Շարա Տալյան (հուլիսի 16 (28), 1893, Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 7, 1965(1965-11-07)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր։

Շարա Տալյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էհուլիսի 16 (28), 1893
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 7, 1965(1965-11-07)[1][2] (72 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտություներգիչ
Երգչաձայնտենոր և բարիտոն
Գործիքներվոկալ
Գործունեություն1911-1965
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և Ստալինյան մրցանակ
 Shara Talyan Վիքիպահեստում

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մարիաննա Սեդմարի ամուսինը։

Կյանքի վաղ տարիներ

խմբագրել
 
Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, որտեղ սովորել է Շարա Տալյանը:

Շարա Տալյանը ծնվել է 1893 թվականին Թիֆլիսում, Տալյանների նշանավոր ընտանիքում։ Շարայի հոր պապը եղել է նշանավոր աշուղ Քամալին, հայրը նույնպես աշուղ էր, հայտնի էր աշուղ Ջամալ անունով։ Նրա հոր մոտ ազգականներից էր նաև աշուղ Շերամը՝ Գրիգոր Տալյանը։ Մանկուց մշտապես լինելով աշուղական երգարվեստի մեջ, կրթվելով որպես երաժիշտ և հաճախակի ներկա լինելով աշուղական մրցումներին, նրա մոտ վաղ տարիքից ի հայտ են գալիս երաժշտության հանդեպ սերը և ունակություններ։ Ութ տարեկանում ընդունվում է Թիֆլիսի Ներսիսյան դպրոց, որտեղ սովորում է մինչև 1913 թվականը, միաժամանակ աշակերտելով Գրիգոր Սյունիին և Կոմիտասի աշակերտ Սպիրիդոն Մելիքյանին։ Այդ ընթացքում նա հանդես է գալիս նաև դպրոցի երգչախմբում։ 13 տարեկանից որպես մեներգիչ հանդես է եկել դպրոցի երգչախմբում։ 1908 թվականին, երբ կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանը նոր-նոր էր սկսել աշխատել «Անուշ» օպերայի վրա, դրա արդեն քիչ թե շատ ավարտուն մասերը ներկայացվում են Թիֆլիսում՝ Ներսիսյան դպրոցի սաների ուժերով, որոնցից մեկն էլ Շարա Տալյանն էր։ Դրանից մի քանի տարի անց՝ 1911 թվականին՝ Շուլավերում, 1912 թվականին Թիֆլիսում տեղի են ունենում Շարա Տալյանի առաջին մենահամերգները. նա աչքի է ընկնում կատարողական ոճի անհատականությամբ և արժանանում երաժշտագետների ու երաժշտասերների ուշադրությանը։

Մասնակցությունը «Անուշ» օպերային

խմբագրել
 
1912 թվականի օգոստոսի 4-ի Ալեքսանդրապոլի Քաղաքային ժողովրդական տանը կայանալիք Անուշ օպերայի առաջին ներկայացման պաստառը։

Շարա Տալյանը դեռ չէր ավարտել դպրոցը, երբ 1912 թվականին Թիֆլիսում մասնակցեց Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» կոմիկական օպերայի բեմադրությանը՝ ճանաչվելով Հոր-հոր աղայի դերերգով։ Նույն տարում կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանը պատրաստվում էր հանրությանը ներկայացնել Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի հիման վրա գրած իր համանուն օպերան՝ արդեն ամբողջությամբ։ Պրեմիերան կայացավ 1912 թվականի օգոստոսի 4-ին կոմպոզիտորի ծննդավայր Ալեքսանդրապոլում։ Սարոյի դերակատարն էր Շարա Տալյանը, իսկ Անուշին մարմնավորում էր Աստղիկ Մարիկյանը։ Քաղաքի համերգային դահլիճը լեփլեցուն էր։ Նրանք, ում չէր հաջողվել դահլիճ մտնել, օպերան լսում էին բաց պատուհանների մոտ կանգնած։ Այդ տարիներին գրեթե միջոցներ չկային պատշաճ բեմադրություն ստեղծելու համար։ Վատն էր ակուստիկան, 12 երաժշտից բաղկացած փոքրիկ նվագախումբ էր, հագուստն ու դեկորացիան խիստ համեստ էին։ Նվագախումբի երաժիշտները շատ երիտասարդ էին, որոնք թեկուզ լավ էին կատարում, բայց չունեին համապատասխան մասնագիտական հմտություններ։ Եվ չնայած այս բոլոր բացթողումներին, հանդիսատեսը կարողացավ զգալ օպերայի ուժն ու շքեղությունը։ Iր խաղով Շարա Տալյանը հայ ժողովրդի հիշողության մեջ մնաց որպես Սարոյի դերի չգերազանցված կատարողը։ Ներկայացումից հետո մարդկանց բազմությունը ջահերով դուրս եկավ փողոց։ Նրանք օպերայից հատվածներ էին երգում և այնքան սրտանց էին կատարում, որ արտացոլվում էր Թումանյանի հերոսների բնավորությունն ու Լոռվա բնությունը։ Հենց այդ ժամանակ պարզ դարձավ, որ «Անուշ» օպերան մեծ ապագա կունենա։

