Մորիս Տեր-Մարգարյան
Մորիս (Արա) Տեր-Մարգարյան (ֆր.՝ Maurice Der Markarian, 1928, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսահայ նկարիչ։
Մորիս Տեր-Մարգարյան | |
---|---|
Ծնվել է | 1928 |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց (1949) |
Մասնագիտություն | նկարիչ |
Կենսագրություն
խմբագրելՄորիս Տեր-Մարգարյանը ծնվել է Փարիզում։ 1943-1946 թթ. մասնագիտացել է լուսանկարչության մեջ, 1947-1949 թթ. սովորել է Փարիզի գեղեցիկ արվեստների դպրոցում[1]։ Ակտիվ գործունեություն է ծավալել Փարիզի ներգաղթի կոմիտեում, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ ծնողների հետ պատրաստվել մեկնելու Հայաստան, սակայն հիվանդության պատճառով չի կարողացել։ 1950 թվականին ընտանիքը թողել է Փարիզը և հաստատվել Լիոնի մոտ՝ Կոնդրիոյում։
Ցուցադրվել է 1955 թվականից՝ Փարիզի Ժամանակակից արվեստի թանգարանի երիտասարդ նկարիչների սալոնում։ Տեր-Մարգարյանի արվեստը (դիմանկար, բնանկար, նատյուրմորտ ) ռեալիստական է՝ արտահայտիչ վրձներագներով. մարմնամասերի ձևափոխումները միտված են հասնելու առավել արտահայտչականության և հուզականության։ Տեր-Մարգարյանը 15 փորագրություններ է արել Ռ. Դերուգիյի «Ծաղրածուներ» գրքի համար (1974 թ.)[2], նկարազարդել Բ. Կլավելի «Ռոնի ծովահենները» (1975 թ.) երկը[1]։ Նկարչի ստեղծագործության հերոսը կյանքի հորձանուտ նետված հոգեխռով մարդն է։ Իր պատկերների համար Տեր-Մարգարյանը հաճախ որպես բնորդ է ընտրել ծնողներին, որոնց դեմքերին դրոշմված է անլուր տառապանքի կնիքը[3]։
Ցուցահանդեսներ
խմբագրելԱնհատական ցուցահանդեսներ է ունեցել Վալանսում (1968 թ.), Նիսում (1969 թ.), Լիոնում (1970 թ.), Վիեննայում (1971 թ.), Փարիզում (1956, 1972, 1973, 1976 թթ.)[1]:
Մրցանակներ
խմբագրել- Բանյո քաղաքի մրցանակ, 1969 թ.
- Փարիզի ֆրանսիացի նկարիչների սալոնի դափնեկիր, 1971 թ.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։
- ↑ «Ծաղրածուներ» ալբոմի թերթերից
- ↑ «[[Շահեն Խաչատրյան]], Ֆրանսահայ կերպարվեստ, Երևան, Անահիտ, 1991, էջ 109» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.