Աղոթք, աղաչանք առ Աստված կամ այլ գերբնական ուժ, օրհնություն, գոհություն, փառաբանություն, «խոսք ընդ Աստված», Աստծո կամ այլ գերբնական ուժի հետ հաղորդակցվելու գլխավոր միջոց։ Իր քարոզներից մեկում Հովհաննես Երզնկացին (Պլուզ) հետևյալ կերպ է ստուգաբանում բառը. «Աղոթք բառը երկվանկանի է. առաջին վանկը «աղ»-ն է, որն ունի աղաչական, աղերսական, սրտի խորքից բխած աղաղակի իմաստ։ Իսկ «ոթք»-ը պատշաճ հարակցում է, որով հորջորջվում է աղոթք բառը» (Մատենադարան, ձեռ. դ 2173, թ. 391ա)։

Աղոթող ծեր կինը, Նիկոլաս Մաս

Աղոթքը քրիստոնեության մեջ

խմբագրել

Քրիստոնեական հավատի համաձայն, աղոթքի ժամանակ աղոթողի ներշնչման աղբյուրը, ուսուցիչն ու օգնականն է Սուրբ Հոգին «Նույնպես և Հոգին օգնության է հասնում մեր տկարություններին. որովհետև մենք աղոթում ենք...» (Հռոմ. 8.26)։ Նոր Կտակարանում տրված են Հիսուս Քրիստոսի երկու լրիվ աղոթքները և Գեթսեմանիում նրա Ա-ի (Մատթ. 26.36–46, Մարկ. 14.32–42, Ղուկ. 22.39–46) որոշ մասերը։ Առաջինը Տերունական աղոթքն է, մյուսը Հիսուսն արտասանել է այն ժամանակ, երբ, կանխավետելով իր հաղթանակը աշխարհի ու մահվան նկատմամբ, պատրաստվում էր վերադառնալ իր Հոր մոտ (Հովհ. 17.1–26)։ Հիսուսը հավատացյալ քրիստոնյային պատվիրում է հաճախակի աղոթել (Կողոս. 2.2), աղոթել ամենայն ժամ (Ղուկ. 18.1, 21.36, Եփես. 6.16) և անդադար (Ա Թեսաղ. 5.17)։ Նա հանդիմանում է կեղծավոր, ի ցույց մարդկանց կատարվող աղոթքները (Մատթ. 6.5), պատվիրում է ծածուկ աղոթել (Մատթ. 6.6) և աղոթելիս հեթանոսների պես շատախոս չլինել (Մատթ. 6.7)։ Ըստ եկեղեցու հայրերի ուսուցումների, աղոթքը մուտք է հոգևոր ոլորտ և հաղորդակցություն երկնային իրականության հետ, «մտքի համբարձում երկրային իրողություններից» և «առաջընթաց առ աննյութականը և աստվածային μազմախորհուրդ ճանաչողությունը» (Նեղոս Սինայեցի, IV–V դդ.)։ Առանց հավատի աղոթքն անուժ է, և միայն հավատից բխող աղոթքն է, որ կարող է ներգործություն ունենալ, լսելի լինել Աստծուն։

Գրիգոր Տաթևացին տվել է աղոթքի տասը հիմն. խորհուրդներ՝ վերցված Աստվածաշնչից և եկեղեցու հայրերից, որտեղ նա աղոթքի միջոցով շեշտել է մարդու կապը Բարձրյալի հետ՝ ներշնչված Ս. Հոգով, և կարևորել աղոթքի՝ որպես կատարելության հասնելու միջոց։ Ըստ Գրիգոր Տաթևացու, աղոթքի «սրբությունները» երեքն են՝ սրտի, լեզվի և ձեռքերի, քանզի աղոթքը դրանց միջոցով է կատարվում։ Ձեռքերի սրբությունն այն է, որ ասել է առաքյալը. «Ուզում եմ, որ տղամարդիկ աղոթեն ամեն տեղ, սուրբ ձեռքեր μարձրացնեն դեպի վեր» (Ա Տիմ. 2.8), այսինքն՝ ձեռքերը մաքուր պահեն ագահությունից, զրկանք պատճառելուց, արյունից։ Լեզվի սրբությունն այն է, որ պետք է Աստծուն աղոթել՝ զերծ մնալով խոսքի բարկությունից, հայհոյանքներից, աղաղակներից։ Իսկ սրտի սրբությունն իր, ընկերների և Աստծո հանդեպ է։ Աղոթքը պետք է լինի սրտաբուխ, սիրտը մաքրելով բոլոր մեղքերից և չար խորհուրդներից, քանզի, ըստ քրիստ. մարդաμանության, սիրտը մարդու ներաշխարհի հոգևոր կենտրոն և Ս. Հոգու շնորհի ընդունարան է (Սաղմ. 51.10, Առակ. 4.23), խորհուրդների շտեմարան, Սուրբ Հոգու տաճար (Գրիգոր Լուսավորիչ)։

Կան անհատական և հրապարակային կամ հասարակական աղոթքներ։ Անհատի աղոթքը հաճախ իրականացվում է ներքին խոսքի միջոցով, առանց բառեր արտասանելու։ Իսկ «հրապարակային կամ հասարակական աղոթքը նման է հասարակական պարտքի վճարմանը,... երբ ամենքս կարգված ժամին գնալով եկեղեցի, միաμան աղոթում ենք¦ (Սիմեոն Ա Երևանցի, XVIII դ.): Ըստ բնույթի աղոթքները լինում են հավատի և փառաբանության, զղջման և ապաշխարության, դավանաբանական, բարեխոսական ևն։ Իրենց նշանակությամբ էլ կոչվում են «խընդրվածքներ», «օրհնություններ» և «գոհություններ»[1]։

Աղոթքը մեծ տեղ և խորհրդապաշտական նշանակություն ունի ճգնակեցական կյանքում։ Համաձայն արևելաքրիստոնեական և Հայ եկեղեցու ավանդության, աղոթելու ժամանակ դեպի արևելք են դառնում։ Արևելքն իր հոգևոր և կրոն. հասկացությամμ խորհրդապաշտ. բովանդակություն է ստացել, և ավանդաբար ու սովորությունների կիրառումով օրենքի ու կանոնի ուժ է ստացել (μացի μողոքական եկե-ղեցիներից) նաև աղոթելիս մարդկանց հայացքը դեպի արևելք դարձնելը։

Որպես ամենատարածված աղոթք քրիստոնյաների համար կարելի է համարել «Հայր Մեր»ը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 39 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։
  Ընթերցե՛ք «աղոթք» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։