Փետրվարյան ապստամբություն


Փետրվարյան ապստամբություն, 1921 թվականի փետրվարի 18-ին սկիզբ առած հակախորհրդային շարժում Խորհրդային Հայաստանում։ Ճնշվել է 1921 թվականի ապրիլի 2-ին՝ բոլշևիկների կողմից Երևանի վերագրավումով։ Խորհրդային պատմագրության մեջ և մամուլում հիշատակվում էր որպես Փետրվարյան խռովություն[1]։ Երբեմն այն անվանում են քաղաքացիական պատերազմ Հայաստանում, սակայն իրականում դա ազգային ազատագրական ապստամբություն էր ընդդեմ գաղութային կարմիր ռուսական կայսրության[2]։

Հայոց պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590
Արատտա
Մ.թ.ա. 2800~16-րդ
Հայասա
Մ.թ.ա. 16-13-րդ
Վանի թագավորություն
Մ.թ.ա. 9-6-րդ
Հին շրջան
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Խաչենի իշխանություն
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի առաջին հանրապետություն
Լեռնահայաստան
Խորհրդային Հայաստան
Արցախյան ազատամարտ
Հայաստան
Արցախի Հանրապետություն

Հայաստանի պորտալ

Ապստամբության սկիզբ

խմբագրել

Հայաստանի դեմ ռուս-թուրքական համատեղ ագրեսիան հանգեցրեց Հայաստանի հանրապետության կործանմանը. 1920 թվականի դեկտեմբերին դաշնակցականները Հայաստանի Հանրապետության կառավարումը հանձնում են բոլշևիկյան Ռուսաստանին։ Հայաստանի խորհրդայնացումից հետո ձերբակալվեցին շուրջ 1000 դաշնակցականներ, որոնցից շատերն սպանվեցին, մյուսներն էլ ուղարկվեցին Բաքվի և Ռուսաստանի բանտեր[3]։

Խորհրդահայ պատմագրությունը այն տեսակետին էր, որ ապստամբությունը նախապատրաստեցին դաշնակցականները՝ իրենց գաղափարախոսությանն ու ծրագրերին ոչ հարիր վարչակարգը տապալելու համար՝ Հայաստանի խորհրդայնացումից անմիջապես հետո։ Իսկ դաշնակցականները պնդում էին, որ ապստամբությունը համաժողովրդական դժգոհության արդյունքներ էր և սկսվել է տարերայնորեն ու միայն որոշ փուլում է այն դարձել կազմակերպված ու ղեկավարվող շարժում, զինված կռիվ։ Ճիշտ է երկրորդ կարծիքը, քանզի բոլշևիկները խեղդել էին Հայոց պետականությունը, ճնշում էին ժողովրդին թէ՛ ֆիզիկապէս, թէ՛ բարոյապէս։ Ազգային զուտ ֆիզիկական գոյության և ազգային արժանապատվության հարց էր՝ ապստամբե՞լ, թէ՞ չապստամբել։

Ապստամբության պատճառներ

խմբագրել

Խորհրդային իշխանության հաստատման պահին երկրի քաղաքական և տնտեսական վիճակն անմխիթար էր. նորաստեղծ հանրապետության տարածքի կեսից ավելին բռնազավթված էր թուրք նվաճողների կողմից։ Այդ օրհասական պայմաններում հայ ժողովուրդը նոր իշխանությունից, Երևանի համաձայնագրի դրույթներից և բոլշևիկների` բազմիցս տրված խոստումներից ու հայտարարությունից ելնելով, հույսով էր, որ կպաշտպանվեր Հայաստանի անկախությունը, կվերականգվեր պատերազմի հետևանքով քայքայված տնտեսությունը, վերջ կդրվեր պատերազմին, և թուրքերը կհեռանային Հայաստանի սահմաններից։ Բացի այդ, Ռուսաստանի միջամտությամբ բարեկամական հարաբերություններ կհաստատվեին Թուրքիայի և Հայաստանի միջև, կվերականգվեր երկրի խաղաղությունը, և ժողովուրդը խաղաղ շինարարության հնարավորություն կունենար։ Այն համոզումը կար, որ Ռուսաստանը տնտեսական խոշոր օգնություն ցույց կտար, կվերականգնվեր երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի և հարևան Վրաստանի, Ադրբեջանի ու Պարսկաստանի միջև, Ռուսաստանից հագուստեղեն և այլ ապրանքներ կբերվեին, Բաքվից` վառելիք և վերջապես հալածանքի չէին ենթարկվի ոչ կոմունիստական քաղաքական կուսակցությունների պատկանող անդամները[4]։

