Արաբերենի այբուբեն արաբերենի, ինչպես նաև իսլամ դավանող մի շարք այլ ժողովուրդների լեզուների, այդ թվում՝ պարսկերենի, ուրդու, աֆղաներենի և որոշ թյուրքական լեզուների գիր։ Կազմված է 28 հարֆից, գրվում է աջից ձախ։

Արաբերենի այբուբեն
Ալիֆ Դադ
Բա Տա
Թա Զա
Սա Այն
Ջիմ Ղայն
Հա Ֆա
Խա Կղաֆ
Դալ Քաֆ
Զալ Լամ
Ռա Միմ
Զայն Նուն
Սին Հա
Շին Ուաու
Սադ Յա
Լրացուցիչ նշաններ
Ալիֆ մակսուրա Թա մարբուտա
Վա Համզա

Արաբերենը, ինչպես նաև եբրայերենը, արամեերենը, ամհարերենն ու այլ լեզուներ, կազմում են սեմական լեզվաընտանիքը։ Այդ լեզուներն ունեն ընդհանուր նախալեզու՝ օժտված կանոնակարգված միասնական քերականական համակարգով։ Սեմական մյուս լեզուներից արաբերենը տարբերվում է կայուն հնչյունական համակարգով, հստակ քերականական կառուցվածքով ու հարուստ բառապաշարով, որը հանգեցրել է բառաձևերի զարգացմանը ու քերականության առանձին ճյուղի՝ բառարանագիտության զարգացմանը[1]։

Արաբերենի այբուբենն առաջացել է նաբաթեական գրից, որն իր հերթին առաջացել է արամեականից, իսկ վերջինս էլ՝ փյունիկյանից։ Արաբական գիրը ներառում է արամեական բոլոր տառերը, և մի քանի լրացուցիչ տառեր՝ սադ, խա, զալ, դադ, զա և ղայն։

Արաբական լեզվաբանություն խմբագրել

Արաբերենի ուսուցումը կատարվում է երկու հիմնական ուղիներով՝ արևմտյան և արևելյան։ Արևմտյան (եվրոպական և ամերիկյան) լեզվաբանական դպրոցները, որոնք կարողացել են մշակել լեզուների դասավանդման ընդհանուր համակարգ։ Մերձավոր Արևելքի երկրների դպրոցներում գործածվում է ավանդական լեզվաբանությունը, որի հիմքերը դրվել էին վաղ միջնադարում։

 
Արաբական գիր

Արաբական լեզվաբանական մշակույթը ձևավաորվել է 7-րդ դարի վերջին և 8-րդ դարում՝ կապված Արաբական խալիֆայության առաջացման ու զորեղացման հետ։ Այդ ժամանակաշրջանում հատուկ ուշադրություն էր տրվում մշակույթի ու գիտության զարգացմանը։ Արաբական բառագիտությունը, որը հիմք էր հանդիսանալու արաբական քերականության զարգացման համար, նույնպես սկզբնավորվում է այս դարաշրջանում։

Լեզվաբանական դպրոցները կոչվում էին այն քաղաքների անուններով, որտեղ հիմնադրվել էին։ Առաջին կենտրոններից էին Քուֆայի և Բասրայի քերականական դպրոցները։ Հարավային Միջագետքի այդ երկու դպրոցների միջև կային որոշ տարաձայնություններ, որոնցից մեկն էր արմատի խնդիրը։ Հավանաբար, միջնադարյան քերականները արմատ են կոչել այն միավորը, որից առաջանում են բառաձևերը։ Այս տեսանկյունից արաբ լեզվաբանների հայացքները մոտ են հնդեվրոպական լեզուների քերականությամբ զբաղվողների գաղափարներին, որքան էլ հնդեվրոպական ու սեմական լեզուներում արմատները չունեն ընդհանուր ձևակերպում։

Քուֆայի լեզվաբանական դպրոցի հիմնադիրը համարվում է Աբու Ջաֆար Մուհամմադ ալ-Ռուասին, ով հեղինակել էր արաբերենի քուֆիական քերականության առաջին քերականությունը։ Քուֆիացիները բառի արմատն էին համարում վաղակատար դերբայի երրորդ դեմքի արական տարբերակը, որը զուրկ էր «ավելորդ» մասնիկներից և ուներ երեք մասնիկ։ Բասրացիները արմատ էին համարում մասդարը՝ ձևույթ, որը թարգմանաբար նշանակում է աղբյուր։