Մանկավարժական և երաժշտական գործունեություն

խմբագրել

Օպերայի պրեմիերայի հաջորդ տարվանից՝ 1913-1916 թվականներին, որպես երգեցողության ուսուցիչ և խմբավար, Շարա Տալյանն աշխատում է Սուրբ Խաչ քաղաքում, որը գտնվում է Հյուսիսային Կովկասում (այժմյան Բուդյոնովսկ քաղաքը ՌԴ Ստավրոպոլի երկրամասում)։ Նա մեծ ոգևորությամբ հայ մանուկներին ու պատանիներին ուսուցանում է երգ ու երաժշտություն, կազմակերպում քառաձայն երգչախումբ, դասավանդում ու տարածում Քրիստափոր Կարա-Մուրզայի, Մակար Եկմալյանի ու Կոմիտասի երգերը։ Երիտասարդ երաժիշտ Շարան համոզված էր, որ արվեստի բարձունքներին հասնելու համար հարկավոր է կատարելագործել սեփական արվեստը, ուսումնասիրել համաշխարհային երգարվեստի նվաճումները, ծանոթանալ տարբեր ժողովուրդների երաժշտական ժառանգությանը և դասական երաժշտության ավանդույթներին։ Այդ նպատակով 1916-17 թվականներին նա սովորում է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում, որտեղ աշակերտել Գաբելին և Կլինովսկուն։ Դրան զուգահեռ հայկական եկեղեցում հանդես է գալիս որպես երգչախմբի մենակատար։ Այդ տարիներին Շարա Տալյանը իր ստեղծած թատերական խմբերով Անդրկովկասի շատ քաղաքներում հանդես է եկել որպես երգիչ կատարող։ 1923 թվականին կազմակերպում և ղեկավարում է Գյումրիի հայկական օպերա-օպերետային խումբը, որի կազմում էին Հայկանուշ Դանիելյանը, Լևոն Իսեցկի-Հովհաննիսյանը, Հայկ Դանզասը, Ալեքսանդր Մելիք-Փաշաևը և ուրիշներ, որոնց հետ բեմադրում է Շառլ Գունոյի «Ֆաուստ» (հայերենով), Անտոն Ռուբինշտեյնի «Դևը», Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերաները, Իմրե Կալմանի «Սիլվա» և այլ օպերետներ։ Շարա Տալյանը միայն երգիչ կատարող չէր։ Օժտված լինելով գիտնական արվեստագետի հատկանիշներով, պրպտում ու հայտնաբերում է բազմաթիվ հին երգեր և կենդանություն տալիս դրանց։

1927 թվականին բնակություն է հաստատում Երևանում և այստեղ էլ կազմակերպում է «Հայ աշուղներ» ազգագրական խումբը և ամենուրեք տարածում մեր տաղերգուների ու գուսանների երգերն ու տաղերը։ 1936 թվականի հոկտեմբերին Շարա Տալյանը կազմակերպում է գուսանական երգերի անսամբլը, որտեղ որպես մեներգիչ հանդես է գալիս նաև Վաղարշակ Սահակյանը, որը հետագայում դառնում է «Սայաթ-Նովա» գուսանական անսամբլի գեղարվեստական ղեկավարը։ Շարա Տալյանն ազգային մեծ ոգևորությամբ ունկնդիրներին է հասցնում Բաղդասար Դպիրի, Նաղաշ Հովնաթանի, Գյուրջի-Նավեի, Միսկին-Բուրջիի, Սայաթ-Նովայի, Ջամալու, Շիրինի, Ջիվանու, Շերամի և շատ ուրիշների դեռևս անծանոթ երգերը։ Դրանք մատուցում է այնպիսի ինքնատիպ կառուցվածքով, որի շնորհիվ արտահայտում է ոչ միայն զգացմունք և ապրումներ, այլև վերակենդանացնում է ժամանակի շունչն ու ոգին։

