Ալեքսանդրիայի գրադարան

հին աշխարհի ամենամեծ գրադարաններից մեկը, որը գտնվում էր Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում

Ալեքսանդրիայի գրադարան (հին հունարեն՝ Βιβλιοθήκη τῆς Ἀλεξάνδρειας, լատին․՝ Bibliotheca Alexandrina), հնագույն շրջանի խոշորագույն գրադարաններից մեկը, որը մ.թ.ա. 3-րդ դարից մինչ մ.թ. 4-րդ դարը գոյություն է ունեցել անտիկ Ալեքսանդրիայում՝ Ալեքսանդրիայի Մուսեյոնին կից։

Ալեքսանդրիայի գրադարան
ԵրկիրԵգիպտոս (Հռոմեական պրովինցիա)
Տեսակգիտական գրադարան
Հիմնվել էմ.թ.ա. 3-րդ դար
Լուծարվել է4-րդ դար
ՏեղադրությունԱլեքսանդրիա
Հավաքածուներ
Չափ1 000 000 արխիվային միավոր[1]

Մ.թ.ա. 3-րդ դարի ողջ ընթացքում ավանդաբար գրադարանի ղեկավարը միաժամանակ նաև գահաժառանգի դաստիարակն է եղել[2]։ Եգիպտոսի՝ Հռոմի կողմից նվաճվելուց հետո գրադարանը պահպանել է իր բարձր նշանակությունը նոր կառավարողների համար, համենայն դեպս մինչև մ.թ. 3-րդ դարի սկիզբը, նրա աշխատակիցներն ունեցել են պտղոմեոսյան ժամանակաշրջանի առավելությունները։ Ալեքսանդրիան պահպանել է ինտելեկտուալ և կրթական կենտրոնի կարգավիճակը դեռևս 5-րդ դարում։

Ընդհանուր առմամբ, գոյություն են ունեցել գրադարանային երկու հավաքածու. գլխավորը տեղակայված է եղել Բրուհեյոն թաղամասում՝ արքունական պալատում (տուժել է մ.թ.ա. 48 թվականի Գայոս Հուլիոս Կեսարի պատերազմի ժամանակ), իսկ օժանդակը՝ Սերապիսում (Սերապեում), որտեղ պահպանվում էին հանրամատչելի ֆոնդերն ու կրթական գրականությունը։

Հիմնական ֆոնդը դադարել է գոյություն ունենալուց 273 թվականի ռազմական գործողությունների ընթացքում. Ավրելիանոս կայսրն ամբողջությամբ ոչնչացրել է Բրուհեյոնը։ 18-րդ դարում տարածված է եղել այն վարկածը, որ Սերապեումում պահվող գրադարանի մի մասը ոչնչացվել է քրիստոնյաների և հեթանոսների միջև 391 թվականին տեղի ունեցած բախման ժամանակ, բայց այս փաստը միանշանակ չի հաստատվել անտիկ աղբյուրներում։ Ըստ լեգենդի՝ գրադարանային ֆոնդերի ոչնչացումն ավարտվել է 7-րդ դարի առաջին կեսի արաբական նվաճումների ընթացքում:

Ալեքսանդրիայի գրադարանի կառուցվածքի և պարունակության մասին գրեթե բոլոր տեղեկությունները գտնվում են առանձին-առանձին անտիկ աղբյուրներում, որոնք խիստ հակասում են իրար։ Հայտնի չէ ոչ մի տեքստ, որը դուրս է եկել անմիջապես գրադարանից. հնէաբանները մեծ դժվարությամբ են նույնականացնում նրա տեղադրությունը։

Անտիկ աղբյուրներ։ Եզրութաբանություն

խմբագրել

Ալեքսանդրիայի գրադարանը շատ քիչ է ներկայացված աղբյուրներում, որոնք հիմնականում ծագել են հռոմեական ժամանակաշրջանից, երբ փոփոխվել են գրադարանի գործառնական սկզբունքներն ու համալրումը[3][4]։ Գրադարանի մասին տեղեկություններ պարունակող հնագույն աղբյուր է ներկայումս մ.թ.ա. 2-րդ կամ 1-ին դարերով թվագրվող Արիսթեասի նամակը։ Կցկտուր տեղեկություններ կան նաև Ստրաբոնի «Աշխարհագրություն», Սենեկայի, Պլուտարքոսի և Սվետոնիոսի աշխատություններում։ Մի շարք անեկդոտային բնույթի տեղեկություններ կան 2-րդ դարի բուժակ Գալենի աշխատություններում, ինչպես նաև Աթենեոսի և այլ հեղինակների մոտ։ Մի շարք կարևոր տեղեկություններ կան 12-րդ դարի բյուզանդացի գիտանական Հովհաննես Ցեցեցի սքոլիաներում, բայց նրա տեղեկատվության աղբյուրներն անհայտ են[5]։

Անտիկ աղբյուրներում Ալեքսանդրիայի գրադարանը տարբեր կերպ է անվանվել։ Բավականին հաճախ այն կոչվել է ուղղակի «Մեծ գրադարան» (հին հունարեն՝ ἡ μεγάλη βιβλιοθήκη), «արքայական գրադարան», «Մուսեյոնի գրադարան» և այլն[6]։

