Հայկական բեմական պարի ու բալետի ստեղծման առաջին քայլերն արվել են 19-րդ դարի կեսերին։ Բալետի առաջին մշտական խումբը գործել է Կ. Պոլսի «Արամյան թատրոնում». հայտնի էին պարողներ Գևորգ Չիլինկիրյանը (Ձեննե Գևորգ), Թագուհին, Անտիկը, Մառին և ուրիշներ։

Հայաստանի ազգային բալետի պարողները Վաշինգտոնի ռուսական դեսպանատանը։

Բեմական պարի զարգացմանը մեծապես նպաստել է հայկական օպերետային թատրոնը, որտեղ պարային տեսարաններում հանդես են եկել դերասանուհիներ Անտիկ Չուխաճյանը, Գոհարիկ Շիրինյանը, Վիրգինիա Գարագաշյանը, Աստղիկը։ Պարերը բեմադրել է Երանոս Չափրաստը, որը հիմնադրել է նաև կենցաղային պարահանդեսային պարի դպրոցներ Կ. Պոլսում (1868), ապա՝ Զմյուռնիայում և Ադանայում։

1860-70-ական թթ-ից պարեր են ստեղծել հասարակական գործիչ Գալուստ Կոստանդյանը, դերասաններ Գարեգին Ռշտունին և Սերովբե Պենկլյանը։ Կոմպոզիտոր Տիգրան Չուխաճյանն իր «Արշակ Բ» և «Զեմիրե» օպերաներում ստեղծել է բազմաթիվ կենցաղային պարեր, օպերետներում («Արիֆ», «Քյոսե Քեհյա», «Լեբլեբիջի Հոր-հոր աղա»)՝ պարային տեսարաններ, ինչպես և բալետային ինտերմեդիաներ։ 1870-ական թթ-ից արևելահայ թատրոնում կատարվել են հայկական և ասիական պարեր՝ թե՝ հայ դրամատուրգների (Հովհաննես Գուրգենբեկյան, Միքայել Տեր-Գրիգորյան, Գաբրիել Սունդուկյան և ուրիշներ) պիեսների բեմադրություններում, թե՝ համերգներում։ 1900-ին Վերգինե Խաչիկյանը (Կ. Պոլիս) արևելյան պարերով Փարիզում մասնակցել է համաշխարհային փառատոնի։ 20-րդ դ-ի սկզբին Արշակ Պեևկլյանի, Ամիրագոյի (Պողոս Ամիրաղյան), Հովսեփ Ոսկանյանը, Բաղդասարյան-Սոտաբյանի օպերետային խմբերում հանդես են եկել հայ պարողներ ու պարուհիներ, առավել աչքի են ընկել դերասանուհիներ Արուս Ոսկանյանը, Լյուսի Սևումյանը, Մաշա Սուրաբյանը։

Բալետի և բեմական պարի ելույթներ խմբագրել

1910-ական թթ-ին բալետի պարող Կորգանովը ելույթներ է ունեցել Բաքվում՝ Մայիլյանների թատրոնում, Ամիրագոյի օպերետային խմբում, 1920-ական թթ-ից եղել է Բաքվի օպերայի և բալետի թատրոնի մենապարող։ Բաքվում է ստեղծագործել նաև պարերի բեմադրող Սերգեյ Կևորկովը, որը մեծապես նպաստել է ադրբեջանական ազգային բալետի զարգացմանը։

