Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն

կուսակցություն
(Վերահղված է Հնչակյաններից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն (այլ կիրառումներ)

Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցություն (կրճատ՝ Ս.Դ.Հ.Կ., արմտ. հայ.՝ Սոցիալ-դեմոկրատ Հնչակեան կուսակցութիւն, նաև հայտնի է որպես՝ «Հնչակյաններ», արմտ. հայ.՝ «Հնչակեաններ»), հայկական քաղաքական կուսակցություն է։ Այն հիմնադրվել է 1887 թվականի օգոստոսին Ժնևում, Շվեյցարիա, մի խումբ արևելահայ ուսանողների կողմից, որոնք էին՝ Ավետիս Նազարբեկյանը, Մարո Վարդանյանը, Ռուբեն Խանազատյանը, Գաբրիել Կաֆյանը, Քրիստափոր Օհանյանը, Գևորգ Ղարաջյանը, Մանուել Մանուելյանը։ Ներկայումս գործող ամենահին կուսակցությունն է։ Առաջին սոցիալիստական կուսակցությունն է, որը գոյություն է ունեցել Օսմանյան կայսրությունում և Իրանում, նաև հայտնի որպես Պարսկաստան[1]։

Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցություն
Սոցիալ-դեմոկրատ Հնչակեան կուսակցութիւն
Տեսակկուսակցություն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԱռաջնորդՀամբիկ Սարաֆյան
ՀիմնադիրԱվետիս Նազարբեկյան, Մարո Վարդանյան-Նազարբեկյան, Ռուբեն Խանազատ
Հիմնադրված1887
ԳաղափարախոսությունՍոցիալ-դեմոկրատիա
Դեմոկրատական սոցիալիզմ
Հայ ազգայնականություն
Քաղաքական հայացքձախակենտրոնից ձախ
Պաշտոնական գույն(եր)կարմիր
ՇտաբԵրևան, Հայաստան
Թերթտե՛ս Կուսակցության հրատարակություններ
Միջազգային պատկանելությունչկա, նախկինում Սոցիալիստական Ինտերնացիոնալ
Հայաստանի Ազգային ժողով
0 / 132
Լիբանանի խորհրդարան
0 / 128
 Social Democrat Hunchakian Party Վիքիպահեստում

Կուսակցության անվանումը վերցվել է «Հնչակ» թերթից, որի անունը «զանգակ» բառի հոմանիշն է։ Թերթի անվանումը ստացել է ռուս դեմոկրատ Ալեքսանդր Գերցենի «Կոլոկոլ» պարբերականի անվան (ռուս.՝ Колокол, բառացի «Հնչակ») թարգմանությունից։ Խմբագիրները՝ կուսակցության հիմնադիրները անվանումն ընտրել էին «լուսավորության և ազատության համար զանգը կամ արթանցումը» խորհրդանշելու նպատակով։

Հնչակյան կազմակերպություններ են ստեղծվել Օսմանյան կայսրությունում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Պարսկաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Եգիպտոսում և այլն։

Կուսակցության գաղափարախոսության ձևավորմանը մեծապես նպաստել են հայ հասարակական-քաղաքական մտքի ազգային-դեմոկրատական հոսանքը՝ Միքայել Նալբանդյան և Րաֆֆի, ինչպես նաև «Կոլոկոլ» պարբերականի գաղափարները՝ ռուս հեղափոխական նարոդնիկությունը։ Սակայն, ի տարբերություն նարոդնիկության, հնչակյանների գլխավոր նպատակներից էր ոչ միայն սոցիալ-դեմոկրատական, այլև ազգային-ազատագրական խնդրի լուծումը։

1888 թվականին հրատարակվել է կուսակցության ծրագիրը, որը «մոտակա նպատակ» էր համարում համազգային ապստամբությամբ թուրքական լծից Արևմտյան Հայաստանի ազատագրումը, հայկական հողերի միավորման միջոցով անկախ հանրապետության ստեղծումը, իսկ «հեռավոր նպատակ»՝ հայ հասարակության սոցիալիստական վերափոխումը։

