Արևելից կողմանք Հայոց

(Վերահղված է Հայոց Աղվանքից)

«Արևելից կողմանք Հայոց» (չշփոթել Աղվանքի հետ), Արցախ և Ուտիք նահանգների միասնական անվանումը միջնադարում։

Արևելից կողմանք Հայոց
Տեսակպատմական շրջան
Կազմված էԱրցախ և Ուտիք
Հայոց Արևելից կողմերի քարտեզը՝ ըստ «Աշխարհացույցի»

Աշխարհագրական դիրք խմբագրել

Հայոց Արևելից կողմերը ներառում են Մեծ Հայքի Արցախ ու Ուտիք երկրամասերը[1]։

Հիշատակում պատմական աղբյուրներում խմբագրել

Ստրաբոնը, նկարագրելով մ. թ. ա. I դարի Հայաստանը, հիշատակել է Օրքիստենե, Սակասենե և Արաքսենե (Արաքսի դաշտ) 4 տեղանունները[2], որոնք տեղադրվել են Հայոց Արևելից կողմերում։ Օրքիստենեն Արցախն է, Սակասենեն` Շակաշենը, իսկ Արաքսենեն` Ուտիքի հարավային մասը` այլ աղբյուրներից հայտնի Օտենեն։ Կլավդիոս Պտղոմեոսը Մեծ Հայքի աշխարհագրական նկարագրության մեջ թվարկում է նրա նահանգները, այդ թվում` Սոդուկենեն, Սակասենեն և Օտենեն[3], որոնց տեղադրությունը Հայոց Արևելից կողմերում կասկած չի հարուցում։ Սա պետք է համարել նաև Ուտիքի առաջին հիշատակությունը, քանի որ հնագույն Ուիտիա երկրի կամ ուդի ցեղի հետ կապի մասին տեսակետները բավարար չափով հիմնավորված չեն, իսկ Ուտիք անունը ծագել է հայերեն «հովիտ» բառից[4]։ Կլավդիոս Պտղոմեոսի «Աշխարհագրական ձեռնարկում» ներկայացված են Մեծ Հայքի` ըստ աշխարհների վարչական բաժանման համակարգը և դրա մաս կազմող Ուտիք (Օտենե), Գարդման (Սակասենե - Շակաշեն) և Արցախ (Սոդուկենե - Ծավդեք) աշխարհները, որոնց ձևավորման մասին տեղեկություններ են պահպանվել Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց»-ում։

Պատմություն խմբագրել

VI դարում Կուրի ձախ ափից` Չողից, Հայոց Արևելից կողմեր` Պարտավ են տեղափոխվել Աղվանից մարզպանության կենտրոնը և Աղվանքի կաթողիկոսարանը։ Հայկական տարածքների` Աղվանից մարզպանությանը միացվելու հետևանքով ի հայտ է եկել «Հայոց Արևելից կողմեր» հասկացությունը, որը զուտ աշխարհագրական բնույթ է ունեցել։ 428 թվականին, Արևելյան Հայաստանում Արշակունյաց հարստության վերացումից հետո, Պարսկաստանը Մեծ Հայքի ծայրակալ նահանգները միացրել է հարևան մարզպանություններին․ Գուգարքը՝ Վիրքին, Փայտակարանը՝ Ատրպատականին, Ուտիքն ու Արցախը՝ Աղվանքին։ Կարճ ժամանակ հետո, հատկապես 451 թվականի ապստամբության պատճառով, պարսից արքունիքն ստիպված է եղել հպատակ մարզերին տալ որոշ արտոնություններ։ Այս հանգամանքից օգտվելով՝ Արցախը և Ուտիքը մարզպանության ներսում ձեռք են բերել ինքնուրույնություն։ Այդ ժամանակվանից հիշյալ երկու նահանգների տարածքը հայկական աղբյուրներում սկսել է կոչվել «Արևելից կողմանք հայոց», «Արևելից կողմանք», «Հյուսիս-արևելքից կողմանք», «Արևելք», որովհետև այն Հայքի արևելյան (հյուսիսարևելյան) երկրամասն էր, նաև՝ «Աղվանից կողմանք»,«Աղվանք», քանի որ այն մտնում էր «Աղվանք» մարզպանության մեջ։ Արաբական տիրապետության հաստատումով բուն Աղվանքում ստեղծվեցին Շաքիի, Շիրվանի,Դարբանդի պետական միավորումները, և Անդրկուրյան երկրամասը կոչվեց հիշյալ անուններով՝ դուրս մղելով դասական «Աղվանք» անունը։ Վերջին անվանումը մնաց միայն աջափնյա հայաբնակ մարզերի վրա, և «Արևելից կողմանք հայոց», «Արևելք», «Արևելից կողմանք» անունների փոխարեն առավել գործածական դարձան «Աղվանից կողմանք», «Աղվանք» անվանումները։ Մ.Կաղանկատվացու հավաստմամբ՝ Քրիստոսի առաքյալներից Թադևոսը եկել է Հայաստան և քրիստոնեություն տարածել արևելյան կողմերում, այնուհետև «եկավ հռչակվելու արժանի մարտնչողը և երիցս երանելի Գրիգորիսը»։ Թադևոսի նահատակությունից հետո կիսատ գործը շարունակել են նրա աշակերտները, որոնցից մեկը՝ Եղիշեն, Երուսաղեմի առաջին հայրապետ Սուրբ Հակոբից ձեռնադրություն ստանալով, քրիստոնեություն է տարածել Արցախում և Ուտիքում։ Նա Ուտիքի և Արցախի սահմանագլխին՝ Գիս վայրում, կառուցել է եկեղեցի։

