Գում Գափուի ցույց, տեղի է ունեցել Կոստանդնուպոլսի Գում Գափու թաղամասում, որտեղ գտնվում էր Կոստանդնուպոլսի մայր եկեղեցին և հայոց պատրիարքությունը։ Կազմակերպել են հնչակյանները՝ 1890 թվականի հուլիսի 15-ին կիրակի՝ Գուրպան Բայրամի առաջին օրը , եվրոպական պետությունների ուշադրությունը Հայկական հարցի վրա հրավիրելու և Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածն իրագործել տալու նպատակով։ Ցույցի ղեկավարներից էին Ռուբեն Խանազատը, Գաբրիել Կաֆյանը, Հարություն Ճանկյուլյանը, Մեծն Մուրադը (Համբարձում Պոյաճյան) և ուրիշներ։

Գում Գափուի ցույց
Ամսաթիվհուլիսի 15, 1890
ՎայրԿոստանդնուպոլիս
ՄեթոդՑույց
Հակամարտող կողմեր
Օսմանյան ոստիկանություն
Ղեկավարներ
Կորուստներ
3 ցուցարար
4 ոստիկան

Պատմություն

խմբագրել

1890 հունիսին Կարինում բախում եղավ հնչակյանների և թուրքական ոստիկանության միջև, որի ժամանակ սպանվեցին և վիրավորվեցի երկու տասնյակից ավել հայեր։

Այս դեպքերն արձագանք գտան ինչպես արևմտահայության, այնպես էլ արևելահայության մեջ։ Գնահատվելով որպես իր ազատության համար ոտքի նշած բողոքի արդարացի պոռթկում, Կարինի ցույցը ոգեշնչման աղբյուր հանդիսացավ հայ մշակույթի բազմաթիվ խոշոր ներկայացուցիչների ու ժողովրդական գուսանների ստեղծագործություններում։

Համոզվելով, որ թուրքական բռնապետության դեմ միայնակ հանդես գայն ու հաղթանակի հասնելը մեծ դժվարությունների հետ է կապված, հայ ազատագրական շարժման գործիչները ժողովրդի պայքարի ու հաղթանակի հեռանկարները կապում էին մեծ տերությունների օգնության հետ։ Այս մտայնությամբ էլ Կարինի դեպքերից անմիջապես հետո նրանք ձեռնամուխ եղան ցույցերի ու բողոքագրերի կազմակերպմանը։ Հնչակյանները որոշեցին որպես բողոք Կարինում կատարված խուղարկությունների ու խժդժության, ինչպես և հայ ժողովրդի նկատմամբ տարվող մշտական հալածանքների քաղաքականության դեմ խաղաղ ցույց կազմակերպել Կ. Պոլսում։ Նրանք նպատակ ունեին դրանով նաև բարձրացնել գավառահայության հոգեկան կորովը և հայերի հարստահարության նկատմամբ անտարբերություն ցուցաբերող մեծ տերությունների ուշադրությունը նորից սևեռել Հայկական հարցի վրա։

Սկսվեց ցույցի տենդագին նախապատրաստումը։ Հնչակյան գործիչներ Ռ. Խանազատն ու Գ. Կաֆյանը (Շմավոն) շրջում էին Կ. Պոլսում ցրված բազմաթիվ իջևանատները, ոգևորում հայրենակցական խմբերով այնտեղ հանգրվանած գավառացի հայ պանդուխտներին, նրանց բացատրում ցույցի նշանակությունը[1]։

Նախապես կատարված ժողով-խոորհրդակցության արդյունքում էր որոշվել ցույցի օրն ու վայրը։ Քննարկման կարևոր հարց էր նաև, թե ո՞վ պիտի կարդա ուղերձը, քանի որ պարզ էր, որ ուղերձ կարդացողը մահապատժի է ենթարկվելու։ Հարություն Ճանկյուլյանը փոքր դաաթարից հետո առաջարկեց իր թեկնածությունը, որը միաձայն ընդունվեց։