Պատմություն

խմբագրել

Կուսակցության բոլոր՝ յոթ հիմնադիրները եղել են արևելահայ Մարքսիստ ուսանողեր, որոնք լքել են Ռուսահայաստանը Արևմտյան Եվրոպայի համալսարաններում հետագա կրթության նպատակով։ Նրանք երիտասարդ էին, քսանական տարեկան, և օգտվում էին իրենց հարուստ բուրժուական ընտանիքների տրամադրած աջակցությունից։ Նրանք ներշնչվեցին սոցիալ-դեմոկրատական հեղափոխաության գաղափարախոսւթյամբ, կապվեցին Ֆրիդրիխ Էնգելսի, Գեորգի Պլեխանովի և այնուհետև Վլադիմիր Լենինի հետ։ Մարիամ Վարդանյանը (Նազարբեկյան) Սանկտ-Պետերբուրգում աշխատել է աշխատել է ռուս հեղափոխականների հետ։ Թուրքահայաստանում հետագա հեղափոխական գործունեության համար նրանք 1887 թվականի օգոստոսին հիմնեցին «Հեղափոխական կուսակցությունը»։

1888 թվականին «Հնչակ» թերթում հրատարակվեց կուսակցության ծրագիրը։ Այն պատրաստվել և կազմվել էր 1887 թվականին Ավետիս և Մարո Նազարբեկյանների, Գևորգ Ղարաջյանի կողմից։ Հնչակյանների կողմից սեփական ծրագրի հրատարակությունն ազդարարում էր հեղափոխական կուսակցության կազմավորման մասին։ 1888 թվականին կայացավ կուսակցության հիմնադիր ժողովը։ «Հնչակյան» անվանումը կուսակցությունը ստացավ միայն 1890 թվականին։

Հնչակ կուսակցությունը կռվել է Օսմանյան կայսրության դեմ բազում մարտերում՝ հայերին թուրքական իշխանությունից ազատագրելու նպատակով։ Այդ ժամանակահատվածում Հնչակյան կուսակցությանն են անդամագրվել բազում հայ մտավորականներ, ինչպիսիք են՝ Սմբատ Բյուրատը, Ստեփանոս Սափան-Գյուլյանը, Ալեքսանդր Աթաբեկյանը, Ատրպետը և Արամ Անտոնյանը։ Հայաստանի ամենահայտնի ազգային հերոսներից մեկը՝ Անդրանիկ Օզանյանը սկզբում անդամագրվել է Հնչակյան կուսակցությանը[2], սակայն կուսակցության վարած քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով Անդրանիկը մեկ տարուց պակաս ժամկետում լքեց Հնչակի շարքերը, միանալով Դաշնակցություն կուսակցությանը[3]։

Հայկական քաղաքական ուժերի ձևավորման սկզբնական ժամանակահատվածում, Դաշնակցությունը ձգտում էր «Օսմանյան կայսրության շրջանակներում բարեփոխումների», իսկ Հնչակյան կուսակցությունը կողմնակից էր հայկական անկախ պետությանը[4]։ «Հնչակը» եղել է հնչակյանների պատշտոնաթերթը։ 1894 թվականին Աթենքում և Լոնդոնում հրատարակվել է կուսակցության սոցիալիստագիտական ամսաթերթը՝ «Գաղափարը», որն առաջին անգամ հրապարակեց «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» հայերենով, թարգմանված Ավետիս և Մարո Նազարբեկյանների կողմից։ Հնչակյան կուսակցության առաջին համագումարը տեղի ունեցավ Լոնդոնում, 1896 թվականի սեպտեմբերին։

Կուսակցության սոցիալիստական ուղվածությունը պառակտման պատճառ դառձավ։ Այն հնչակյանները, որոնք հանդես էին գալիս միայն ազգային խնդիրների իրականացման պահանջով, 1896 թվականին անջատվեցին և ձևավորեցին Վերակազմյալ Հնչակյան կուսակցությունը՝ Լոնդոնում։