Արաբական քերականության հիմնադիրներից մեկն է համարվում Բասրայի լեզվաբանական դպրոցի ներկայացուցիչ ալ-Խալիլ իբն Ահմադ ալ-Ֆարահիդին, ով հայտնի է իր ութհատորյա բառարանով՝ «Քիթաբ ալ-Այն» (արաբ․՝ كتاب العين‎‎)[2]։

Հարֆեր խմբագրել

Հարֆ եզրույթի կիրառությանը առաջին անգամ հանդիպում է ալ-Խալիլի աշխատությունում։ Կոնտեքստի համաձայն՝ նա օգտագործել է այդ եզրույթը վանկաչափական նվազագույն միավոր իմաստով[3]։

Հարֆը կարելի է ձևակերպել որպես տառ, քանի որ ընդունված է ասել, որ արաբերենի այբուբենը բաղկացած է 28 հարֆերից։ Ալ-Խալիլին վերագրվող մեկ այլ աշխատությունում՝ «Քիթաբ ալ-Արուդ» (արաբ․՝ كتاب العروض‎‎), որը վերաբերում է արաբական վանկաչափական տաղաչափությանը, հարֆը բնութագրվում է որպես բաղաձայն ու ձայնավոր հնչույթների միություն[4]։ Որոշ հեղինակներ այն անվանում են ամանակ՝ հունական քերականական եզրութաբանության համաձայն[5], մյուսները՝ տառ[6]։ Վերջիններս արաբական վանկաչափական համակարգը բացատրում են հունական վանկաչափական համակարգի եզրույթներով՝ յամբով ու քորեյով։ Այսինքն՝ ամանակը վերածելով տառի, նրանք կիրառում են այն բառակազմության մեջ։ Այդպիսով ստացել են միավանկ, երկվանկ ու եռավանկ բառեր։ Մինչդեռ արևելյան դպրոցի ներկայացուցիչները չեն խախտում հարֆի միասնականությունը։

 
Արաբերենի հարֆերը՝ բաղաձայն ու ձայնավոր հնչույթների միացումներ

Ալ-Խալիլը օգտագործել է հարֆը նաև որպես խոսքի մաս։ Բացատրելով այս կամ այն բառը, նա խմբավորում է դրանք անունների, բայերի ու հարֆերի («մասնիկների»)։ Մասնիկի ոչ ստույգ ձևակերպումը կարող էր ներառել բառերի հսկայական քանակություն։

Արաբական լեզվաբանության առաջին քերականները ոչ միայն արաբներ էին, այլև Արաբական խալիֆայության տեղաբնիկ ժողովուրդների ներկայացուցիչներ։ Հնչյունաբանական միջոցների աստիճակակարգը կազմավորում է ինքնուրույն հնչյունաբական միավորներ։ Հնչույթը այդ միավորներից միայն մեկն է[7]։ Մեկ այլ կարևոր միավոր է վանկը։ Հնչույթի ձևակերպման ժամանակ կարևորություն է տրվում վանկի ու տառի տարբերությունը ցույց տալուն։

«Հարֆ» եզրույթը կազմվել է արաբերենի ḥarafa (արաբ․՝ حرف‎‎) բայից, որը նշանակում է փոփոխել, պտտել ինչ-որ բան։ Հարֆը թարգմանվում է որպես տառ, նշան կամ ամանակ։

Սեմական լեզուներում չկան առանձին բաղաձայններ ու ձայնավորներ։ Հետևաբար, ձևաբանական նվազագույն միավորը ոչ թե վանկն է, այլ ամանակը[8]։ Հարֆն օգտագործվում է ինչպես հնչույթ, այնպես էլ գրույթ իմաստներով։ Հարֆը կարող է իր կազմում ունենալ 28 բաղաձայններից ու երեք ձայնանիշերից մեկը (ա, ու, ի)։ Բաղաձայն հնչյունը նրանում հաստատուն է, իսկ ձայնավորը կարող է փոխվել։ Գոյություն ունի նաև զրոյական ձայնավոր հասկացությունը, որը ամանակը վերածում է տառի։ Այսինքն, հարֆը միշտ ունի ձայնավոր՝ թեկուզ զրոյական։ Բաղաձայնը նույնպես կարող է լինել զրոյական . այդ դեպքում ձայնավորներն ավելի ազատ են, սակայն հարֆի կառույցը դրանից փոփոխության չի ենթարկվում։

