Հնդկական լեզուներ
Հնդկական (Հնդարիական) լեզուներ, Հարավային Ասիայի հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող լեզուներ (տես Հնդեվրոպական լեզուներ)։ Իրանական և դարդյան լեզուների հետ միավորվում են հնդիրանական կամ արիական ճյուղի մեջ։ Այդ ճյուղի լեզուների առաջին կրողները՝ արիները, Հնդկաստան են գաղթել Առաջավոր Ասիայի և Միջին Ասիայից մոտ մ.թ.ա. II հազարամյակի 1-ին կեսին։
Զարգացման շրջաններ
խմբագրելՀնդկական լեզուների զարգացումը բաժանում են երեք շրջանի՝ հին (մ.թ.ա. II հազարամյակ - մ.թ.ա. I հազարամյակ), միջին (մ.թ.ա. I հազարամյակի կեսից - մ.թ. I հազարամյակ), նոր (մ.թ. II հազարամյակի սկզբից սկսած)։ Հին հնդկական լեզուներ ներկայացված են սանսկրիտով ու վեդաների լեզվով։ Սանսկրիտով ավանդված է գեղարվեստական ու գիտական հարուստ գրականություն։ Հին հնդկական լեզուներ թեքական են, աչքի են ընկել հնչյունական կազմի բազմազանությամբ, ունեցել են երաժշտական շեշտ, հոլովման և խոնարհման բարդ համակարգեր, անցյալ ժամանակների հարուստ բայաձևեր։ Հին հնդկական բարբառների խոսակցական ձևերի զարգացումով առաջացել են միջին Հնդկական լեզուներ, որոնք, ի տարբերություն գրական սանսկրիտի (մշակված, կատարյալ), կոչվում են պրակրիտներ (բնական, սովորական)։ Հնագույն վիմագրական հուշարձաններն են Աշոկա կայսեր հրովարտակները (մ.թ.ա. III դ.)։ Պրակրիտներով է գրված բուդդայական և ջայնական դավանական գրականությունը։ Միջին Հնդկական լեզուների անցումային էտապ են թեքական կառուցվածքից վերլուծականին։ Պարզեցվել են հնչյունական կազմը, հոլովման համակարգը, վերացել են երկակի թիվը, ստորադասական եղանակը, անցյալ ժամանակների համակարգի փոխարեն լայնորեն կիրառվել է կրավորական անցյալ դերբայը։ Նախադասության շարադասությունը կայունացել է։ Նոր Հնդկական լեզուներում թեքական համակարգը փոխարինվել է վերլուծական կառույցներով։ Անհետանում են բառավերջի ձայնավորները, հարակից ձայնավորները միաձուլվում են երկբարբառների մեջ։ Ետադիր կապերի համակարգը տարբերակում է թեք հոլովների իմաստները, հանդես են գալիս բայերի բարդ ժամանակաձևերը, կրավորական կերպը արտահայտվում է վերլուծական եղանակով։ Բառապաշարում առկա են ինչպես սանսկրիտից և պրակրիտներից ժառանգված բառերը, այնպես էլ փոխառությունները պարսկերենից, արաբերենից և եվրոպական լեզուներից։ Ժամանակակից հնդկական լեզուները տարածված են Հնդկաստանի հյուսիսում, Պակիստանում, Շրի Լանկայում և Նեպալում։
Պետական լեզուներ
խմբագրելՊետական լեզուներ են՝ հին դին (խոսում է 153.7 միլիոն մարդ, տարածքը՝ ՈւտտարՊրադեշ, Մադհյա Պրադեշ, Բիհար, Ռաջասթան), ուրդուն (ծագումով, հնչյունական և քերականական կառուցվածքով նույն հինդին է, տարբերվում է բառապաշարով և գրությամբ, խոսում է 28 միլիոն մարդ Հնդկաստանում և 7 մլն՝ Պակիստանում), բենգալերենը (խոսում է 70 միլիոն մարդ Բանգլադեշում և 45 մլն՝ Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում), փենջաբերենը (խոսում է 40 միլիոն մարդ Պակիստանի և 14 մլն՝ Հնդկաստանի Փենջաբ նահանգներում), մարաթին (խոսում է 43 միլիոն մարդ Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում), հուջարաթերենը (խոսում է 25 միլիոն մարդ Հնդկաստանի Հուջարաթ նահանգում), ասամերենը (9 միլիոն մարդ՝ Հնդկաստանի Ասսամ նահանգում), սինդհին (8 միլիոն մարդ՝ Պակիստանի Աինդ նահանգում), նեպալերենը (6 միլիոն մարդ՝ Նեպալում և 1, 3 միլիոն մարդ՝ Հնդկաստանում), սինհալերենը (8 միլիոն մարդ՝ Շրի Լանկայում)։
Նոր հնդկական լեզուները օգտվում են բրախէի այբուբենի տարատեսակներից, արաբա-պարսկական գրից կամ յուրահատուկ տեղական այբուբեններից (տես Հնդկական գիր)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 474)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկական լեզուներ» հոդվածին։ |