Դժբախտաբար, ժողովրդի սպասելիքներից ոչ մեկը չարդարացավ, ու դեպքերն ընթացան ի վնաս հայության ու Հայաստան աշխարհի։ Խորհրդային Հայաստանի անդրանիկ մարմինը՝ Հեղկոմը, իր գործունեությունը սկսեց Երևանի համաձանագրի խախտումով։ Հատկանշական է, որ համաձայնագրի խախտողներից առաջինը Ռուսաստանի կողմից այն ստորագրած Բ. Լեգրանն էր։ Նա Երևանի համաձայնագրի ստորագրման օրը՝ դեկտեմբերի 2-ին, ստորագրեց մի ՙՀրամանաթուղթ՚՝ համաձայն որի ձերբակալվեցին Հայաստանի հին կառավարության բոլոր անդամները։ Հեղկոմի ձեռնարկած այս քայլերն ամբողջովին հակասում էին այդ նույն օրը Դրոյի և Տերտերյանի հետ ստորագրած համաձանագրի ոգուն։ Երևանի համաձայնագիրը փաստորեն չարժանացավ Հայհեղկոմի հավանությանը, իր իշխանության առաջին իսկ օրերին նա ՙանվավեր ճանաչեց՚ և ՙառ ոչինչ համարեց դեկտեմբերի 2-ի ակտը՚[5]: Այս քայլը խոր դժգոհություն առաջ բերեց երկրում և սկիզբ դրեց հակախորհրդային խմորումներին։ Ստանձնելով իշխանությունը` Հայհեղկոմը անմիջապես դիմեց քաղաքական բռնաճնշումների։ Խորհրդային Հայաստանում հայ բոլշևիկները կրկնեցին Խորհրդային Ռուսաստանում 1918-1920 թթ. բոլշևիկների կիրառած կառավարման ձևերը և փորձեցին իրականացնել նույն քաղաքականությունը։ Ալ. Բեկզադյանը հայտարարում էր. ՙՀայաստանի բանվորները և գյուղացիները, երկրի իշխանությունը իրենց ձեռքը վերցնելով, քաղաքականության մեջ պետք է հետևեին Խորհրդային Ռուսաստանին՚[6]: Հեղկոմի համար անընդունելի էր նաև Դրոյի ներկայությունը Երևանում։ Մեծ էր նրա ունեցած ազդեցությունը ժողովրդի և ընդհանուր հանրային կարծիքի վրա։ Բոլշևիկները ՙԳայլեր գառան մորթիներում՚ խորագրով հոդվածում պահանջում էին կարմիր բանակի շարքերից հեռացնել Դրոյին և Սիլիկյանին[7]։ Կուսակցության որոշմամբ ու իր համաձայնությամբ քաղաքացիական կռիվների առիթ չտալու համար Դրոն աքսորի ճամփան բռնեց և 1921 թ. հունվարի 10-ին դուրս եկավ Երևանից։ Դրոյի հեռանալուց հետո Չեկան ավելի սանձարձակ սկսեց գործել։ Դրան նպաստեց նաև 11-րդ բանակի Հատուկ բաժնի ներկայացուցիչ Գևորգ Աթարբեկյանի ժամանումը Հայաստան` 1921 թ. հունվարի 12-ին[8]։ Նա պահանջում էր Համառուսաստանյան Չեկայի հրահանգների համաձայն` առանց որևէ քննության և արագ կերպով ձերբակալել անխտիր բոլոր սպաներին։ ՙԱթարբեկյանը նախապատվությունը տալիս էր բռնությանն ու զենքին։ Նա պատրաստ էր ձերբակալել բոլորին,- գրում բոլշևիկ Հ. Կարապետյանը[9]։ Գ. Աթարբեկյանի պահանջով 1921 թ. հունվարի 20-ին կատարվեց նախկին սպաների նոր ցուցակագրություն, և ձմռան ցրտին նրանց բոլորին ոտքով, Սեմյոնովկայի լեռնանցքով հասցրին Աղստաֆա, այստեղից գնացքով Բաքու, ապա Ռյազան։ Նրանց մեջ էին գեներալներ Թ. Նազարբեկյանը, Դ. Փիրումյանը, Մ. Սիլիկյանը, Ա. Հովսեփյանցը և ուրիշներ։ Գնդապետ Պողոս ԲեկՓիրումյանցը, չտանելով ահավոր նվաստացումը (վաստակած ուսադիրներ պոկել էին ու ծաղրում էին), Երևանում ինքնասպան եղավ (հունվարի 19-ին)։ Հայկական բանակի սպայական անձնակազմի աքսորից հետո բոլշևիկների բռնություններն ավելի սաստկացան։ Եվ ահա, փետրվարի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցան մասսայական ձերբակալություններ։ Պետք է նշել, որ Հեղկոմը, չբավարարվեց միայն հեղափոխության ՙթշնամիների՚ բնաջնջումով։ Անօրեն բռնություններից զերծ չմնաց նաև հասարակ ժողովուրդը։ Ժողովրդի նկատմամբ բռնությունների կիրառման գործընթացը ևս սկսվեց Հայաստանի խորհրդայնացման առաջին իսկ օրից։ Հայաստանի նորաստեղծ խորհրդային իշխանությունը հետևեց Խորհրդային Ռուսաստանի օրինակին ու փորձին` երկրի ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական քաղաքականության իրականացման ժամանակ։ Խոսքը վերաբերում է այսպես կոչված ՙռազմական կոմունիզմի՚ քաղաքականությանը, որը Ռուսաստանում սկսել էր կենսագործվել 1918 թ. քաղաքացիական պատերազմի պայմաններում, իսկ քաղաքացիական կռիվների ավարտից հետո` 1920 թ. վերջին ու 1921 թ. սկզբին այնտեղ արդեն մտածում էին ՙռազմական կոմունիզմից՚ հրաժարվելու և նոր քաղաքականության անհրաժեշտության մասին։ Այս հանգամանքը, սակայն, չխանգարեց Հայաստանի ղեկավարներին, որոնք շտապեցին այստեղ կրկնել ռուսական օրինակը։ Այսպես, Հայաստանում ընդունվեցին բռնագրավման բազում դեկրետներ ու հրամաններ, որոնք էլ ավելի անտանելի դարձրեցին հայ ժողովրդի վիճակը։ Հեղկոմի իշխանության օրոք ծանր էր երկրի ոչ միայն ներքին վիճակը, այլ նաև արտաքին դրությունը։ Խորհրդայնացումից հետո էլ Հայաստանը կտրված մնաց արտաքին աշխարհից։ Վրաստանը արգելեց Բաթումից Հայաստան պարենի ու ապրանքների փոխադրությունը` դրանով իսկ ավելի խորացնելով Հայաստանի շրջափակումը։ Իրավիճակը նույնն էր նաև տարածքային վեճերի պարագայում (Ղարաբաղ, Զանգեզուր, Նախիջևան, Լոռի)։ 1920 թ. նոյեմբերի 30-ին Ադրբեջանի Հեղկոմի ղեկավար Ն. Նարիմանովի` Հայհեղկոմին ուղարկած հեռագիրը, որով Խորհրդային Ադրբեջանը Հայաստանին եղբայրաբար զիջում էր Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը, մնաց լոկ փաստաթուղթ։ Ղարաբաղը մնաց Ադրբեջանի ձեռքում, Նախիջևանն էլ` թուրք -բոլշևիկյան գրավման տակ։ Ռուսաստանից պարեն ստանալու հույսն էլ ի դերև եղավ։ Շատ ավելի բարդ էր բոլշևիկների հարաբերությունները թուրքերի հետ։ Բոլշևիկները հավատացնում էին ամենքին, թե թուրքերի թշնամությունը դեպի հայերը հետևանք է դաշնակցականների նկատմամբ տածած ատելության. բավական է Հայաստանը հայտարարել խորհրդային և եղբայրական ձեռք մեկնել թուրքերին, թուրք-հայկական հարաբերությունները կբարելավվեն, և թուրքական բանակը անմիջապես կհեռանա Ալեքսանդրապոլից ու Կարսից։ Բայց Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո քեմալականները չդադարեցին հայ ժողովրդի դեմ իրենց դավերը։ Այժմ նրանք սկսեցին տարածել նոր վարկած, թե Հայաստանի նորահաստատ իշխանությունը կեղծ է, ըստ էության խորհրդային չէ, այլ դաշնակցական իշխանության մի տարբերակ` քողարկված բոլշևիզմի դրոշով։ Եվ որպես ապացույց նշում էին Հայաստանի առաջին խորհրդային կառավարության մեջ Դրոյի ներկայությունը։ Փաստորեն, բոլշևիկյան իշխանությունը ոչ միայն չկատարեց Երևանի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, այլև հետագա շաբաթներին լայնածավալ բռնություններ իրականացրեց երկրում։ Այս ամենը ժողովրդի աչքում վարկաբեկեց նոր իշխանություններին։ Ավելին` Հայաստանում բոլշևիկների կողմից իրականացված բռնությունները հանգեցրին ներքաղաքական իրադրության կտրուկ սրման։ Այս ենթագլխում մանրամասն ներկայացնելով հեղկոմի իրականացրած ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունըª հանգել ենք այն եզրակացության, որ փետրվարյան ապստամբության նախադրյալներն ու պատճառները ստեղծել են հենց իրենք բոլշևիկները` իրենց վարած հանցավոր քաղաքականությամբ։ Ուշագրավ է այն հանգամանք, որ Հեղկոմի վարած քաղաքականության հետ են կապում ապստամբության պատճառները նույնիսկ բոլշևիկ մի շարք գործիչներª Ա. Հովհաննիսյանը, Ա. Մռավյանը և այլք։

