Հակոբ Գյուրջյան
Հակոբ Մարգարի Գյուրջյան (դեկտեմբերի 5 (17), 1881[1][2], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 28, 1948[1][2], Փարիզ, Ֆրանսիա[1][2]), հայ քանդակագործ։ Հայ իրականության մեջ առաջինն է ստեղծել բազմաժանր արձանագործություն, օժտել այն թեմատիկ բազմազանությամբ, գեղարվեստական ընդհանրացումներով և դուրս բերել համաշխարհային ասպարեզ։ Նրա արվեստում ինքնատիպորեն միահյուսվել են Արևելքի հնագույն և եվրոպական նոր արվեստների ավանդույթները։
Հակոբ Գյուրջյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 5 (17), 1881[1][2] |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | դեկտեմբերի 28, 1948[1][2] (67 տարեկան) |
Վախճանի վայրը | Փարիզ, Ֆրանսիա[1][2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Ֆրանսիա |
Ազգություն | հայ |
Կրթություն | Շուշիի ռեալական ուսումնարան[1], Մոսկվայի Ֆիդլերի անվան ռեալական ուսումնարան[1] և Ժյուլիանի ակադեմիա (1910)[1] |
Ուսուցիչ | Օգյուստ Ռոդեն |
Մասնագիտություն | քանդակագործ |
Hakop Gourdjian Վիքիպահեստում |
Հակոբ Գյուրջյանը արվեստագետների շրջանում միջազգային ճանաչման արժանացած քանդակագործներից է։ Չնայած նա կրթություն ստացել և հիմնականում ստեղծագործել է Ֆրանսիայում, բայց զգալի չափով կապված է եղել հայ իրականությանը և իր ստեղծագործության մեջ զանազան առիթներով տեղ է տվել հայ ժողովրդի ներկայացուցիչներին` որոշ չափով առնչված մնալով նոր շրջանի հայ քանդակագործությանը[3]։ Գյուրջյանի ստեղծագործության ձևավորումը տեղի է ունեցել նախ ռուսական դպրոցում` Մոսկվայում, ապա` ֆրանսիական դպրոցում` Փարիզում, որտեղ նա աչքի առաջ ունեցել է թե' ժամանակակից, թե' անցյալի դասական արվեստի բազմաթիվ գլուխգործոցներ, որոնք նպաստել են նրա կատարելագործմանը[3]։
Ուսում և ստեղծագործական կյանք
խմբագրելՍովորել է Շուշիի և Մոսկվայի ռեալական ուսումնարաններում, Փարիզի Ժյուլիանի ակադեմիայում (1907-1910), հաճախել Օգյուստ Ռոդենի արվեստանոցը։ Շուշիի ռեալական դպրոցում կրթական գործը համեմատաբար լավ հիմքերի վրա էր դրված։ Գյուրջյանը հետաքրություն է ցուցաբերել դեպի արվեստը դեռ վաղ մանկությունից.այդ շրջանում նա այնքան էր տարված նկարներով և կավից, փայտից քարից մարդկանց ու կենդանիների մարմիններ պատրաստելով, որ թե' տանը, թե' դպրոցում իր եռանդուն զբաղմունքով ուշադրություն էր գրավում[3]։
1907 թվականին նա մեկնում է Փարիզ և ընդունվում է Ժյուլիենի գեղարվեստի ակադեմիան։ Այնտեղ տարբեր տարիներին նրա ուսուցիչները եղել են քանդակագործներ Պոլ Լանդովսկին, Ռաուլ Շառլ Վերլեն և Հանրի Լեոն Գրեբերը։ Չնայած հայտնի չեն ուսման տարիների նրա կյանքի մանրամասները, բայց պահպանված են մի գործեր նրա աշխատասիրության, տաղանդի և արտասովոր առաջադիմության մասին[3]։
1908 թվականից մասնակցել է ցուցահանդեսների՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Փարիզում։ Ստեղծել է ռեալիստական դիմաքանդակներ և պատմական, կրոնական, դիցաբանական կերպարներ՝ «Վար» (բրոնզ, 1910), «Հայ գեղջկուհիներ» (գիպս, 1910) բարձրաքանդակները, Արշակ Չոպանյանի (գիպս, 1911), Մաքսիմ Գորկու (բրոնզ, 1912, 1914), Անդրանիկի (գիպս, 1916, չի պահպանվել), Ալեքսանդր Շիրվանզադեի (բրոնզ, 1916, 1945) դիմաքանդակները, «Գաղթ» (գիպս, 1912) կոմպոզիցիան, «Քնած դևը» (գիպս, 1912), «Մահացող Քրիստոսը» (կրաքար, 1914), Լև Տոլստոյի (1913-1914, մարմար, Փարիզ, տեղադրվել է 1955 թվականին), Վահան Տերյանի (գիպս, 1920, ՀՀ ԳԱԹ), Անատոլի Լունաչարսկու (գիպս, 1920, Լունաչարսկու տուն-թանգարան) կիսանդրիները և այլն։
