Կոմունիստական կուսակցության մանիֆեստ

«Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» (գերմ.՝ Das Manifest der Kommunistischen Partei), կոմունիզմի առաջին պարսավագիրը, որը Կոմունիստների միության երկրորդ կոնգրեսի (1847) հանձնարարությամբ գրել են Կառլ Մարքսն ու Ֆրիդրիխ Էնգելսը։

Կոմունիստական կուսակցության մանիֆեստը (բնօրինակ)

Բովանդակություն խմբագրել

 
Մարքս և Էնգելս

Աշխատությունը մարքսիզմի հիմունքների ամբողջական շարադրանքն է։ Առաջին գլխում՝

  1. «Բուրժուաները և պրոլետարները»,
  2. Պրոլետարներին և կոմունիստներ,
  3. Սոցիալիստական և Կոմունիստական գրականություն
    1. Սոցիալիզմի ռեակցիան
      1. Ֆեոդալական սոցիալիզմ
      2. Մանր - բուրժուական սոցիալիզմ
      3. Գերմաներեն, կամ «Ճշմարիտ« սոցիալիզմ
    2. Պահպանողական կամ Բուրժուա սոցիալիզմ
    3. Կրիտիկական-ուտոպիական սոցիալիզմ և կոմունիզմ
  4. Հարաբերակցությունը կոմունիստների տարբեր ընդդիմադիր կուսակցությունների

Կապիտալիզմից կոմունիզմի անցման ծրագիր խմբագրել

«Բուրժուաները և պրոլետարները» աշխատությունում փորձ էր կատարվում ապացուցել հասարակության զարգացման օբյեկտիվ օրենքները, արտադրաեղանակների հերթափոխության՝ ենթադրյալ անխուսափելիությունը և հին հասարակարգի ընդերքում նորի սաղմնավորման դիալեկտիկական պրոցեսը։ Մարքսը և էնգելսը պնդում էին, որ հասարակության պատմությունը (բացառությամբ նախնադարյան հասարակարգի) դասակարգային պայքարի պատմություն է, որ բուրժուական հասարակարգում ի դեմս, այսպես կոչված՝ երկու թշնամի դասակարգերի՝ բուրժուազիայի և պրոլետարիատի, ավելի են սրվել դասակարգային պայքարն ու դասակարգային հակասությունները։ Մարքսն ու Էնգելսը պնդում էին, որ կապիտալիզմի խորտակումն անխուսափելի էր և առկա էր նոր, «անդասակարգ» կոմունիստական հասարակության ստեղծման պատմական անհրաժեշտություն։ Ներկայացնելով նոր հասարակարգի ստեղծման ուղիները՝ Մարքսն ու էնգելսը հասարակության վերափոխման իրական ուժ էին համարում իբր բոլոր աշխատավորների շահերը արտահայտող պրոլետարիատին, ներկայացնում պրոլետարիատի «պատմական առաքելությունը», եզրակացնելով, որ կապիտալիզմը, հանձինս պրոլետարների

  «...արտադրում է ամենից առաջ իր սեփական գերեզմանափորներին։ Նրա կործանումը և պրոլետարիատի հաղթանակը հավասարապես անխուսափելի են»։ «Կոմունիստական կուսակցության մանիֆեստի» հայերեն հրատարակություն (1968)  

Մարքսն ու էնգելսը նշում էին կոմունիստների կուսակցության՝ բանվոր դասակարգի առաջավոր ջոկատի էությունն ու պատմական դերը, նշում, որ կոմունիստները

  «...գործնականում հանդիսանում են բոլոր երկրների բանվորական կուսակցությունների ամենավճռական, միշտ դեպի առաջ շարժվելու դրդոդ մասը, իսկ թեորիական տեսակետից՝ պրոլետարիատի մնացած մասի հանդեպ նրանց առավելությունը պրոլետարական շարժման պայմանները, ընթացքը և ընդհանուր հետևանքները հասկանալու մեջ է»։  

Կոմունիստների մերձավորագույն նպատակն է

  «...պրոլետարիատի ձևավորումը որպես դասակարգ, բուրժուազիայի տիրապետության տապալումը, քաղաքական իշխանության նվաճումը պրոլետարիատի կողմից»։  
 
Կոմունիստական կուսակցության մանիֆեստի թուղթը

Չնայած աշխատության մեջ Մարքսը և էնգելսը դեռևս չէին օգտագործել «պրոլետարիատի դիկտատուրա» հասկացությունը, սակայն ներմուծել էին պրոլետարիատի դիկտատուրայի գաղափարը, գտնելով, որ

  «...բանվորական, հեղափոխության մեջ առաջին քայլը պրոլետարիատի՝ տիրող դասակարգ դառնալն է, դեմոկրատիայի նվաճումը։ Պրոլետարիատն իր քաղաքական տիրապետությունը կօգտագործի նրա համար, որպեսզի բուրժուազիայից քայլ առ քայլ խլի ամբողջ կապիտալը, արտադրության բոլոր գործիքները կենտրոնացնի պետության, այսինքն՝ որպես տիրող դասակարգ կազմակերպված պրոլետարիատի ձեռքում, և ըստ հնարավորին արագ մեծացնի արտադրողական ուժերի գումարը»։  

Այս գլխում ներկայացվել է կոմունիստների վերաբերմունքը ընտանիքի, սեփականության, ազգի, հայրենիքի, դաստիարակության նկատմամբ, նշվել են այն կարևորագույն սոցիալ-տնտեսական միշոցառումները, որոնք պրոլետարիատը պետք է իրականացնի իշխանությունը նվաճելուց հետո։ Մարքսը և էնգելսը եզրակացնում էին, որ պրոլետարիատը