1933 թվականը հայ ժողովրդի երաժշտական կյանքում նշանավորվեց նրանով, որ այդ տարի հիմնադրվեց ազգային օպերային թատրոնը, որի կազմակերպիչներից ու անդամներից մեկն էլ դառնում է Շարա Տալյանը։ Մոտ քսան տարի ստեղծագործելով ազգային թատրոնում, նա ստեղծում է երեսունից ավելի դերերգեր՝ ընդգրկելով տարբեր ժողովուրդների կոմպոզիտորներին։ Շարա Տալյանի օպերային արվեստը իր վառ ու ամբողջական արտահայտությունն ստացավ ազգային կերպարների մարմնավորման բնագավառում։ Դրա փայլուն արտահայտությունն էր, ինչպես տեսանք, Սարոյի մարմնավորումը Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայում։ Հետագայում Շարա Տալյանը մեծ հաջողությամբ կերտեց նաև Արշակ թագավորի կերպարը՝ Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայում, Դավիթ Բեկի կերպարը՝ Արմեն Տիգրանյանի համանուն օպերայում և այլն։ Որքան էլ արժեքավոր ու բազմաբեղուն է Շարա Տալյանի երաժշտական- հասարակական գործունեությունը, այնուամենայնիվ նրա ստեղծագործության գագաթնակետը և տարերքը հայ աշուղական երգն է։ Նրա՝ դեռևս 1911-15 թվականների համերգային ծրագրերում հանդիպում են Կոմիտասի «Կռունկ», «Հով արեք, սարեր ջան» երգերը, Ալեքսանդր Սպենդիարյանի «Այ Վարդ», Ռոմանոս Մելիքյանի «Վարդ» ռոմանսները, ժողովրդական «Ծաղկոց մտա», «Համեստ աղջիկ», «Մայր Արաքսի ափերով» և ուրիշ շատ երգեր։ Համերգային այդ ծրագրերից իմանում ենք, որ այդ երգերի կողքին նա կատարել է նաև ռուսական ու արևմտաեվրոպական երգեր։ Շարա Տալյանը տարիներ շարունակ մեծածավալ աշխատանք էր կատարում՝ մի կողմից մշակելով իր կատարողական արվեստը, մյուս կողմից խորանալով ազգային երաժշտության բնույթի ու առանձնահատկությունների ուսումնասիրության, դրանց ընկալման մեջ։

Շարա Տալյանը «Հայ երգի երեկո» խորագրով բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանում ու արտասահմանում՝ հնչեցնելով հայկական անմոռաց մեղեդիները։ Մուշեղ Աղայանի հետ գրի է առել, կազմել ու խմբագրել Սայաթ-Նովայի (1946թ., 1963թ.) և հավաքել ու կազմել Ջիվանու (1955թ.) երգերի առաջին նոտային ժողովածուները։ Ջիվանու բոլոր երգերը պատկանում են ժողովրդին, բայց կային ունկնդրին անհայտ ու մոռացված երգեր։ Ու Շարա Տալյանն էր, որ մոռացության քողի տակից դուրս բերեց դրանք՝ «Սպիտակ մազեր», «Պանդուխտի երգը», «Առ նազելին», «Խեղճ մարդը», «Ինչ կամենաս ընկերիդ», «Հոգսերով լի» երգերը։

Կատարողական արվեստ

խմբագրել

Շարա Տալյանը հայ երգի կոմիտասյան երգեցողության ոճի լավագույն հետևորդներից է։ Նրանք, ովքեր լսել են Կոմիտասի անմահ երգը, պահպանված ձայնագրությունները, պիտի կարողանան նկատել, որ թեև Շարա Տալյանի երգեցողության ոճն ունի իր ուրույն, միայն իրեն հատուկ ու եզակից երանգը, սակայն նա հիմնվում է կոմիտասյան երգեցողության սկզբունքային դրույթների ու առանձնահատկությունների վրա։ Նա ինքն էլ զբաղվել է հայ երգի կատարման տեսական հարցերով։ Նա կարևորում էր երկար տևողությամբ հնչյունների վրա ձայնի սահումներն ու տատանումները, ավելորդ էր համարում գեղգեղանքներն ու կլկլոցները, հիշեցնում, որ երգեցողության չափից դուրս ձգձգվածությունը խորթ է և օտար հայ երգի համար։ Նա պնդում էր, որ հայ երգը կատարելիս պետք է փոխել մտածելակերպն ու հոգեբանությունը, ելակետ ունենալ ոչ թե ռոմանսը կամ բայաթին, այլ հայ երգի երանգներն ու ոլորտները։ Ի դեպ, բարեկամներ, Շարա Տալյանն օժտված էր լիրիկադրամատիկական բարիտոնի յուրահատուկ ազգային երանգ ունեցող ձայնով։ Առհասարակ, ձայնական տվյալների մասին խոսելիս անհնար է գտնել այնպիսի բնորոշումներ, որ երգչին չլսած ունկնդիրները կարողանան մտովին լսել այդ ձայնի զորեղությունն ու երանգը, ելևէջների արտահայտչական նրբությունները։ Այնուամենայնիվ, եթե մի քանի բնորոշում կարելի լիներ տալ Շարա Տալյանի ձայնին, ապա դրանք են զարմանալի հստակությունը, մի փոքր խստությունն ու հնչեղությունը, զորեղությունն ու լայնահորդությունը։ Այս բոլորը, միանալով լավագույն մարզվածության հետ, այնպիսի տվյալներ են ստեղծում երգչի համար, որոնց շնորհիվ էլ նրա երգը դառնում է հարատև։

