Վեդաներ
Վեդաներ (սանսկրիտերեն वेद, véda IAST - վեդա, «գիտելիք», «ուսմունք»), վեդայական հնագույն բանահյուսության ժողովածու, խոշոր տեքստային ժառանգություններ հնագույն Հնդկաստանից։ Այս տեքստերը գրված են վեդայական սանսկրիտով և ներկայացնում են սանսկրիտական գրականության հնագույն շերտը։ Վեդաները հինդուիզմի հնագույն գրություններ են[1][2]։
Վեդաներ սանսկրիտ՝ वेद | |
---|---|
Հեղինակ | Rishi? |
Տեսակ | nepali text?, ժողովածու, Śruti? և հնագիտական մշակույթ |
Ժանր | կրոնական գրականություն |
Կազմված է | Ռիգվեդա, Յաջուրվեդա, Սամավեդա և Աթհարվավեդա |
Մասն է | Սանսկրիտական գրականություն և Երկրպագություն |
Բնօրինակ լեզու | Vedic Sanskrit? |
Ստեղծման տարեթիվ | մ.թ.ա. 15-րդ դար |
Հաջորդ | Brahmana?, Aranyaka? և Ուպանիշադներ |
Vedas Վիքիպահեստում |
Հինդուիզմ |
Դհարմա · Արտհա · Կամա |
Վեդաներ · Ուպանիշադներ |
Համանման նյութեր
Հինդուիզմ ըստ երկրի · Հինդուիզմը Հայաստանում · Սրբապատկերագրություն · Ճարտարապետություն · Օրացույց · Տոներ · Կրեացիոնիզմ · Կինը հինդուիզմում · Մոնոթեիզմ · Աթեիզմ · Այուրվեդա · Աստղագիտություն |
Աշխատություններ
խմբագրելՎեդաները վեդայական գրականություն է, հնդկական բանահյուսության հնագույն հուշարձաններ, ոնոնք ստեղծվել են մ․ թ․ ա․ II հազարամյակի վերջից մինչև I հազարամյակի 1-ին կեսը, հին հնդկական (վեդայական) լեզվով[3]։ Վեդաները հինդուիզմի ամենահին սուրբ գրությունների ժողովածու է[4]։ Վեդաները բաղկացած են ժամանակագրական կարգով իրար հաջորդող հուշարձանների մի քանի շարքից․
- հիմների, երգասացությունների ու զոհաբերական բանաձևերի չորս ժողովածուից՝
- Ռիգվեդա
- Սամավեդա
- Յաջուրվեդա
- Աթհարվավեդա,
- բրահմանաներից՝ աստվածաբանական տրակտատներ, որոնք պարզաբանում են քրմական ծեսը
- արանյակներից ու ուպանիշադներից, որոնք իրենցից ներկայացնում են չափածո և արձակ փիլիսոփայական երկեր։
Բովանդակություն
խմբագրելՎեդաներում աստվածացվում է բնությունը, առկա են ոգեպաշտությունն (անիմիզմ) ու նախնադարյան մոգությունը։ Իրենց արտահայտությունն են գտել նաև նախնադարյան համայնական կարգերի քայքայման ու դասակարգային հասարակության ձևավորման ժամանակաշրջանի՝ հին հնդիկների հավատալիքները։ Վեդաների բովանդակությունը սինկրետիկ է՝ չտարբերակված ծիսային պատվիրանները զուգորդվում են փիլիսոփայական, բարոյական և սոցիալական ուսմունքներին, մոգության տարրերը միախառնվում գիտական պատկերացումների սաղմերին։ Հարուստ տեղեկություններ կան հին հնդիկների պատմության, կենցաղի, սովորույթների, հոգեբանության մասին։
Ժանրային բազմազանություն
խմբագրելՎեդաները հետաքրքիր են նաև որպես ոճական բազմազանությամբ օժտված գրական հուշարձաններ, որոնց նախնադարյան բանահյուսությունն ու առասպելաբանությունը պարունակում են գրական ժանրերի տարրեր՝ հիմնականում առակ և այլն։ Վեդաներում անդրադարձել են սոցիալ–տնտեսական հարաբերությունները։ Վեդաները հինդուիզմի սուրբ տեքստերի շրուտի և մանտրա[5] կանոնիկ նշանակություն են ունեցել։ Վեդաները մեծարվել ու պաշտվել են որպես աստվածային հայտնություններ՝ շրուտներ (սանսկրիտերեն श्रुति, բառացի՝ ասվածներ) և իրենց կրոնական գործառնության ընթացքում փոխանցվել են բանավոր, հիշողությամբ[6]։
