Նոր սերունդ մշակութային միություն (Բեյրութ)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նոր սերունդ մշակութային միություն (այլ կիրառումներ)

Նոր սերունդ մշակությաին միություն (ՆՍՄՄ), հայկական մշակութային կազմակերպություն է։ Ստեղծվել է 1955 թվականին, Բեյրութում։ Հիմնադիրներն են սփյուռքահայ գրողներ և մտավորականներ Հակոբ Նորաշխարհյանը (Նորունի), Ժիրայր Թոսունյանը (Ժիրայր Նաիրի), Աբիսողոմ Կրշկյանը (Հրանտ Գանգրունի), Պեպո Սիմոնյանը, Սաբզիս Խայյանը, Գաբրիել Մոլոյանը, Արշակ Գազանճյանը, Արամ Դեմիրճյանը։ Գործում է Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության հովանու ներքո։ Միության անմիջական նախաձեռնությամբ Լիբանանում սկիզբ է առել «Արարատ գրական» շարժումը։ Գրական համանուն ամսագրի շուրջ համախմբված մտավորականներն իրենց հիմնական խնդիրն են համարել բացահայտել և խրախուսել մշակութասեր, շնորհալի երիտասարդներին։ Այդ նպատակով պարբերաբար կազմակերպվել են գրական և մշակութային հարցերին նվիրված հանդիպումներ, հրավիրվել լիբանանահայ մտավորականության հեղինակավոր ներկայացուցիչներ։ Իր գոյության մոտ երկու տասնամյակների ընթացքում «Արարատ գրական» ամսագրի էջերում մկրտություն են ստացել բազմաթիվ շնորհալի գրողներ՝ բանաստեղծներ, արձակագիրներ, գրաքննադատներ։ ՆՍՍՄ-ն հայապահպան գործունեություն է ծավալում մշակույթի ամենատարբեր բնագավառներում՝ գրականություն, թատրոն, երաժշտություն, պարարվեստ։ 1960-ական թվական, երբ ընդհանրապես լիբանանյան թատրոնը վերելքի շրջան էր ապրում, միությունը հրապարակ է իջել իր «Արտավազդ» թատերախմբով (հայկական թատրոնի հիմնադիր Արտավազդ Բ թագավորի անունով)։ Անդրանիկ բեմադրությունը եղել է Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարը» (բեմադրիչ՝ Լյուդվիգ Թապագյան)։ Թատերախմբի գործունեությունը, որը կաևոր նշանակություն է ունեցել լիբանանյան թատրոնի զարգացման համար, ընդհատվել է 1975 թվականին՝ Լիբանանում սկսված քաղաքացիական պատերազմի հետևանքով։ 1985 թվականին թատերախումբը կոչվել է Ալեքսանդր Շիրվանզադեի անվամբ։ 1960-ական թվականներից միությունը ծավալել է նաև երաժշտական գործունեություն։ Երևանի Կոմիտասի անվան պետական երաժշտանոցի սան Կյուրեղ Մանկրյանի ղեկավարությամբ կազմավորվել է «Գարուն» երգչախումբը, որը կարևոր դեր է ունեցել գաղութի երաժշտական կյանքում։ Նշանակալի իրադարձություն էր նաև միության երգի-պարի համույթի կազմակերպումը։ 1982 թվականից պարուսույց Նորիկ Մեհրաբյանի ղեկավարությամբ երգի-պարի համույթը հաջող ելույթներ է ունեցել՝ արժանանալով լիբանանյան հանդիսատեսի բարձր գնահատանքին։ Իր գործունեությամբ մեծ հաջողություններ է արձանագրել և հրավիրվել է ներկայացնելու հայ մշակույթն ու պարարվեստը Լիբանանի Ջիբեյլ քաղաքում կայացած 1987 թվականի փառատոնին։ 1997 թվականին կազմավորվել է նաև «Արեգ» մանկապատանեկան պարախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Ծաղիկ Խաչատրյան). 1998 թվականին ունեցել է իր անդրանիկ ելույթը և արժանացել հայ և օաար պարվեստասերների ջերմ ընդունելությանը։ ՆՍՄՄ-ի նախաձեռնությամբ նշվում են հայ մշակույթի նշանակալի տարեթվերը, գրողների հոբելյանները, կազմակերպվում նոր լույս տեսած գրքերի քննարկումներ, գինեձոներ, երգահանդեսներ, գեղարվեստական երեկոներ, ոգեկոչումներ, Արցախին նվիրված ձեռնարկներ։ ՆՍՄՄ-ի կենտրոնական վարչության գրասենյակը գտնվում է Բեյրութում։ Միության մասնաճյուղերը գործում են Դամասկոսում, Հալեպում, Կահիրեում, Լոնդոնում, Սիդնեյում, Տորոնտոյում, Լոս Անջելեսում են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png