Բացել գլխավոր ցանկը

Հրայր Դժոխք (Ուրվական, Արմենակ Մամբրեի Ղազարյան, 1864[1], Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1904[1], Սանասունք, Բաթմանի նահանգ, Թուրքիա), հայդուկապետ, ռազմական տեսաբան, Հայոց ազատագրական շարժման ղեկավարներից։ Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ։ Սկզբում կարճ ժամանակով անդամակցել է Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությանը:

Արմենակ Ղազարյան
Tjohk Grayr.jpg
1864 - 1904
ԾննդավայրԲիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահվան վայրՍանասունք, Բաթմանի նահանգ, Թուրքիա
Մարտեր/
պատերազմներ
Սասունի ինքնապաշտպանություն (1891-1894)
Սասունի ինքնապաշտպանություն (1904)

Տարել է կազմակերպչական գործունեություն։ Առաջնորդվելով ՀՅԴ 2-րդ ընդհանուր ժողովի որոշումներով` փորձել է կասեցնել ֆիդայական կռիվները և կազմակերպել միասնական ապստամբություն։

ԿրթությունԽմբագրել

Ծնվել է Սասունի Խուլփի գավառակի Ահարոնք գյուղում։ Սովորել է Տարոնի Ղզլաղաճ գյուղի, Մշո Ս. Կարապետ վանքի դպրոցներում և Մշո Կեդրոնական վարժարանում։ Եղել է ուսուցիչ, ծանոթացել Սասունի ու Տարոնի հայերի վիճակին, քարոզել հայ ազատագրական պայքարի գաղափարը։

Առաջին ռազմական գործողություններըԽմբագրել

1890 թվականից մասնակցել է հայ ազատագրական շարժումներին։ 1891-1894 թվականներին Սասունի ինքնապաշտպանական մարտերի ղեկավարներից էր։ Նրա ցուցումներով էր կռվում Գևորգ Չաուշը: Աչքի է ընկել Տալվորիկի կռվում (1893), որտեղ ապահովել է հայերի փայլուն հաղթանակը։

1893 թվականին Հնչակյան կուսակցության անդամ էր։ Նրա գործընկերներն էին հանրահայտ հնչակյաններ Մեծն Մուրադը (Համբարձում Պոյաճյան) և Միհրան Տամատյանը։ Հրայրը հնչակյան կուսակցության հիմնադիրն էր Սասունում և Տարոնում[2]:

ԱրտասահմանումԽմբագրել

1894 թվականի գարնանը մեկնել է Կովկաս՝ կամավորներ հավաքագրելու և զենք հայթայթելու։ Նրան Հնչակյան կուսակցության Կարսի կոմիտեն մերժում է զենք տալ։ Հրայրին դուր չի գալիս հնչակյանների քաղաքականությունը, որոնք միմիայն ցուցադրական ապստամբություն էին կատարում, որպեսզի գրավեն արտասահմանյան իշխանության ուշադրությունը։

Հրայրին մասնակի չափով օգնում է Հայ հեղափոխական դաշնակցությունը: Դաշնակցականների մոտեցումը Արևմտյան Հայաստանում ծավալվող պայքարի վերաբերյալ լրիվ այլ էր։ Նրանք կողմ էին վրիժառությունների և ֆիդայական շարժումների դադարեցմանը և միասնական պայքարի ծավալմանը։ Դա մոտ էր Հրայրի պատկերացումներին և ֆիդայապետը դառնում է դաշնակցական։

Հրայրը շատ քիչ զենք կարողացավ հայթայթել և որոշեց գնալ Օսմանյան կայսրությանը հարակից երկրներ, որտեղից նա ուզում էր նոր կռվող ուժեր, զենք ու զինամթերք բերել։ Հրայրը գիտակցում էր, որ Արևմտյան Հայաստանի պայքարի համար պետք է մարտնչեն հենց տեղի զավակները, որոնք, հակահայկական իշխանությունների հետ ժամանակին բախվելով, հայտնվել էին արտասահմանում։

1895 թվականին եղել է նաև Ռումինիայում և 50 հայ երիտասարդների հետ վերադարձել Հայաստան: Երիտասարդների կազմում էին Անդրանիկ Օզանյանը, Աղբյուր Սերոբը և Սեպուհը: Վերջիններս Հրայրի հորդորով անցել են ՀՅ Դաշնակցության շարքերը։

1895 թվականին Հրայրն իր մարդկանցով հասավ Կարս։ Կարսում երիտասարդները համապատասխան ռազմական վարժանքներ անցան և ուսումնասիրեցին պարտիզանական կռվի մարտավարությունը։ Այնուհետև ջոկատը ռուս-թուրքական սահմանի վրայով մաս առ մաս տեղափոխվեց Խնուս և Սասուն[3]:

ՁերբակալությունԽմբագրել

 
Հրայր Դժոխքի քանդակը Ջերմուկ քաղաքում (հեղինակ՝ Հովհաննես Մուրադյան)

Սասունում Հրայրը գործակցել է Թաթուլի (Արամ Արամյան) հետ։ 1896 թվականի հուլիսի 2-ին Բասենի Իշխու գյուղում մատնությամբ ձերբակալվել է, տարվել Կարինի բանտ։ Ձերբակալել էին նաև Թաթուլին։ Հրայրն ընդհանուր ներման շնորհիվ ազատվել է, իսկ Թաթուլը` 1899 թվականին կախաղան բարձրացվել։

