Հակոբ Ոսկանյան
Հակոբ Մկրտչի Ոսկանյան (Յակով Տեր-Ոսկանյան, հուլիսի 20, 1924[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 9, 1993[1], Երևան, Հայաստան), հայ խորհրդային դիրիժոր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1977 թ.)։ ԽՄԿԿ անդամ 1956 թվականից։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից[2]։
Հակոբ Ոսկանյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 20, 1924[1] Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Մահացել է | ապրիլի 9, 1993[1] (68 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | դիրիժոր |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կենսագրություն Խմբագրել
Հակոբ Ոսկանյանը ծնվել է 1924 թվականի հուլիսի 20-ին, Թբիլիսիում։ 1942 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցն ու երաժշտական ուսումնարանը, որպես ջութակահար։ 1942 թվականին զորակոչվել է բանակ, ավարտել զենիթային հրետանու սերժանտների դպրոցը, մասնակցել է Կուրսկի աղեղի ռազմական գործողություններին։ Բանակից զորացրվել է 1956 թվականին, պարգևատրվել է մի շարք մեդալներով ու կրծքանշաններով։ 1947 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի զինվորական դիրիժորների ֆակուլտետը, 1952 թվականին՝ Երևանի կոնսերվատորիան (Կ․ Մ․ Սարաջևի դասարան)։ 1958 թվականից Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր։ Երևանի օպերային թատրոնում իրականացրել է Ա․ Ադանի «Ժիզել», Մ․ Պրոկոֆևի «Մոխրոտ», «Ռոմեո և Ջուլիետ», Ա․ Սպենդիարյանի «Երեք արմավենի», Է․ Հովհաննիսյանի «Երկնագույն նոկտյուրն», Ա․ Բաբաջանյանի «Հերոսական բալլադ», Է․ Հովհաննիսյանի «Անտունի», Կ․ Օրբելյանի «Անմահություն» և այլ բալետներ, Է․ Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» օպերա-բալետի, արտասահմանում Բ․ Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը» (1966 թ., Կահիրե), Է․ Արիստակեսյանի «Պրոմեթևս» (1969 թ., Կատովիցե), Ա․ Կրեյնի «Լաուրենսիա» (1971 թ., Կատովիցե), Ա․ Խաչատրյանի «Սպարտակ» (1973 թ., Վրոցլավ) և «Գայանե» (1976 թ., Գդանսկ) բալետների բեմադրությունը։ 1947-1950 և 1955-1957 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 1956-1977 թվականներին՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1980 թվականից՝ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։
Պարգևներ Խմբագրել
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
- Կարմիր աստղի շքանշան
- Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
Ծանոթագրություններ Խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 625)։ |