Հիմնական գրադարաններ

խմբագրել
 
Անտիկ Ալեքսանդրիայի հատակագիծը Պտղոմեոսների դարաշրջանում

Ալեքսանդրիայի գրադարանը, ըստ էության, հիմնադրվել է Պտղոմեոս Լագոսի նախաձեռնությամբ[7], ինչը վկայված է Պլուտարքոսի «Մորալիա» աշխատանքում (Non posse suaviter vivi, 13, 3): Ըստ երևույթին, Ալեքսադրիայի գրադարանի՝ որպես պետական գիտական և կրթական հաստատության ստեղծման նախատիպ են եղել Պլատոնի և Արիստոտելի դպրոցների հավաքածուները։ Երբ Պլատոնը դպրոցը Ակադեմիուսի պուրակից տեղափոխել է սեփական տուն, դրան կից ստեղծել է Մուսեյոնը՝ մուսաների տաճարը, Թեոփրաստեսը պերիպատետիկյան դպրոցի համար կառուցել է հատուկ լսարաններ և գրադարանի շենք[8]։

Ալեքսանդրիայի գրադարանի հիմնադրմանը մասնակցել են պերիպետիկոսներ Դեմետրիուս Ֆալերացին և հնարավոր է՝ Ստրատոնը Լամպսակից, բայց Դեմետրիուսը չէր կարող լինել Ալեքսանդրիայում մ.թ.ա. 297 թվականից շուտ։ Նրա գալով գրադարանը հիմնված էր, համենայն դեպս Եպիփան Կիպրացին հայտնել է, որ մի անգամ Պտղոմեոս II Եղբայրասերը հարցրել է Դեմետրիուսին, թե որքան գիրք է հավաքվել գրադարանում։ Վերջինս պատասխանել է, որ հավաքվել է 54 800 թղթագլան, բայց շատերը դեռևս պետք է ձեռք բերվեն և արտագրվեն[9]։

Ալեքսանդրիայի գրադարանն իրենից ավելի շուտ ներկայացրել է ակադեմիա, քան սովորական գրքերի հավաքածու. այստեղ ապրել և աշխատել են գիտնականներ, որոնք զբաղվել են և՛ հետազոտություններով, և՛ դասավանդել են։ Գրադարանին կից եղել է արտագրողների հաստիք, որոնք արտագրել են գրքերը. կազմվել է գրքերի գրացուցակ[10]։ Ալեքսանդրիայի գրադարանի էական առանձնահատկությունն այն է եղել, որ դրա ֆոնդերը մեծամասամբ լրացվել են տեղում. Ալեքսանդրիան անտիկ ժամանակներում պապիրուսի արտադրության կենտրոն է եղել, իսկ Պտղոմեոսների քաղաքականությունն ուղղված է եղել պատրաստված կադրեր՝ գրիչներ և քերական-տեքստաբաններ պատրաստելուն։ Առաջին անգամ այդ մասին գրել է Ավլուս Գելլիուսը, որն էլ ներկայացրել է գրադարանային ֆոնդի մեծության առավելագույն գնահատականը՝ 700 000 թղթագլան («Ատտիկական գիշերներ», VII, 17, 1-3)[11]:

Գրադարանն ու Մուսեյոնը ստեղծվել են միաժամանակ և պետք է լրացնեին միմյանց։ Մուսեյոնը պաշտամունքային հաստատություն է եղել, բայց Մուսաների երկրպագությունը կրել է պրակտիկ բնույթ՝ տարաբնույթ գիտական և գրական պարապմունքների ձևով, որն իրականացվել է հաստիքային գիտնականների և գրականագետների կողմից։ Այս գործունեության ամենամոտ համակերպը դասական ժամանակաշրջանի Աթենքում բեմադրված ողբերգությունն է՝ որպես Դիոնիսոս աստծո պաշտամունքի ծիսական ակտ[12]։ Ըստ Աթենեոսի՝ գրադարանի սկզբնական ֆոնդը կազմել են Արիստոտելի աշխատությունները։ Գալեն Կլավդիոս հայտնում է բնութագրական անեկդոտ, որի համաձայն՝ Ալեքսանդրիայի ծոց այցելող բոլոր նավերը պետք է հանձնեին իրենց գրքերը և փոխարենը ստանային պատճենները։ Պտղոմեոս III Եղբայրասերը Աթենքից պարտքով վերցրել է աթենական ողբերգակների ստեղծագործությունների պետական նմուշը և վերադարձրել միայն պատճենները՝ վճարելով 18 տաղանդի չափով հսկայական տուգանք[13]։