Հայաստանի Հանրապետության բնակչության նկատմամբ վարվող դաժան «ռազմական կոմունիզմի» քաղաքականությունը և ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը զավթած խորհրդային իշխանությունների ամբողջ ներքին և արտաքին քաղաքականությունը ուժեղ դժգոհություն առաջացրեց հայ հասարակություն բոլոր խավերում[10]։ Դժգոհությունը բառացիորեն սրվոմ էր օրեցօր՝ ճգնաժամային իրադրություն ստեղծելով երկրում իշխող և տակավին չամրապնդված ռուսական նոր գաղութային կարգերի, այսինքն՝ խորհրդային իշխանության համար[10]։ Դրությունը դառնում էր պայթյունավտանգ և հղի էր խորհրդային փաստորեն օկուպացիոն իշխանության նկատմամբ ապստամբության վտանգով[10]։ Եվ դա այնքան ակնառու էր, որ չէին թաքցնում նաև խորհրդայնացված Հայաստանի նոր՝ բոլշևիկ ղեկավարները[10]։ Այսպես՝ Այդ մասին բավական առարկայորեն գերլ է Հայաստանի կոմունիստների ղեկավարներից Ասքանազ Մռավյանը՝ Մոսկվայի իր ղեկավարներին ուղղված համապատասխան նամակում[10]։

