Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հանդես (այլ կիրառումներ)

Հանդես, ամսագիր, պարբերական հրատարակություն, պարբերագիրք, ժուռնալ, տպագիր կամ էլեկտրոնային պարբերական հրատարակություն։ Հանդեսները կարող են լինել.

  1. ըստ պարբերականության՝ շաբաթական, տասնօրյա, երկշաբաթական, ամսական, երկամսյա, եռամսյա և կիսամյա։
  2. Ըստ բովանդակության՝ հասարակական-քաղաքական, գրական-գեղարվեստական, արտադրական-տեխնիկական, գիտաճյուղային, գիտամատչելի, գիտատեղեկատու, ռեֆերատիվ, մատենագիտական, երգիծաբանական, մարզական, բազմաբնույթ։
  3. Նախատեսված որոշակի կատեգորիայի ընթերցողների համար (մանկական, պատանեկան, կանանց և այլն)։

Նյութերի ժանրերն ու ձևերը համապատասխանում են հանդեսների բովանդակությանն ու ընթերցողական շրջանակներին։ Այսպես, հասարակական-քաղաքական և գրական-գեղարվեստական հանդեսներին յուրահատուկ են տեղեկատու, հրապարակախոսական, գեղարվեստական ժանրերը։ Գիտական հանդեսներին բնորոշ են ծավալուն հոդվածները, ռեֆերատները, մատենագիտական ծանոթությունները, ամփոփումները, գիտական կյանքի քրոնիկան։ Ժամանակակից հանդեսներում մեծ տեղ են գրավում ժամանցային, ճանաչողական և կիրառական բնույթի նյութերը, պատկերազարդումներն ու գեղանկարչական գործերի, ծաղրանկարների, ֆոտոէտյուդների, ֆոտոմոնտաժների վերատպությունները։ Հրատարակության չափսերի և ձևավորման ընտրությունը նույնպես պայմանավորված է պարբերականի բովանդակությամբ և ընթերցողական նպատակամղվածությամբ։ Մասսայական հանդեսներին բնորոշ են խոշոր չափսերը, արտաքին ցայտունությունն ու արտահայտչականությունը, գունավոր ու սև-սպիտակ պատկերների առկայությունը, տարբեր տառատեսակների գործածումը։ Պատմական տեղեկանք. հանդեսի նախատիպն է համարվում 1665-ին Ֆրանսիաում լույս տեսած «Ժուռնալ դե Սավան» («Journal des savans»)։ Նույն տարիներին հանդեսներ են սկսում հրատարակվել Անգլիայում, Իտալիայում, Գերմանիայում, Հունգարիայում, Իսպանիայում։

Հայ պարբերական մամուլի պատմությունն սկսվում է հանդեսների հրատարակությամբ։ Քաղաքական ու պատմական աննպաստ պայմանների բերումով հայկական հանդեսները լույս են տեսել Հայաստանի սահմաններից դուրս՝ Հնդկաստանում, Իտալիայում, Ավստրիայում, Ռուսաստանում, Թուրքիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իրանում, Լիբանանում և այլուր։

Տարբեր բովանդակության ու պարբերականության այս հանդեսները անգնահատելի դեր կատարեցին ազգային վերածնության, լուսավորության, ազատագրական պայքարի, հայկական պետականության ստեղծման ճանապարհին։ Հայ իրականության մեջ առանցքային նշանակություն է ունեցել Մադրասում (Հնդկաստան) հրատարակված «Ազդարար» (1794—96) դերը, որով և սկզբնավորվում է հայ մամուլը։ Հայ մշակույթի պատմության կերտման, հայագիտական մտքի զարգացման, հայոց աշխարհաբար լեզվի ու հայ նոր գրականության կազմավորման, նոր սերնդի դաստիարակման ասպարեզներում կարևոր ավանդ ունեն «Բազմավեպ» (1843 թվականից, Վենետիկ), «Մեղու»-ն (1856—74-ին, Կոստանդնուպոլիս), «Հյուսիսափայլ»-ը (1858—64-ին, Մոսկվա), «Արարատ»-ը (1868—1919-ին, Վաղարշապատ), «Սիոն»-ը (1866 թվականից, Երուսաղեմ), «Մասիս»-ը (1884—1908-ին, Կոստանդնուպոլիս), «Հանդես ամսօրյա»-ն (1887 թվականի Վիեննա), «Անահիտ»-ը (1898—1949, ընդհատումներով, Փարիզ), «Գեղարվեստ» հանդեսը (1908-21-ին, Թիֆլիս)[1][2] և այլն։ Խորհրդային ժամանակաշրջանում հայ մշակույթի կենտրոնը դարձավ Երևանը, որտեղ և սկսեցին լույս տեսնել տարբեր բնույթի բազմաթիվ հանդեսներ։ Իրենց գիտական ու գրական բարձր մակարդակով, գաղափարական-քաղաքական հագեցվածությամբ Հայաստանի և սփյուռքի հարյուր հազարավոր հայ ընթերցողների մոտ մեծ համարում են ունեցել[փա՞ստ], «Խորհրդային գրականություն» (1934-ից), «Պատմա-բանասիրական հանդես» (1958-ից), «Խորհրդային արվեստ» (1926-ից), «Գարուն» (1967-ից), «Պիոներ» (1923-ից), հանդեսները։ Սփյուռքում, հայ մամուլի հարյուրավոր օրգանների շարքում հանդեսները փորձել են կատարել հայապահպանման, նոր սերընդին հայեցի դաստիարակություն տալու դերակատարում։ Առանձնացել են «Մենք» (1931—1932, Փարիզ), «Անի» (1946-56-ին, Բեյրութ), «Նոր գիր» (1936—54-ին, Ֆրեզնո), «Շիրակ» (1956-ից, Բեյրութ), «Մխիթարյան ընտանիք» (1947-ից, Վենետիկ), «Հայկազյան հայագիտական հանդես» (1970-ից, Բեյրութ) և այլ հանդեսներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 3423772. «gegharvest_1». Issuu (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 16-ին. {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  2. «ԳԵՂԱՐՎԵՍՏ հանդեսը». www.arteria.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 16-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 218