Էդուարդաս Մեժելայտիս

լիտվացի ականավոր բանաստեղծ

Էդուարդաս Մեժելայտիս (հոկտեմբերի 3, 1919(1919-10-03)[1][2], Պակրուոյիս, Լիտվա - հունիսի 6, 1997(1997-06-06)[1][2][3], Վիլնյուս, Լիտվա)՝ լիտվացի ականավոր բանաստեղծ։ Նա լիտվերեն թարգմանել է Նարեկացու, Քուչակի, Հ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Ե. Չարենցի, Պ. Սևակի ստեղծագործություններից, հայ մշակույթի և գրականության մասին գրել է մի շարք հոդվածներ։ «Մարդը» բանաստեղծությունների ժողովածուն, որի համար Մեժելայտիսը 1966 թվականին արժանացել է Լենինյան մրցանակի, հայերեն է թարգմանել Պ. Սևակը (Երևան, 1965)[4]։

Էդուարդաս Մեժելայտիս
լիտ.՝ Eduardas Mieželaitis
Ծնվել էհոկտեմբերի 3, 1919(1919-10-03)[1][2]
ԾննդավայրՊակրուոյիս, Լիտվա
Վախճանվել էհունիսի 6, 1997(1997-06-06)[1][2][3] (77 տարեկան)
Վախճանի վայրՎիլնյուս, Լիտվա
ԳերեզմանԱնտակալնիսի գերեզմանատուն
Մասնագիտությունքաղաքական գործիչ, բանաստեղծ, թարգմանիչ և գրող
Քաղաքացիություն Լիտվա և  ԽՍՀՄ
ԿրթությունՎիտովտ Մեծի համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան Կարմիր Աստղի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
և Լենինյան մրցանակ
Էդուարդաս Մեժելայտիս Վիքիքաղվածքում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Լիտվայի Պակրուոյան շրջանի Կարեիվիշկիայ գյուղում։ 1923 թվականին Էդուարդասը ծնողների հետ մեկնել է Կաունաս։ 1939 թվականից սովորել է Կաունասի Վիտաուտաս Մեծի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Հաջորդ տարվա ձմռանը համալսարանը տեղափոխվեց Վիլնյուս, և ինքն էլ գալով մայրաքաղաք, ստեղծել է ընդհատակյա կոմերիտական կազմակերպություն։ Նույն թվականից աշխատել է "Կոմյաունիմո տիեսա" (լիտ. «Komjaunimo tiesa», «Комсомольская правда») թերթի խմբագրությունում։ Հայրենական Մեծ պատերազմի ընթացքում մեկնել է ԽՍՀՄ-ի ներքին շրջաններ։ 1943 թվականից եղել է լիտվական 16-րդ դիվիզիայում որպես զինվորական թղթակից։ Վերադառնալով Լիտվա, զբաղեցրել է Լիտվայի Կոմերիտմիության կենտկոմի (Կենտրոնական կոմիտե) քարտուղարի պաշտոնը (1944-1946)։ 1946 թվականից խմբագրել է կոմերիտական «Յաունիմո Գրյատոս», լիտ. «Jaunimo gretos», «Երիտասարդաց շարքեր») ամսագիրը։ 1954-1959 թվականներին եղել է Լիտվայի Գրողների Միության քարտուղարը։ 1962-1970 թվականներին եղել է ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատգամավոր։ 1975 թվականից եղել է Լիտվայի խորհրդային հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահի տեղակալը։ Էդուարդաս Մեժելայտիսը մահացել է 1997 թվականին, Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում։

Գրական գործունեությունը խմբագրել

Առաջին բանաստեղծությունները տպագրվել են 1935 թվականին՝ ընդհատակյա կոմերիտական ալմանախում և գիմնազիայի թերթում։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուներն են «Lyrika» («Լիրիկա», 1943) և «Tėviškės vėjas» («Քամին հայրենիքից» 1946)։ 1946 թվականին Լիտվայի խորհրդային գրողների համաժողովի ժամանակ ենթարկվել է խիստ քննադատության՝ "անսկզբունքային ստեղծագործության" համար։ Դրանից հետո զբաղվել է թարգմանությամբ՝ թարգմանելով Ա. Պուշկինի, Մ. Լերմոնտովի, Տ. Շևչենկոյի, Շ. Պետեֆիի ստեղծագործությունները, և հրատարակել է մի քանի մանկական բանաստեղծությունների գրքույկներ։ Հեղինակել է «Եղբայրական պոեմ», «Մարդը», «Ինքնանկար», «Արևը սաթի մեջ», «Սաթե թռչուն», «Հաց և բառ», «Գիշերային թիթեռնիկներ», «Այստեղ Լիտվան է» և այլ ստեղծագործություններ։ Սրանցից նրան լայն ճանաչում բերեց «Մարդը» բանաստեղծությունների ժողովածուն։ Հայաստանի մասին հրատարակել է «Քարե գինի» բանաստեղծությունների (թարգմանությունը՝ Վահագն Դավթյանի), «Ճակատագրի թաս» (Բանաստեղծությունների և Հոդվածների), «Իմ կրկնակի Արարատը» հայերեն և «Армянский феномен» (перевод Феликса Фихмана) գրքերը։

Մեժելայտիսը և Հայաստանը խմբագրել

Մեժելայտիսը երեք անգամ (1969, 1979, 1982 թվականներին) տարբեր առիթներով այցելել է Հայաստան։ Նա այնքան է սիրել այս երկիրն ու ժողովրդին, որ իր զգացմունքները բնութագրել է այսպես.