Կովկասում նույնպես Հնչակյան կուսակցությունը ուշագրավ դերակատարություն է ունեցել, պայքարել է փոխանորդ Գրիգորի Գոլիցինի (Կովկասի ռուս կառավարիչ) ռուսացմնան քաղաքականության դեմ։ 1903 թվականին Փարամազը կազմակերպում է Գրիգորի Գոլիցինի նկատմամբ մահափորձը։ Փարամազը նաև եղել է 1905-06 թվականների Հայ-թաթարական ընդհարումների ժամանակ ինքնապաշտպանական զորքերի կազմակերպիչներից մեկը։

Գործունեությունը Օսմանյան և Ռուսական կայսրություններում

խմբագրել

Կուսակցության ծրագրի համաձայն հնչակյանների գործունեության առանցքը Հայկական հարցն էր և սոցիալիզմը։ 1880-1890-ական թվականներին Արևմտյան Հայաստանում ստեղծելով իրենց կազմակերպությունները և անցնելով լայն գործունեության՝ Ազգային ճնշման դեմ իրենց մարտավարության մեջ հնչակյանները համատեղում էին խաղաղ քաղաքական ցույցերը և զինված հայդուկային ելույթները։

Մեծ արձագանք են ունեցել հնչակյանների 1890 թվականի հունիսի 30-ին Կարինում և հուլիսի 27-ին Կոստանդնուպոլսում կազմակերպած ցույցերը, ելույթները, որոնք եղել են աննախադեպ Օսմանյան կայսրության մեջ։ Մասնավորապես՝ 1890 թվականի հուլիսի 27-ին, Հնչակյան ակտիվիստներ Հարություն Ճանկուլյանը, Միհրան Տամատյանը և Համբարձում Բոյաջյանը գլխավորեցին Գում Գափուի ցույցը Կոստանդնուպոլսում, որում պահանջվում էր Արևմտյան Հայաստանի նահանգներում բարեփոխումների իրականացում։

1894 թվականին, Սասունի հերոսամարտը կազմակերպվեց Հնչակյան կուսակցության կողմից առաջնորներ՝ Միհրան Տամատյանի, Համբարձում Բոյաջյանի, Գևորգ Չավուշի և Հրայր Դժոխքի ղեկավարությամբ։ Սասունի հերոսամարտը թեպետ ճնշվեց Օսմանյան կայսրության կողմից, սակայն եվրոպական տերություններին պարտադրվեց Արևմտյան Հայաստանի համար մշակել բարեփոխումների ծրագիրը, որը հայտնի է 1895 թվականի «Մայիսյան բարենորոգումներ» անվամբ։ 1890-ական թվականների կեսին, երբ օսմանյան կառավարությունը ձեռնամուխ է եղել հայ բնակչության ջարդերին, հնչակյանների գործունեության հիմնական նպատակն է դարձել ոչ միայն հայերի այլև հարևանությամբ ապրող ցեղերի կյանքի և ունեցվածքի զինված պաշտպանաթյունը։

