Հան դինաստիա (մ.թ.ա. 206 – մ.թ. 220)՝ չինական կայսերական երկրորդ դինաստիան էր, որ հաջորդեց Ցին դինաստիային (մ.թ.ա. 221–մ.թ.ա. 207) և նախորդեց Երեք Թագավորություններին (220–280 թթ.)։ Հան դինաստիայի պատմությունը բաժանվում է երկու շրջանների. Արևմտյան Հան (Ավագ, մ.թ.ա. 206– մ.թ. 25-9) և Արևելյան կամ Ուշ Հան (Կրտսեր, 25–220)։ Դինաստիան հիմնադրվել է ապստամբների առաջնորդի՝ Լիու Բանի կողմից, ով վարել է հողային տիրույթներն իր ազգականներին և կողմնակիցներին շնորհելու քաղաքականություն, որը և նախապատրաստել է երկրի պառակտումը։ Առաջացած բաժնեկալվածներում տիրել են սեփական զորք, ֆինանսներ, վարչություն ունեցող անկախ արքայիկներ, որոնք դարձել են կայսերական իշխանությանը հակադրվող ուժ։ Կենտրոնական իշխանությունն ամրապնդվել է Ցզին Դիի (մ. թ. ա. 156-141 թվականներ) և հատկապես Ու Դիի օրոք (մ. թ. ա. 140-87 թվականներ)։ Ու Դիի ժամանակ պաշտոնական գաղափարախոսություն է դարձել կոնֆուցիականությունը։ Հան դինաստիայի զավթողական պատերազմների հետևանքով կայսրության սահմանները հարավում հասել են մինչև ժամանակակից Վիետնամի տարածքը, հյուսիսում՝ Գոբի անապատը, արևելքում՝ ծով։ Առևտրական և մշակութային կապեր են հաստատվել Միջին Ասիայի և Հնդկաստանի հետ։ Արևմտյան Հանը կործանվել է «Կարմրահոների» և «Կանաչ անտառների բնակիչների» ապստամբության հետևանքով։ Արևելյան Հանը թուլացել է 184-204 թվականների ժողովուրդների ապստամբության («Դեղին գլխակապերի» ապստամբություն) և վերջնականապես ոչնչացել ռազմաֆեոդալական խմբավորումների պայքարի հետևանքով։ Վերջին կայսր Լյու Սեն (Սյանդի, 189-220 թվականներ) դարձել է զորավար Ցաո Ցաոյի դրածոն, ապա գահընկեց արվել վերջինիս որդի Ցաո Պեից։ Չորս դար տևած Հան դինաստիայի կառավարման ժամանակաշրջանը համարվում է Չինաստանի «ոսկե դարը»[1]։ Ներկայումս չինացիների մեծ մասն իրենց անվանում է «Հանյան մարդիկ»[2]։

'
 
Հան դինաստիայի պետությունը մ.թ.ա. 87 թ-ին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Zhou (2003), 34.
  2. Schaefer (2008), 279.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հան դինաստիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 216