Ֆրանսահայ կերպարվեստի սկզբնավորումը սերտորեն առնչվում է նատյուրմորտի վարպետ Զաքար Զաքարյանի անվան հետ, որը ներշնչվել է 17-րդ դարի հոլանդական գեղանկարչությունից, նաև 18-րդ դարի ֆրանսիացի նկարիչ Ժան-Բատիստ Սիմեոն Շարդենից։ Նկարել է կենցաղային, գեղանկարչական իրեր, մրգեր և երաժշտական գործիքներ։

Պատմություն խմբագրել

Զաքարյանի կտավներին բնորոշ են կուռ կառուցվածքը, նյութի խոր զգացողությունը, մթնոլորտի լուսային խաղերը, արտահայտչալեզվի կատարելությունը (միջագգային ցուցահանդեսների Ոսկե մեդալներ՝ 1882 թվական, 1900 թվական, «Պատվո լեգեոն» շքանշան, 1889 թվական)։ Ֆրանսիական կերպարվեստում ճանաչված է օֆորտի նշանավոր վարպետ էդգար Շահինը, որը շուրջ 1000 գործերի հեղինակ է. «Մետրոյի շինարարությունը» Նկարաշարում (1906-1910 թվականներ) ցայտուն կերպով դրսևորվել է նկարչի առաջադիմական աշխարհայացքը։ Ստեղծել է նաև կրկեսի, ժողովրդական տոնախմբությունների նկարաշարեր, գործազուրկների ու դերասանների դիմապատկերներ, բնանկարներ, նկարազարդել գրքեր։ Նրա արվեստում առանձնահատուկ տեղ ունի հայկական թեման («Ալևոր հայը», «Պողոս Նուբար», «Տիկին Ձարմիկյան» և այլն)։

Ստեղծագործություններ խմբագրել

Շահինի ստեղծագործությունը հայ մշակույթի և 20-րդ դարի սկզբի եվրոպական կերպարվեստի նշանակալի երևույթներից է։ 1928 թվականին նա ընտրվել է խորհրդային Հայաստանի կերպարվեստագետների միության պատվավոր անդամ։ Վենետիկի միջագգային ցուցահանդեսում արժանացել է Ոսկե մեծ մրցանակի (1903 թվական), Ֆրանսիայի կառավարությունը նրան շնորհել է Պատվո լեգեոնի շքանշան և ասպետի աստիճան։ Օֆորտի բնագավառում հայտնի է նաև Տիգրան Պոլատը. հեղինակ է դիմանկարների, կենցաղային պատկերների («Ավել վաճառողը», «Փողոց Կահիրեում» և այլն), նկարազարդել է Անատոլ Ֆրանսի «Սուրբ Կլարայի ջրհորը» (1904 թվական), ժան դը Լաֆոնտենի «Առակների» ակադեմ. հրատ-ը (1930 թվական) և այլ գրքեր։ Նրա արվեստն առանձնանում է նուրբ արտահայտչականությամբ, սևի ու ճերմակի հարուստ երանգավորմամբ։

Զարգացում խմբագրել

Ֆրանսահայ բնանկարիչներ Կարապետ (Շառլ) Ադամյանի, Հովհաննես Ալխագյանի կտավներն օժտված են երփնագրային նուրբ վարպետությամբ, կենդանի և հուզիչ շնչով։ Նկարիչներ Վարդան Մախոխյանը, Արսեն Շապանյանը Հովհաննես Այվազովսկու արվեստի հետևորդներն են և մեծ ավանդ ունեն հայկական ծովանկարչության զարգացման մեջ։ Մոսկվայում և Փարիզում է ձևավորվել Հակոբ Գյուրջյանի արվեստը։ Նա բազմաժանր արձանագործության հիմնադիրն է հայ իրականության մեջ. օժտելով այն բազմակողմանի բովանդակությամբ և գեղարվեստական ընդհանրացումներով՝ հասցրել է համաշխարհային ճանաչման։

1910-ական թվականներին դասական ոճով է կերտել Մաքսիմ Գորկու, Սերգեյ Ռախմանինովի, Իսայ Դոբրովեյնի, Արշակ Չոպանյանի կիսանդրիները։ Նույն շրջանում ստեղծած նրա «Լև Տոլստոյը» հետագայում դրվել է Փարիզում՝ գրողի անվան պուրակում։ Գյուրջյանը կերտել է նաև մի շարք մոնումենտալ արձաններ՝ «Հաղթանակ» (1923 թվական), «Սալոմե» (1925-1926 թվականներ), «Պարուհիներ» (1929 թվական) և այլն։