Նույն թվականներին մեծ համբավ է վայելել Արմեն Օհանյան (Սոֆյա Փիրբուդաղյան), որն արևելյան պարերում օգտվել է ամերիկացի պարուհի Այսեդորա Դունկանի «ազատ» ոճից։ 1920-ական թթ-ին Թիֆլիսի օպերայի և բալետի թատրոնում ասիական պարերով հանդես է եկել Ալբերտը (Գ. Շահինով)։ Հ. Ոսկանյանի, Գրիգոր Սյունու և այլոց օպերետներում նույնպես առանձնակի տեղ են գրավել ասիական ու հայկական պարերը։ Հիշարժան են նաև Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի պարային տեսարանները։ 1917-ին Սրբուհի Լիսիցյանը Թիֆլիսում հիմնադրել է Արտասանության ռիթմի և պլաստիկայի ստուդիա (1924-ին վերակազմավորվել է Ռիթմի և պլաստիկայի ինստիտուտի), որը համերգներով հանդես է եկել Թիֆլիսում, Բաքվում, Մոսկվայում։ Ստուդիայի շրջանավարտներ Նազելի և Թամար Լիսիցյանները, Թամար Ադամյանը, Աննա Դուրինյանը, Հ. Սիրունյանը, Շողիկ Վարոսյանը և ուրիշներ մեծ ներդրում ունեն հայ պարարվեստի կատարողական, բեմադրական ու դասավանդման բնագավառներում։

Խորհրդային շրջանի բալետը։ խմբագրել

Պրոֆեսիոնալ բալետային արվեստը Հայաստանում զարգացել է խորհրդային իշխանության հաստատումից հետո։ 1920-ական թվականներին բալետի մի շարք հայազգի արտիստներ, կրթություն ստանալով Թիֆլիսի Մ. Պերինիի և Միխայիլ Մորդկինի, Բաքվի Մ. Կևորկովի ստուդիաներում, դարձել են օպերայի և բալետի թատրոնի մենակապարողներ՝ Սերգեյ Սերգեև (Վարդանբաբով), Ս.Գորսկի (Տեր-Ղևոնդյան), Գ. Բարխուդարով, Դմիտրի Շիկանյան, Լ. Բեկտաբեկովա, Կ. էջուբովա, Լ. Լեոնով, Հ. Ապրեսով և ուրիշներ։ Հայկական ազգային բալետի հիմնադիրներից Իլյա Արբատովը (Եղիա Յաղուբյան) նույնպես աշխատել է Հայաստանից դուրս՝ Թիֆլիսի, Բաքվի, Տաշքենդի, Կազանի և այլ օպերային թատրոններում։ Համերգային ծրագրերում պարերով հանդես են եկել Վահրամ Արիստակեսյանը, Ն. Լիսիցյանը, Մարիա Լիսիցյանը, Թ. Լիսիցյանը, Ա. Ախշարումյանը։ Ն. Սաֆարյանը (Սաֆարովա)՝ Բաքվում, Ս. Լիսիցյանը, Թ. Ադամյանը, Գ. Բարխուդարովը՝ Թիֆլիսում, Ն. Լիսիցյանը և Վ. Արիստակեսյանը Երևանում բեմադրել են պարային տեսարաններ։

Պարի դպրոցներ և մշակութային հաստատություններ խմբագրել

1922 թ-ից Մ. Վանշիրի ղեկավարությամբ գործել է Դոնի Ռոստովի երաժշտական կոմեդիայի հայկական թատրոնը, իսկ 1923-ին Շարա Տալյանը Լենինականում կազմակերպել է օպերա-օպերետային թատերախումբ. բալետի խմբում էին Թ. Ճաբուկիանին, Ս. Գորսկին և ուրիշներ, բալետային տեսարաններ են բեմադրել Ս. Սերգեևը, Ս. Լիսիցյանը, Ս. Գորսկին, Դ. Շիկանյանը։ Պարերով աչքի են ընկել նաև այդ օպերետային խմբերի դերասանուհիներ Ե. Լուսինյանը, Մարիաննա Սեդմարը, Աննա Ղումաշյանը և ուրիշներ։

 
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք (1940, ճարտ.՝ Ալեքսանդր Թամանյան)

