Բացել գլխավոր ցանկը

Հաբսբուրգներ (Habsburger), թագավորական դինաստիա, որը կառավարել է Ավստրիայում 1282-1918 թվականներին, Չեխիայում և Հունգարիայում՝ 1526-1918 թվականներին (1867 թվականից՝ Ավստրո-Հունգարիայում), Իսպանիայում և նրա տիրույթներում՝ 1516-1700 թվականներին, եղել են «Հռոմեական սրբազան կայսրության» կայսրեր 1438-1806 թվականներին (բացի 1742 - 1745)։ 1090 թվականից Հաբսբուրգները եղել են կոմսեր, 1135 թվականից՝ լանդգրաֆներ Վերին Հռենոսում և Միջին Շվեյցարիայում, որտեղ մոտ 1020 թվականին կառուցել են Հաբսբուրգ ամրոցը (այստեղից էլ՝ Հաբսբուրգ տոհմանունը)։ Կառլոս V-ի օրոք (1500-1558) Հաբսբուրգների իշխանությանն էր ենթարկվում հսկայական տարածք՝ Գերմանիան, Ավստրիան, Հոլանդիան, Չեխիան, Հունգարիան, Իտալիայի մի մասը, Իսպանիան և նրա ամերիկյան գաղութները։ 1521-1522 թվականների պայմանագրով Կառլոս V Հաբսբուրգի ավստրիական ժառանգական տիրույթները զիջեց եղբորը՝ Ֆերդինանդ I-ին, որը դարձավ Հաբսբուրգի ավստրիական ճյուղի հիմնադիրը։ 1556 թվականին Կառլոս V իսպանական գահից հրաժարվեց հօգուտ իր որդի Ֆիլիպ II-ի, որը դարձավ Հաբսբուրգների իսպանական ճյուղի հիմնադիրը։

Picto infobox prétendant à un trône.png
Հաբսբուրգներ
Habsburg
Հիմնադիր Հարուստ Գունտրամ
Վերջին ներկայացուցիչ Կարլ I
Ներկա առաջնորդ Կարլ Հաբսբուրգ-Լոտերինգեն
Հիմնում մոտավորապես 930 թվական
Ձուլում 1918 թվական
Զինանշանը

1740 թվականին, երբ Հաբսբուրգի ավստրիական ճյուղն ընդհատվեց Կառլոս VI կայսրով, վերջինիս դուստր Մարիա Թերեզայի (իշխել է 1740-1780 թվականներին) և Լոթարինգիայի Ֆրանց Ստեֆան դքսի ամուսնությամբ սկզբնավորվեց Հաբսբուրգ-Լոթարինգյան դինաստիան։ 1867 թվականին Ֆրանց Իոսիֆ I-ի օրոք ավստրիական կայսրությունը վերակազմավորվեց երկմիասնական Ավստրո-Հունգարական կայսրության։ 1918 թվականի նոյեմբերի 11-ին, առաջին համաշխարհային պատերազմում Ավստրո-Հունգարիայի պարտության և հեղափոխական ու ազգային-ազատագրական շարժումների վերելքի պայմաններում Կառլոս I Հաբսբուրգ կայսրը (թագավորել է 1916-1918 թվականներին) հրաժարվեց գահից, և Հաբսբուրգի միապետությունն ընկավ։ 1919 թվականի ապրիլի 3-ին Ավստրիայի հանրապետության սահմանադիր ժողովը օրենք ընդունեց Հաբսբուրգին բոլոր իրավունքներից զրկելու, երկրից նրանց վտարելու և ունեցվածքը բռնագրավելու մասին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 40 CC-BY-SA-icon-80x15.png