Գավառաբաժանում խմբագրել

Արցախի գավառներ խմբագրել

Արցախի գավառների մասին «Աշխարհացոյց»-ի և մյուս աղբյուրների հաղորդած տեղեկությունների համադրումը ցույց է տալիս, որ դրանց մեծ մասը թվարկված է հյուսիսարևմուտքից հարավ-արևելք ուղղությամբ, բայց այս սկզբունքից շեղվել են Մյուս Հաբանդը, որը մի ժամանակ Սյունիքի Հաբանդ գավառին միացած է եղել ու գտնվել է վերջինիս հարևանությամբ, ինչպես նաև Քուստ ի Փառնես և Կողթ գավառները, որոնք նախապես Ուտիքի մաս են կազմել և բնաշխարհագրական տեսակետից առանձնացել են Արցախի մյուս գավառներից` գտնվելով Մռավի լեռնաշղթայից հյուսիս։ Արցախի մյուս 9 գավառները տեղադրվել են հետևյալ կերպ.

  • Վակունիքը` Տրտու (Թարթառ) գետի վերին հոսանքում,
  • Բերձորը` Տրտուի Թութխու վտակի ավազանում,
  • Մեծկուենքը` Տրտուի միջին հոսանքի շրջանում,
  • Մեծիրանքը կամ Մեծ Առանքը` Խաչենագետի ավազանի վերին հատվածում,
  • Հարճլանք գավառը` Կարկառ գետի ավազանում,
  • Մուխանքը` հարավ և հարավ-արևելք,
  • Պիանք գավառը` Մուխանքից հարավ` հավանաբար Քյոնդալանչայ կոչվող գետի վերին հոսանքում,
  • Պածկանքը պետք է տեղադրել Մուխանքից ու Պիանքից հարավ` մինչև Արաքս,
  • Սիսական Ոստան կամ Սիսական ի Կոտակ գավառը Արցախի ծայր հարավում էր` Արաքսի ափին` Հակարի գետից արևելք։

Ուտիքի գավառներ խմբագրել

«Աշխարհացոյց»-ում նշվել է, որ Ուտիքն ունի յոթ գավառ, մինչդեռ թվարկվել է ութը`

  • Արանռոտ
  • Տռի
  • Ռոտպացեան
  • Աղուէ
  • Տուչքատակ
  • Գարդման
  • Շիկաշեն
  • Ուտի առանձնակ[5]։

Ուսումնասիրողները համակարծիք են այն հարցում, որ սրա պատճառն «Աշխարհացոյց»-ի գրվելուց հետո ստեղծված Ուտի Առանձնակ գավառի անվան ավելացումն է։ Այս գավառի ստեղծումը կապված էր Աղվանից մարզպանության կենտրոնը Պարտավ տեղափոխելու հետ։ Առաջին երեք գավառները` Առան-ռոտ, Տրի և Ռոտ-Պացեան, զբաղեցրել են նախկին Օտենե-Ուտիքի տարածքը, այսինքն` Կուր գետի ափով ձգվել են հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք սկսած Առան-ռոտից, որը Ուտի Առանձնակի հարևանությամբ էր, մինչև Ռոտ-Պացեան, որը տեղադրվել է Արաքսի և Կուրի միախառնման շրջանում, իսկ Տրի գավառը նրանց միջև էր։ Հաջորդ չորս գավառները` Աղուե, Տուչքատակ, Գարդման, Շակաշեն, զբաղեցրել են նախկին Սակասենե-Գարդմանի տարածքը և նույնպես ձգվել են հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք ուղղությամբ` սկսած Աղուեից, որը Աղստև գետի ավազանում էր և սահմանակցել է Գուգարք և Այրարատ աշխարհներին։ Նրանից հարավ-արևելք գտնվել է Տուչքատակ գավառը, որը զբաղեցրել է Տավուշ գետի ավազանը։ Գարդման գավառն ընդգրկել է Զակամ և Շամքոր գետերի ավազանները` բացառությամբ Շամքորի վերին հոսանքի, որտեղ գտնվել է Արցախի Քուստ ի Փառնես գավառը։ Շակաշենը զբաղեցրել է Գարդմանի և Ուտի Առանձնակի միջև ընկած տարածությունը, այսինքն` ժամանակակից Գանձակ և Կուրակ գետերի միջին և ստորին հոսանքները։

Տես նաև խմբագրել

Եղիշե առաքյալի վանք

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան, Բաբկեն. «Հայոց Արևելից կողմերի և Աղվանքի պատմության ու պատմական աշխարհագրության հարցեր». http://ijevanlib.ysu.am/wp-content/uploads/2018/11/Babken_Harutyunyan_2016.pdf. {{cite web}}: External link in |website= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)
  2. Ստրաբոն, XI, 14, 4, էջ 55։
  3. Կլավդիոս Պտղոմեոս, էջ 244։
  4. Հարությունյան Բ., Արցախի, Հայոց Արևելից կողմերի…, էջ 205։
  5. «Սրբոյ հօրն մերոյ Մովսէսի Խորենացւոյ Մատենագրութիւնք», էջ 610։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 32