1908 թվականի Երիտթուրքերի հեղաշրջումից հետո, ելնելով նոր քաղաքական իրավիճակից, Հնչակյան կուսակցությունը փոխել է իր ծրագրային պահանջները, որդեգրել երիտթուրքերի դեմ սահմանադրական պայքարի ուղին, առ ժամանակ հրաժարվել զինված պայքարի և անկախ Հայաստանի գաղափարից հայտարարելով, որ կուսակցության առաջնային նպատակն է Հայաստանի, Մակեդոնիայի և մյուս կախյալ ժողովուրդների ինքնավարությունը, ամբողջ Թուրքիայի համար՝ ժողովրդավարական սահմանադրությունը։ 1912 թվականի, երբ վերստին արծարծվել է Արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը, Հնչակյան կուսակցությունը հանդես է եկել Ռուսաստանի հովանավորության ներքո Արևմտյան Հայաստանի ինքնավարության, իսկ ավելի ուշ՝ Եվրոպական երկրների հսկողությամբ ինքնավարության պահանջով։ Բայց շուտով սահմանադրական պատրանքներր ցրվել են, և ակնհայտ է դարձել, որ երիտթուրքերը Հայկական հարցում շարունակում են սուլթան Աբդուլ Համիդ II-ի քաղաքականությունը։ Հնչակյանների գործունեության մեջ առաջնային են դարձել զինված ընդդիմության և ինքնապաշտպանության խնդիրները։ Սակայն նրանք միայն մասամբ հասցրեցին հայ բնակչությանը նախապատրաստել ինքնապաշտպանության։ Թուրքական աղբյուրները հղում անելով Հնչակյան գաղափարաբանությանը հայտարարում էին, որ հայերը կոտորվում էին, քանի որ հայ էին, սոցիալիստ էին, քանի որ քրիստոնյա էին։

1913 թվականին Հնչակյան առաջնորդ Փարամազը մասնակցեց Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցություն 7-րդ համաժողովին Կոնստանցայում, որտեղ նա ներկայացրեց Իթիհադի առաջնորդների սպանության գաղափարը։ 1915 թվականի հունիսի 15-ին Փարամազը իր 19 ընկերների հետ կախաղան բարձացվեցին Կոստանդնուպոլսում։ Հնչակյանները դարձան սկսվող ցեղասպանության առաջին զոհերը։ Կուսակցության կենտրոնական վարչությունը 1915 թվականի հունվարի 7-ին Փարիզում դիմել է աշխարհի հանրությանը՝ փրկելու հայ ժողովրդին ֆիզիկական բնաջնջման վտանգից։

Հայ ֆիդայական շարժման ժամանակահատվածում Հնչակյան կուսակցության անդամները մասնակցել են արևմտյան Հայաստանի տարածքում մի շարք դիմադրությունների՝

Ռուսական երեք հեղափոխությունների ընթացքում Հնչակյան տեղական կազմակերպություններ գործակցել են Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցության հետ։ Հնչակյանները, սակայն, դեմ էին Առաջին համաշխարհային պատերազմի նկատմամբ բոլշևիկների պարտվողական դիրքորոշմանը, ավելի ուշ Բրեստի հաշտությանը։ Կուսակցությունն ուներ իր կամավորական գնդերը, որոնք ռուսական բանակի կազմում կռվում էին Կովկասյան ճակատում։

1916 թվականին Ֆրանսիական կառավարության որոշմամբ ֆրանսիական բանակի կազմում ստեղծվեց «Արևելյան լեգիոնը», որը հետագայում վերանվանվեց «Հայկական լեգիոն», այն հիմնականում կազմված էր հնչակյաններից։ Կունսակցությունը նաև ակտիվ դերակատարություն է ունեցել Հայաստանի առաջին հանրապետության կազմավորման մեջ, կուակցության անդամները մասնակցել են 1918 թվականի Սարդարապատի ճակատամարտին, որում պաշտպանել են Հայաստանի մայրաքաղաք Երևանը Օսմանյան կայսրության Իսլամական բանակից։

Ներկա օրեր

խմբագրել

Ռուսաստանում 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո հնչակյաններն իրենց աջակցությունն են հայտնել ժամանակավոր կառավարությանը։ Սակայն արդեն տարեվերջին կուսակցությունն ընդունեց Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը և «Թուրքահայաստանի մասին» դեկրետը։ ՍԴՀԿ ռուսաստանյան կազմակերպությունները դատապարտել են Անդրկովկասյան սեյմի գործունեությունը, դեմ արտահայտվել Հայ Յեղափոխական Դաշնակցության գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության ստեղծմանը, մինչդեռ սփյուռքի հնչակյանները ողջունել են այն։