Գրադարանի առաջին պահապանը Զենոդոտոս Եփեսացին է եղել (մ.թ.ա. 234 թվական), նրանից հետո՝ Էրատոսթենես Կիրենացին (մ.թ.ա. 236 թվականից մ.թ.ա. 195 թվականը), Արիստոփանես Բյուզանդացին (մ.թ.ա. 185—180 թվականներ), Արիստարքոս Սամոթրակիացին (մինչ մ.թ.ա 146 թվականը)։ Գրադարանում աշխատել են հելլենականության դարաշրջանի այլ երևելի գիտնականներ, այդ թվում՝ Էվկլիդեսը, Հերոն Ալեքսանդրիացին, Արքիմեդեսը։ Այդ մասին տեղեկություններ կան բյուզանդական «Սուդա» հանրագիտարանում։ 1241 Օքսիրինքոսի պապիրուսում ներկայացվել է գրադարանավարների այլ ցանկ, բայց ըստ Վ. Բորուխովիչի՝ դա չի կարող հիմք հանդիսանալ գրադարանի կառավարման ժառանգականության հարցի լուծման համար։ Ապոլլոնիոս Հռոդոսացին այստեղ հիշատակվել է որպես առաջին արքայի ուսուցիչ (երրորդի փոխարեն), իսկ Ապոլոնիուսի հետնորդ է նշվել Էրատոսթենես Կիրենացին, որին հաջորդել են Արիստոփանես Բյուզանդացին և Արիստարքոսը[14]։

Գրադարանի ֆոնդեր

խմբագրել

1819 թվականին Ֆ. Օսանը, ուսումնասիրելով Պլավտուսի՝ 15-րդ դարի կատակերգությունների ձեռնագիրը, հայտնաբերել է լատիներեն սքոլիա, որը տեղեկություններ է պարունակել Ալեքսանդրիայի գրադարանի մասին, բայց սա նա հրապարակել է ավելի ուշ[15]։ Բովանդակությունը եղել է հետևյալը.

(Արքան) հիմնադրեց երկու գրադարան, մեկը՝ արքունական պալատի սահմաններից դուրս, մյուսը՝ արքունիքում։ Արտաքին գրադարանում հաշվվում էր 42 800 մագաղաթ, իսկ նրանում, որը գտնվում էր արքունիքում, պահպանվում էր 40 000 «խառը մագաղաթ» (Voluminum commixtorum), «պարզ և բաժանված» (Simplicium autem et digestorum)՝ 90 000, ինչպես հայտնում է Կալիմաքոսը՝ արքունական գրադարանավարը, որը նաև վերնագրել է յուրաքանչյուր մագաղաթ[13]:

Սքոլիայի անհայտ հեղինակն ընդ որում հղում է կատարել բյուզանդացի գիտնական Հովհաննես Ցեցեսին։ Ուշագրավ է, որ Ալեքսանդրիայի գրադարանի մասին Ցեցեսի հունարեն տեքստը Արիստոփանեսի սքոլիաների մասերն են և պահպանվել է Միլանի Ամբրոզյան գրադարանի հավաքածուների ձեռագրերից մեկում։ Այնտեղ ներկայացված է թվերի հետևյալ հերթականությունը.

Երևելի արքան Պտղոմեոս Եղբայրասերը... երբ բոլոր տեղերից արքայական գանձարանի փողերով հավաքեց գրքեր Ալեքսանդրիայում, Դեմետրիուս Ֆալերացու և այլ ավագների խորհրդով տեղավորեց երկու գրադարաններում։ Արտաքին գրադարանում գրքերի քանակը հասնում էր 42 800-ի։ Մյուս գրադարանը՝ տեղավորված արքունիքի ներսում, ուներ «խառը» գրքեր (հուն․՝ συμμίκτων)՝ 400 000, «պարզ» և «անխառն»՝ 90 000, ինչպես «Աղյուսակներում» դրանք անվանել է Կալիմաքոսը, որը թագավորի պալատականն էր, երբ հետագայում կարգի բերեց այս ամենը[16]:

Հատկանշական է, որ ժամանակակից հետազոտողները հակված են վստահելու գրադարանում պահպանվող ստեղծագործությունների իջեցված թվերին[17]։ Վիճահարույց է նաև գրադարանում պահվող գրքերի «պարզ», «խառը» և «անխառն» եզրույթները։ Ըստ Բորուխովիչի՝ ավանդաբար «պարզ» գրքեր ալեքսանդրիացի գիտնականներն անվանել են միջին չափսի մագաղաթներին, որոնք ներառել են մեկ ստեղծագործություն, իսկ «խառը» գրքերն իրենցից ներկայացրել են մագաղաթների հավաքածու՝ կապված կամ փակված մեկ արկղում՝ կարծես «խառնված» իրար այնպես, որ պահանջվում էր դրանց մեջ գտնել գրական կոթողի պահանջված մասը[14]։

Գրադարանի պահապանների տեքստաբանական աշխատանքի անբաժանելի մասն է կազմել բովանդակության կատալոգացումը։ Գրքերից շատերը հեղինակների կողմից դիտմամբ վերագրվել են այլ անձանց (այսպես կոչված «կեղծ արձանագիրներ») կամ հեղինակ ընդհանրապես չեն ունեցել։ Հաճախ հեղինակներն ունեցել են միանման անուններ, իսկ ձեռագրերի արտագրության ընթացքում տեքստերն աղճատվել են, եղել են բացթողումներ և լրացումներ։ Այդ իսկ պատճառով հավաքված գրքային ֆոնդերի մշակմամբ զբաղվող ալեքսանդրիացի քերականների առաջ խնդիր է դրված եղել իրենց կողմից խմբագրվող ընդօրինակումներն առավելագույնը մոտեցնել հեղինակային բնօրինակին[18]։ Գրադարանավարների հետաքրքրությունները ներառել են ոչ միայն հունական ստեղծագործությունները, այլև արևելյան։ Հենց Մուսեյոնում իրականացվել է Սեպտուագինտայի թարգմանությունը, իսկ եգիպտացի քուրմ Մանեթոնը հունարեն գրել է «Եգիպտոսի պատմությունը»։ Ինչպես նաև ենթադրաբար հենց նա է եղել Սերապեումին կից գրադարանի մասնաճյուղի հիմնադիրը։