Կազմակերպչական աշխատանքներԽմբագրել

Վանից դաշնակցականներն ուղարկում են երկու գործիչների՝ Գուրգենին (Բաղդասար Մայան) և Վազգենին (Տիգրան Տերոյան)։ Հրայրը գիշեր ու ցերեկ շարունակում էր շրջել Հայաստանի գավառներով մեկ և հսկել իր հիմնած հայդուկային խմբերի աշխատանքներին։ Նրան գրեթե ոչ-ոք չէր կարողանում տեսնել։ Նրա այցելության մասին իմանում էին միայն իր գալուց հետո։ Դրա պատճառով էլ ժողովրդի շրջանում նա ստացել էր Ուրվական մականունը։

Հրայրը պլանավորել էր համընդհանուր ապստամբություն բարձրացնել 1905 թվականին։

1898 թվականի հունվարի 2-ին Վանի Կուռուբաշ գյուղում մատնության հետևանքով իր զինակից ընկեր Շատախցի Միքոյին (Արշակ Չալկադրյան) հետ զոհվել է խմբապետ Վազգենը։ 1899 թվականի ապրիլի 24-ին իր 9 ընկերների հետ միասին Մշո Ցրոնք գյուղում զոհվել է Գուրգենը։ 1899 թվականի նոյեմբերի 1-ին դավադրության զոհ է դառնում նաև Աղբյուր Սերոբը։

Հրայրը զրկվում է իր համախոհներից, բայց շարունակում է իր աշխատանքը։ Նա բոլոր ֆիդայիներին ստիպում էր զերծ մնալ վրիժառույթունից և մուսուլմանների հետ բախումից։ Սակայն Շենիկում գումարված ժողովում Անդրանիկը դեմ գնաց Հրայրին։ Անդրանիկն անգամ զենք քաշեց Հրայրի վրա և սպառնաց սպանել նրան։ Վրա հասած գյուղացիները զինաթափ արեցին Անդրանիկին և նրա ջոկատին և պատրաստ էին սպանել Հրայրի վրա ձեռք բարձրացնողներին։ Հրայրը չի թողնում, որ ֆիդայիների վրա ձեռք բարձրացնեն[3]:

Գևորգ Չաուշն այդ իմանալով` կարողացավ խոսել Հրայրի հետ և զենքերը հետ վերադարձնել[4]:

Վերջին մարտերըԽմբագրել

Վերադարձել է Ղզլաղաճ և ձեռնամուխ եղել ընդհանուր ապստամբության կազմակերպմանը։ 1904 թվականին մասնակցել է Սասունի ինքնապաշտպանական կռիվներին։ 1904 թվականի ապրիլի 13-ին, երբ թուրքերի գերակշիռ ուժերը հարձակվել են Գելիգուզանի ուղղությամբ, Հրայրն ընկերներով փորձել է փակել նրանց ճանապարհը։

Կռվում Հրայրը նկատում է, որ Սեպուհը վիրվավորվել է և նետվում է վերջինիս օգնության։ Սեպուհը փորձում է համոզել Հրայրին, որ վերադառնա, բայց Հրայրը Սեպուհին ծանր դրության մեջ միայնակ չի թողնում։ Հրայրն ի պատասխան ասում է. «Կամ կսպանվիմ, կամ քեզ էլ ազատելուց հետս կտանեմ»: Նա կարողանում է Սեպուհին դուրս հանել մարտադաշտից, բայց մահացու վիրվավորվում է ճակատից և ընկնում մարտի դաշտում։

Օգնության հասած Անդրանիկի զինվորները Հրայրին և մյուս զոհվածներին թաղել են Գելիեգուզանում՝ Սուրբ Կարմրավոր եկեղեցու բակում` Աղբյուր Սերոբի կողքին[3]։

Հրայրի խոսքերիցԽմբագրել

  • Մեր յոյսը պիտի լինի մեզ վրայ միայն եւ մեռնել սուրբ նպատակին համար։ Այդ է մեր փառքն ու պսակը։ Րոպէն կրիտիկական է։ Հասնիլ պատերազմի դաշտում, օգնել միմեանց, սփոփել իրար – մեր դիակները թշնամին թող գիրկընդխառն տեսնէ։ Իսկ դուք, քոյրեր, սիրտ տուէք հայ երիտասարդին վիարկապ հիւսեցէք ձեր մազերից, որ չաղտոտեն իրենց անուն ու պատիւը[5]:
  • Վստահ եղեք, որ գիշեր ու ցերեկ անքուն կշրջիմ, որ գտնեմ մի փոքր հարմարություն անդադար պիտի գործիմ մինչև վերջին շունչս[3]:
  • Հայ ժողովուրդ, անգութ է Եվրոպան, ավելի արյունածարավ, քան մեր դարավոր ոսոխը, չհավատաս նրան երբեք։ Նա արյան ու անմեղ զոհերի մեջ է որոնում իր շահը, մեր հույսը պետք է լինի մեզ վրա[6]:

Հրայրին նվիրված ստեղծագործություններԽմբագրել

Ժողովուրդը երգեր է հյուսել Հրայրի մասին [7]:

ՏեսաֆիլմերԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Faceted Application of Subject Terminology
  2. Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 319-327
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Մեր մեծերը. Հրայր Դժոխք»։ Վերցված է 2015 Հունվարի 16 
  4. Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 201
  5. «Հրայր Դժոխք»։ Վերցված է 2015 Հունվարի 16 
  6. «Հրայր Դժոխքի ծննդյան 150-ամյակը»։ Վերցված է 2015 Հունվարի 16 
  7. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն։ 2005։ էջ էջ 689 

ԳրականությունԽմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հրայր Դժոխք հոդվածին


Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։