Հուլիսի 15-ին եկեղեցում՝ կիրակնօրյա պատարագի էր հավաքվել հոծ բազմություն։ Հանկարծակի ընդհատվում է ժամասացությունը, և հնչակյան գործիչ Հ․ Ճանկյուլյանը կարդում է հնչակյանների կազմած կոչ-ուղերձը, որ պատրիարքն անմիջապես պետք է ներկայացներ սուլթանին։ Ապա ցուցարարները մտնում են պատրիարքարանի շենք։ Հ․ Ճանկյուլյանը պատից պոկում և պատառոտում է Աբդուլ Համիդ 2-րդի նկարը և օսմանյան պետական զինանշանները[2]։ Ցուցարարները Կոստանդնուպոլսի պատրիարք Խորեն Աշըգյանին հարկադրել են ընկերակցել իրենց և Գում Գափուի թաղամասից (որտեղ գտնվում էր հայոց պատրիարքությունը) շարժվել են դեպի սուլթանի պալատ՝ պահանջները ներկայացնելու։

Ցուցարարները հարկադրեցին պատրիարք Խորեն Աշըգյանին ընկերակցելու իրենց երթին դեպի սուլթանի պալատը՝ հայկական բարենորոգումների մասին պահանջագիր ներկայացնելու, ինչպես նաև հայկական վիլայեթներում տեղի ունեցող վայրագությունների դեմ բողոքելու համար։ Ոստիկանական զորքերի և ցույցի մասնակիցների միջև տեղի ունեցավ ընդհարում, որի ժամանակ երկուստեք եղան սպանվածներ և վիրավորներ։

Հ․ Ճանկյուլյանը ձերբակալվում է և դատապարտվում մահվան, բայց այս պատիժը հետագայում փոխարինվում է ցմահ ազատազրկմամբ։ Ձերբակալվում և դատապարտվում են նաև այլ գործիչներ, այդ թվում Կոստանդնուպոլսից Երուսաղեմ է աքսորվում Մկրտիչ Խրիմյանը։ Եռանդուն ցուցարարներից մեկը՝ ռուսահպատակ Հակոբ Վարդ-Պատրիկյանը, որը դատարանում հանդես եկավ օսմանյան վարչակարգի մերկացմամբ և պաշտպանեց հայ ժողովրդի արդարացի պահանջները, հանձնվեց ռուսական իշխանություններին[1]։

Թուրքական կառավարությունը կատարված դեպքերից հետո զորք է տեղակայում առաջնորդարանի շրջակայքում, որից հետո իրավիճակը որոշակի կայունանում է, բայց Թուրքական կառավարությունը առիթը բաց չթողեց և Գում-Գափուի ցույցը օգտագործեց արևմտահայերի հալածանքներն ուժեղացնելու և ցեղասպանության իր քաղաքականությունն արդարացնելու համար։

Այդ օրերին Մեծ Բրիտանիայի դեսպանը հատկանշական է համարում հատկապես այն փաստը, որ թուրքական ուժերի կողմից Կոստանդնոուպոլիսը գրավելուց հետ (1453թ․) սա առաջին դեպքն էր, երբ մայրաքաղաքում քրիստոնյաները համարձակվում են դիմադրել զինվորականներին[3]։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 248  
  1. 1,0 1,1 Հայ ժողովրդի պատմություն. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ. 1981. էջեր 233–234.
  2. Ճանկիւլեան, Յ․ Կ․ (1913). Յիշատակներ հայկական ճգնաժամէն (պատկերազարդ), մասն Գ. Կ․ Պոլիս: ԿՈՀԱԿ. էջեր 31։.
  3. Հայոց Պատմություն, ԳԱԱ, հատոր 3, գիրք 1. Երևան: ԶԱՆԳԱԿ. 2010. էջ 513. ISBN 978-99941-1-903-5.