1923-24-ին Երևանում գործել են Ս. Մխիթարյանի կենցաղային պարերի և Վ. Ավետիքյանի ռիթմի ու պլաստիկայի դպրոցները։ 1924-ին Վ. Արիստակեսյանը հիմնել է պարարվեստի ստուդիա, որտեղ դասավանդվել են հայկական, կովկասյան, դասական և բնութագրական պարեր։ 1926-ին ստուդիայի սաների ուժերով բեմադրվել է Հայաստանում առաջին բալետային ներկայացումը՝ Լեո Դելիբի «Կոպելիան»։ Ստուդիայի սաներից Էդուարդ Մանուկյանը, Պավլինե Բուռնազյանը, Մ. Ալավերդյանը, Զարեհ Մուրադյանը դարձել են Հայկական ժողովրդական երգի-պարի պետական անսամբլի ու Երևանի օպերայի և բալետի թատրոնի (1933, 1939-ից՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան) մենապարողներ և բալետմայստերներ։ 1962-ին Իջևանում կազմակերպվել է բալետի ստուդիա (հիմնադիր և ղեկավար՝ Ժենյա Խաչատրյան1980-ին ստեղծվել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության կամերային բալետի խումբը (ղեկավար և բալետմայստեր՝ Ռուդոլֆ Խառատյան1933-ին Վլադիմիր Պրեսնյակովն ստեղծել է, Երևանի օպերայի և բալետի թատրոնի բալետի խումբը և թատրոնին կից բալետի ստուդիան (1934-ին)։ Բալետի խումբն առաջին անգամ հանդես է եկել Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի տեսարաններում (1933, բալետմայստերներ՝ Վ. Պրեսնյակով և Վ. Արիստակեսյան)։ 1938-ին թատերախումբը համալրվել է Լենինգրադի պարարվեստի ուսումնարանի շրջանավարտներով։ Բալետմայստեր Յուրի Ռեյնեկեն բեմադրել է առաջին բալետային ներկայացումը՝ Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» (1935), իսկ Ե. Կուգնեցովը՝ պարեր՝ Ալեքսանդր Դարգոմիժսկու «Ջրահարսը» օպերայում։ Հայկական ազգային պրոֆեսիոնալ պարարվեստի սկզբունքները մշակվել են ազգային օպերաներում։ Պարեր են բեմադրել Վ. Արիստակեսյանը (Ա. Սպենդիարյանի «Ալմաստ», Արմեն Տիգրանյանի «Անուշ», 1935), Ս. Լիսիցյանը (Հարո Ստեփանյանի «Քաջ Սազար», 1934, «Լուսաբացին», 1938), Ի. Արբատովը (Ռիկարդո Դրիգոյի «Առլեկինադա», 1938, Բորիս Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը», 1939, Տիգրանյանի «Անուշ», Ա. Սպենդիարյանի «Ալմաստ»)։ 1939-ին ստեղծվել է ազգային առաջին՝ Արամ Խաչատրյանի «Երջանկություն» բալետը (բալետմայստեր՝ Ի. Արբատով), որտեղ համադրվել են դասական բալետի և հայկական ժողովրդական պարաձևերն ու լեզուն։ 1940-41-ին Միխայիլ Մոիսեևի ղեկավարությամբ բեմադրվել են Ալեքսանդր Գլազունովի «Ռայմոնդա», Անուշավան Տեր-Ղևոնդյանի «Անահիտ», Չեզարե Պունիի «Սապատավոր ձիուկը» բալետները։

