Մակար Բարխուդարյան

հայ արձակագիր, պատմաբան


Մակար Բարխուդարյան (1823, Խնածախ - փետրվարի 6 (19), 1906, Նախիջևան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), XIX դարի հայազգի գրող, հնագետ, ազգագրագետ, հոգևորական (եպիսկոպոս)։ Անգնահատելի ավանդ ունի Արցախի և շրջակա գավառների հայության բազմադարյան պատմության, կենցաղի և պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման բնագավառում։ Մակար վարդապետը բնակվել և ստեղծագործել է Շուշի քաղաքում։ Սակայն նա նաև շրջել է Անդրկովկասի, հատկապես այն ժամանակվա Ելիզավետպոլի նահանգի գրեթե բոլոր վայրերում, Երասխի ափերից մինչև Դերբենդ և Հնարակերտից մինչև Մուխանք գավառը։ Հավաքել է հարյուրավոր վիմագրական արձանագրություններ, արտագրել ձեռագիր հիշատակարաններ, նկարագրել համարյա բոլոր բերդերը, վանական շինությունները, շեն կամ ավերակ ու լքված բնակավայրերը և այս ամենի հիման վրա գրել է ուսումնասիրություններ, որոնք առաջինն էին իրենց տեսակի մեջ։

Մակար Բարխուդարյան
Դիմանկար
Ծնվել է1823
ԾննդավայրԽնածախ
Մահացել էփետրվարի 6 (19), 1906
Մահվան վայրՆախիջևան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՄայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԵրուսաղեմի ժառանգավորաց վարժարան (1868)
ԵրկերԱրցախ
Մասնագիտությունպատմաբան, արձակագիր և սարկավագ
Զբաղեցրած պաշտոններarchimandrite?

Գրական ստեղծագործություններ

խմբագրել

Մակար վարդապետի առաջին ստեղծագործությունները վիպական բնույթ ունեին և գրված էին Արցախյան բարբառով։ Դրանցից են օրինակ. «Արազը տարին կատարի», «Պըլը-Պուղի», «Չոբանն ու նշանածը», «Բարոյական առածներ»։

Սակայն նա առաջին անգամ հայտնի դարձավ «Գաղտնիք Ղարաբաղի» կես-պատմական, կես-գրական ծավալուն գրքով։ Այն ընթերցողին է ներկայացնում հայ ժողովրդի մի խոշոր հատվածը՝ իր ուրույն կյանքով և անկախության ու ազգային ինքնուրույնության համար մղած պայքարի հերոսական դրվագներով։ Արցախի լեռնային իշխողների կյանքն ու գործողությունները այստեղ ստացել են արկածային վեպի գույներ, խիստ ընդգծված հերոսականությամբ, որն երբեմն հասնում է հեքիաթաբանության։ Այս առիթով այն իր վրա է հրավիրել ականավոր պատմաբանների (Լեո, Րաֆֆի) քննադատությունը, սակայն շարքային ընթերցողին (այն ժամանակվա ընթերցողին՝ հատկապես) այսպիսի գրքերն ավելի էին գրավում, քան կյանքի դաժան ճշմարտությունների արտացոլումը։

Պատմահնագիտական աշխատանքներ

խմբագրել

Մակար Բարխուդարյանը հետագայում ավելի շատ զբաղվել է հնագիտական և ազգագրական աշխատություններ հրատարակելով։ Նրան հատկապես մտահոգում էր մարդկանց անտարբերությունը պատմամշակութային հուշարձանների նկատմամբ, որից օգուտ են քաղում օտարները։ Այս բնագավառում նրա առաջին կարևոր աշխատություն էր «Աղվանից երկիր և դրացիք» երկհատորյակը (Թիֆլիս, 1893), որը կազմում էր Հայաստանի արևելյան գավառների (պատմական Ուտիք և Արցախ նահանգների) պատմությունը, ազգագրությունը, նյութական և հոգևոր մշակույթի հուշարձանները։

Երկրորդ և առավել բարձրարժեք հրապարակումն էր «Արցախ» գիրքը (1895), որն այսօր էլ դեռ աղբյուրագիտական անգնահատելի նշանակություն ունի (մասնավորապես այն պատճառով, որ շատ արժեքավոր հուշարձաններ չեն պահպանվել)։ Մակար Բարխուդարյանը ներշնչում է իր ընթերցողին տեր կանգնել սեփական հայրենիքին, ճանաչել նրա պատմական ժառանգությունը, բնությունը և բնակիչներին։

Աղբյուրներ

խմբագրել
  • Մակար եպիսկոպոս Բարխուդարյանց, Արցախ. «Ամարաս» տպարան - Երևան 1996.
  • Մակար Բարխուտարեանց, Աղվանից երկիր և դրացիք, հատոր Ա, Վաղարշապատ 1903.
  • Մակար Բարխուտարեանց, Աղվանից երկիր և դրացիք, հատոր Բ, Թիֆլիս 1907.
  • Բագրատ Ուլուբաբյան, Խաչենի իշխանությունը X-XVI դարերում, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան 1975.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակար Բարխուդարյան» հոդվածին։