Ցույց տալու համար Շարա Տալյանի կատարողական արվեստը, պետք է տեսնել, թե ինչպես է նա կյանքի կոչում հայկական երգը, ինչպես է արտահայտում ամեն մի երգի ներքին իմաստը, ինչպես է կարողանում իմաստավորել այդ երգի մեջ ներդրված մանրամասները և դրանով իսկ երգին հաղորդում թարմ, ինքնատիպ ու խոր արտահայտչականություն։ Շարա Տալյանի խոշոր արժանիքներից մեկն էլ նրա հստակ ու անթերի արտասանությունն ու առոգանությունն է։ Այն պետք է անջատել նրա կատարողական տվյալներից և միացնել կատարման գեղարվեստական սկզբունքներին, որովհետև իսկապես նրա խոսքն իր իմաստով, հանգով ու շեշտով այնպիսի ինքնուրույնություն է ձեռք բերում, որ այն ունկնդրելիս միաձույլ ու ներդաշնակ ես ընկալում բառը մեղեդու հետ, զգում ես երգվողբառի բացառիկ նշանակությունը։

Կյանքի վերջին տարիներ

խմբագրել
 
Շարա Տալյանի հուշատախտակը Երևանում

Շարա Տալյանը պարգևատրվել է պետական շատ պարգևներով։ Մեծ արվեստագետը երկար տարիներ եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1955 թ-ին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի ընտրության ծիսակատարությունների ժամանակ Տալյանը երգչախմբի հետ կատարել է պատարագի մեներգերը։ 1956 թվականին Շարա Տալյանը կատարել է Մակար Եկմալյանի և Նիկոլ Գալանդերյանի մինչ այդ չհնչած երգերից։ Վերջին անգամ ելույթ է ունեցել նույն թվականին, Մոսկվայի Մեծ թատրոնում՝ հայկական արվեստի և գրականության երկրորդ տասնօրյակի եզրափակիչ համերգում։ Մեծանուն երգիչն ու սիրված արվեստագետը մահկանացուն կնքեց Երանում 1965 թվականի հուլիսի 11-ին։ Այսօր Շարա Տալյանի անունով է կոչվում Վանաձորի երաժշտական դպրոցներից մեկը, նաև կան փողոցներ Գյումրիում և Երևանում։

Երգացանկ

խմբագրել

Շարա Տալյանը հավաքել, կազմել ու տպագրել է Սայաթ-Նովայի և Ջիվանու երգերի առաջին նոտագրված ժողովածուները։ Նա կատարել է աշուղական, գյուղական ու քաղաքային ժողովրդական, հայ կոմպոզիտորների երգեր, միջնադարյան տաղեր, որոնք նշանակալի տեղ են ունեցել նրա երգացանկում։ Հիմնովին տիրապետել է եվրոպական վոկալ արվեստին ու բեմական վարպետությանը։ 1933-54 թվականներին եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ, ունեցել է նաև մենահամերգներ։ Կատարել է Սարոյի («Անուշ»), Դավիթ Բեկի (Տիգրանյանի «Դավիթ Բեկ»), Արշակի (Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ»), Գրիգորի (Ստեփանյան, «Լուսաբաց»), Ֆաուստի (Շառլ Գունո, «Ֆաուստ», Դոն Խոսեի (Ժորժ Բիզե, «Կարմեն»), Ալմավիվայի (Ռոսսինի, «Սևիլյան սափրիչ»), Ժերմոնի, Ռիգոլետտոյի, Ամոնասրոյի (Ջուզեպպե Վերդի, «Տրավիատա», «Ռիգոլետտո», «Աիդա»), Օնեգինի, Ելեցկու (Պյոտր Չայկովսկի, «Եվգենի Օնեգին», «Պիկովայա դամա») և բազմաթիվ այլ դերերգեր։ 1955 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Վեհափառի ընտրության ծիսակատարությունների ժամանակ պատարագի մեներգերը երգչախմբի հետ միասին կատարել է Շարա Տալյանը։ 1956 թվականին կատարել է Եկմալյանի և Գալանդերյանի՝ մինչ այդ չհնչած երգերից[3]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Тальян Шара Мкртычевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969. — Т. 25. — С. 240.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. «Շարա Տալյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.

Աղբյուրներ

խմբագրել
  • Լևոն Ավագյան, Շարա Տալյան. (1893-1965), «Գարուն», հունվար-փետրվար, 2012 թ.:

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շարա Տալյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շարա Տալյան» հոդվածին։