Գրական արաբերենում հարֆին վերագրվում են հետևյալ հատկանիշները՝

  • Վերջնական դիրքում գտնվող միավոր, որը ընդգծվում է արաբերեն բառերի գծային հատվածատման ժամանակ
  • Վանկաչափական, ձևաբանական ու բառակազմական համակարգերի միավոր
  • Արաբական տեքստի ցանկացած մաս, որն ունի լեզվաբանական գործառույթ (բառ, ձևույթ)
  • Լեզվաբանական միավորների որոշակի խումբ
  • Խոսքի մաս, որը չի հանդիսանում անուն[Ն 1] կամ բայ

Դասակարգում խմբագրել

Արաբերենի հարֆերը՝ ըստ այբբենական հերթականության

Գոյություն ունի երկու հիմնական դասակարգում՝ «աբջադ» (թվաբանական) և «հիջա» (այբբենական)։

Աբջադ տարբերակը (արաբ․՝ أَبْجَدِي‎‎), կիրառվում է տառային նշումների և թվագրման համար։ Այն առկա է սեմալեզու բոլոր այբուբեններում, քանի որ դրանք բոլորն ունեն մեկ նախահիմք՝ փյունիկյան գիրը։ Հիջա տարբերակը (արաբ․՝ هِجَائِي‎‎) կիրառվում է բառարաններում, ցուցակագրման ժամանակ, տառադարձման և այլ աղյուսակներում։

Աբջադ խմբագրել

Աբջադի հերթականությունը հասարակ տառային դասավորություն չէ, քանի որ նրա սկզբնական հիմքը արամեական «սամեխ» տառն է եղել (եբրայերեն՝ ס‎)։ Դեռ ոչ մի արաբական տառ պատմականորեն չի ծագում այս տառից։ Դրա փոխարեն առաջ է քաշվում «շին» տառը (եբրայերեն՝ ש‎), որը վերածվում է երկու առանձին արաբական տառերի՝ «շին» (ش) և «սին» ()։ Դրանք գրավել են սամեխի տեղը։ Եվս վեց տառեր, որոնք չեն հանդիպում հյուսիսային սեմական լեզուներում, դրվում են աբջադի վերջում։

Սովորական abjadī հերթականություն
غ ظ ض ذ خ ث ت ش ر ق ص ف ع س ن م ل ك ي ط ح ز و ه د ج ب ا
gh dh kh th t sh r q f s n m l k y z w h d j b ā
28 27 26 25 24 23 22 21 20 19 18 17 16 15 14 13 12 11 10 09 08 07 06 05 04 03 02 01

Սա հիմնականում հիշվում է հետևյալ տողով՝

abjad hawwaz ḥuṭṭī kalaman sa‘faṣ qarashat thakhadh ḍaẓagh.

Մեկ այլ տարբերակ է այս մեկը՝

abujadin hawazin ḥuṭiya kalman sa‘faṣ qurishat thakhudh ḍaẓugh
Մաղրեբի abjadī հերթականություն (հավանական)[9]
ش غ ظ ذ خ ث ت س ر ق ض ف ع ص ن م ل ك ي ط ح ز و ه د ج ب ا
sh gh dh kh th t s r q f n m l k y z w h d j b ā
28 27 26 25 24 23 22 21 20 19 18 17 16 15 14 13 12 11 10 09 08 07 06 05 04 03 02 01

Այս հերթականության հիշման տարբերակը հետևյալն է՝

abujadin hawazin ḥuṭiya kalman ṣa‘faḍ qurisat thakhudh ẓaghush

Հիջա խմբագրել

 
Երկրներ, որոնք կիրառում են արաբերենի այբուբենը՝      որպես պաշտոնական գիր      որպես երկրորդ պաշտոնական գիր

Ժամանականից բառարանները և գրքերը օգտագործում են abjadī հերթականությունը՝ այբբենական դասակարգման համար։ Արաբերենից բառացի թարգմանած՝ այբուբեն նշանակում է հիջա։ Այստեղ տառերը խմբավորվում են ըստ իրենց ձևի ու չափի՝ դրանց վրա գծիկների ու կետիկների առկայությամբ։ Հիջայի հերթականությունը երբեք կիրառելի չէ թվականների համար։

