Պիոն Հակոբյան

հայ գրականագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Պիոն Հովսեփի Հակոբյան (հոկտեմբերի 24, 1926(1926-10-24)[1][2], Նորշեն, Ախալքալաքի գավառ, Թիֆլիսի նահանգ[1][2] - սեպտեմբերի 26, 2000(2000-09-26)[2], Երևան, Հայաստան[2]), հայ գրականագետ, աղբյուրագետ, բնագրագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1969 թ.), պրոֆեսոր (1983 թ.)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1972 թվականից։

Պիոն Հակոբյան
Ծնվել էհոկտեմբերի 24, 1926(1926-10-24)[1][2]
Նորշեն, Ախալքալաքի գավառ, Թիֆլիսի նահանգ[1][2]
Մահացել էսեպտեմբերի 26, 2000(2000-09-26)[2] (73 տարեկան)
Երևան, Հայաստան[2]
ԳերեզմանԱշտարակ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունգրականագետ, աղբյուրագետ, բնագրաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ[1] և Երևանի պետական համալսարան[1]
Ալմա մատերԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1950)[1] և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[1][2] (1969)
Տիրապետում է լեզուներինհայերեն

Կենսագրություն խմբագրել

1945 թվականին ընդունվել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը և ավարտել 1950 թվականին՝ գերազանցության դիպլոմով։ 1950 թվականին Պիոն Հակոբյանն ընդունվում է ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան՝ «Հայ նոր գրականության պատմություն» մասնագիտությամբ։ 1954 թվականից աշխատել է այդ ինստիտուտում (1975-1989 թթ.՝ բնագրագիտության բաժնի վարիչ), միաժամանակ, 1970 թվականից դասախոսում է ԵՊՀ-ում։ Հակոբյանի աշխատությունները նվիրված են հայ գրականության և մշակույթի պատմության ու տեսության հարցերին, հայ-ռուսական, հայ-էստոնական գրական առնչություններին։ Լուրջ վաստակ ունի աբովյանագիտության բնագավառում։ Հայտնաբերել և գիտական շրջանառության մեջ է դրել հայ գրականության ու հայագիտության պատմությանը վերաբերող բազմաթիվ նորահայտ սկզբնաղբյուրներ ու վավերագրեր։

Պ. Հակոբյանն առավել քան մեկուկես տասնյակ տարիների ընթացքում պեղել է Տարտուի, Կազանի, Մոսկվայի, Լենինգրադի, Թբիլիսիի, Երևանի, Կիևի պետական ու գրական գաղտնի արխիվները, հայտնաբերել ու կուտակել Աբովյանին վերաբերող գերմանալեզու, ռուսալեզու և հայալեզու արխիվային վիթխարի քանակությամբ նյութեր, զբաղվել դրանց վերծանությամբ ու համակարգմամբ և կերտել աբովյանագիտական իր մեծարժեք ուսումնասիրություններն ու տեքստաբանական-բանասիրական հրապարակումները։

Պիոն Հակոբյանը վախճանվել է 2000 թ. սեպտեմբերի 26-ին և թաղված է Աշտարակի քաղաքային գերեզմանատանը։

Աշխատություններ խմբագրել

Հրատարակվել են Հակոբյանի «Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի ստեղծագործական պատմությունը» (1955 թ.), «Խաչատուր Աբովյան․ կյանքը, գործը, ժամանակը (1809-1836 թթ.)» (1967 թ.) մենագրությունները, «Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միանալու արձագանքները հայ գրականության մեջ» (1978 թ.) ժողովածուն։ Հակոբյանի «Վերելքը» (1982 թ.) գիրքը նվիրված է Ֆրիդրիխ Պարրոտի և Խաչատուր Աբովյանի՝ Արարատի գագաթը բարձրանալու պատմությանը։ Մասնակցել է Խաչատուր Աբովյանի, Միքայել Նալբանդյանի, Գ․ Տեր-Մկրտչյանի, Մանուկ Աբեղյանի, Ակսել Բակունցի, Ղազարոս Աղայանի երկերի գիտական հրատարակմանը։ Լրացրել և հրատարակության է պատրաստել Ե․ Շահազիզի «Աշտարակի պատմությունը» (1987 թ.)։ 1993 թվականին Էջմիածնում տպագրել է «Հայ կաթոլիկությունը պատմա-քննական լույսի տակ» աշխատությունը, որը լույս է տեսել «Հրավեր ողջամտության» գրքում։ Աշխատությունը հետագայում թարգմանվել է անգլերեն (Նյու Յորք, 1994 թ.)։

Ներդրումներ աբովյանագիտության մեջ խմբագրել

Աբովյանագիտության մեջ կարևոր ներդրումներից էր գրողի երկերի լիակատար տասհատորյա ակադեմիական հրատարակությունը, որի սկիզբը դրվել էր 1940-ական թվականներին։ 1950-ական թվականների կեսերին այդ հրատարակության 7, 8 և 10-րդ հատորների բնագրերի կազմումը, թարգմանությունները, ծանոթագրությունները հանձնարարվում են Պիոն Հակոբյանին, որն իրագործում է այն. երեք հատորները հրատարակվում են 1956, 1958, 1961 թվականներին։