Քանդակագործի մահից հետո նրա այրին Հայաստանին է նվիրել 400 աշխատանք, ՀԱՊ-ում գործում է նրա ստեղծագործությունների մշտական ցուցասրահ։ Ֆրանսիական դիմադրության շարժման մասնակից, քանդակագործուհի Դարիա Կամսարականը (աշակերտել է Էմիլ Անտուան Բուրդելին) ստեղծել է արտահայտիչ դիմաքանդակներ («Պողոս Նուբար», «Սաշա Փիթոև», «Ռոժե Վայան» և այլն), հայ մտավորականների հուշարձանը Բանյոյում (Փարիզ), նաև պատերազմ, թեմայով մի շարք քանդակներ։

Միջագգային ցուցահանդեսներ խմբագրել

Փարիզի (1937 թվական) և Վենետիկի (1947 թվական) միջագգային ցուցահանդեսներում արժանացել է Ոսկե մեդալների։ 1926 թվականին Փարիզում հիմնադրվել է հայ արվեստագետների «Անի» խմբակցությունը (գործել է մինչև 1931 թվականըՆախագահ է ընտրվել Հովսեփ Փուշմանը (հետագայում տեղափոխվել է ԱՄՆ), քարտուղար՝ Մարգիս Խաչատուրյանը, որը հայտնի է 1915 թվականի հայ գաղթականների կյանքը պատկերող կտավներով և Հնդկաստանի հինավուրց որմնանկարների պատճենահանումներով։ Խմբակցության նպատակը Սփյուռքի հայ արվեստագետներին միավորելն էր, եվրոպական հասարակությանը հայ մշակույթին ծանոթացնելը, Հայաստանի պետական թանգարանի հարստացմանը նպաստելը։ 1931 թվականին ստեղծվել է «Հայ ազատ արվեստագետներ» միությունը (նախագահ՝ Ռաֆայել Շիշմանյան, 1947 թվականին հայրենադարձել է), որը պարբերաբար կազմակերպել է ցուցահանդեսներ։ 1968 թվականին կազմավորվել է «Թորոս Ռոսլին» միությունը (Փարիզ), որտեղ ընդգրկվել են նոր սերնդի արվեստագետներ։ 1950-ական թվականներից Փարիզում գործում է «Հայ արվեստի թանգարանը» (հիմնադիր՝ Նուրհան Ֆրենկյան)։

1940-1950-ական թվականներին գեղարվեստական լեզվի արդիականությամբ ֆրանսիական արվեստում որոշակիորեն առանձնացել են Պետրոս Կոնտուրաջյանը, Լևոն Թյությունջյանը, Հանրի Հերոն (Հրանտ Թեքեյան)։ Ստեղծագործական որոնումների ճանապարհով են ընթացել նաև Մելքոն Քեպապճյանը, Հրանտ Կյուլպենկյանը, Արմիսը (Արմենակ Միսիրյան), Բուզանդ Թոփալյանը, Զարեհ Մութաֆյանը։ Ֆրանսիական արդի գեղարվեստի խոշոր դեմքերից է Գառզուն (Գառնիկ Զուլումյան)։ 1924 թվականին հաստատվել է Փարիզում, հաճախել Մոնպառնասի «ազատ ակադեմիաները»։

1939 թվականին Փարիզում բացվել է Գառզուի առաջին անհատական ցուցահանդեսը։ 1941 թվականից նկարչի գործերը ցուցադրվել են «Անկախների» և «Աշնանային» սալոններում, 1945 թվականից՝ «Դրուան-Դավիդ» ցուցասրահում։ 1953 թվականից արժանացել է միջազգային ճանաչման։ 1950-ական թվականների գործերում ձևավորվել են պատերազմի արհավիրքն ապրած նկարչի հակապատերազմական տրամադրությունները և մարդասիրական աշխարհայացքը։

Պատկերել է լքված ու ավերված պալատներ, նավահանգիստներ, երկաթուղային կայարաններ, որտեղ իշխում են ամայությունն ու տագնապի զգացողությունը։ Նշանավոր են Գառզուի «Հայտնություն» (1956 թվական), «Ապոկալիպսիս» (1957 թվական), «Երկրային դրախտ» (1959 թվական) և այլ նկարաշարեր, մի շարք գրքերի նկարազարդումներ (Անդրե Մորուայի «Ֆրանսիա», 1958 թվական, Ալբեր Քամյուի «Հուշատետրեր», 1965 թվական, և այլն), բազմաթիվ գրաֆիկական գործեր (վիմագրություն)։ Նա հայտնի է նաև որպես բեմանկարիչ (Ադոլֆ Ադանի «ժիզել», նաև Ֆիլիպ Ռամոյի «Բարեկիրթ հնդիկները» և այլն)։