 
Ասքանազ Մռավյան, խորհրդային Հայաստանի առաջին բոլշևիկյան կառավարիչներից մեկը։
 
Երևանի բանտում բոլշևիկների կողմից կացնահարված հայ ռազմական և քաղաքական գործիչների դիակները

1921 թվականի փետրվարի 1-10 ձևավորվում է Հայաստանի Փրկության Կոմիտեն ինը գործիչներից Սիմոն Վրացյանի գլխավորությամբ։ Փետրվարի 13-ին այն հայտարարեց քաղաքացիական ապստամբություն, որի ազդանշանը տվեցին Արագածի ստորոտում վերաբնակված սասունցիները։ Նրանք օգտվել էին այն հանգամանքից, որ Կարմիր բանակի զորամասերը դուրս էին եկել Հայաստանից՝ Վրաստանը խորհրդայնացնելու նպատակով։ Ժողովրդական ապստամբությունը և քաղաքացիական կռիվներն սկսվեցին տարերայնորեն և ընդգրկեցին մի քանի շրջաններ։ Փետրվարի 16-18-ը ապստամբները նախկին խմբապետերի գլխավորությամբ իշխանությունը վերցրին իրենց ձեռքը։ Փետրվարի 18-ին Կուռո Թարխանյանի և Բաշգառնեցի Մարտիրոսի գլխավորությամբ ապստամբները մտան Երևան, որտեղ ստեղծվեց «Հայրենիքի փրկության կոմիտե»[11]՝ նախկին վարչապետ Սիմոն Վրացյանի նախագահությամբ։

 
Գնդապետ «Կուռո» կամ Սուրեն Թարխանան, Հայաստանի ապստամբական ուժերի ղեկավարներից մեկը։
 
Սիմոն Վրացյան, Հայաստանի անկախ հանրապետության վերջին վարչապետ։
  Բոլշևիկյան իշխանությունը Հայաստանում վերացված է։ Մինչև կառավարության կազմվելը ամբողջ իշխանությունը գտնվում է Հայրենիքի փրկության կոմիտեի ձեռքում։  

Մինչև հետ քաշվելը՝ բոլշևիկները մեկ գիշերվա ընթացքում կացնահարեցին Երևանի բանտում պահվող գրեթե բոլոր բանտարկյալներին։ Նրանց մեծ մասը նախկին պաշտոնյաներ ու ռազմական գործիչներ էին, ում բոլշևիկները ձերբակալել էին իշխանության գալուց անմիջապես հետո։ Սպանվածների թվում էին Համազասպ Սրվանձտյանը, գնդապետ Ղորղանյանը, ֆիդայիներ Սերգոն, Մակեդոնը, Գրիգորը և այլք[12]։

Բոլշևիկյան կուսակցության ղեկավար մարմինները մի քանի ջոկատներով և 2 զրահագնացքով լքեցին Երևանը և կենտրոնացան Ղամարլու (Արտաշատ) - Վեդի-Բասար (Արարատ) շրջանում, որտեղ ապստամբները շրջապատեցին նրանց։ Խորհրդային իշխանությունը պահպանվեց Հայաստանի հյուսիսում՝ Համամլու (Սպիտակ) - Ղարաքիլիսա (Վանաձոր) - Դիլիջան - Շամշադին (Տավուշ) գոտում։

Ապստամբության ընթացքը և ավարտը

խմբագրել

Հայրենիքի Փրկության կոմիտեն շտապեց պետություններին տեղեկացնել իր հաղթանակի և Հայաստանում խորհրդային իշխանության տապալման մասին[13]։

Խորհրդային իշխանությունը, որ պահպանել էր իր դիրքերը Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում, նախապատրաստվում էր հակախորհդային ապստամբությունը, այսինքն՝ փաստորեն՝ հայկական ժողովրդական ազատագրական շարժումը ճնշելու, մայրաքաղաք Երևանը վերագրավելու[13]։