Զարգացման փուլեր
խմբագրելՎեդաները անցել են զարգացման մի քանի շրջան։
Առաջին շրջան
խմբագրելԱռաջին շրջանում ներառվում են Ռիգվեդան, Սամավեդան, Յուջուրվեդան, Աթհարվավեդան։
- Ռիգվեդան (հիմների վեդա) առաջին շրջանի վեդաներից ամենաարժեքավորն է։
- Սամավեդան գործնականում զուրկ է ինքնուրույն նշանակությունից, քանի որ նրա 1549 հիմնից միայն 75-ը հայտնի չէ Ռիգվեդային։ Սամավեդան, որն ունի մեղեդիների նոտային նշանագրեր, հետաքրքրական է երգարվեստի պատմության և հին հնդկական երաժշտության ուսումնասիրման առումով։
- Յաջուրվեդան (զոհաբերությունների վեդա), որում կրկնվում են Ռիգվեդայի շատ հիմներ։
- Աթհարվավեդան (անեծքի վեդա) կարևոր և ուշագրավ հուշարձան է՝ իր 731 հիմներով, այն ստեղծվել է ավելի ուշ և քիչ է առնչվում մյուս վեդաներին։
Կան արձակ կտորներ։ Ոճն արտահայտիչ է, առատ բարդ զուգադրություններով։
Երկրորդ շրջան
խմբագրելՎեդաների զարգացման 2-րդ շրջանն են նշանավորում բրահմանաները, որոնցից առավել հայտնի են առասպելներով ու լեգենդներով հարուստ Այթարեյա–բրահմանան և Կաուշիթակի–բրահմանան․ սրանք նույնպես աղերսներ ունեն Ռիգվեդայի հետ։
Երրորդ շրջան
խմբագրելՎեդաների զարգացման հաջորդ շրջանին են վերաբերում
- արանյակները, որոնցում շարադրվում են ճգնավորների վարքի կանոնները
- ուպանիշադները, որոնք պարունակում են չափածո և արձակ իմաստասիրական երգեր, որոնցից իրենց գրական նշանակությամբ առանձնանում է 14 վաղագույն ուպանիշադ։ Դրանց կենտրոնում վեդայական կրոնի փիլիսոփայական խնդիրներն են, մարդու ինքնաճանաչման և աշխարհաճանաչման հարցերը։ Ուպանիշադները որոշակի ազդեցություն են գործել պարսկական սուֆիների, նեոպլատոնականների, իսկ նոր ժամանակներում՝ ամերիկյան և եվրոպական փիլիսոփաների (Ա․ Շոպենհաուեր, Ռ․ Էմերսոն), ինչպես նաև հնդկական գրականության հետագա ընթացքի վրա։
Վեդայական ժողովածուները (ամբողջությամբ) և դրանց մեկնաբանությունները կոչվում են սահմիթներ։
Հայերեն թարգմանություններ
խմբագրելՎեդաների թեմաներին անդրադարձել են նաև հայ գրողները, մշակել առանձին հատվածներ, մասնավորապես՝ Ռիգվեդայից։ Հայերեն են թարգմանվել վեդաների մի շարք նմուշներ[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ see e.g. Radhakrishnan & Moore 1957, p. 3; Witzel, Michael, "Vedas and Upaniṣads", in: Flood 2003, p. 68; MacDonell 2004, pp. 29–39; Sanskrit literature (2003) in Philip's Encyclopedia. Accessed 2007-08-09
- ↑ Sanujit Ghose (2011). "Religious Developments in Ancient India" in Ancient History Encyclopedia.
- ↑ Radhakrishnan & Moore 1957, էջ 3; Witzel, Michael, «Vedas and Upaniṣads IAST», in: Flood 2003, էջ 68
- ↑ MacDonell, Arthur Anthony (2004), A History Of Sanskrit Literature, Kessinger Publishing, ISBN 1417906197
- ↑ Muller 1891, էջ 17-18
- ↑ Sargeant & Chapple 1984, էջ 3
- ↑ «Բհագավադգիտ՜ա՜ կամ Երանելու երգը» (թարգմանիչ Հ․ Աճառյան), Էջմիածին, 1911
Գրականություն
խմբագրել- Հին Արևելքի պոեզիա [ժողովածու], Ե․, 1982
- История всемирной литературы, т․ 1, М․, 1983․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեդաներ» հոդվածին։ |