Հերոդոտոս

մ․թ․ա․ 5-րդ դարի հույն պատմիչ

Հերոդոտոս, Հերոդոտ[2] կամ Հերոդոտոս Հալիկառնասցի (հունարեն՝ Ἡρόδοτος Ἁλικαρνᾱσσεύς Հերոդոտոս Հալիկառնասեւս, մոտ մ. թ. ա. 484, Հալիկառնաս[1] - մոտ մ. թ. ա. 425, Թուրիի, Sibari, Կասանո ալլո Իոնիո, Կոզենցա, Կալաբրիա, Իտալիա), հույն պատմիչ, որն ապրել և ստեղծագործել է մ.թ.ա. 5-րդ դարում և ճանաչված է որպես «Պատմության հայր»։

Հերոդոտոս
Ἡρόδοτος Ἁλικαρνᾱσσεύς
Herodotus Massimo Inv124478.jpg
Ծնվել էմոտ մ. թ. ա. 484
Հալիկառնաս[1]
Մահացել էմոտ մ. թ. ա. 425
Թուրիի, Sibari, Կասանո ալլո Իոնիո, Կոզենցա, Կալաբրիա, Իտալիա
Բնակության վայր(եր)Հալիկառնաս, Սամոս և Թուրիի
ՔաղաքացիությունՀալիկառնաս
Մասնագիտությունպատմաբան, քաղաքական գործիչ, գրող և աշխարհագրագետ
Տիրապետում է լեզուներինհին հունարեն
Commons-logo.svg Herodotus Վիքիպահեստում

ԿյանքԽմբագրել

Հերոդոտոսը ծնվել է Փոքր Ասիայի հունական Հալիկառնաս քաղաքում Ք.ա. 484 թվականին։ Մասնակցել է հայրենի քաղաքին տիրած բռնակալի դեմ ծավալված պայքարին, որից հետո ստիպված է եղել լքել Հալիկառնասը՝ հաստատվելով Սամոս կղզում։ Դրանից հետո վերադարձել և շատ կարճ ժամանակ կրկին ապրել է հայրենի քաղաքում, իսկ Ք.ա. 443 թվականին Պերիկլեսի նախաձեռնությամբ Իտալիայի հողի վրա հունական մի նոր գաղութի՝ Թուրիայի կազմավորման ուղղությամբ եռանդուն գործունեություն է ծավալել և տարիներ ապրել, գուցե և մահացել այնտեղ Ք.ա. 430 և 425 թվականների միջև։ Հիմք կա ենթադրելու, որ նրա «Պատմության» ներածական նախադասության սկիզբը՝ «Հերոդոտոս Հալիկառնասեցին ժողովեց պատմությունն այս...» նախապես եղել է «Հերոդոտոս Թուրիացին ժողովեց պատմությունն այս...», քանի որ այդպես են մեջբերում այն Արիստոտելը և մի քանի այն հին հեղինակներ։ Կյանքի թուրիական հատվածն, ուրեմն, շատ նշանակալից է եղել Հերոդոտոսի համար, հավանական է, որ նա այնտեղ է ստեղծել իր «Պատմությունը»։ Մեզ հասած այս կենսագրական տեղեկություններում ակներևաբար պակասում է երկու կարևորագույն հանգամանք, որոնք վճռական նշանակություն ունեն՝ նրա երկը ճիշտ ընկալելու և արժևորելու համար։ Դրանք են՝ Հերոդոտոսի կապը Հելլադայի խոշորագույն քաղաքական և մշակութային կենտրոն Աթենքի հետ և նրա բազմաթիվ ու հեռավոր ճանապարհորդությունները։ Երկուսի մասին էլ իմանում ենք «Պատմության» այնպիսի հատվածներից, ուր նա ականատեսի տեղեկություններ է հաղորդում Աթենքի և, ընդհանրապես, Ատտիկայի, ինչպես նաև Հունաստանից հեռու գտնվող մի շարք երկրների մասին։