Սովորական hijā’ī հերթականություն
ي و ه ن م ل ك ق ف غ ع ظ ط ض ص ش س ز ر ذ د خ ح ج ث ت ب ا
y w h n m l k q f gh sh s z r dh d kh j th t b ā

Մեկ այլ տեսակ՝ hijā’ī հերթականությամբ, կիրառվում էր Մաղրեբի երկրներում մինչև 2014 թվականը, երբ փոխարինվում է մաշրիկի հերթականությամբ[9]

Մաղրեբի hijā’ī հերթականություն
ي و ه ش س ق ف غ ع ض ص ن م ل ك ظ ط ز ر ذ د خ ح ج ث ت ب ا
y w h sh s q f gh n m l k z r dh d kh j th t b ā

Բաղաձայններ խմբագրել

28 հարֆերից յուրաքանչյուրը, բացի ալիֆից, բաղաձայն է։ Հարֆից առաջ ալիֆին (ا) միշտ նախորդում է ա ձայնանիշը (ֆաթհա)։ Ինչպես նաև, այն չի կրում որևէ ձայնանիշ, կամ՝ ավելի ստույգ՝ կրում է զրոյական ձայնանիշ (սուքուն)։ Ալիֆին հաջորդող հարֆը նույնպես կարող է սուքուն կրել, սակայն արաբերենում երկու սուքուն իրար կողքի չեն հանդիպում։ Ստացվում է, որ ալիֆը չի համապատասխանում հարֆի՝ որպես այբբենական գրույթի կանոններին, և որոշ հեղինակներ նրան տառ չեն համարում։ Դրա փոխարեն հարֆ է համարվում համզան (ء), որը կարող է ընդունել ցանկացած ձայնանիշ։ Ալիֆն իրականում ա ձայնորդի երկար տարբերակն է, այլ կերպ ասած՝ երկար «ա» ձայնավոր։

Տառերի գրությունը կարող է փոփոխվել՝ կախված բառում նրանց ունեցած դիրքից։ Տառերը գրվում են աջից ձախ։ Բոլոր տառերը՝ բացի վեցից (ալիֆ, դալ, զալ, ռա, զայն, ուաու) միանում են հաջորդին։ Օրինակ՝ أرارات (Արարատ) անունը գրվում է միմյանցից անջատ հարֆերով։ Որոշ հարֆեր միմյանց միանում են յուրահատուկ կցագիր տարբերակներով, մասնավորապես՝ լամը և ալիֆը, լամը և միմը, քաֆը և լամը[10]։ Հարֆերը կարող են ունենալ չորս հնարավոր դիրք՝ առջևում, մեջտեղում, սկզբում և առանձին

առջևում մեջտեղում սկզբում առանձին անվանում մեսրոպատառ տրանսկրիպցիա լատինական ստանդարտ տրանսկրիպցիա
1 أَلِفԱլիֆ /aː/
2 بَاءԲա բ /b/ b
3 تَاءԹա թ /t/ t
4 ثَاءՍա ս /θ/
5 جِيمՋիմ ջ/գ /d͡ʒ/ ǧ
6 حَاءՀա հ /ħ/
7 خَاءԽա խ /x/
8 دَالԴալ դ /d/ d
9 ذَالԶալ զ /ð/
10 رَاءՌա ռ /r/ r
11 زَايԶայն (զայ) զ /z/ z
12 سِينՍին ս /s/ s
13 شِينՇին շ /ʃ/ š
14 صَادՍադ ս /sˁ/
15 ﺿ ضَادԴադ դ /dˁ/
16 طَاءՏա տ /tˁ/
17 ظَاءԶա զ /ðˁ/
18 عَيْنԱյն /ʕ/ ʕ/ʿ
19 غَيْنՂայն ղ /ɣ/ ġ
20 فَاءՖա ֆ /f/ f
21 قَافԿղաֆ կ /q/ q
22 كَافՔաֆ ք /k/ k
23 لاَمԼամ լ /l/ l
24 مِيمՄիմ մ /m/ m
25 نُونՆուն ն /n/ n
26 هَاءՀա հ /h/ h
27 وَاوՈւաու ու /w/, /uː/ w
28 يَاءՅա յ /j/, /iː/ y