Փետրվարի 18–ին՝ Երևանի ազատագրման օրը, տապալված խորհրդային Հայաստանի չեկայի ղեկավար Շավարշ Ամիրխանյանը, զինվորական ժողկոմ Ավիս Նուրիջանյանը և հեղկոմի նախագահի տեղակալ Իսահակ Դովլաթյանը հայկական «կարմիր» բանակի շտաբի միջոցով Բաքու՝ Գրիգորի Օրջոնիկիձեին հեռագրեցին, թե Հայաստանում ռուսական զորամասեր չկան, քանզի դրանք դուրս են բերվել 11–րդ Կարմիր բանակի հրամանատար Գեկկերի պահանջով՝ այլ խնդիրներ կատարելու համար, իսկ հայկական «կարմիր» բանակի զորամասերը քիչ հույս են ներշնչում խորհրդային իշխանության վերականգնման համար պայքարի գործում[14]։

 
«Սերգո» կամ Գրիգորի Օրջոնիկիձե, Կովկասի բոլշևիկյան ռազմաքաղաքական ղեկավարներից մեկը

Պատերազմող կողմերի ուժերի հարաբերակցությունը

խմբագրել

Մինչև ռուսական կարմիր զորքերի ժամանումը կռվող ուժերի փոխհարաբերությունը հօգուտ ապստամբած հայկական ժողովրդական ուժերի և նրանց կողմն անցած հայկական կարմիր բանակի զորամասերի էր[15]։ Բայց նրանց միջև թվաքանակի տարբերությունը շատ մեծ էր։

Հարավային ռազմաճակատում՝ ապստամբների դեմ կռվում էին Ղամարլուի շրջանում գտնվող հայկական «կարմիր» բանակի մնացորդներն էին, որոնց հրամանատարը ռուսական բոլշևիկյան զինվորական Մոլկոչանովն էր։ Դրանք խաբեւոթյան բոլշևիկների հետ տարված Հայկական «կարմիր» բանակի Երկրորդ և Երրորդ զորագնդերն էին, ինչպես նաև ռուսական կարմիր բանակի 178–րդ զորագունդը։ Դրանց դեմ կռվում էին Փոքր Վեդի – Խոր Վիրապ հատվածում մարտնչող հայկական ապստամբական ուժերը։

Համալուի (ներկայիս Սպիտակ) ուղղությամբ կարմիրներն ունէին մինչև հազար սուր և սվին[16]։

Ախտա–Սեմյոնովկայի կամ Հրազդան–Սևանի ուղղությամբ ևս կարմիրների ուժերը չէին անցնում հազարից[16]։

Հյուսիս–արևելյան կամ Սպիտակի ռազմաճակատում հայկական ապստամբական ուժերը գործում էին Բաշ–Ապարանից դեպի Սպիտակ գծով՝ ունենալով հինգ հարյուր կանոնավոր զորք, ինչպես նաև հազար հարյուր հոգի ժողովրդական վաշտերը։ Դրանց ընդհանուր հրամանատարն էր Քենդերյանը։ Նրա զորքերը պահում էին Սպիտակի բարձունքները և փորձում էին առաջանալ դեպի Ղարաքիլիսա՝ ներկայիս Վանաձոր։ Հյուսիս–արևելյան կամ Ախտայի, այսինքն ներկայիս Հրազդանի ռազմաճակատում ապստամբական ուժերի հրամանատարն էր Արամ Դավոյանը, որին հետագայում փոխարինեց գնդապետ Սարգսյանը։ Այստեղ ազգային ապստամբական զգալի ուժեր էին կենտրոնացվել, քանզի Երևան–Սևան ճանապարհը կարևոր նշանակություն ուներ Հայաստանի և նրա ազատագրական պայքարի համար։ Ռազմաճակատ էին ժամանել Հայաստանի փրկության կոմիտեի մի քանի անդամներ։ Այս ռազմաճակատի Նոր Բայազետի (ներկայումս՝ Գավառ) հատվածում, ապստամբներին օգնության էին եկել Գարեգին Նժդեհի վաշտերը[17]։

Մարտական գործողությունների ընթացքը

խմբագրել

Մարտական գործողություններն ընթանում էին երեք ռազմաճակատում։

Հարավային ռազմաճակատը՝ Երևանից հարավ։

Հյուսիս–Արևելյան ռազմաճակատ՝ Ախտա–Սեմյոնովկա ուղղության վրա։

Հյուսիս–արևմտյան ռազմաակատ՝ Բաշ–Ապարան – Համալու ուղղության վրա։

Ապստամբությունը հաղթելու որոշակի հնարավորություններ ուներ, քանզի հենվում էր ժողովրդական զանգվածների, առաջին հերթին՝ արևմտահայ գաղթական բնակչության աջակցության վրա։ Սակայն փոքրաթիվ բնակչությամբ, պատերազմներում հյուծված, եղեռնից գրեթե կիսով չափ ոչնչացված հայ ժողովրդի համար իր ունեցած սահմանափակ ռազմական ու տնտեսական ռեսուրսներով շատ դժվար էր պայքարել վիթխարի ռուսական կոմունիստական կայսրության դեմ։

Ռուսական 11-րդ բանակի ուժերի մի մասը Վրաստանից եկավ Հայաստան՝ ապստամբությունը ճնշելու և Երևանը վերագրավելու համար։