1979 թվականին Գառզուն ընտրվել է Ֆրանսիական գեղարվեստի ակադեմիայի անդամ։ Մասնակցել է միջազգային ցուցահանդեսների, արժանացել Հալմարկի (3 անգամ), «Իլ դը Ֆրանս» (1954 թվական), «Մեծ մրցանակ» (1955 թվական, Տոկիո), ՀՆՄ Մարտիրոս Սարյանի անվան (1981 թվական) մրցանակաների, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի (1956 թվական) և ասպետի աստիճանի (1971 թվական

Որմնանկարներ խմբագրել

1990-ական թվականներին Ֆրանսիայի Մանոսկ քաղաքի եկեղեցին վերածվել է Գառզուի որմնանկարների («Ապոկալիպսիս» շարքից) թանգարանի։ Ֆրանսիական արվեստում ճանաչված է նաև ժանսեմը (Հովհաննես Սեմերջյան), որը ժանսեմ. «Կանայք գետի մոտ» (1987 թվական) 1944 թվականից ցուցադրվել է «Անկախների» և այլ սալոններում։ Վաղ շրջանում ստեղծել է զուտ ազգային թեմաներով կտավներ («Հայուհին», 1946 թվական, «Հայկական հարսանիք», 1947 թվական, «Թաղում», 1951 թվական, «Հայ ծերունու մահը», 1956 թվական, և այլն), ապա՝ թշվառ, ընչազուրկ մարդկանց կենցաղը պատկերող բազմաֆիգուր, ծավալուն կոմպոզիցիաներ («Ընտանիք», 1953 թվական, «Շուկայում», 1954 թվական, «Ձկնավաճառներ», 1957 թվական, «Թափոր ջահերով», 1962 թվական, և այլն)։ «Պար» (1970 թվական), «Ցլամարտ» (1972 թվական), «Դիմակահանդես» (1978 թվական) հայտնի նկարաշարերում արտացոլվել են նկարչին մշտապես հուզող կյանքի ու մահվան, մարդու գոյատևման պայքարի գաղափարները։

Ժանսեմի ստեղծագործության վրա խոր հետք են թողել Մեծ եղեռնի արհավիրքները՝ կապված իր տխուր մանկության հիշողությունների հետ։ 2002 թվականին ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է նվիրել իր «Եղեռն» (34 նկար) շարքը։ ճապոնիայում գործում է ժանսեմի ստեղծագործությունների 2 թանգարան։ Արժանացել է «Կոմպարեզոն» (1958 թվական, Մեքսիկա), բիենալեի (1962 թվական, Բրյուգե), նաև համահայկական «Վահագն» (2002 թվական) մրցանակների, ՀՀ Մեսրոպ Մաշտոցի (2002 թվական), Ֆրանսիայի Պատվո լեգեոնի (2003 թվական) շքանշանների։

2003 թվականից ՀՀ ԳԱԱ արտասահման անդամ է։ Հետպատերազմյան շրջանի ֆրանսահայ աչքի ընկնող գեղանկարիչներից են Արտավագդ Պերպերյանը, Շարթը (Մարգիս Հարությունյան), Ռիշար (Խաչատուր) Ժերանյանը, Փափագը (Հակոբ Փափազյան), քանդակագործ Տիգրան Խուբեսերյանը և ուրիշներ։ Ֆրանսիական արվեստում բարձր է գնահատվում պրիմիտիվիզմի ներկայացուցիչ Արման Կնյագյանը («Զինակոչիկները», 1966 թվական)։ Ճանաչված են Ռիշար Ժերասյան. «Բնանկար։ Պրովանս» (1962 թվական) նաև Գրիգոր Կարապետյանը, Մորիս (Արա) Տեր-Մարգարյանը, Բերժոն (Պերճ Կոստանյան) և Հովսեփ Ստամբուլյանը։

Արվեստի արդի հոսանքներում ինքնահաստատվել և հաջողությունների են հասել գեղանկարիչներ Ասատուր Պգտիկյանը, ժան Գազանջյանը, Տիգրան Դադերյանը, Արշակ Գառնիկյանը, Վահե Պարսումյանը, Ժերար Փամբուջյանը, Հրաչ Բասմաջյանը, ծաղրանկարիչ Էդմոն Քիրազը (Քիրազյան), քանդակագործներ Րաֆֆին (Սարգսյան), Ժակ Ասլանյանը, Կատյա Դակարյանը, Եվգինե Եփրեմյանը, Դավիթ Երևանցին և ուրիշներ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ֆրանսահայ կերպարվեստ, [[Շահեն Խաչատրյան]], Երևան Անահիտ, 1991։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։