Հավելյալ նշաններ խմբագրել

  • Համզա (ء) - բաղաձայնի բացակայություն, երբ հարֆի բաղադրության մեջ առկա են միայն ձայնավորները։ Դրվում է ըստ ուժեղության՝ ձայնանիշին հարող հարֆի վրա՝ ի ձայնանիշի դեպքում՝ յա հարֆի, ու ձայնանիշի դեպքում՝ ուաու հարֆի, ա ձայնանիշի դեպքում՝ ալիֆ հարֆի, սուքունի պարագայում՝ տողի վրա։ Երբ համզան դրվում է ալիֆի վրա, կարող է ունենալ գրության երկու տարբերակ՝ վերևում (երբ ալիֆը կրում է ա կամ ու ձայնավոր), և ներքևում (երբ ալիֆը կրում է ի ձայնավոր)
  • Թանուին ( ٌ ٍ ً )- անուն խոսքի մասի (գոյական, ածական, թվական, մակբայ) վերջավորություն, որը արտահայտում է հոլովառումը։ Արաբերենի երեք հոլովներից (ուղղական, սեռական, հայցական) յուրաքանչյուրն ունի առանձին թանուին՝ համապատասխանաբար երկու հատ «ու», երկու հատ «ի» կամ երկու հատ «ա»։
  • Մադդա (آ)- դրվում է միայն ալիֆ հարֆի վրա, երբ այն բառասկզբում է և իրենից ներկայացնում է համզայի ու սուքունի միակցություն
  • Թա մարբուտա (ة) - դրվում է միայն բառավերջում, դրան նախորդում է միայն «ա» ձայնանիշը։ Ցույց է տալիս իգական սեռ
  • Ալիֆ մակսուրա (ى) - դրվում է միայն բառավերջում՝ հատուկ քերականական դեպքերում, դրան նախորդում է միայն «ա» ձայնանիշը
  • Շադդա ( ّ ) - կարող է դրվել ցանկացած բաղաձայն հարֆի վրա։ Իրենից ներկայացնում է այդ հարֆի կրկնապատիկ հնչումը[11]

Ձայնավորներ խմբագրել

Ձայնանիշները, գրավոր տեքստում արտահայտվում են խիստ հազվադեպ՝ բառարաններում, Ղուրանում, և այնպիսի տեքստերում, որտեղ խիստ կարևոր է նյութի բառացի թարգմանությունը։ Այդ տեսանկյունից դրանք նմանվում են մի շարք լեզուների, այդ թվում՝ հայերենի շեշտին՝ գոյություն ունեն, սակայն չեն գրվում։ Ձայնանիշերը արաբերենում հայտնի են որպես «հարաքա» (արաբ․՝ حركة‎‎՝ շարժում) անունով, քանի որ շարժում են բաղաձայնները։ Դրանք են՝

  • َ — «ֆաթհա», թեք գիծ, որը դրվում է տառի վրա և հնչում է «ա»
  • ِ — «քասրա», թեք գիծ, որը դրվում է տառի տակ և հնչում է «ի»
  • ُ — «դամմա», ստորակետաձև նշան, որը դրվում է տառի վրա և հնչում է «ու»
  • ْ — «սուքուն», կլոր նշան, որը դրվում է տառի վրա և արտահայտում դադար

Արաբերենի՝ վերոնշյալ 28 հարֆերից երեքը՝ «ալիֆ»-ը, «ուաու»-ն և «յա»-ն համարվում են նաև «երկար» ձայնավորներ և արտահայտում են համապատասխանաբար ա, ու և ի։ Դա տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ նրանց նախորդում են համապատասխանաբար ա, ու և ի ձայնանիշերը, և երկար ձայնավորները ձայնանիշ չունեն։

Բացի այս երեքից՝ արաբերենի որոշ բարբառներում կարող են հանդիպել հետևյալ ձայնավորները՝

  • քմայնացված ա՝ երբ բառում կա ֆաթհա՝ կարճ «ա» ձայնավոր, բայց ոչ՝ ալիֆ
  • է՝ երբ բառում կա քասրա՝ կարճ «ի» ձայնավոր, բայց ոչ՝ յա
  • օ՝ երբ բառում կա դամմա՝ կարճ «ու» ձայնավոր, բայց ոչ՝ ուաու
  • ը՝ երբ բառում կա սուքուն՝ դադարային ձայնավոր, բայց ոչ՝ համզա