Հայաստանի խորհրդայնացումից հետո, ենթարկվել է Կոմինտերնի 1923 թվականի փետրվարի 5-ի Հնչակյան կուսակցության արգելման մասին որոշմանը, Խորհրդային միության տարածքում Հնչակյան կագմակերպությունները լուծարվել են, իսկ դրանց անդամների մի մասը մտել են ՌԿ(բ)Կ շարքերը։

1920 թվականի դեկտեմբերից Հնչակյան կուսակցությունը և այլ հայկական ավանդական կուսակցություններ գոյություն ունեցան միայն սփյուռքում, որի Հնչակյան կազմակերպությունները սկզբում անվստահությամբ են վերաբերվել խորհրդային իշխանությանը, սակայն աստիճանաբար փոխել են իրենց դիրքորոշումը։ Հնչակյանները հանդես են եկել Խորհրդային Հայաստանին օգնելու կոչով, դատապարտել 1921 թվականի Փետրվարյան հակախորհրդային ապստամբությունը։ 1924 թվականին ՍԴՀԿ-ն ի տարբերություն ՀՅԴ-ի Խորհրդային համակարգին դեմ քաղաքականության՝ Խորհրդային Հայաստանը ճանաչելու, հակախորհրդային կուսակցությունների հետ չհամագործակցելու մասին և այլ խորհրդամետ որոշումներ է կայացրել։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին նույնպես՝ հնչակյաններն աջակցել են Խորհրդային միությանը և կարմիր բանակին։

Խորհրդային միության վերաբերյալ ՍԴՀԿ-ի և ՀՅԴ-ի վարած քաղաքակականությունը երկու կուսակցությունների անդամների միջև թշնամանքի և պառակտման պատճառ է դարձել սփյուռքում, իրավիճակն ավելի է սրվել կրոնական տարբերությունների պատճառով, հնչակներն աջակցում են Հայ առաքելական եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին առաջնորդարանը, իսկ դաշնակցականները՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը։ Այդ հակամարտություններում՝ Ռամկավար ազատական կուսակցությունը համարվում է ՍԴՀԿ-ի քաղաքական դաշնակից և ՀՅԴ-ի հակառակորդ։

1950-ական թվականներին Լիբանանում Դաշնակցության հետ տեղի են ուեցել ընդհարումներ, երբեմն բռնի, կողմերի միջև լարվածությունը սրացել է ՀՅԴ-ի կողմից Զարեհ Եպիսկոպոսի՝ որպես Կիլիկիո կաթողիկոս Զարեհ Ա ընտրման պատճառով, քայլ, որը մերժվեց հնչակյանների կողմից։ Այդ ժամանակահատվածը բնութագրվում է որպես մի կողմից ՀՅԴ-ի, և մյուս կողմից ՍԴՀԿ-ի և իր դաշնակից ՌԱԿ-ի (Ռամկավար) հակամարտության սրացում։

1960-ականների վերջին և 1970-ականների սկզբին տեղի ունեցած կրոնական բռնությունների աճի միջնաժամկետում՝ ինչը հանգեցրեց Լիբանանի քաղաքացիական պատերազմին, սակայն, Լիբանանի հայ համայնքը սկսեց համախմբվել, և 1972 թվականին Հնչակյան կուսակցությունը Դաշնակցության հետ հանդես եկավ միասնական ցուցակով։ 2000 թվականին, Հնչակյան կուսակցությունը միացավ Ռաֆիկ Հարիրիի Ապագայի շարժման ուժերին, որը հաղթեց Բեյրութ քաղաքում։ ՍԴՀԿ կենտրոնական կոմիտեի անդամ Եղիա Ճերեճյանը երկար տարիներ եղել է Լիբանանի խորհրդարանի պատգամավոր։ Կուսակցությունը Լիբանանի խորհրդարանում ներկայացվածություն է ունեցել մինչև 2018 թվականը։

