Լյութերականություն, լութերականություն՝ բողոքականության հիմնական ուղղություններից։ Առաջացել է Գերմանիայում XVI դարի Ռեֆորմացիայի ընթացքում՝ Մարտին Լյութերի ու նրա հետևորդների (Ֆ. Մելանխթոն և ուրիշներ) ուսմունքի հիման վրա և տարածվել այլ երկրներում։ Լյութերականությունում ձևակերպվել են բողոքականության հիմնական սկզբունքները՝ «միայն հավատով», առանց հոգևորականության և եկեղեցու միջնորդության աստծուն հաղորդակցվելով փրկվելու գաղափարը, Սուրբ գրքի (Աստվածաշնչի) առաջնությունը։ Մերժելով կաթոլիկության եկեղեցական բարդ նվիրապետությունը և հիմնական ծիսակատարությունը, Լյութերականությունը պահպանել է այն, ինչն ուղղակիորեն չի հակադրվում Սուրբ գրքին։ Խորհուրդներից ընդունվել են մկրտությունը և հաղորդությունը։ Լյութերականությունում եկեղեցական համայնքի իրավունքները սահմանափակ են։ Բարձրագույն իշխանություն ունեն եպիսկոպոսները և արքեպիսկոպոսները, սակայն նրանց առավելությունը շարքային հավատացյալների նկատմամբ լոկ վարչական է։ Բացի Աստվածաշնչից, Լյութերականություն դավանաբանության հիմքն են կազմում «Համաձայնության գիրքը» (1580)՝ բաղկացած «Աուգսբուրգյան խոստովանությունից», նրա «Ջատագովություններից» և աստվածաբանական այլ երկերից։ Լութերականությունը բողոքականության ամենաբազմաքանակ ուղղությունն է։ Կազմված է բազմաթիվ ինքնուրույն եկեղեցիներից (հիմնականում ավետարանական-լութերական)։ 1970-ին ունեցել է մոտ 75 միլիոն հետևորդ։ Առավել տարածված է Գերմանիայում։ Դավանանքով լութերական են Շվեդիան, Դանիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Իսլանդիան։ Լութերական եկեղեցիներ կան նաև ԱՄՆ-ում, Չեխոսլովակիայում, Հունգարիայում, ԽՍՀՄ-ում (էստոնայի ավետարանական Լութերական եկեղեցի և Լատվիայի ավետարանական֊լութերական եկեղեցի, որոնց գլխավորում են արքեպիսկոպոսները)։ Համաշխարհային լութերական ֆեդերացիան (1947-ից) միավորում է 48 երկրի (1970) 82 եկեղեցի։ Լութերական եկեղեցիները Եկեղեցիների համաշխարհային խորհրդի անդամ են։ Թարգմանվել են Լութերականությանը վերաբերող տարբեր ուսումնասիրություններ (Դ’O պինիե Մեռլ, «Պատմութիւն վեցտասաներորդ դարու բարեկարգութեանն ի Գերմանիա», հ. 1-2, 1846-1858, Լյութերականությունը Մ., «Փոքրիկ Քրիստոնեական», 1846, 1904)։ Սակայն բողոքականության դեմ մղվող պայքարի ընդհանուր պլանում քննադատվել է նաև բուն Լութերականություն (Դըլաֆորե, «Եղծ աղանդոյն Լութերի և Կալվինի և հրահանգ զօրաւոր յոլղղափառութիւն», 1847), փորձ է արվել ցուցադրելու նրա «ոչ աստվածապաշտական», վնասակար, ազգի և կրոնի միասնությունը քայքայող էությունը (Հովնանյանց Ղ., «Մարտինոս Լուտերին վարուց և նորոգութեան պաւոմու- թիվնը», 1850

Մարտին Լյութեր

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 644