  Ինձ համար յուրաքանչյուր հանդիպում իմ սիրելի Հայաստանի հետ նշանավոր իրադարձություն է։ Հայաստանի հետ շփումը ինձ համար ավելին է, քան բարեկամությունը։ Դա իմ ուշացած սերն է, սակայն մի տարբերությամբ, այն ծնունդ էր առել դեռ վաղուց՝ իմ ծաղկող երիտասարդության տարիներից։ Այդ իսկ պատճառով էլ այն այդքան ուժեղ է՝ ինչպես առաջին սերը։  

Մեժելայտիսը Հայաստանը համարել է իր երկրորդ հոգևոր հայրենիքը։ Ուսումնասիրելով Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունները, խոստովանել է, որ եթե Հայաստանում ստեղծված լիներ միայն «Մատեան ողբերգութեան» երկը, այդ էլ բավական էր՝ ընդունելու հայ ժողովրդի վիթխարի ավանդը՝ համամարդկային մշակույթի մեջ։ Լիտվացի բանաստեղծը հայ ժողովուրդին համարում էր հոգեհարազատ՝ իր ավանդույթներով ու ազգային մտածելակերպով։ Նա ընդհանուր շատ բաներ էր տեսնում հայ և լիտվացի ժողովուրդների բնավորության, պատմական ճակատագրի, լավատեսության մեջ։ Այդ է պատճառը, որ իր ստեղծագործության մեջ զգալի տեղ հատկացրեց Հայաստանին ու հայոց մեծերին։ Նա լիտվերեն է թարգմանել Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» պոեմը (հատվածներ), ինչպես նաև Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի, Սիլվա Կապուտիկյանի, Համո Սահյանի, Վահագն Դավթյանի և այլ գրողների ստեղծագործություններ։ Սիրելով Հայաստանը, այս երկրին է նվիրել բանաստեղծությունների ու հոդվածների երեք գիրք՝ «Քարե գինի» (թարգմ.՝ Վ. Դավթյանի, 1982 թ.), «Իմ կրկնակի Արարատը» (թարգմ.՝ Պ. Սևակի, Վ. Դավթյանի, Գ. Խաչատուրի, 1984 թ.) և «Ճակատագրի թաս» (1998 թ.)։ Գրականագետ Ֆելիքս Բախչինյանը հրատարակել է Էդուարդաս Մեժելայտիսին նվիրված չորս մենագրություն («Ոգեղեն համանվագ» հայերեն, 2006 թ., «Звездная исповедь» ռուսերեն, 1989 թ., «Уроки поэта» ռուսերեն, 2002 թ. և «Sauleta lyra» լիտվերեն, 1983 թ.): Էդուարդաս Մեժելայտիսը 1975 թ. արժանացել է ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման, իսկ 1982-ին՝ Եղիշե Չարենցի անվան մրցանակի։ 1979 թ. ապրիլի 24-ին Մեժելայտիսը կնոջ՝ Ստասյա Մեժելայտենեի հետ հայ գրողների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ։ 1979 թ. ապրիլի 18-ից մայիսի 5-ի ուղևորությունից հետո ծնվեց նրա «Քարե գինի» բանաստեղծությունների ժողովածուն, որի մի շարքը՝ «Խորաններ, խազեր, խաչքարեր», նվիրված էր Հայոց Մեծ Եղեռնին։ Իսկ 1985-ին նա գրեց եղեռնին նվիրված «Հիշիր և ապրիր, հիշիր և արարիր» հոդվածը, որը տպագրվեց «Սովետական Հայաստան» հանդեսում։ Իսկ Հայոց Ցեղասպանությունը դատապարտող նրա «Լյա մինոր» բանաստեղծությունը (թարգմ.՝ Վ. Դավթյանի) երգի է վերածել հնագույն երաժշտության «Շարական» անսամբլի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Դանիել Երաժիշտը (Գրիգոր Դանիելյան)։ Այն երգվել է մոտ երեսուն երկրում՝ Գևորգ Իգնատիոս Հաջյանի կատարմամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Բեռլինի գեղարվեստի ակադեմիա — 1696.
  4. Զ. Մ. Գրիգորյան, Ա. Ա. Ղազինյան, «Գրականություն», 1992, «Լույս» հրատարակչություն, էջ 300։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդաս Մեժելայտիս» հոդվածին։