Համատեքստ (Կոնտեքստ) (լատին․՝ contextus - կցում, միացում, կապ), տեքստի կամ խոսքի՝ իմաստով համեմատաբար ավարտուն հատված, որի սահմաններում առավել ճշգրիտ ու կոնկրետ ի հայտ է գալիս նրա մեջ մտնող առանձին խոսքի (նախադասության) կամ նրանից որպես մեջբերում վերցված արտահայտության իմաստն ու նշանակությունը։ Համատեքստից դուրս («համատեքստից պոկված») մեջբերումը կարող է ձեռք բերել մեկ այլ, նույնիսկ հակառակ նշանակություն։ Գեղարվեստական գրականության մեջ համատեքստն որոշում է ոչ միայն առանձին բառերի, արտահայտությունների, ասույթների, այլև գեղարվեստական զանազան միջոցների կոնկրետ բովանդակությունը, արտահայտչականությունն ու ոճական երանգը։ Համատեքստը որոշում է ոճական տվյալ շարքի բառերի ընտրությունը։ Համատեքստի խախտումը քանդում է տեքստի գեղարվեստական միասնությունը և բուն գեղարվեստական կերպարը (համատեքստից դուրս, օրինակ, հնարավոր չէ ընկալել հեգնանքը), իսկ երբեմն գրական երկերում օգտագործվում է ոճական էֆեկտի համար, օրինակ, պարոդիաներում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 582