Գրական արաբերենում այս ձայնավորները չկան։

Թվականներ խմբագրել

Արևմտյան
(Մաղրեբ
Եվրոպա)
Կենտրոնական
(արաբական
երկրներ)
Արևելյան
(պարսկերեն, ուրդու)
0 ٠ ۰  
1 ١ ۱  
2 ٢ ۲  
3 ٣ ۳  
4 ٤ ۴  
5 ٥ ۵  
6 ٦ ۶  
7 ٧ ۷  
8 ٨ ۸  
9 ٩ ۹  

Ժամանակակից եվրոպական թվերը, որոնք կիրառելի են հարյուրավոր երկրներում, ունեն հնդկական ծագում, սակայն հայտնի են որպես «արաբական թվեր»։ Վաղ միջնադարում՝ Արաբական խալիֆայության շնորհիվ տեղի ունեցած մշակութային ու գիտական առաջընթացի շնորհիվ, արևելք են ներմուծվում հունական, հնդկական ու պարսկական քաղաքակրթությունների լավագույն նմուշները։ Մինչ այդ Եվրոպայում (Հռոմեական կայսրություն) կիրառում էին հռոմեական թվերը, իսկ Հարավային Ասիայում՝ հնդկական թվերը։ Հռոմեական թվերը թվաբանության զարգացման համար կիրառելի չէին, և բազմաթիվ քաղաքակրթություններ չէին ընդունում այդ համակարգը։ Վաղմիջնադարյան Հայաստանում թվերի փոխարեն գործածում էին հայերենի այբուբենի տառերը։ Արաբները ներմուծում են հնդկական թվերը (1-9), դրանց ավելացնում 0-ն և սկսում դրանք կիրառել։ Ավելի ուշ, մասնավորապես՝ Խաչակրաց արշավանքների դարաշրջանում՝ թվային նոր համակարգը մտնում է Եվրոպա, ուստի այսօր մենք այդ թվերին անվանում ենք «արաբական թվեր»։

Արաբական տեքստին համապատասխան՝ գոյություն ունեն թվականների երկու տարատեսակներ, որոնք հայտնի են «արևմտյան» և «արևելյան» անուններով։ Առաջինը հիմնականում անվանում են նաև արաբական, քանի որ կիրառելի է գերազանցապես գրեթե բոլոր արաբական երկրներում, իսկ արևելյան թվերը՝ Իրանում և Պակիստանում։

Երկար ժամանակ, Ֆրանսիայի ու Իսպանիայի ազդեցության հետևանքով, Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրներում կիրառելի էին եվրոպական թվերը, սակայն այժմ կրկին անցել են արաբական թվերին։ Արևելյան ու արևմտյան թվերի միջև տարբերությունները մեծ չեն։

Տառերը՝ որպես թվականներ խմբագրել

Արաբական այբուբենի տառերը նույնպես ի սկզբանե, մինչև հնդկական թվերի ներմուծումը, կիրառական էին թվաբանության մեջ։ Դրանք հայտնի էին որպես «Աբջադիայի թվեր»։ Այդ թվերը դրվում էին աբջադ՝ սեմական հերթականությամբ։ Դրանցից էին՝ ا alif ՝ 1, ب bā’ ՝ 2, ج jīm ՝ 3, և այդպես մինչև ي yā’ ՝ 10, ك kāf = 20, ل lām = 30, …, ر rā’ = 200, …, غ ghayn = 1000:

Պատմություն խմբագրել

 
Արաբական տեքստի զարգացումը (9-11-րդ դարեր)։
(1) 9-րդ դար` Օմայյան շրջան
(2) և (3) 9-10-րդ դարեր` Աբբասյան շրջան
(4) 11-րդ դար` ժամանակակից տեսք