1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում Բոլշևիկյան Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի միջև կնքվում է բարեկամության և եղբայրության պայմանագիր։ Մարտի 20-ին ռուսական բանակի ռազմական խորհրդի անդամ Գեորգի Օրջոնիկիձեն վերջնագիր է ներկայացնում Հայաստանի ապստամբած ժողովրդին և նրա ղեկավարությանը։ Վերջնագիրը Թիֆլիսից Երևան է բերում բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ Սակայն Թումանյանին չի հաջողվում համոզել Վրացյանին և վերջնագիրը մնում է անպատասխան։

Պարտություն

խմբագրել
 
Հայաստանի փրկության կոմիտեի հրամանատարական կազմը 1921 թվականին

Խորհրդային զորքերը ապստամբության սկզբից 42 օր անց՝ ապրիլի 2-ին, մտան Երևան, որտեղ վերահաստատվեց խորհրդային իշխանությունը։

 
Նյու Յորք Թայմս (17 մարտ, 1921 թվական).
«Հայ ապստամբները տապալել են
խորհրդային իշխանությունը»

Հաշվի առնելով ուժերի խիստ անհավասարությունը և խուսափելով նոր զոհերից, ապստամբները Բաշ-Գյառնիի վրայով նահանջեցին Զանգեզուր, որտեղ շարունակվում էին Գարեգին Նժդեհի ղեկավարած ինքնապաշտպանական մարտերը։ Հայաստանում խորհրդային իշխանության հաղթանակն անխուսափելի էր, քանի որ դրա թիկունքում կանգնած էր Խորհրդային Ռուսաստանը։ Ապստամբությունը անխուսափելի էր, իսկ նրա հաղթանակը՝ չէր բացառվում, այնպես որ դաշնակցականները ճիշտ արեցին, գլխավորելով ժողովրդական զինված ապստամբությունը։

Դաշնակցական ապստամբների առաջին խնդիրն ընկերներին բանտարկությունից ազատելն էր։ Այնուհետև իշխանության գրավումը, ուժերի գոյություն ունեցող հարաբերակցության պայմաններում, կարող էր հեռանկար ունենալ, եթե խորհրդային Ռուսաստանը պարտություն կրեր այլ ճակատներում, կամ Հայաստանին օգնություն հասներ արտաքին աշխարհց։ Այնուամենայնիվ, Դաշնակցության կողմից ապստամբության ղեկավարումը անհրաժեշտ քայլ էր, և բխում էր ազգային շահերից։

Ապստամբությունը վրիժառության հանգեցրեց Ռուսաստանի բոլշևիկյան իշխանությունների կողմից։ Ապստամբության օրերին Մոսկվայում ընթացող Խորհրդային Ռուսաստան-Թուրքիա բանակցությունները հանգեցրին Հայաստանի համար ոչ ձեռնտու պայմանագրի կնքմանը։ Թեպետ առանց ապստամբության էլ, ռուսներն ու թուրքերն արդեն որոշել էին Հայաստանի սահմանների հարցը և Հայկական որևէ պատվիրակության չէր թույլ տրվելու մասնակցել բանակցություններին։ Նոր պայմանագիրը կրկնում էր ռուս–թուրքական համատեղ ագրեսիայի ճնշման տակ դաշնակցականների կնքած Ալեքսանդրապոլի պայմանագրի կետերի մեծ մասը։ Մոսկովյան բոլշևիկյան իշխանությունները՝ քեմալական թուրքերի հետ որոշել էին, որ հայաստանի խորհրդային հանրապետության սահմաններն անցնելու են Արաքս և Ախուրյան գետերով՝ կիսելով Արարատյան և Շիրակի դաշտերը։

Կոմունիստական վարչակարգի վերահաստատում

խմբագրել
 
Ալեքսանդր Մյասնիկյան

Խորհրդային իշխանության վերահաստատումից հետո Հայաստանի նախկին ղեկավար մարմինը՝ Ռազմհեղկոմը, վերակառուցվեց Ժողովրդական կոմիսարների խորհրդի (ԺողԿոմԽորհ), որի նախագահ նշանակվեց ՌԿ(բ)կ Կենտկոմի որոշումով Հայաստան ժամանած Ալեքսանդր Մյասնիկյանը («Մարտունի», 1886-1925)։ Մինչ այդ նա Բելառուսում ու Ռուսաստանում ձեռք էր բերել ղեկավար աշխատանքի մեծ փորձ։ Մեկ տարի գործելով Հայաստանում՝ նա մեծ դեր խաղաց քաղաքական լարվածության մեղմացման, հայ մտավորականությանը Հայաստանում համախմբելու, երկիրը խաղաղ շինարարության ուղի փոխադրելու գործում։ Այնուհետև Ալեքսանդր Մյասնիկյանը ղեկավար աշխատանքի տեղափոխվեց Թիֆլիս, որտեղ աշխատանքի նշանակվեց նորաստեղծ քաղաքական միավորի՝ Անդրկովկասյան Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում։ 1925 թվականին նա զոհվեց ինքնաթիռի վթարից։