Կալիմաքոսը եղել է գիտական մատենագիտության հիմնադիրը։ «Սուդա» հանրագիտարանում նրան են վերագրվել ստեղծագործությունների 800 գիրք, և առաջին հերթին Ալեքսանդրիայի գրադարանի գրախոսված գրացուցակը՝ «Բոլոր գիտություններում և արվեստներում հռչակավորների աղյուսակները, ինչպես նաև նրանց ստեղծածների»՝ 120 գրքերով։ Յուրաքանչյուր գրողի անուն «Աղյուսակներում» ուղեկցվել է նրա համառոտ կենսագրությամբ, որտեղ տեղեկություններ են ներկայացվել նրա ուսուցիչների և կրթության վերաբերյալ։ Աշխատությունը չի պահպանվել, բայց դրա մասին հիշատակումները թույլ են տալիս եզրակացնել, որ գրացուցակը կազմված է եղել ըստ ժանրերի, որոնց մեջ առանձնացված են եղել էպիկական և քնարական բանաստեղծները, դրամատուրգները, փիլիսոփաները, պատմիչները, հռետորները և այլք։ Հիմքեր կան կարծելու, որ դրամատուրգիական բաժնում յուրաքանչյուր պիեսի տրված է եղել առանձին համար, որը ներառել է տաղաչափական տվյալները (տողերի թիվ), ինչպես նաև բերված է եղել տվյալ գրական կոթողի առաջին նախադասությունը, որը ծառայել է առավել հուսալի նույնականացման համար[19]։ Ըստ Աթենեոսի՝ Կալիմաքոսի հետնորդները շարունակել են նրա գործը. Արիստոֆանես Բյուզանդացին գրել է «Կալիմաքոսի աղյուսակներին» աշխատությունը, որը պարունակել է Կալիմաքոսի կազմած մատենագիտության տարատեսակ լրացումներ և ուղղումներ (Athen., IX, 408):

Գրադարանի կորուստ

խմբագրել
 
Պրեֆեկտ Թիբերիոս Կլավդիոս Բալբիլայի թողած հարթաքանդակը, գրադարանը հիշատակվում է արձանագրության 8-րդ տողում: Մոտ 56 թվական:

Մ.թ.ա. 48-47 թվականներին Հուլիոս Կեսարը պատերազմում էր Եգիպտոսում՝ խառնվելով Կլեոպատրայի և նրա եղբոր՝ Պտղոմեոս XIII-ի տոհմային կռվին։ Ռազմական գործողությունների հետևանքով քաղաքում և գրադարանում բռնկվել է հսկայական հրդեհ, և գրքերի մի մասն այրվել է։ Անտիկ հեղինակները, նկարագրելով այս իրադարձությունները, լրջորեն հակասել են միմյանց. ըստ Սենեկայի (De tranquilitate 9, 5)՝ այրվել է 40 000 գիրք, իսկ Պաուլուս Օրոսիուսը բերել է (Oros., VI, 15, 3) 400 000 վնասված գրքի թիվը, իսկ Դիոն Կասսիոսը (XLII, 38) պնդել է, որ այրվել են նավաշինարանը, հացի և գրքի շտեմարանները (հնարավոր է՝ նախատեսված Հռոմ ուղարկելու համար), բայց ոչ գրադարանը։ Պլուտարքոսը հայտարարել է, որ Մարկոս Անտոնիոսը վերականգնել է վնասված ֆոնդերը հելլենական աշխարհի մյուս խոշորագույն Պերգամոնի գրադարանի հաշվին՝ ցանկանալով հաճոյանալ Կլեոպատրային[20]։

Այնուհետև մոտավորապես երկու հարյուրամյակ Ալեքսանդրիայի գրադարանը գոյատևել է համեմատաբար խաղաղ պայմաններում։ Սվետոնիուսի գրքում՝ Կլավդիոսի կենսագրականում (42, 2) մի հատված կա, որում Կլավդիոսը հրամայել է կառուցել Մուսեյոնի համար նոր մասնաշենք՝ կայսրի ստեղծագործությունների հանրային ընթերցանության և ընդօրինակման համար։ Սրանից որոշ հեղինակներ ենթադրում են, որ գրադարանի անկումն արդեն սկսվել էր[21]։ Բայց միևնույն ժամանակ, Սվետոնիուսը հայտնում է, որ երբ հրդեհից վնասվել է Հռոմի կայսերական գրադարանը, Դոմիցիանոսը մասնագետներ է ուղարկել Ալեքսանդրիա՝ կորսված տեքստերը կրկնօրինակելու և համեմատելու համար («Տասներկու կայսերի կյանք», «Դոմիցիանոս», 20)։ Սրանից Ռ. Բեգնալը եզրակացրել է, որ հռոմեական ժամանակաշրջանում գրադարանը կորցրել էր իր կրոնական կարգավիճակը և վերակողմնորոշվել էր կրթական պահանջների համար[22]։