1945-60-ական թթ-ին խաղացանկը համալրվել է ազգային բալետներով. Ա. Խաչատրյանի «Գայանե» (1947, բալետմայստեր՝ Նոնա Անիսիմովա), «Խանդութ» (ըստ Ա. Սպենդիարյանի երաժշտության, բեմադրությունից (1961,1951, բալետմայստերներ՝ Վ. Վարկովից բալետմայստեր Եվգենիկի, Զ. Մուրադյան, 1960, բալետմայստերներ՝ Զ. Մուրադյան, Լեոնիդ Լավրովսկի) Գրիգոր Եղիազարյանի «Սևան» (1956),էդգար Հովհաննիսյանի «Մարմար» (1957, երկուսն էլ՝ բալետմայստեր՝ Ի. Արբատով), Էդուարդ Խաղագորտյանի «Սոնա» (1957, բալետմայստերներ՝ Զարեհ Մուրադյան,Ազատ Ղարիբյան) և այլն։ Բեմադրվել են նաև արևմտաեվրոպացի և ռուս դասական կոմպոզիտորների բալետներ՝ «Շեհերազադե» ըստ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի սիմֆոնիկ սյուիտի, 1947, բալետմայստեր՝ Վ.Բուրմայստեր), Լ. Դելիբի «Կոպելիա» (1948, իալետմայստերներ՝ Վ. Իվաշկին, Զ. Մուրադյան), Իգոր Մորոզովի «Բժիշկ Այբոլիտ», Ռեյնհոլդ Գլիերի «Պղնձե հեծյալը» (երկուսն էլ՝ 1949, բալետմայստեր՝ Ի. Արբատոկ), «Կարմիր կակաչ» (1951, բալետմայստեր՝ Գ. Յազվինսկի), Լյուդվիգ Մինկուսի «Դոն Կիխոտ» (1954, բալետմայստեր՝ Զ. Մուրադյան), Պ. Չայկովսկու «Կարապի լիճը» (1955, բալետմայստեր՝ Վ. Վարկովիցկի) և այլն։

1940-50-ական թթ-ին հայկական բալետում շարունակել են ստեղծագործել Լյուբով Վոինովա-Շիկանյանը, Ռուսուդանա Թավրիզյանը, Ելենա Արարատովան, Պ. Բուռնազյանը, Սերգեյ Մարզպանը, Զ. Մուրադյանը, Գեորգի Գեորգիյանը, երիտասարդ պարող-պարուհիներ Թերեզա Գրիգորյանը, Սիլվա Մինասյանը, Վանուշ Խանամիրյանը, Ֆրունզե Ելանյանը, Ա. Ղարիբյանը, որոնք մեծապես նպաստել են ազգային կատարող, ոճի ձևավորմանը։ 1947-ին Լենինգրադից հրավիրված արտիստներ Լյուդմիլա Սեմանովան, Իրինա Ուշակովան և Վիկտոր Բորիսովը իրենց արվեստով հայկական բալետը հարստացրել են լենինգրադյան պարարվեստի դպրոցի կատարողական ավանդույթներով։

1950-ական թթ-ին թատերախումբը համալրվել է նոր պարողներով՝ Բելա Հովնանյան, Վիլեն Գալստյան, Աննա Մարիկյան, Ջուլիետ Քալանթարյան, Ե. Մեհրաբյան։ 1960-ական թթ-ից խմբի առաջատարներից էին Էլվիրա Մնացականյանը, Հովհաննես Դիվանյանը, Ռ. Խառատյանը, Մ. Ավնիկյանը, Սերգեյ Պետրոսյանը, Թ. Այդինյանը, Մ. Դավթյանը, Բելա Խուդինյանը, Ե. Պավլիդին, Նադեժդա Խառատյանը։ Հայկական բալետի ձևավորման ու զարգացման մեջ մեծ ներդրում ունեն բալետմայստերներ Ի. Արբատովը, Ա. Դարիբյանը, Վ. Գալստյանը, Մաքսիմ Մարտիրոսյանը, Եվգենի Չանգան, Զ. Մուրադյանը, Աշոտ Ասատրյանը և ուրիշներ։