Պարտության պատճառները

խմբագրել
  1. Միջազգային հանրությունը չաջակցեց ապստամբությանը, որովհետև նոր էր ապաքինվում Առաջին համաշխարհային պատերազմի վերքերից։
  2. Ապստամբության ժամանակ՝ մարտի 16-ին Քեմալական Թուրքիան և Բոլշևիկյան Ռուսաստանը Մոսկվայում ստորագրեցին ռուս-թուրքական եղբայրության պայմանագիրը, որով Ռուսաստանն և Թուրքիան պայմանավորվեցին կիսել Հայաստանը։
  3. Ռուսաստանը 4 օր անց վերջնագիր ներկայացրեց Հայաստանին, ևս 5 օր հետո զորք մտցրեց Հայաստան, միաժամանակ Թուրքիան զորք մոտեցրեց Հայաստանի սահմաններին։
  4. Չունենալով բավարար միջոցներ ռուս-թուրքական ագրեսիային դիմակայելու համար, Հայաստանի ղեկավարությունը, զինվորականները, հարյուրավոր հոգևորականներ, մտավորականներ և սպաներ հեռացան Հայաստանից։

Ապստամբության նշանակությունը

խմբագրել

1921 թվականի Փետրվարյան ապստամբությունը Խորհրդային Միության տարածքում առաջին ապստամբություն էր խորհրդային արյունարբու իշխանության դեմ, որն ավարտվեց թեկուզ ժամանակավոր, բայց հաղթանակով։ Ավելի քան քառասուն օր շարունակ Հայաստանը անկախ էր։ Իսկ հետո այդ անկախությունը շարունակվեց Լեռնահայաստանում, որի ազատությունը վերջնականապես ճնշվեց խորհրդային Ռուսաստանի կարմիր զորքերի կողմից 1921 թվականի հուլիսի 15–ին։ Այսպիսով, Անկախ Հայաստանի պատմությունը ոչ թե տևել է ընդամենը երկուս և կես տարի, այլ գրեթե երեք տարի՝ մինչև 1921 թվականի հուլիսի 15–ը[2][18][19]։ 1921 թվականի Փետրվարյան Ապստամբության շնորհիվ բանտերից և վերահաս հալածանքներից ազատվեցին ապստամբության շնորհիվ բանտերից ազատվեցին պետական,հասարակական, քաղաքական, մտավորական գործիչներ, մարտական առաջնորդներ,ուսանողներ, որոնք փրկվեցին վերահաս մահից։ Փրկուած առաւել յայտնի գործիչների թւում էին, մասնաւորապէս, Հովհաննես Քաջազնունին, Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը, բազմաթիվ այլ պետական գործիչներ, հոգևորականներ, մտավորականներ և սպաներ[2][18][19]։

Գարեգին Նժդեհի պայքարի, ինչպես նաև ապստամբության ազդեցության շնորհիվ Զանգեզուրը չտրվեց Ադրբեջանին, այլ մնաց Հայաստանի կազմում[2][18][19]։

Փետրվարյան ապստամբությունը նպաստեց, որ խորհրդային իշխանությունները ձեռնամուխ լինեն հայկական բանակի աքսորված սպաներին ազատ արձակելու և նրանց Հայաստան վերադարձնելու գործին։ Եվ շուտով իշխանությունների ձեռնարկած քայլերը տվեցին իրենց արդյունքները. արդեն մայիսին ազատ արձակվեց ու աքսորից Հայաստան վերադարձավ սպաների մեծ մասը[2][18][19]։

Փետրվարյան ապստամբությունը թեկուզ ժամանակավորապես, այնուամենայնիվ, սթափեցնող ազդեցություն գործեց Խորհրդային կենտրոնական իշխանությունների և նրանց տեղական սատրապների սանձարձակ գործունեության վրա[2][18][19]։

Ապստամբության շնորհիվ հայությունը փրկվեց այսպես կոչված ՙՙՀայաստանի հեղափոխական կոմիտեի՚՚, համառոտ՝ Հայհեղկոմի կամ իրենց հարազատ ռուսերենով՝ ԱրմՌեվԿոմ–ի կողմից իրականացվող կործանարար քաղաքանությունից։ Ինչպես Մոսկվայում, այնպես էլ՝ Երևանում ռուսական խորհրդային իշխանությունները դաս առան, Խորհրդային Հայաստանի ոչ կոմունիստ տարրերի նկատմամբ սկսեցին վարել հանդուրժողական քաղաքականություն, դադարեցին բռնագրավումները, մտավորականության նկատմամբ բացահայտ անվստահությունը փոխարինվեց սիրաշահումով և հոգատարությամբ։ Ռուսական իշխանությունները և դրանց տեղական կամակատարները այսուհետև ստիպված էին առավել զգուշորեն իրականացնել իրենց քաղաքականությունը Հայաստանում։ Ի վերջո, դրական նշանակություններից մեկը նաև այն էր, որ խորհրդային իշխանության վերահաստատումից հետո քայլեր ձեռնարկվեցին Հայաստանում գտնվող ռուսական զորամասերի վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ մեղմելու համար[2][18][19]։

