Հովսեփ Փուշման
Հովսեփ Թովմասի Փուշման (Փուշմանյան, (մայիսի 9, 1877, Սիլվան, Դիարբեքիրի մարզ, Թուրքիա - փետրվարի 13, 1966, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայ գեղանկարիչ։
Հովսեփ Փուշման | |
---|---|
Ի ծնե | Հովսեփ Փուշման (յան) |
Ծնվել է | 1877, մայիսի 9 |
Ծննդավայր | Տիգրանակերտ |
Վախճանվել է | 1966, փետրվարի 13 |
Մահվան վայր | Նյու Յորք |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Hovsep Pushman Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Փուշմանյաններն ապրել են Դիարբեքիրում։ Հայկական կոտորածների ժամանակ խույս տալով յաթաղանից՝ ընտանիքով ապաստան են գտել ԱՄՆ-ում։ Փուշմանների ընտանիքը մասնագիտացած էր հայկական գեղագեղ գորգերի վաճառքով, ինչը մանուկ հասակից ապագա նկարչի ընկալումների աշխարհի վրա իր ազդեցությունն է թողել։
Հովսեփ Փուշմանը նախնական կրթությունը ստացել է Ստամբուլի Գեղեցիկ արվեստների կայսերական դպրոցում։ Ամերիկայում հայտնվելուց հետո, Չիկագոյում ամբողջությամբ տրվում է չինական մշակույթի ուսումնասիրմանը, այդ ասպարեզում հասնելով որոշակի հաջողությունների։ 1905 թվականին ուղևորվում է Չինաստան, որտեղ խորասուզվում է արևելյան գեղանկարչության և փիլիսոփայության ուսումնասիրության մեջ։ Ուսումը շարունակել է Փարիզի Ժյուլիանի ակադեմիայում։ 1914 և 1921 թվականներին Փարիզի Salon des Artistes Français-ի կազմակերպած ցուցահանդեսներում ստանում է երկու մեդալ[1]։ 1928 թվականին Փուշմանը հեռակա ընտրվել է Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ, ակտիվորեն մասնակցել «Անի» հայ արվեստագետների ընկերակցության ստեղծմանը[2]։ 1920 թվականին Նյու Յորքում հիմնադրել է Քարնեգի Հոլ ստուդիան[3]։ 1940 և 1950-ական թվականներին Փուշմանի և the New York Graphic Society կազմակերպության միջև դատական գործընթաց սկսվեց։ Վերջինս առանց արվեստագետի թույլտվության վերատպագրել էր նրա գործերից։ Դատավարությունն ավարտվեց Փուշմանի հաղթանակով։
Ստեղծագործական ուղի խմբագրել
Հովսեփ Փուշմանն արվեստի, գեղանկարչության աշխարհում հայտնի է որոշակի մտորումների մղող նատյուրմորտներով, որոնց հորինվածքների համար հիմք են ծառայել հայկական մագաղաթե ձեռագրերը, թալիսմանները, խնկամանները, հնագույն զարդերը, կանացի նուրբ, զգայական և զգացմունքային դիմանկարներով, որոնցում հերոսուհիները հանդերձավորված են արտասովոր, գունագեղ զգեստներով։ Փուշմանի արվեստի բնութագրական հատկանիշն արևելքի պաշտպամունքն է, որ արտահայտվում է որոշակի խորհրդանիշների միջոցով։ Հոգևոր նկարագիր ունեցող այս աշխատանքներին ուղեկցում են գրառումներ, որոնք դյուրացնում են դիտողի գործը սիմվոլները վերծանելու հարցում։
Փուշմանի աշխատանքները գտնվում եմ հանրային և մասնավոր հավաքածուներում, Հայաստանի ազգային պատկերասրահում[4], Դետրոյթի արվեստի ինստիտուտում, Հյուստոնի գեղարվեստի թանգարանում, Նյու Յորքի մետրոպոլիտեն արվեստի թանգարանում, Մինիապոլիսի արվեստի թանգարանում, Նյու Ջերսիի, Բոստոնի արվեստի թանգարանում, Ամերիկյան արվեստի նոր Բրիտանական թանգարանում, Թուլսայի, Օկլահոմայի արվեստի կենտրոններում, Սիթլի (Վաշինգտոն) արվեստի թանգարանում[5]։
Ստեղծագործություններ խմբագրել
- «Հայաստանի աղջիկը»
- «Խաղաղության պատգամները»
- «Անպարտելի Չինաստանը»
- «Անցյալի ստվերը»
- «Մեծարանք Օմար Խայամին»
- «Վաղնջական սիրահարություն»
- «Հավիտենական լռություն»
- «Կյանքի գիրքը»
- «Քուրդիստան»
- «Մահամերձ վարդի խոստովանությունը»
- «Զարթում»
Գրականություն խմբագրել
- Գալեմքարյան Զ., Հասկաքաղ, Երևան,1965։
- Խաչատրյան Շ., Ֆրանսահայ կերպարվեստ (ժող), Երևան, 1991։
Ցուցահանդեսներ խմբագրել
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում, Նյու Յորքում, Բոստոնում, Չիկագոյում։
Ընտանիք խմբագրել
- Կինը՝ Հուլիա Շալջյան
- Որդին՝ Արսեն Փուշման
- Որդին՝ Արման Փուշման
Մատենագրություն խմբագրել
- «Հայաստանի կոչնակ», 1939, 14 հոկտեմբերի. Շ. Վարսյան, Գույների կախարդ երգիչը։
- «Հայրենիքի ձայն», 1970, 24 հունիսի։
- Onnig Avedissian, Peintres et sculpteurs Armeniens. Le Caire, 1959.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Հովսեփ Փուշմանի հայկական ոգին
- ↑ Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
- ↑ «Տեսակի մեջ յուրօրինակը։ Հայ արվեստագետներ։ Հետևելով վարպետներին». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ Հովսեփ Փուշմանի ստեղծագործությունները ՀԱՊ-ում
- ↑ «Հովսեփ Փուշման (1877-1966)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 29-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- 250 նկարիչներից լավագույնը, Հովսեփ Փուշման
- Հովսեփ Փուշման
- Փուշման պատկերասրահ, Հայկական ոգին
- Վաստակավոր արվեստագետներ
- Հովսեփ Փուշման, 1877-1966
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովսեփ Փուշման» հոդվածին։ |