2-րդ դարում Ալեքսանդրիա է այցելել Հադրիանոս կայսրը, որը Մուսեյոնում մի քանի նոր անդամների է նշանակել։ Հիմքեր են եղել կարծելու, որ այս քաղաքականությունն առաջարկել են նրա հետնորդներ Անտոնինոս Պիոսը և Մարկոս Ավրելիոսը։ Բայց Հռոմեական կայսրության ճգնաժամի սկսվելով՝ 216 թվականին Կարակալլա կայսրը իր զորքերին թալանելու է հանձնել Ալեքսանդրիան, ինչը նույնպես կարող էր վնասել գրքերի պահպանումը։ Նրա օրոք իջեցվել են Մուսեյոնի և գրադարանի պահապանների կարգավիճակները. նրանք կորցրել են մի շարք արտոնություններ, որոնք սահմանված էին դեռևս Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակաշրջանից[23]։

Դիոկղետիանոս կայսրը 298 թվականի մարտին՝ ութամսյա պաշարումից հետո, գրավել է Ալեքսանդրիան՝ ճնշելով Դոմիցիոս Դոմիցիանի ապստամբությունը։ Քաղաքը գրավելուց հետո Դիոկղետիանոսը տներն ու տաճարները թալանելու է հանձնել իր զորքերին, ինչը հանգեցրել է մասշտաբային ավերածությունների և ավելի շատ անբարենպաստ ազդեցություն է ունեցել թանգարանի և գրադարանի ամբողջականության վրա։

Գլխավոր գրադարանն ամենայն հավանականությամբ կործանվել է 273 թվականին, երբ Ավրելիանոս կայսրը Ալեքսանդրիայի գրավման ժամանակ քանդել ու հրի է մատնել Բրուհեյոնը՝ ճնշելով Զենոբիա կայսրուհու ապստամբությունը. Սերապիսի տաճարում պահպանվող գրադարանի մի մասը հավանաբար վերացվել է ավելի ուշ։ Գրադարանի վերջնական վերացման ժամանակը հաստատված չէ[10]։

391 թվականին Ալեքսանդրիայում հուզումներ և բախումներ են եղել հեթանոսների և քրիստոնյաների միջև։ Տարբեր վարկածներ կան կոնֆլիկտի առաջացման և ընթացքի վերաբերյալ։ Ի վերջո պատրիարք Թեոֆիլոս Ալեքսանդրիացին Թեոդոսիոս I կայսրից ստացել է հեթանոսական տաճարները վերացնելու հրաման, ինչն էլ հանգեցրել է Սերապեումի ավիրմանը։ Եկեղեցական պատմիչ Սոկրատ Սքոլաստիկոսը դա նկարագրել է այսպես[24].

Հիմնվելով նման իրավասությունների վրա՝ Թեոֆիլոսն օգտագործեց ամեն ինչ, որպեսզի անփառունակությամբ ծածկի հեթանոսական խորհուրդները. կործանեց մեհենական տաճարները, քարուքանդ արեց Սերապիսի տաճարը... Տեսնելով այդ՝ ալեքսանդրացի հեթանոսները, մասնավորապես մարդիկ, որոնց անվանում էին փիլիսոփաներ, չհանդուրժեցին նման վիրավորանք և իրենց նախկին արյունալի գործերին ավելացրին ավելի շատ՝ բռնկված մի զգացմամբ՝ բոլոր նրանք, ըստ նախապայմանի, հարձակվեցին քրիստոնյաների վրա և սկսեցին կատարել ամեն տեսակ սպանություններ։ Քրիստոնյաներն իրենց կողմից նույն կերպ վարձահատույց եղան...

Հնարավոր է, որ այս իրադարձությունների ժամանակ էլ կորսվել են տաճարում գտնվող գրքերը[10]։ Այս իրադարձությունների մասին գրել է նաև հեթանոս հեղինակ Եվպանիոս Սարդինացին։ Երկուսն էլ՝ Սոկրատեսն ու Եվպանիոսը, հայտնել են հեթանոսական տաճարների ավիրման մասին, բայց հենց գրքերի ոչնչացման մասին հիշատակություններ չեն թողել։ Ավելին, անհայտ է՝ այդ ժամանակ քանի գիրք է գտնվել Սերապեումում, և գտնվել են դրանք այնտեղ ընդհանրապես։ Օրոսիուսը (VI, 15, 32) հայտնում է, որ գրքերի գրադարակները կարելի էր տեսնել Ալեքսանդրիայի տարբեր տաճարներում[25]։ Հայտնի է, որ Մուսեյոնը և գրադարանը ինչ-որ ձևով գոյանություն են ունեցել 391 թվականի իրադարաձություններից ավելի ուշ. մասնավորապես՝ այնտեղ աշխատած առավել հայտնի ինտելեկտուալներից էր մաթեմատիկոս և փիլիսոփա Թեոն Ալեքսանդրիացին, որը մահացել է մոտավորապես 405 թվականին (այս մասին տեղեկությունները բերված են Սուդա հանրագիտարանում)[26]։

