր թողնելը
  • բարերին և սրճարաններին անվճար գրքերով ապահովելը
  • շրջիկ և ժամանակավոր գրադարանները
  • անվճար հանրային գրադարանները տարբեր տարածքներում

Գրքարտադրության էվոլյուցիա

խմբագրել

Գրքարտադրությունը 18-րդ դարից ի վեր քիչ է փոխվել, սակայն նաև նույնը չի մնացել։ Այսպես՝ հեղինակների պաշտպանվածության հարցն առաջ քաշվեց աստիճանաբար, իսկ 19-րդ դարից սկսած միայն սկսեց գործել հեղինակային իրավունքը։ Տպագրության գյուտից հետո ընդլայնվեցին նաև գրավաճառների և հրատարակիչների աշխատանքները. այն գիրքը դարձրեց արտադրական առարկա՝ պահանջելով արտադրության և շուկայական կառույցներ։

Համացանցի, էլեկտրոնային ընթերցիչների, պլանշետների և այնպիսի նախագծերի ի հայտ գալով, ինչպիսին Վիքիպեդիան և Գուտենբերգն են, առաջիկայում զգալիորեն կփոփոխվի գրքարտադրությունը։

Թուղթ և պահպանում

խմբագրել
 
Կիսակազմ գիրք՝ կաշվով և փայլուն թղթով

Թուղթն առաջին անգամ պատրաստվել է Չինաստանում շատ վաղ՝ դեռևս Ք.ա. 200 թվականին, իսկ Եվրոպա հասավ մուսուլմանական տարածքներով։ Սկզբում պատրաստվելով էժանագին թղթից՝ այն աստիճանաբար կատարելագործվեց՝ թղթի պատրաստման համար կիրառելով փայտանյութ։ Եվրոպայում թղթի արտադրությունը սկսվեց 11-րդ դարում, թեպետ մոմաթուղթն այնտեղ դեռևս տարածված էր մինչև 16-րդ դարի սկիզբը՝ լինելով թանկ և դիմացկուն տարբերակ։ Հրատարակիչները հաճախ թողարկում էին նույն հրատարակությունը երկու տեսակ թղթով էլ՝ նախատեսելով մի քանի շուկաների համար։

20-րդ դարասկզբին փայտանյութից պատրաստված թուղթը մեծ տարածում գտավ, որովհետև այն ավելի էժան էր, քան քաթանի և կանեփի հիմքի վրա պատրաստված թուղթը։ Փայտանյութի հիմքի վրա պատրաստված թղթի շնորհիվ գրքերն ավելի էժան և հասանելի դարձան հանրության համար։ Սա զարգացած երկրներում հող նախապատրաստեց գրագիտության մեծ թռիչքի և տեղեկատվության տարածման համար Երկրորդ արդյունաբերական հեղափոխության շրջանում։

Փայտանյութի հիմքի վրա պատրաստված թուղթը, սակայն, պարունակում է թթու, որը վերջիվերջո քայքայում է թուղթը ներսից։ Վաղ շրջանում թղթի արտադրության տեխնիկայում կիրառվում էր կրաքարային գլանիկ, որը չեզոքացնում էր փայտանյութի թթուն։ 1850-1950 թվականներին տպագրված գրքերը հիմնականում վտանգի տակ են, ավելի ուշ տպված գրքերի համար հիմնականում կիրառել են թթվազերծված կամ ալկալիական թուղթ։ Հին հավաքածուները քայքայումից փրկելու համար գրադարաններն այսօր պետք է հաշվի նստեն զանգվածային վնասազերծիչ գործողություններ կատարելու փաստի հետ։