Ապստամբության պատմությունը խորհրդային բռնազավթման տարիներին ոգեշնչել է վաթսունականների երկրորդ կեսից մինչև ութսունականների վերջերը գործած Ազգային միացյալ կուսակցության անդամներին և անկախության պայքարի մյուս նվիրյալներին[2][18][19]։

Տես նաև

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
  • 1921 թվականի Փետրվարյան ապստամբությունը։ [1]
  • Ավանտյուրա՞, Թե՞ Ապստամբություն․ Ինչ Տեղի Ունեցավ 1921 Թ․ Փետրվարին։ [2]
  • Խորհրդային Հայաստանը 1920-1945 թվականներին։ Խորհրդային վարչակազմի հաստատումը։ Փետրվարյան ապստամբությունը և քաղաքացիական կռիվները։ Իշխանության մարմինների ստեղծումը։ Փետրվարյան ապստամբությունը և քաղաքացիական կռիվները։ [3]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայոց Պատմութիւն։ Հատոր 4-րդ։ Գիրք Առաջին։ Նորագոյն ժամանակաշրջան, 1918-1945 թթ.: ՀՀ Գիտութիւնների Ազգային Ակադեմիա։ Պատմութեան ինստիտուտ։ Երևան, 2010 թ.: Էջեր՝ 295-312:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Փետրվարյան ապստամբության 99-րդ տարեդարձը. Ուղիղ։
  3. Հայոց Պատմութիւն։ Հատոր 4-րդ։ Գիրք Առաջին։ Նորագոյն ժամանակաշրջան, 1918-1945 թթ.: ՀՀ Գիտութիւնների Ազգային Ակադեմիա։ Պատմութեան ինստիտուտ։ Երևան, 2010 թ.: Էջեր՝ 254-295:
  4. Ա․Աստուածատրեան, Փետրուարեան Ապստամբությունը։ ՙՀայրենիք՚, Բոստոն, 1965, թիվ 9, էջ 30։
  5. Հովհաննիսյան Ա․, Համազգային կրիզիսը։ Երևան, 1926, էջ 26։
  6. Ալ․ Բեկզադյան, Նամակներ, հոդվածներ, փաստաթղթեր։ Երևան, 1981, էջ 83-84։
  7. Հայաստանի Ազգային Արխիվ, ֆոնդ 1022, ցուցակ 2, գործ 191, թերթ 1։
  8. Հայաստանի Ազգային Արխիվ, ֆոնդ 1438, ցուցակ 1, գործ 10, թերթ 12։
  9. Հ. Կարապետյան, Մեծ պայքարի մարդիկ, գիրք I, Երևան, 1963, էջ 427։
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Հայոց Պատմութիւն։ Հատոր 4-րդ։ Գիրք Առաջին։ Նորագոյն ժամանակաշրջան, 1918-1945 թթ.: ՀՀ Գիտութիւնների Ազգային Ակադեմիա։ Պատմութեան ինստիտուտ։ Երևան, 2010 թ.: Էջ 295։
  11. Հայրենիքի փրկության կոմիտեն(չաշխատող հղում)
  12. «Ի հիշատակ կացնահարվածների»
  13. 13,0 13,1 Հայոց Պատմութիւն։ Հատոր 4-րդ։ Գիրք Առաջին։ Նորագոյն ժամանակաշրջան, 1918-1945 թթ.: ՀՀ Գիտութիւնների Ազգային Ակադեմիա։ Պատմութեան ինստիտուտ։ Երևան, 2010 թ.: Էջ՝ 303:
  14. Հայաստանի Ազգային Արխիվ։ ֆոնդ 113, ցուցակ 3, գործ 47, թերթեր՝ 2, 3, 106:
  15. Հայոց Պատմութիւն։ Հատոր 4-րդ։ Գիրք Առաջին։ Նորագոյն ժամանակաշրջան, 1918-1945 թթ.: ՀՀ Գիտութիւնների Ազգային Ակադեմիա։ Պատմութեան ինստիտուտ։ Երևան, 2010 թ.: Էջ 305։
  16. 16,0 16,1 Հայոց Պատմութիւն։ Հատոր 4-րդ։ Գիրք Առաջին։ Նորագոյն ժամանակաշրջան, 1918-1945 թթ.: ՀՀ Գիտութիւնների Ազգային Ակադեմիա։ Պատմութեան ինստիտուտ։ Երևան, 2010 թ.: Էջ 306։
  17. Հայոց Պատմութիւն։ Հատոր 4-րդ։ Գիրք Առաջին։ Նորագոյն ժամանակաշրջան, 1918-1945 թթ.: ՀՀ Գիտութիւնների Ազգային Ակադեմիա։ Պատմութեան ինստիտուտ։ Երևան, 2010 թ.: Էջ 308։
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 18,6 Ավանտյուրա՞, Թե՞ Ապստամբություն․ Ինչ Տեղի Ունեցավ 1921 Թ․ Փետրվարին։
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 19,5 19,6 1921 թվականի Փետրվարյան ապստամբությունը։