13-րդ դարի սիրիացի եպիսկոպոս Գրիգոր Բար-Հեբրեոսի Chronicon Syriacum աշխատության մեջ նշվում է, որ փրկված ձեռագրերի մնացորդները վերացել են 7-8-րդ դարերում՝ արաբ-մուսուլմանների կառավարման շրջանում, բայց հավաստի տեղեկություններ այդ մասին չկան։ Շատ հայտնի է հետևյալ ավանդությունը. խալիֆ Օմար իբն ալ-Խատտաբը 641 թվականին հրամայել է զորապետ Ամր իբն ալ Ասին այրել Ալեքսանդրիայի գրադարանը՝ ասելով. «Եթե այդ գրքերի մեջ ասվում է այն, ինչ կա Ղուրանում, ապա դրանք անպիտան են։ Եթե ասվում են այլ բաներ, ապա դրանք վտանգավոր են։ Հետևաբար երկու դեպքում էլ պետք է դրանք այրել»[25]։ Ռուս պատմաբան-արաբագետ Օ.Բոլշակովը դա մեկնաբանում է այսպես[27].

Մասնագետները լավ գիտեն, որ դա ընդամենը բարեպաշտական լեգենդ է, որն Օմարին վերագրում է «բարեգործ» արարք՝ Ղուրանին հակասող գրքերի ոչնչացում, բայց հանրամատչելի գրականության մեջ այս լեգենդը ներկայացվում է որպես պատմական փաստ։ Բայց ո՛չ արաբական նվաճումների ժամանակ կոտորածների ու թալանի մասին հսկայական տեղեկատվություն տվող Հովհաննես Նիկիացին, ո՛չ մեկ այլ՝ իսլամի թշնամի քրիստոնեական պատմիչ չի հիշատակում գրադարանի հրդեհի մասին:

Այսպիսով, դժվար է գրադարանի կորուստը վերագրել կոնկրետ իրադարձության կամ մեղադրել բացառապես հեթանոսներին, քրիստոնյաներին կամ մուսուլմաններին։ Այդ մասին վեճերը բազմադարյա ավանդույթ են։ Մասնավորապես, Պլուտարքոսը մեղադրում էր Կեսարին, Էդվարդ Գիբբոնը՝ քրիստոնյաներին, Գրիգոր Բար-Հեբրեոսը՝ մուսուլմաններին, իսկ արդի Բրիտանական հանրագիտարանի հեղինակները ողջ մեղքը բարդել են Ավրելիանոսի վրա[Ն 1]: Ռ. Բեգնոլի տեսանկյունից՝ Ալեքսանդրիայի գրադարանի անկումն ու վախճանը երկարատև գործընթաց է եղել, որը իր հիմքում բնականոն էր։ Դասական բանասիրության անկման և իշխանությունների հետաքրքրության բացակայության պայմաններում չեն գտնվել միջոցներ՝ հնացած թղթագլանները վերականգնելու համար, որոնք մշտական վերանորոգման կարիք են ունեցել։ Անտիկ շրջանում 200 տարեկանից բարձր պապիրուսե գիրք-թղթագլանները համարվել են հազվագյուտ[21]։

Պատմագրություն։ Հնագիտական տեղեկություններ

խմբագրել

Չնայած Ալեքսանդրայի գրադարանի մասին հավաստի տեղեկատվության քիչ լինելուն՝ դարերի ընթացքում այն դարձել է գիտելիքի և մշակույթի շտեմարանի արխետիպ, ինչպես նաև կյանքի վաղանցիկության խորհրդանիշ[29]։ Այդ կերպարն առաջացել է Վերածննդի դարաշրջանում և համարյա անխաթար տեսքով փոխանցվել է հաջորդ սերունդներին[30]։ Ալեքսանդրիայի գրադարանի թեման նոր հարթության վրա է ներկայացվել Էդվարդ Գիբբոնի «Հռոմեական կայսրության կործանման և անկման պատմություն» (1776-1789) կոթողային աշխատության մեջ, որտեղ հեղինակը գրադարանի ոչնչացման համար մեղադրել է քրիստոնյաներին, ոչ թե մուսուլմաններին։

Ալեքսանդրիայի գրադարանի՝ արդի գիտական պատմագրության հաշվարկն սկսվում է 1823 թվականից, երբ Լեյդենում լույս է տեսել Գերհարդ Դեդելի Historia critica bibliothecae Alexandrinae մենագրությունը։ 1838 թվականին նմանատիպ գիրք է հրապարակել Ֆ. Ռիչլը[31], և այդ ժամանակից Ալեքսանդրիայի գրադարանի թեմայով հրապարակումները դարձել են քիչ թե շատ պարբերական։ Գրադարանի հետազոտության գործում էական ներդրում է դարձել ամերիկացի հետազոտող Է. Փարսոնսի մենագրությունը, որը լույս է տեսել 1952 թվականին[32]։ 1986 թվականին հրատարակվել է Լ. Կանֆորի «Անհետացած գրադարան» հետազոտությունը[33], որը դարձել է բեսթսելլեր, բայց քննադատվել է փաստերը գրական հնարանքի հետ խառնելու և «մշուշոտ» եզրահանգումների համար[34]։ Բայց քանի որ գրքում ներկայացված են համարյա բոլոր անտիկ աղբյուրները և նկարագրված են ժամանակակից հետազոտությունները, գիրքը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով և պարբերաբար վերահրատարակվել է։ 1990 թվականին լույս է տեսել Մուսթաֆա ալ Աբբադիի հետազոտությունը, որը համարվում է մինչ այժմ հրատարակվածներից ամենահիմնավորը[35]։

