Սահակ Բազյան
Սահակ Բազյան (Բազիկյան[1], 1914, հունվարի 1 (13), Շատախի Ճընուկ, Արևմտյան Հայաստան - 1985, հունիսի 26, Երևան), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1970), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից:
Սահակ Բազյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1914 |
Մահացել է | հունիսի 26, 1985 (71 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | գրականագետ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1936) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ | Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Սկզբում ստորագրել է Սարգսյան (պապի եղբոր անունով), ապա վերընդունել է տոհմական Բազիկյան ազգանունը, որից էլ կազմել է Բազյան ազգանունը։
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Շատախի Ճընուկ գյուղում։ 1921 թվականին ներգաղթել է Արևելյան Հայաստան։ Յոթնամյա կրթությունը ստացել է Վերին Արտաշատ գյուղում, ապա ուսումը շարունակել է Երևանի բանֆակում, 1932 թվականին ավարտել է ինդուստրիալ բաժինը։ 1934 թվականին ընդունվել է Երևանի համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետի 3-րդ կուրսը՝ հանձնելով նախորդ կուրսերի քննությունները։ Համալսարանն ավարտել է 1936 թվականին, համալսարանի ասպիրանտուրան՝ 1939 թվականին։
Աշխատանքային գործունեությունը սկսել է պատանեկան հասակից։ 1930-1934 թվականներին եղել է Երևանի կոմերտմիության քաղկոմի բաժնի վարիչ, Հայկինոյում՝ քաղլուսբաժնի վարիչ և կինոմեթոդիստ, Անդրկովկասի հեռակա ֆինանսական ինստիտուտի Երևանի կոնսուլբյուրոյի վարիչ և ժամանակավոր տնօրեն։
1936-1939 թվականներին ուսուցչություն է արել Երևանի մանկավարժական տեխնիկումում։ 1937-1941 թվականներին հայ գրականություն է դասախոսել Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում, 1945-1948 թվականներին՝ Երևանի բարձրագույն կուսակցական դպրոցում։ 1947-1951 թվականներին ավագ գիտաշխատող է եղել ՀԽՍՀ ԳԱ գրականության ինստիտուտում։ 1939-1985 թվականներին դասախոսել է ԵՊՀ-ում։ 1941-1944 թվականներին գլխավորել է համալսարանի լեկտորիումը և Երևանի լուսքաղկոմի ագիտբրիգադը։ 1945-1951 թվականներին եղել է համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկանի տեղակալը, 1951-1957 թվականներին՝ դեկանը, 1950-1953 թվականներին՝ համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչի տեղակալ։ 1942 թվականին «Ստեփան Ոսկան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1968 թվականին «Աբովյանի գրական ժառանգությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել (1969) բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։
Ստեղծագործել սկսել է բանաստեղծությամբ, 1931 թվականին գրել է «Ետ տուր արցունքներս» պոեմը։ Հետո անցել է գրականագիտությանը։ Մահացել է Երևանում[2]:
Սահակ Բազյանի երկերի մատենագրությունԽմբագրել
- Երեք ուրվագիծ (Ն. Զարյան, Հ. Սիրաս, Գ. Սարյան), Երևան, Հայպետհրատ, 1941, 271 էջ։
- Միքայել Նալբանդյան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1955, 154 էջ։
- Աբովյանի գրական ժառանգությունը, Երևան, «Միտք», 1966, 676 էջ։
- Աբովյանի բանաստեղծական աշխարհը, Երևան, «Սովետական գրող», 1977, 492 էջ։