Աբովյանագիտության մեջ հաջորդ խոշորագույն ներդրումը, որ կատարեց Պիոն Հակոբյանը, գրողի գիտական կենսագրության ստեղծումն էր, որի առաջին մեծածավալ հատորը լույս տեսավ 1967 թվականին՝ «Խաչատուր Աբովյան. կյանքը, գործը, ժամանակը» խորագրով և պաշտպանության դրվեց որպես դոկտորական ատենախոսություն։

1981 թվականին Պ. Հակոբյանի աշխատասիրությամբ լույս տեսավ Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի բնագրորեն վերջնականապես ճշգրտված գիտական հրատարակությունը, որը «Վերքի» բազմաթիվ տպագրությունների պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունի, և ետայսու պետք է դառնա Աբովյանի այդ ստեղծագործության գալիք բոլոր հրատարակությունների հիմքն ու ելակետը։

1984 թվականին դարձյալ Պ. Հակոբյանի խմբագրմամբ և վերջաբանով տպագրվեց «Վերք Հայաստանի» հրատարակությունների ռուսերեն նոր հատորյակը։ Հեղինակի՝ աբովյանագիտության վերջին մեծածավալ աշխատությունն է «Խաչատուր Աբովյանի կենսագրության առեղծվածները»` հրատարակված 1997 թվականին, ուր ի մի են բերված Աբովյանի ծննդյան թվականի, անհետացման վարկածների, կենսագրական տարբեր իրադարձությունների, առանձին ստեղծագործությունների վերաբերյալ եղած զանազան խնդիրների` գիտնականի կատարած նոր լուսաբանումները։

Պիոն Հակոբյանը գիտական ու պարբերական մամուլում, գիտական տարբեր ժողովածուներում բազմաթիվ ուսումնասիրություններ է հրատարակել հայ հին ու նոր դասական գրականության մասնագետների ու հայագիտության նշանավոր ներկայացուցիչների՝ Միքայել Նալբանդյանի, Ղևոնդ Ալիշանի, Ռաֆայել Պատկանյանի, Պերճ Պռոշյանի, Ծերենցի, Գ. Մանդակունյանի, Հովհ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Դ. Դեմիրճյանի, Սայաթ-Նովայի, Մ. Աբեղյանի, Հ. Տաշյանի, Գ. Տեր-Մկրտչյանի, Շահազիզի, Ն. Ադոնցի, Ն. Մառի, Վազգեն Ա և Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսների կյանքի ու գրական-գիտական գործունեության տարբեր կողմերի վերաբերյալ։

Հրատարակել է նաև ուսումնասիրություններ՝ նվիրված հայոց վկայաբանությունների հետազոտման արդի խնդիրներին, Գրիգոր Լուսավորչի ժամանակաշրջանի եպիսկոպոսական աթոռներին, Անդրկովկասի հայ կաթոլիկական համայնքների պատմությանը, հայագիտական տարբեր խնդիրների և «Հայոց եկեղեցական թեմերին»։

Երկեր խմբագրել

  • Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի ստեղծագործական պատմությունը։ Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատարակչություն, 1955, 256 էջ։
  • Խաչատուր Աբովյան։ Կյանքը, գործը, ժամանակը (1809-1836), Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1967 (համահեղինակ)։
  • Թումանյանը ժամանակակիցների հուշերում։ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ ՀՍՍՀ ԳԱ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1969 (համահեղինակ)։
  • Ուղեգրություններ, հոդվածներ, նամակներ, վավերագրեր։ ՀԽՍՀ ԳԱ Գրականության ինստիտուտ Մհեր Աբեղյանի անվան, Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարան, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1975 (համահեղինակ)։
  • Երկեր / 4 ատորով Ա. Բակունց, Պատր. և ծանոթագր.՝ Ռ. Իշխանյան, խմբ.՝ Պ. Հակոբյան, ՀԽՍՀ ԳԱ, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1976 (համահեղինակ)։
  • Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միանալու արձագանքները հայ գրականության մեջ, 1978։
  • Հայ-հունգարական գրական առնչությունները և «Արմենիա» ամսագիրը։ [1887-1907], Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1979 (համահեղինակ)։
  • Երկերի լիակատար ժողովածու / 6 հատորով Միք. Նալբանդյան, խմբ. կազմ.՝ Ս. Կ. Դարոնյան և ուրիշ., Երևան, ՀԽՍՀ ԳԱԱ հրատ., 1980:
  • Միքայել Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրությունը։ 2-րդ հրատ., ճշտումներով և լրացված, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1980 (համահեղինակ)։
  • Հովհաննես Թումանյանի հեքիաթները։ (Ստեղծագործական պատմության հարցեր), Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչոիթյուն, 1986 (համահեղինակ)։
  • Րաֆֆին ժամանակակիցների հուշերում։ [Ժողովածու], Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, ՀԽՍՀ ԳԱ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատ, 1986 (համահեղինակ)։
  • Հայ կաթոլիկությունը պատմա-քննական լույսի տակ», աշխատություն, 1993։

Գրականություն խմբագրել

  • Սարգիս Հարությունյան «Աբովյանագիտության մեծագույն երախտավորը» (Պրոֆեսոր Պիոն Հակոբյանի ծննդյան 85-ամյակի առթիվ), պատմաբանասիրական հանդես №1, 2011, էջ 259-262

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիոն Հակոբյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 75  
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։