Ստեղծագործություններ խմբագրել

1960-1970-ական թթ-ին հայ կոմպոզիտորներն ստեղծել են մի շարք բալետային պարտիտուրներ, որտեղ համադրված են սիմֆոնիկ երաժշտության և երաժշտական թատրոնի ձևերն ու արտահայտչամիջոցները (Էմին Արիստակեսյանի «Պրոմեթևս» և Կոնստանտին Օրբելյանի «Անմահություն» բալետները, Երվանդ Երկանյանի «Օրեստես» և «Էդիպ արքա» խորեոգրաֆիկ սիմֆոնիաները, Է. Հովհաննիսյանի «Անտունի» բալետը՝ խմբերգային դրվագներով, «Սասունցի Դավիթ» օպերա-բալետը)։ Ընդլայնվել է նաև բալետի թեմատիկան (Է. Հովհաննիսյանի «Հավերժական կուռք», Գ. Եղիազարյանի «Արա Գեղեցիկ և Շամիրամ», Գրիգոր Հախինյանի «Ախթամար», «Ուռենի», «Լոռեցի Սաքո», Ա. Խաչատրյանի «Դիմակահանդես», Ստեփան Շաքարյանի «Ֆիզիկոսներ», Բորիս Սակիլարիի «Չոփչոփիկ», Հրաչիկ Մելիք-Մուրադյանի «Կարմիր գլխարկ» և այլն)։ 1961 -67-ին Ե. Չանգայի ղեկավարությամբ բեմադրվել են Արամ Խաչատրյանի «Սպարտակ» (1961), Սերգեյ Պրոկոֆևի «Մոխրոտը» (1963), Լյուդվիգ Մինկուսի «Դոն Կիխոտ» (1965), Էմին Արիստակեսյանի «Պրոմեթևս» (1967) և այլ բալետներ։

Մ. Մարտիրոսյանը (1988-89-ին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր բալետմայստեր, 1989-92-ին՝ բալետմայստեր) իր բեմադրություներով՝ Գ. Եղիազարյանի «Անուրջների լիճը» (1968), Է. Հովհաննիսյանի «Անտունի», Կ. Օրբելյանի «Անմահություն» (1969), Ա. Խաչատրյանի «Գայանե» (1971) և այլն, ազգային պարարվեստը հարստացրել է գեղարվեստական նոր արտահայտչամիջոցներով։

1972-83-ին (ընդհատումներով) բալետի խումբը ղեկավարել է Վ. Գալստյանը, բեմադրություններից են Է. Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» օպերա-բալետը (1976), Արամ Խաչատրյանի «Գայանե» (1974) և «Սպարտակ» (1978) բալետները։ 1973-ից թատրոնում է աշխատել բալետմայստեր Աշոտ Ասատրյանը (Սերգեյ Բալասանյանի «Լեյլի և Սեջնուն», 1973, Կ. Օրբելյանի «Անմահություն», 1975, Էդվարդ Միրզոյանի «Լույսի սիմֆոնիա», 1977, Մորիս Ռավելի «Դափնիս և Քլոյե», 1980, Գ. Եղիազարյանի «Արա Գեղեցիկ և Շամիրամ», 1982, և այլն)։ Մ. Մնացականյանը բեմադրել է Է. Հովհաննիսյանի «Հավերժական կուռք» բալետը (1966), «Համլետ» (Դմիտրի Շոստակովիչի երաժշտությամբ), «Սպերաբիլիս» (Բելա Բարտոկի երաժշտությամբ), «Լորկիանա» (իսպ. ժողովրդական երաժշտությամբ) մեկ գործողությամբ բալետները։