  «...ոչնչացնում է դասակարգային հակադրության գոյության պայմանները, ոչնչացնում է առհասարակ դասակարգերը և դրանով իսկ՝ հր սեփական տիրապետությունը որպես դասակարգի»։  

Երրորդ գլխում՝ «Սոցիալիստական և կոմունիստական գրականություն», գիտականորեն քննադատված էր այդ տարիների սոցիալիստական և կոմունիստական ագիտացիոն գրականությունը, գաղափարախոսական տեսանկյունից վեր էին հանվում սոցիալիզմի դրոշով հանդես եկող բուրժուական ու մանրբուրժուական հոսանքների (ֆեոդալական սոցիալիզմ, մանրբուրժուական սոցիալիզմ, «ճշմարիտ» սոցիալիզմ) դասակարգային էությունը, արտահայտված է հեղինակների վերաբերմունքը ուտոպիական սոցիալիզմի ու կոմունիզմի ուսմունքների նկատմամբ։

Չորրորդ գլխում՝ «Կոմունիստների վերաբերմունքը դեպի տարբեր օպոզիցիոն կուսակցությունները», Մարքսն ու էնգելսը շարադրում էին կոմունիստների վարած քաղաքականությունն օպոզիցիոն մյուս կուսակցությունների նկատմամբ, պնդում, որ կոմունիստները պաշտպանում են գոյություն ունեցող «հասարակական ու քաղաքական կարգի դեմ ուղղված ամեն մի հեղափոխական շարժում»։ «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» ավարտվում է

  «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՝ք»  

կոչով, որը դարձել էր համաշխարհային սոցիալիստական շարժման նշանաբանը։ Մանիֆեստի մասին Վլադիմիր Լենինը գրել է.

  «Այս փոքրիկ գրքույկն արժե ամբողջ հատորներ, նրա ոգով է ապրում ու շարժվում մինչև այժմ քաղաքակիրթ աշխարհի ամբողշ կազմակերպված ու մարտնչող պրոլետարիատը»։  

Ստեղծում խմբագրել

Առաջին անգամ «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» հրատարակվել է 1848 թվականին Լոնդոնում, գերմաներեն։ 1882 թվականին ժնևում տպագրվել է ռուսերեն երկրորդ հրատարակությունը՝ ռուս մարքսիստ-տեսաբան Գեորգի Պլեխանովի թարգմանությամբ, Մարքսի և էնգելսի հատուկ առաջաբանով։ 1848-1871 թվականներին լույս է տեսել «Կոմունիստական կուսակցության մանիֆեստի» մոտ 770 հրատարակություն՝ 50 լեզվով։ ԽՍՀՄ-ում 1973 թվականիի հունվարի 1-ի տվյալներով թողարկվել էր 447 հրատարակություն 24,341 հազար օրինակով՝ 74 լեզվով։

Թարգմանություններ հայերենով խմբագրել

«Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» հայերեն թարգմանվել է 1887 թվականին։ «Մանիֆեստի» 1888 թվականին անգլերեն և 1890 թվականին գերմաներեն հրատարակությունների առաջաբաններում Էնգելսը նշում էր, որ հայերեն թարգմանությունը պետք է 1887 թվականին հրատարակվեր Կոստանդնուպոլիսում, սակայն «...լույս չտեսավ այն պատճառով միայն, որ հրատարակիչը վախեցել է գիրքը լույս ընծայել Մարքսի անունով, իսկ թարգմանիչը չի համաձայնել «Մանիֆեստը» ներկայացնել որպես իր աշխատությունը»։ 1894 թվականին Հովսեփ Աթաբեկյանցը և Մ. Հովհաննիսյանը (Մ. Վարդանյանը) թարգմանել են «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը», որը սակայն չի հրատարակվել։ Աթաբեկյանցը նամակով դիմել էր էնգելսին և խնդրել գրել առաջաբան «Մանիֆեստ»-ի հայերեն հրատարակության համար։ Էնգելսը, շնորհակալություն հայտնելով աշխատության թարգմանության համար, պատասխանել է, որ ինքն անծանոթ լեզվով հրատարակվող գրքին առաջաբան գրել չի կարող։ 1894 թվականին «Գաղափար» հանդեսում հրատարակվել է «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ»-ի ներածությունը, 1872 թվականի գերմաներեն հրատարակության հեղինակների առաջաբանը և 1-ին, 2-րդ գլուխների հայերեն թարգմանությունը (թարգմանիչ՝ Մարո Նազարբեկյան), իսկ մնացած մասը չի հրատարակվել հանդեսը փակվելու պատճառով։ 1901 թվականին Թիֆլիսում «Մանիֆեստը» թարգմանվել է հայերեն ռուսերեն երկրորդ հրատարակությունից։ Աշխատությունը, «Մանիֆեստ կոմունիստական կուսակցության» վերնագրով, առանձին գրքով հրատարակվել է 1904 թվականին՝ ժնևի ՌԽԴԲԿ տպարանում, Ստեփան Շահումյանի և Միքայել Մանուչարյանի գերմաներենից կատարած թարգմանությամբ։ Աշխատությանը կցված են եղել 1872 թվականի, 1883 թվականի, 1890 թվականի հրատարակությունների առաջաբանները, որպես հավելված՝ Կարլ Կաուցկու

  «Որքա՜ն է հնացել կոմունիստական մանիֆեստը» հոդվածը։  

Հետագայում «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» թարգմանել են նաև Պողոս Մակինցյանը (1918), Սարգիս Կասյանը և ուրիշներ։ Մինչև 1979 թվականը «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» առանձին գրքով հայերեն լույս է տեսել 17 անգամ։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 560