Արաբերենի այբուբենը ստեղծվել է նաբաթեական գրից, որը կիրառվում էր արամեերենի նաբաթեական բարբառը գրելու համար։ Արաբերենի առաջին գրավոր հուշարձանը վերագրվում է 4-րդ դարին։ Այն գտնվել է Հորդանանի Ակաբա նավահանգստից 50 կմ արևելք գտնվող Ջաբալ Ռամ վայրում։ Առաջին արձանագրությունը, որտեղ թվագրումը հստակ հայտնաբերված է, գտնվել է Սիրիայում (Զեբեդ, 512 թվական)։

Նախաիսլամական շրջանում հայտնաբերված գրավոր հուշարձանները հիմնականում էպիգրաֆիկ են։ Արամեերենի այբուբենում տառերը ավելի քիչ են, քան արաբերենում, ուստի որոշ տեքստերում, որտեղ հանդիպում են արաբերենի մի քանի տառերը, հասկանալի է դառնում, որ տեքստը ոչ թե արամեական է, այլ արաբական։ Հայտնաբերվել են պապիրուսային գրառումներ, որոնք վերագրվում են նախաիսլամական ու վաղ իսլամական շրջանին։ Հայտնի են նաև այդ դարաշրջանում գրված բանաստեղծություն-կասիդաները, որոնք արաբական գրականության ամենավաղ նմուշներից են։

Ավելի ուշ շրջանում արաբական տեքստում ավելացվում են ձայնանիշերը և համզան։ Դրանք ներմուծվում են Ղուրանի ստեղծմանը զուգընթաց, երբ անհրաժեշտ էր տեքստի ստույգ գրառում։ Այդ համակարգը մշակվում է Աբու Ասուադ ալ-Դուալիի շնորհիվ։ Գրառվում է նաև թանվինը և մյուս ձայնանիշերը։ Հնչյունական համակարգը կատարելագործվում է ալ-Խալիլ իբն Ահմադ ալ-Ֆարահիդիի կողմից, ում վերագրվում է արաբական վանկաչափական տաղաչափությանը վերաբերող «Քիթաբ ալ-Արուդ» աշխատությունը։

Ձեռագիր և գեղագրություն խմբագրել

Արաբերենի ձեռագիր և տպագիր տարբերակներն ունեն որոշակի տարբերություններ։ Դրանց արմատները նույնպես գալիս են վաղ միջնադարից։ Իսլամում մարդկանց նկարչությունն արգելված էր, իսկ գեղանկարչությունը տարածված չէր։ Նախաիսլամական շրջանում, արաբական դիցաբանությունը ևս մեծապես չէր խրախուսում կերպարվեստի զարգացումը։ Ուստի այլ լեզուներից արաբերեն թարգմանություններ անելիս հեղինակները գրքերը մանրանկարներով զարդարելու փոխարեն զբաղվում էին գեղագրությամբ։

Արաբական ձեռագրի հիմնական տարատեսակներից են՝

  • քուֆայական (արաբ․՝ الخط الكوفي‎‎)` կապված հարավային Միջագետքի Քուֆա քաղաքի հետ
  • նասխ (արաբ․՝ الخط النسخ‎‎)` բառացի՝ պատճեն ձեռագիր
  • ռուկա (արաբ․՝ رقعة‎‎)` բառացի` թերթիկ
  • սուլս (արաբ․՝ الخط الثُلُث‎‎)` բառացի` մեկ երրորդ
  • մուհակկակ (արաբ․՝ الخط المُحَقَّق‎‎), հազվադեպ ոճ՝ ուշ միջնադարում
  • դիվանի (արաբ․՝ ديواني‎‎)` բառացի` իրավական
  • նասթալիկ (նասխ և արաբ․՝ تعليق‎‎‎)` բառացի` կախված

Տպագրություն խմբագրել

Արաբական տպագրությունը ավանդաբար համարվում է 19-րդ դարի սկիզբը։ Դա կապված էր Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի` Եգիպտոս արշավելու հետ (1798)։ Դրանով սկիզբ է դրվում արևելքի առավել մասնագիտացված ուսումնասիրությանը, արևելագիտության` որպես հումանիտար ինքնուրույն ճյուղի զարգացմանը։ Եգիպտոսում, ավելի ուշ՝ Սիրիայում և Լիբանանում, սկսում է արաբական մշակութային զարթոնքը՝ Նահդան (արաբ․՝ نهضة‎‎` վերածնունդ)։ Արաբական մշակույթի բոլոր ճյուղերի, առաջին հերթին` գրականության առաջընթացը տեղի է ունենում Եվրոպայի համալսարաններում բարձրագույն կրթություն ստացած մտավորականության շնորհիվ, ովքեր վերադառնում են այդ ժամանակ Օսմանյան տիրապետության տակ գտնվող արաբական նահանգներ և զարգացնում իրենց հայրենի երկրները։

