Վերակազմյալ Հնչակյան կուսակցություն

Վերակազմյալ Հնչակյան կուսակցություն (արմտ. հայ.՝ Վերակազմեալ Հնչակեան կուսակցութիւն), հիմնականում հայտնի է որպես «Վերակազմյալ հնչակյաններ» (արմտ. հայ.՝ Վերակազմեալ հնչակեաններ), հայկական քաղաքական կուսակցություն։ Ստեղծվել է 1896 թվականին՝ Հնչակյան կուսակցության պառակտման հետևանքով Լոնդոնում, Մեծ Բրիտանիա։

Վերակազմյալ Հնչյակյան կուսակցություն
Վերակազմեալ Հնչակեան կուսակցութիւն
Տեսակկուսակցություն
ԵրկիրՕսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Հիմնադրված1896 թվական
Լուծարված1921 թվականի հոկտեմբերի 1
ԳաղափարախոսությունՀայ ազգայնականություն
Քաղաքական հայացքաջակողմյան ուժեր
Պաշտոնական գույն(եր)կարմիր
ՀաջորդՌամկավար ազատական կուսակցություն

1919 թվականին նախատեսված է եղել միավորվել Ազատական միության և Սահմանադրական Ռամկավար կուսակցության (ՍՌԿ) հետ՝ «Ազատական կուսակցություն» անվանմամբ, սակայն այն չի իրականացվել։

1921 թվականին միավորվել է սահմանադիր ռամակավարների և այլ կուսակցությունների հետ՝ հիմնադրելով Ռամկավար ազատական կուսակցությունը։

Պատմություն խմբագրել

Հնչակյան մի խումբ գործիչներ՝ Միհրան Տամատյան, Արփիար Արփիարյան, Միհրան Սվազլյան, Լ. Մկրտչյան, Ս. Սուրենյան, Կ. Փափազյան և ուրիշներ, գտնելով, որ Թուրքիայում արդյունաբերական պրոլետարիատի բացակայության պայմաններում սոցիալական պայքարը հեռանկարային չէ, և որ այն «ավելորդ ու վնասակար է Հայկական հարցի լուծման համար», հանդես եկան միայն ագգային-ազատագրական պայքար մղելու պահանջով՝ միաժամանակ ձգտելով հայկական հարցը լուծել հնչակյան կուսակցության ծրագրի ոգով։ Անջատվածներն իրենց քաղաքական կազմակերպությանը տվեցին «Վերակազմյալ հնչակյաններ», իսկ 1898 թվականից՝ «Վերակազմյալ Հնչակյան կուսակցություն» անվանումը։ Վերակազմյալ հնչակյանների կազմակերպական կառույցը նույնն էր, ինչ Հնչակյան կուսակցությանը, սակայն հետագայում կրել է որոշակի փոփոխություններ։

1908 թվականիի երիտթուրքական հեղաշրջումից հետո Վերակազմյալ հնչակյանների գործունեության հիմնական վայրը դառնում է Թուրքիան։ Վերակազմյալ հնչակյանները հրաժարվեցին համազգային ապստամբության և անկախ Հայաստանի ստեղծման գաղափարից, առաջ քաշեցին սահմանադրական դեմոկրատական թուրքական պետության կազմում Հայաստանին ինքնավարություն տալու պահանջ։ Սակայն իրենց դեմոկրատ հորջորջած երիտթուրքերը 1914-15-ին Թուրքիայում կոտորեցին Վերակազմյալ հնչակյանների կազմակերպությունները, անդամներից շատերը դարձան ցեղասպանության զոհ։ Գոյատևած Վերակազմյալ հնչակյանները 1921 թվականին միացան Ռամկավար ազատական կուսակցությանը։

Աղբյուրներ խմբագրել