Թղթային առարկաների և գրքերի երկարաժամկետ պահպանման համար ջերմաստիճանի կայունությունը վճռորոշ է։ Ջերմա- և օդակարգավորիչները պետք է ստուգվեն և անխափան գործեն։ Լույսը վնասակար է հավաքածուների համար։ Այսպիսով՝ հավաքածուների համար պիտի իրականացվի լուսային վերահսկողություն։ Ի հավելումն այս օգտակար լուծումների՝ գրդարանը պետք է պատրաստ լինի անվերահսկելի աղետներին դիմակայելու։ Ժամանակ և ջանքեր պետք է գործադրվեն՝ ստեղծելու հակիրճ և արդյունավետ պլան՝ չեզոքացնելու բնական աղետի պատճառած ցանկացած վնաս։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. IEILS, p. 41
  2. «Books of the world, stand up and be counted! All 129,864,880 of you». 2010 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 15-ին. «After we exclude serials, we can finally count all the books in the world. There are 129,864,880 of them. At least until Sunday.»
  3. Curtis, George (2011). The Law of Cybercrimes and Their Investigations. էջ 161.
  4. «The Plot Twist: E-Book Sales Slip, and Print Is Far From Dead». The New York Times. 2015 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  5. «Book». Dictionary.com. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
  6. «Northvegr - Holy Language Lexicon». 2008 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
  7. Roberta Binkley (2004). «Reading the Ancient Figure of Enheduanna». Rhetoric before and beyond the Greeks. SUNY Press. էջ 47. ISBN 978-0-7914-6099-3.
  8. Leila Avrin. Scribes, Script and Books, p. 173.
  9. Avrin, Leila (1991). Scribes, script, and books: the book arts from antiquity to the Renaissance. New York, New York: American Library Association; The British Library. էջ 83. ISBN 978-0-8389-0522-7.
  10. Dard Hunter. Papermaking: History and Technique of an Ancient Craft New ed. Dover Publications 1978, p. 12.
  11. Leila Avrin. Scribes, Script and Books, pp. 144–45.
  12. The Cambridge History of Early Christian Literature. Edd. Frances Young, Lewis Ayres, Andrew Louth, Ron White. Cambridge University Press 2004, pp. 8–9.
  13. Leila Avrin. Scribes, Script and Books, pp. 207–08.
  14. Theodore Maynard. Saint Benedict and His Monks. Staples Press Ltd 1956, pp. 70–71.
  15. Martin D. Joachim. Historical Aspects of Cataloguing and Classification. Haworth Press 2003, p. 452.
  16. Edith Diehl. Bookbinding: Its Background and Technique. Dover Publications 1980, pp. 14–16.
  17. Bernhard Bischoff. Latin Palaeography, pp. 16–17.
  18. Paul Saenger. Space Between Words: The Origins of Silent Reading. Stanford University Press 1997.
  19. Bernhard Bischoff. Latin Palaeography, pp. 42–43.
  20. W. Durant, "The Age of Faith", New York 1950, p. 236
  21. S.E. Al-Djazairi "The Golden Age of Islamic Civilization", Manchester 2996, p. 200
  22. Edmund Burke (2009 թ․ հունիս). «Islam at the Center: Technological Complexes and the Roots of Modernity». Journal of World History. 20 (2): 165–86 [43]. doi:10.1353/jwh.0.0045. ISSN 1045-6007.
  23. Edmund Burke (2009 թ․ հունիս). «Islam at the Center: Technological Complexes and the Roots of Modernity». Journal of World History. 20 (2): 165–86 [44]. doi:10.1353/jwh.0.0045.
  24. Johs. Pedersen, "The Arabic Book", Princeton University Press, 1984, p. 59
  25. Clapham, Michael, "Printing" in A History of Technology, Vol 2. From the Renaissance to the Industrial Revolution, edd. Charles Singer et al. (Oxford 1957), p. 377. Cited from Elizabeth L. Eisenstein, The Printing Press as an Agent of Change (Cambridge University, 1980).
  26. Bowker Reports Traditional U.S. Book Production Flat in 2009 Արխիվացված Հունվար 28, 2012 Wayback Machine
  27. Vermeer, Leslie (2016 թ․ օգոստոսի 31). The Complete Canadian Book Editor (անգլերեն). Brush Education. ISBN 978-1-55059-677-9.
  28. Gary B. Shelly; Joy L. Starks (2011 թ․ հունվարի 6). Microsoft Publisher 2010: Comprehensive. Cengage Learning. էջ 559. ISBN 978-1-133-17147-8.
  29. Rainie, Lee; Zickuhr, Kathryn; Purcell, Kristen; Madden, Mary; Brenner, Joanna (2012 թ․ ապրիլի 4). «The rise of e-reading». Pew Internet Libraries. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  30. «What is an e-book». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
  31. Edwin Mcdowell (1989 թ․ հոկտեմբերի 30). «The Media Business; Publishers Worry After Fiction Sales Weaken». New York Times. Վերցված է 2008 թ․ հունվարի 25-ին.
  32. Miriam A. Drake, Encyclopedia of Library and Information Science (Marcel Dekker, 2003), "Public Libraries, History".
  33. Miriam A. Drake, Encyclopedia of Library, "Public Libraries, History".
  34. McCook, Kathleen de la Peña (2011), Introduction to Public Librarianship, 2nd ed., p. 23 New York, Neal-Schuman.

Աղբյուրներ

խմբագրել
  • "IEILS": "Book", in International Encyclopedia of Information and Library Science, Editors: John Feather, Paul Sturges, 2003, Routledge, ISBN 1-134-51321-6, 97811345132

Հետագա ընթերցանության նյութեր

խմբագրել
  • Tim Parks (August 2017), The Books We Don’t Understand, New York Review of Books

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Գիրք հոդվածին
  • Information on Old Books, Smithsonian Libraries
  • "Manuscripts, Books, and Maps: The Printing Press and a Changing World"
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիրք» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիրք» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 88