Հնագիտական տեսանկյունից՝ Ալեքսանդրիայի գրադարանը տեղադրությունը վատ է ներկայացված։ Ստրաբոնի նկարագրությունից հետևում է, որ գրադարանն ընդհանրապես առանձին շինություն չի ունեցել (համենայն դեպս, այն չի հիշատակվում)։ Հին Ալեքսանդրիայի արքայական թաղամասի պեղումների ղեկավար Ժան Իվ Էմպերյորը ընդհանրապես կասկածանքով է վերաբերել գրադարանի շինության մնացորդների բացահայտման հնարավորությանը[36]։ Գրադարանի նյութական գոյության հետքերից է համարվել քարե արկղը, որը հայտնաբերվել է 1847 թվականին։ Ենթադրվում է, որ այն ծառայել է գրքերը պահելու համար և այժմ պահվում է Վիեննայի արվեստի պատմության թանգարանի հավաքածուում[37]։ Ալեքսանդրիական Սերապեումի պեղումների արդյունքներով ընդունված է կարծել, որ գրքերի պահպանման համար ծառայել է 3 × 4 մ չափսով 19 սենյակից բաղկացած անֆիլադը, որը տեղակայված էր հարավային սյունազարդ նախասրահի բակում[38]։

Մշակույթում

խմբագրել

1980-ական թվականներից Ալեքսանդրիայի գրադարանի ճակատագիրը հետաքրքրել է պատմական և արկածային արձակի հեղինակներին։ Լույս են տեսել Սթիվ Բերրիի[39], Քլայվ Քասլերի[40], մաթեմատիկոս և գիտության պատմաբան Դենի Գեժի[en][41], աստղաբան և գրող Ժան Պիեր Լյումինեի[en][42] վեպերը։

Ալեքսանդրիայի գրադարանը որոշակի դեր է խաղացել անտիկ թեմայով առնվազն երկու ֆիլմի սյուժեի համար։ «Կլեոպատրա» (1963) պատմական դրամայում եգիպտական թագուհին Կեսարին անվանում է «բարբարոս»՝ ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացված գրադարանի համար. ֆիլմում ցուցադրված է դրա հրդեհը։ 2009 թվականին նկարահանվել է Հիպատիայի ճակատագրին նվիրված «Ագորա» ֆիլմը, որն ըստ սյուժեի աշխատում էր Ալեքսանդրիայի գրադարանում։ Այս ֆիլմը բազմաթիվ քննադատական արձագանքներ է առաջ բերել պատմական իրողությունների ճշգրիտ փոխանցման պատճառով, ներառյալ մասնագետ պատմաբան Ֆեյթ Ջասթիսի վերլուծականը[43]։

Արդի Ալեքսանդրիայի գրադարանը

խմբագրել

2002 թվականին Ալեքսանդրիայում՝ հին գրադարանի ենթադրյալ վայրում, կառուցվեց ժամանակակից «Ալեքսանդրինա գրադարանը», որը կոչված էր վերականգնել նախկին փառքը և ապահովել հասանելիություն բոլոր ցանկացողների համար։ Գրադարանի կառուցման արդյունքում Եգիպտոսում ստեղծվեց նոր կրթական համակարգ և կառավարությունից անկախ կրթական կազմակերպություն։ Տվյալ հաստատությունը կատարում է մի շարք մշակութային գործառույթներ[44]։ 2011 թվականի Եգիպտոսի հեղափոխության արդյունքում Ալեքսանդիայի բնակիչները գրադարանի շուրջը կենդանի շղթա կազմեցին, որպեսզի պաշտպանեն իրենց ճամփին ամեն ինչ ավիրող ու հրդեհող կողոպտիչներից[44][45]։