Հատկապես դիմաքանդակների մեջ Հակոբ Գյուրջյանը կարևորել է նյութի մշակման բազմազանությունը, ընդլայնել պլաստիկ արտահայտչականության սահմանները, հասել կերպարի բազմակողմանի բացահայտման «Լեդա», գիպս, 1922, «Հաղթանակ», բրոնզ, 1923, «Կլեոպատրւս», թրծակավ, 1924, «Աալոմե», բրոնզ, 1925-1926, «Պատանեկություն» («Զարթոնք»), գրանիտ, 1934, «Կարիատիդ», կրաքար, 1935, «Երիտասարդություն» («Մարմին»), գրանիտ, 1939 և այլն։
Հակոբ Գյուրջյանը վարպետորեն է արտահայտել մոդելի պլաստիկ և տիպային գծերը՝ ինքնատիպորեն միահյուսելով Արևելքի հնագույն և եվրոպական նոր արվեստի լավագույն ավանդույթները։
Ցուցադրություններ
խմբագրելՀակոբ Գյուրջյանի գործերը ցուցադրվել են Տոկիոյում, Օսլոյում, Անտվերպենում, Բրյուսելում և այլուր։
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Նյու Յորքում (1924), Փարիզում (1926, հետմահու՝ 1952)։
1958 թվականին Հակոբ Գյուրջյանի այրին՝ Գյուրջյան Տատյանա Ռոբերտովնան (Օրիորդական ազգանունը՝ Էրիքսոն, Գյուրջյանի մահից հետո ամուսնանալով Հ․ Առաքելյանի հետ՝ Առաքելյան[4]) Հայաստանին է նվիրել քանդակագործի 400 ստեղծագործություն, 1963 թվականին Ա. Առաքելյանը (Փարիզ)՝ 42 քանդակ[5]։
Ստեղծագործությունների համառոտ բնութագրեր
խմբագրելՀայ գեղջկուհիներ
խմբագրելԲարձրաքանդակում դրսևորվել է Գյուրջյանի կարեկցանքը հայ աղքատ գեղջուկների հանդեպ։ Թե' դեմքը, թե' հնամաշ կարկատած զգեստների ծեփվածքը ռեալիստական ճշմարտացիությամբ են դրսևորում նրանց խեղճությունը։ Գութ են շարժում տարեց կնոջ անօգնական կացությունից առաջ եկած օտարոտի, մարդախույս նայվածքը և նրա առջև պպզած փոքրիկ աղջկա խղճալի տեսքը[3]։
Փախուստ
խմբագրելԱյս աշխատանքը ներկայացնում է կոտորածից խուսափող հայ կնոջն իր երկու փոքրիկ երեխաների հետ հապշտապ փախչելիս։ Դրանում նույնպես արտացոլում են գտել Գյուրջյանի հոգում ծանր հետք թողած հայ ժողովրդի մղձավանջային տառապանքները։ Գրեթե բնական մեծությամբ կերպավորված կինը ստիպված է եղել մի երեխայի շալակել, մյուսին հետևից տանել` ձեռքից քաշելով` ազատվելու համար հետապնդումից։ Սա նույնպես էտյուդային գործ է, բայց փրկության հասնելու մղումը, որպես հիմնական գաղափար, տրված է իրական կացությանը համապատասխան համոզիչ կոմպոզիցիայով։ Այդ են արտահայտում մոր շտապողական ընթացքը, դեպի առաջ հակված նրա մարմնի լարվածությունը, նրա հետևից հազիվ հասնող երեխայի շտապողականությունը և նրանց ահաբեկ արտահայտությունները, որոնք ստեղծում են խուճապի մատնված մարդկանց հոգեկան այլայլմունքի տպավորություն[3]։
Մեջբերումներ Հակոբ Գյուրջյանից
խմբագրել...գիպսն ու կավը պետք է տրորել սրտի զարկերին համաչափ, արյան շարժմանը ներդաշնակ...
Գրականություն
խմբագրել- Հակոբ Գյուրջյան. ալբոմ, Ե., 1966։
- Дрампян Р., Акоп Гюрджян (скульптор), Е., 1973.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 187.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Եղիշե Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, 1987
- ↑ Культурный центр * Дом-музей Марины Цветаевой
- ↑ «Ով ով է. Հայեր», կենսագրական հանրագիտարան, հատոր Ա., Երևան, 2005
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Գյուրջյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 136)։ |