1960-80-ական թթ-ին Երևանի օպերայի և բալետի թատրոնում բալետներ են բեմադրել Մոսկվայի, Լենինգրադի, Թբիլիսիի, Օդեսայի օպերայի և բալետի թատրոնների բալետմայստերներ Ս. Սերգեևը, Նատալյա Դուդինսկայան, Տուրի Ժդանովը, Օլեգ Վինոգրադովը, Տ. Նիկիտինան, Գ. Ալեքսիձեն, Ն. Ռիժենկոն, Վ. Սմիռնով-Գոլովանովը։ Տարբեր տարիների բալետային ներկայացումները ղեկավարել են դիրիժորներ Կոստանդին Սարաջևը, Գևորգ Բուդաղյանը, Հակոբ Ոսկանյանը, Արամ Քաթանյանը, Դ. Շիկանյանը, Ռուբեն Ստեփանյանը, Գ. Տերտերյանը, Գ. Թորիկյանը, Մորիս Մկրտչյանը։ Ներկայացումները ձևավորել են Սիմոն Ալաջալովը, Սարգիս Արուտչյանը, Աշոտ Միրզոյանը, Կարապետ Մինասյանը, Մինաս Ավետիսյանը, Ալեքսանդր Շաքարյանը, Ռոբերտ Նալբանդյանը, Աշոտ Բայանդուրը, Բորիս Մեսերերը և ուրիշներ։ 1970-80-ական թթ-ին թատերախմբում էին նաև երիտասարդ պարողներ Մ. Աբրահամյանը, Մ. Բարանովը, Գ. Գալստյանը, Գ. Շաքարյանը, Լ. Գյուրջյանը, Ե. Հայրապետյանը և ուրիշներ։ Դասատու-փորձավարներն էին Ե. Արարատովան, Իրինա Ուշակովան, Բ. Հովնանյանը, Դոնարա Ալեքսանյանը, Մերուժան Մուրադյանը։ 1990-ական թթ-ից բեմադրվել են Ստեփան Լուսիկյանի «Ճպուռն ու մրջյունը», Տիգրան Մանսուրյանի «Ձյունե թագուհին» (1990), Լորիս Ճգնավորյանի «Օթելլո» (1993), Ս. Պրոկոֆևի «Մոխրոտը» (1998, բալետմայստեր՝ Է. Բեյլերյան), Բիզե-Շչեդրինի «Կարմեն-սյուիտը» (1998, բալետմայստեր՝ Արմեն Գրիգորյան), Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» (1999), Ա. Խաչատրյանի «Գայանե» (2004, երեքն էլ՝ բալետմայստեր՝ Վ. Գալստյան), «Հավերժություն» (2003, բալետմայստեր՝ Մ. Մարտիրոսյան), «Սպարտակ» (2009, բալետմայստեր՝ Յուրի Գրիգորովիչ), Է. Հովհաննիսյանի «Վարդանանք» (2008), «Ստաբատ մատեր» (ըստ Ջովաննի Պերգոլեզիի երաժշտության), «Բախի իրքերը» (ըստ Յոհան Սեբաստիան Բախի երաժշտության, երկուսն էլ՝ 2010), Ս. Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (2011), Մ. Ռավելի «Բոլերո» (2012, վերջին հինգի բալետմայսեր՝ Ռ. Խառատյան) և այլ բալետներ։

Բալետի զարգացմանը նպաստել են դիրիժորներ Օհան Դուրյանը, Յուրի Դավթյանը, Կարեն Դուրգարյանը և ուրիշներ։

Թատերախումբը համալրվել է երիտասարդ պարողներով՝ Սոնա Առուստամյան, Սոնա Վարդանյան, Մարիա Դիվանյան, Սյուզաննա Փիրումյան, Ժակլին Սարխոշյան, Մերի Հովհաննիսյան, Մերի Վարդանյան, Իրինա Մկրտումյան, Հայկ Հարությունյան, Անդրանիկ Սարգսյան, Ռուբեն Մուրադյան, Սևակ Ավետիսյան, Զավեն Հարությունյան, Արմեն Գևորգյան, Նարեկ Մարտիրոսյան և ուրիշներ։

Գրականություն խմբագրել

  • Շ ա ր ա ա ա ն, Թրքահայ բեմը և իր գործիչները (1850–1908), ԿՊ․, 1915։
  • Ստեփանյան Գ․, Ուրվագիծ արեմտահայ թատրոնի պատմության, հ․ 1–2, Ե․, 1962–1969։
  • Խաչաարյան Ժ․, Ջավախքի հայ ժողովըրդակւսն պարերը, Ե., 1975 (Հայ ազգագրություն և բանահյուսություն, N° 7)։
  • Тигранов Г․ Г․, Армянский музыкальный театр, т․ 1, Е-․ 1956.
  • Лисицян С․, Старинные пляски и театральные представления армянского народа, т- 1–6, Е․, 1958–1972.
  • Спендиарова М․, Летопись жизни и творчества А․ А․ Спендиарова, Е․, 1975.
  • Петросян Э․, Дачатрян Ж., Армянский народный танец, М․, 1980․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։