Նշումներ

խմբագրել
  1. «Թանգարանն ու գրադարանը կարողացան կանգուն մնալ շատ դարերի ընթացքում, բայց ոչնչացվեցին հռոմեացի կայսր Ավրելիանոսի՝ քաղաքացիական պատերազմների ժամանակ»
    [28]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 The Shores of the Cosmic Ocean — 1980.
  2. Борухович, 1976, էջ 152
  3. Mostafa El-Abbadi. The life and fate of the ancient Library of Alexandria. — 1990. — P. 78.
  4. Angelika Zdiarsky. Bibliothekarische Überlegungen zur Bibliothek von Alexandria. — 2011. — S. 162, 166.
  5. Rudolf Blum. Kallimachos. The Alexandrian Library and the Origins of Bibliography. — University of Wisconsin Press, 1991. — P. 104—105.
  6. Uwe Jochum. Kleine Bibliotheksgeschichte. — 2007. — S. 34.
  7. Elgood P. G. Les Ptolémées d’Egypte. — P., 1943. — P. 7.
  8. Борухович, 1976, էջ 153—154
  9. Борухович, 1976, էջ 153
  10. 10,0 10,1 10,2 Александрийская библиотека // Большая российская энциклопедия / С. Л. Кравец. — М: Большая Российская энциклопедия, 2005. — Т. 1. — С. 447. — 768 с. — 65 000 экз. — ISBN 5-85270-329-X
  11. Борухович, 1976, էջ 154
  12. Борухович, 1976, էջ 157
  13. 13,0 13,1 Борухович, 1976, էջ 159
  14. 14,0 14,1 Борухович, 1976, էջ 161
  15. Ritschl F. Die alexandrinischen Bibliotheken. — Breslau, 1838. — S. 3.
  16. Keil H. Ioannis Tzetzae scholiorum in Aristophanem Prolegomena // Rheinisches Museum. — 1847. — № VI. — P. 108.
  17. «In Our Time: The Library at Nineveh». BBC iPlayer. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
  18. Борухович, 1976, էջ 161—162
  19. Борухович, 1976, էջ 166—167
  20. Борухович, 1976, էջ 169
  21. 21,0 21,1 Roger S. Bagnall Alexandria. Library of Dreams. — 2002. — P. 359.
  22. Roger S. Bagnall Alexandria. Library of Dreams. — 2002. — P. 357.
  23. Heinz-Günther Nesselrath Das Museion und die Große Bibliothek von Alexandria. — 2013. — S. 86—88.
  24. Сократ Схоластик. Книга V. Глава 16
  25. 25,0 25,1 Борухович, 1976, էջ 170
  26. J. J. O'Connor and E. F. Robertson. «Theon of Alexandria» (անգլերեն). School of Mathematics and Statistics University of St Andrews, Scotland. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 23-ին.
  27. Большаков О. Г. История Халифата. — М.: Вост. лит., 2000. — Т. 2. — С. 122.
  28. «Library of Alexandria» (անգլերեն). Encyclopædia Britannica. Encyclopædia Britannica Online Academic Edition. Encyclopædia Britannica Inc., 2012. Web. 04 Mar. 2012. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
  29. Monica Berti, Virgilio Costa. The Ancient Library of Alexandria. A Model for Classical Scholarship in the Age of Million Book Libraries. — 2009. — P. 1.
  30. Roger S. Bagnall. Alexandria. Library of Dreams. — 2002. — P. 361.
  31. Ritschl F. Die alexandrinischen Bibliotheken. — Breslau, 1838.
  32. Edward A. Parsons. The Alexandrian Library. — London, 1952.
  33. Luciano Canfora. La biblioteca scomparsa. — Palermo, 1986.
  34. Поластрон, 2007, էջ 30
  35. Mostafa El-Abbadi. The life and fate of the ancient Library of Alexandria. — 1990.
  36. Jean-Yves Empereur. The Destruction of the Library of Alexandria. An Archaeological Viewpoint // What Happened to the Ancient Library of Alexandria?. — 2008. — P. 77—80, 88.
  37. Roger S. Bagnall Alexandria. Library of Dreams. — 2002. — P. 353.
  38. Robert Barnes. Cloistered Bookworms in the Chicken-Coop of the Muses. The Ancient Library of Alexandria. — 2010. — P. 68.
  39. Steve Berry. The Alexandria link: a novel. — New York, 2007.
  40. Clive Cussler. Treasure: a novel. — New York, 1988.
  41. Denis Guedj. Les Cheveux de Bérénice. — Paris, 2003.
  42. Jean-Pierre Luminet. Le Bâton d’Euclide: le roman de la bibliothèque d’Alexandrie. — Paris, 2002.
  43. Faith L. Justice (01.06.2010). «Agora: the «Reel» vs. the «Real» Hypatia» (անգլերեն). Historian's Notebook Author Faith L. Justice's blog. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 25-ին.
  44. 44,0 44,1 Thomas Fagernes (2012 թ․ նոյեմբերի 28). «Snøhetta. Архитектурное бюро, Норвегия. Лекция Томаса Фагернеса, партнёра бюро и Senior Architect в Snøhetta» (ռուսերեն). BLUEjeansWITHblueCORNFLOWERS.blogspot.com. Վերցված է 2013 թ․ ապրիլի 10-ին.
  45. «Это наша библиотека, и она принадлежит нашим детям». www.ifla.org. Վերցված է 2020 թ․ հուլիսի 12-ին.

Գրականություն

խմբագրել
  • Борухович, В. Г. В мире античных свитков. — Саратов: Изд-во Саратовского университета, 1976. — 224 с.
  • Браво, Б.; Випшицкая-Браво, Е. Судьбы античной литературы // Античные писатели. Словарь. — СПб.: Лань, 1999. — С. 7—20.
  • Мецгер, Б. Текстология Нового Завета: Рукописная традиция, возникновение искажений и реконструкция оригинала. — М.: Библейско-богословский ин-т св. апостола Андрея, 1996. — 334 с.
  • Поластрон, Л. Книги в огне: история бесконечного уничтожения библиотек / Пер. с фр. Н. Васильковой, Е. Клоковой, Е. Мурашкинцевой, А. Пазельской. — М.: Текст, 2007. — 397 с. — ISBN 978-5-7516-0653-1
  • Сулиман Л. Александрийская библиотека // Курьер ЮНЕСКО. 1988. № 12. С. 8-11.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրիայի գրադարան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 157