 
Արաբագիր տպագրական սարք

Արաբական տպագրությունը բուն հայրենիքից դուրս սկսել էր շատ ավելի վաղ։ Յոհան Գուտենբերգի կողմից տպագրական մեքենայի հայտնագործումից (1450) որոշ ժամանակ անց՝ 1514 թվականին, վենետիկցի Գրեգորիո դե Գրիգորին տպագրում է արաբերեն աղոթագիրք՝ արևելյան քրիստոնյաների համար։

16-րդ դարի վերջում՝ 1580-86 թվականներին, Տոսկանայի դուքս Ֆերդինանդ դե Մեդիչիի պալատական գրագիրներից Ռոբերտ Գրանյոնը Ֆլորենցիայում ստեղծում է արաբերեն գեղեցիկ տառատեսակներ, ու հիմնում «Մեդիչի հրատարակչությունը»։ Լեռնային Լիբանանում բնակվող քրիստոնյա մարոնիները նույնպես զբաղվում էին տպագրությամբ. նրանք կիրառում էին արամեերենի գիրը։

Լեռնալիբանանում ազգությամբ հույն Աբդալլահ Զախիրի կողմից հիմնվում է վանական տպագրատուն, որտեղ 1734 թվականին տպագրվում է իր առաջին գիրքը։ Տպագրատունը գործում է մինչև 1899 թվականը։ 19-րդ դարում տպագրատներ են բացվում Կահիրեում, Ալեքսանդրիայում, Բեյ­րութում, Բաղդադում, Դամասկոսում, Հալեպում, Թունիսում։

Աստիճանաբար սկսում է զարգանալ արաբական մամուլը։

Տեխնիկական խմբագրել

Կապված ստեղնաշարի տեսակից՝ QWERTY կամ AZERTY, արաբական ստեղնաշարը կարող է լինել հետևյալ երկու տարբերակով՝

MAC ստեղնաշար
PC ստեղնաշար

Նշումներ խմբագրել

  1. Արաբական լեզվաբանության մեջ գոյականները, ածականները, թվականները, դերանունները և մակբայերը կոչվում են մեկ կերպ՝ «անուն» (արաբ․՝ اسم‎‎)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Юшманов, Н.М. Грамматика литературного арабского языка (под редакцией и с предисловием И.Ю. Крачковского), СПб. 1999
  2. Ramzi Baalbaki, "Kitab al-ayn and Jamharat al-lugha". Taken from Early Medieval Arabic։ Studies on Al-Khalīl Ibn Ahmad, pg. 44. Ed. Karin C. Ryding. Washington, D.C.։ Georgetown University Press, 1998
  3. Wolfdietrich Ficsher, Zur herkunft des Grammatishen terminus Harf, Jerusalem Studies of Arabic and islam, 1989
  4. Կարաբեկյան Ս.Բ., Արաբական տաղաչափությունը արաբական գիտելիքի համակարգում
  5. Габучан Г.М. К вопросу о структуре семитского слова (в связи с проблемой внутренней флексии) // «Семитские языки», вып.2, ч.2. М., Наука, 1965
  6. McCarthy, J. J., Prince A.S., Foot and Word in Prosodic Morphology. The Arabic Broken Plural.”, Natural Language & Linguistic Theory 8(2), Amherst 1990
  7. Касевич В.Б. Фонологические проблемы общего и восточного языкознания, Москва, 1983
  8. Фролов Д.В., Классический арабский стих, М. 1991
  9. 9,0 9,1 (Արաբերեն) Alyaseer.net ترتيب المداخل والبطاقات في القوائم والفهارس الموضوعية Ordering entries and cards in subject indexes Discussion thread (Accessed 2009-October–06)
  10. Rogers, Henry (2005). Writing Systems։ A Linguistic Approach. Blackwell Publishing. էջ 135.
  11. Гранде Б.М. Курс Арабской грамматики в сравнительно-историческом освещении, Москва, РАН 2001

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արաբերենի այբուբեն» հոդվածին։