1991 թվականին Եղիա Նաջարյանը գլխավորեց ՍԴՀԿ կազմակերպությունը անկախ Հայաստանում և հիմնադրեց «Հնչակ Հայաստանի» պաշտոնաթերթը։ 1990-ականների սկզբին, կուսակցությունը մասնակցել է Սյունիքի ինքնապաշտպանությանը («Փարամազ» ջոկատ) և Արցախյան պատերազմին («Մեծն Մուրադ» ջոկատ Գևորգ Գյուզելյանի գլխավորությամբ)։ 2003 թվականին կուսակցությունը մաս է կազմել ընդդիմադիր Արդարություն դաշինքին և ներկայացուցիչ է ունեցել Հայաստանի Ազգային ժողովում մինչև 2007 թվականը։

Հնչակյանը հարում է սոցիալիստական գաղափարախոսությանը և կողմնակից է պլանային տնտեսությանը Լիբանանի համար։ Կուսակցությունը Լիբանանում ունի պաշտնաթերթ որը «Արարատ» օրաթերթն է։

Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության 20-րդ գլխավոր համաժողովը տեղի ունեցավ 2013 թվականի սեպտեմբերին Երևանում և Ծաղկաձորում, որին մասնակցում էին պատվիրակներ 17 երկրներից[5]։

Փոխկապակցված կազմակերպություններ

խմբագրել

Հնչակյան կուսակցությունը կազմավորել է փոխկապակցված կազմակերպություններ, ինչպիսիք են՝ Հայկական կրթական բարեսիրական միությունը, կազմակերպությունն օգնում է կրթության, առողջապահության, սոցիալական հարցերով, Տխրունի ուսանողական-երիտասարդական միությունը (հիմնադրված 1952-ին Բեյրութում), Կայծ երիտասարդական միությունը (հիմնադված 1910-ին Կոստանդնուպոլսում), Նոր սերունդ մշակութային միությունը (հիմնադրված 1954-ին Բեյրութում), և Հայ մարմնամարզական միությունը, որն անկախ սպորտային կազմակերպություն է, սակայն խստորեն փոխկապակցված է ՍԴՀԿ-ի հետ (չշփոթել մեծամասամբ ՀՅԴ-ի հետ փոխկապակցված Հայ մարմնակրթական ընդհանուր միության հետ)։

Կուսակցության հրատարակություններ

խմբագրել
 
Հնչակ թերթը

Հնչակը կուսակցության պաշտոնաթերթն էր։ Հիմնադրվել է Ավետիս Նազարբեկյանի կողմից և հրապարակվել 1887-1915, 1935–1940 թվականներին Ֆրանսիայում, Հունաստանում, Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ Թերթի հիմնական նպատակն էր քարոզել հայկական ազգային-ազատագրական շարժումը, Արևմտյան Հայաստանի շրջաններում ընդվզումը։ Հնչակը նաև աջակցել է սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությունը և աշխատավորների համախմբումը։

Կուսակցության ներկա հրատարակությունները ներառում են՝

1991 թվականին հիմնադրվել է «Հնչակ Հայաստանի» պաշտոնաթերթը։

Նախկինում կուսակցության կողմից հրատարկվել են՝ «Գաղափար» եռամսյա հանդեսը (1904), «Հնչակյան մամուլ» քաղաքական, գիտական և գրական կիսամսյա թերթը (1929-1931), «Շարժում» շաբաթաթերթը (1937-1991)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Social Democrat Hunchakian Party». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 2-ին.
  2. Andranikological Review, Yerevan, #1 (3), 2003, p. 7.
  3. http://homepages.cae.wisc.edu/~dwilson/Armenia/andranik.html
  4. The Armenian Genocide in Perspective, by Richard G. Hovannisian, Transaction Publishers, 2009 – p.
  5. «Партия Гнчакян считает недостаточным прогресс в деле укрепления демократии Armenia Today, 20.09.2013». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 2-ին.

Աղբյուրներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 495