Աթենքի հասարակության հետ Հերոդոտոսի ունեցած սերտ կապի մասին է ակնարկում Եվսեբիոս Կեսարացու «Քրոնիկոնի» հայերեն թարգմանության մեջ պահպանված, Ք.ա. 435 թվականով թվագրված մի տեղեկություն, ըստ որի Հերոդոտոսը, Աթենքում կարդալով իր ստեղծագործությունները՝ մեծ պատվի է արժանացել։ Նաև Պլուտարքոսը գրում է, որ Հերոդոտոսն աթենացիներից ստեացել է 10 տաղանդ արժեքով պատվավոր մի նվեր։ Սրանք լրացվում են, բացի պատմագրի՝ Աթենքի ու նրա շրջակայքի հետ լավ ծանոթության հանգամանքից, նաև այն անդրադարձումներով, որ նկատել են հետազոտողները՝ մի կողմից Հերոդոտոսի «Պատմության», մյուս կողմից նրա աթենացի ժամանակակիցներ՝ պատմաբան Թուկիդիդեսի, ողբերգակ Սոփոկլեսի և այլ հեղինակների գործերի միջև։ Այս բոլորով փաստարկվում է Հերոդոտոսի՝ Աթենքում երկար տարիներ, հավանաբար V դարի 40-ական թվականներին, ապրելու և գործելու հանգամանքը։ Իսկ դա էլ բացատրում է նրա շեշտված աթենասիրությունը։ Հունաստանի քաղաքներից (բացի Սամոսից և Էգեականի այլ կղզիներից) Հերոդոտոսը հավանաբար ապրել է Դելփիքում, այցելել է հյուսիսում ընկած Մակեդոնիա, Թրակիա ու հյուսիսային-մերձսևծովյան հունակալ Օլբիա գաղութը, իր հայրենի Հալիկառնասին հարող փոքրասիական մի շարք հունաբնակ քաղաքներ։ Թուրիայում ապրելով, նա այցելել է Սիկիլիայի Սիրակուզա քաղաքը։

Հույնի համար հազվադեպ երևույթ էին Հերոդոտոսի կատարած աֆրիկյան ու ասիական ճանապարհորդությունները։ Դրանք հավաստվում են հեղինակի ՝ ականատեսի դերում հանդես գալու մասին հիշատակություններով, նկարագրությունների ճշմարտաբանությամբ։ Նա շրջել է Աֆրիկայի երկրներից Եգիպտոսում և Լիբիայում, իսկ Ասիայում՝ Ասորիքում, Փյունիկիայում, Ասորեստանում, Բաբելոնում և Պարսկաստանում։ Այդ ուղևորությունները տեղի են ունեցել, հավանաբար, Ք.ա. 455 և 446 թվականների միջև։ Հերոդոտոսի ճանապարհորդությունների նպատակը պարզ չէ, բայց արդյունքն ակնբախ է. այցելած երկրների մասին նահայտնում է առաջնակարգ, հաճախ եզակի տեղեկություններ։ Նա հիմք դրեց համաշխարհային պատմագրության։

Իր «Պատմություն» երկում (բաղկացած է 9 գրքից) նկարագրում է մ.թ.ա. 490-470-ական թթ. հույն-պարսական պատերազմները և դրանց հետ առնչվող այլ պատմական անցքեր։ Այդ աշխատությունը եզակի նշանակություն է ունեցել Հունաստանի և անտիկ աշխարհի պատմական մտքի հետագա զարգացման վրա, բացառիկ աղբյուր է Հերոդոտոսին ժամանակ հայտնի երկրների՝ Սև ծովի առափնյա շրջանների, Հունաստանի, Եգիպտոսի, Փոքր Ասիայի, Մերձավոր Արևելքի, այդ թվում նաև Հայաստանի մ.թ.ա. 7-5 դդ. պատմության ուսումնասիրության համար։ .

Հերոդոտոսի «Պատմությունը» ամբողջությամբ թարգմանվել է հայերեն Սիմոն Կրկյաշարյանի կողմից և հրատարակվել 1986 թ.[3]։

Հերոդոտոսի տեղեկությունները Հայաստանի և հայերի մասինԽմբագրել

 
Աշխարհը համաձայն Հերոդոտոսի պատկերացումների

Հերոդոտոսը իր «Պատմության» մեջ տեղեկություններ է հաղորդում նաև հին Հայաստանի և հայ ժողովրդի մասին, որոնք թեև մեծաքանակ չեն, սակայն առանձնակի արժեք ունեն։

Ըստ Հերոդոտոսի՝ հայերը «փռյուգիական վերաբնակիչներ են» (Պատմություն, V, 73), որից կարելի է բխեցնել, թե իբր հայերը ծագում են փռյուգիացիներից։ Թեև ժամանակակից գիտությունը չի արդարացնում այդ եզրակացությունը, սակայն հայոց լեզվի և փռյուգիերենից պահպանված տարրերի համադրումը ցույց է տալիս, որ այդ երկու լեզուներն ազգակից են և թրակերենի հետ կազմել են հնդեվրոպական լեզվաընտանիքի ճյուղերից մեկը[4]։

Հերոդոտոսը նաև տեղեկություններ է հաղորդում Հայաստանի տարածքի, նրա սահմանների, ներքին կյանքի և առևտրի մասին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 (not translated to mul), (not translated to mul) Վիքիպեդիա(բազմ․) / — 2001.
  2. Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 58։ ISBN 99941-56-03-9 
  3. Հերոդոտոս, Պատմություն ինը գրքից, Երևան, 1986
  4. Սիմոն Կրկյաշարյան, Պատմահայր Հերոդոտոսը, տե՛ս՝ Հերոդոտոս, Պատմություն ինը գրքից, Երևան, 1986, էջ 568-569։