Երկաթե վարագույր

Երկաթե վարագույր (անգլ.՝ Iron Curtain), քաղաքական կլիշե, որը ակտիվ գործածության մեջ է մտցրել Ուինսթոն Չերչիլը՝ 1946 թվականի մարտի 5-ի իր Ֆուլտոնյան ելույթում, որը խորհրդանշում է Սառը պատերազմի սկիզբը[1][2]: Երկաթե վարագույր ասելով՝ նկատի է առնվել տեղեկատվական, քաղաքական և սահմանային այն արգելքը, որը ԽՍՀՄ-ն և այլ սոցիալիստական պետությունները մեկուսացրել է կապիտալիստական պետություններից[2]:
Մեկուսացման քաղաքականությունը ունեցել է փոխադարձ բնույթ: Ըստ «Բրիտանիկա» հանրագիտարանի և արևմտյան մամուլի՝ վարագույրը ստեղծել է Խորհրդային Միությունը, իր ինքնամեկուսացման քաղաքականության շրջանակներում[2]: Ըստ Խորհրդային մամուլի՝ երկաթե վարագույրը ԽՍՀՄ-ը մեկուսացնելու արևմտյան քաղաքականության արդյունքն է[3]:
Երկաթե վարագույրը իր քարոզչական իմաստով օգտագործվել է դեռ Չերչիլից առաջ՝ Ժորժ Կլեմանսոյի (1919) և Յոզեֆ Գեբելսի (1945) կողմից: Ինչ վերաբերում է Խորհրդային Միության մեկուսացմանը, ապա այն սկսել էր դեռ 1917-1920 թվականներին: 1917 թվականին այս արտահայտությունն առաջին անգամ օգտագործեց ռուս փիլիսոփա Վասիլի Ռոզանովը, որը Հոկտեմբերյան հեղափոխության դեպքերը համեմատեց թատերական ներկայացման հետ, որից հետո «ճռռալով» ռուսական պատմության վրա իջավ երկաթե հսկայական վարագույրը: Խորհրդային Միության ինքնամեկուսացումն ուժգնացել է 1934-1939 թվականներին[4].
Երկաթե վարագույրն սկսեց քանդվել 1980-ականների վերջում ԽՍՀՄ-ի և արևմտաեվրոպական երկրների հրապարակայնության և բացության քաղաքականության արդյունքում: Երկաթե վարագույրի վերջնական անկման խորհրդանիշն է համարվում Բեռլինի պատի անկումը: Այս շրջանի պաշտոնական ավարտն է համարվում 1991 թվականի մայիսի 20-ը, երբ ԽՍՀՄ-ում ընդունվեց «ԽՍՀՄ-ից մեկնելու կարգի մասին» օրենքը:
Ռուսաստանի և Արևմտյան Եվրոպայի երկրների միջև նոր երկաթե վարագույրի առաջացումը և փոխադարձ մեկուսացումը սկսեց կրկին ուժգնանալ 2014 թվականին՝ Ուկրանիայում տեղի ունեցած դեպքերից հետո, երբ եվրոպական երկրների սանկցիաների արդյունքում Ռուսաստանը որոշեց ստեղծել նոր «երկաթե վարագույր»[5]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Սառը պատերազմի փիլիսոփայությունը ծագել է Երկրորդ համարշխարհային պատերազմի ընթացքում կամ ինչ է ընկած Չերչիլի Ֆուլտոնյան ելույթի տակ // РИА «Новости», Վալենտին Ֆալին
- ↑ 2,0 2,1 2,2 Iron Curtain // Britannica (անգլ.)
- ↑ О происхождении термина «железный занавес» // Энциклопедический словарь крылатых слов и выражений / Авт.-сост. Вадим Серов. М.: Локид-пресс, 2005
- ↑ Սահմանային մաքրումներն ու այլ ստիպողական գաղթերը 1934-1939 թվականներին:
- ↑ «ԱԳՆ ՌԴ: Եվրոպան Ռուսաստանից փակվում է սանկցիաների «երկաթյա վարագույրով»»։ Վերցված է 2015-06-24