Գևորգ Չաուշ (Գևորգ Չավուշ, Գէորգ Ղազարեան) (1870[2], Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - մայիսի 27, 1907(1907-05-27), Սուլուխ կամուրջ, Բիթլիսի վիլայեթ, Սուլուխ, Օսմանյան կայսրություն[1]), հայ ազգային ազատագրական շարժման հերոս, հայդուկապետ, ՀՅԴ անդամ։ Գևորգ Չաուշը համիդյան արյունոտ վարչակարգի դեմ ոտքի ելած հայ ֆիդայական շարժման առաջին սերնդի ակնառու դեմքերից է, իր ժողովրդի ազատագրման գործին նվիրված անձնազոհ մարտիկ։

Գևորգ Արոյի Ադամյան
արմտ. հայ.՝ Գէորգ Չաւուշ
1870 - 1907 թվականի մայիսի 27
ԾննդավայրԱրևմտյան Հայաստան, Սասուն, Մկթենք գյուղ
Մահվան վայրՍուլուխ կամուրջ, Բիթլիսի վիլայեթ, Սուլուխ, Օսմանյան կայսրություն[1]
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն
ԶորատեսակՀայ ֆիդայիներ
Ծառայության տարիներ1889-1907 թվականներ
ԿոչումՏարոնի հայդուկապետ
Հրամանատարն էրհայդուկային խմբերի
Մարտեր/
պատերազմներ
Սասունի ապստամբություն (1894), Առաքելոց վանքի կռիվ (1901), Սասունի ապստամբություն (1904), Սուլուխի կռիվ (1907)

Գևորգ Չաուշը եղել է այնպիսի հայտնի ֆիդայիների զինակիցը, ինչպիսիք են Արաբոն, Դժոխք Հրայրը, Աղբյուր Սերոբը, Անդրանիկը։ Առաջին անգամ աչքի է ընկել Սասունի 1891-1893 թվականների ինքնապաշտպանական կռիվներին։

Կռվում աչքի է ընկել իր մարտավարությամբ և կազմակերպչական ձիրքով։ Դա է վկայում Բերդակ գյուղում բազմաթիվ թշնամու դեմ ընդամենը 4 հայդուկով մղված մարտի տակտիկան։ Երկուսը կրակում էին, իսկ մյուս երկուսը նահանջում։ Քիչ անց ֆիդայիները մյուս զույգն էր սկսում կռվել, իսկ նախորդները նահանջում էին։ Ֆիդայիներն այդպիսով նահանջում են շուրջ 20 կմ և հասնում Ծիր-Կատար[3]։

Գևորգ Չաուշը Անդրանիկի հետ միասին վրեժ է լուծել Աղբյուր Սերոբի մահվան համար։ Սերոբի մահից հետո շատերն առաջարկում էին, որ Գևորգը գլխավորի ֆիդայիներին, բայց Գևորգը, համեստ մարդ լինելով, իր տեղը զիջում է Անդրանիկին։

Չաուշի ամենահայտնի մարտերից մեկը Առաքելոց վանքի կռիվն է, որը կազմակերպել էր Անդրանիկը։ Գևորգն անձամբ ղեկավարել է Իշխանաձոր գյուղի պաշտպանությունը և այնտեղ ունեցել է ֆիդայիների ջոկատ։ Թուրքական կառավարությունը ստիպված է եղել սասունցիներին ուշադրության կենտրոնում պահելու համար այդ գյուղում զորանոց կառուցել[4]։

Գևորգը գտնում էր, որ պետք էր դաշնակից լինել քրդերի հետ։ Դրա համար էլ նա մեծ հարգանք է վայելել քրդերի մոտ։ Բացի այդ Չաուշը դաժանաբար պատժում էր այն քրդերին, ովքեր թալանում էին հայ գյուղացու ինչքը։

Եղել է միակ ֆիդային, ով, բոլոր ֆիդայական օրենքներին հակառակ, ամուսնացել է։

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Ծնվել է 1870 թվականին Սասունի Փսանաց գավառի Մկթենք գյուղում։ Չաուշի հոր անունը Արո էր, իսկ նրա հորեղբայրը՝ իշխան Ղզրոն էր։ Գևորգն իր ընտանիքի միջնեկ զավակն էր։ Նրա եղբայրների անունները Մինաս և Օհան էին[5]։

Դեռ վաղ տարիներից Գևորգը չի կարողացել անտարբեր լինել հայ ազգի թշվառ ճակատագրով։ Այդ է վկայում այն, որ 14 տարեկան հասակում Գևորգը տեսնելով թե ինչպես 4-5 քուրդ հայ գյուղացիներին թալանում, քարեր է շպրտում թալանչիների

Ուսման տարիները և Արաբոն խմբագրել

Այնուհետև տանեցիները որոշում են տղային ուսման տալ և տանում են Մշո Առաքելոց վանքի դպրոց։ Վանքում Չաուշն ընկերանում է Ադամի հետ։ Վարդապետից Արաբոյի մասին պատմություններ լսելով՝ Գևորգը ոգևորվում է և որոշում է անցնել նրա ջոկատ։ Արաբոն սկզբում չի ուզում նրանց ընդունել՝ պատճառաբանելով, որ շատ երիտասարդ են, բայց, տեսնելով նրանց հաստատակամությունը, ընդունում է իր ջոկատ[6]։

1892 թ.-ին Արաբոն իր խմբով մտնում է Բերդակ գյուղ։ Բերդակում Արաբոն մնում է միմիայն Մխոյի հետ, իսկ հայդուկներին ուղարկում է հարակից գյուղեր։ Սակայն Արաբոն չգիտեր, որ դավադրության զոհ էր դառնալու։ Ալիզռնանի գյուղապետ Կրպոն մատնել էր մեծ հայդուկի գտնվելու վայրի մասին։ Թուրքերը զգալի զոհեր են տալիս, բայց կարողանում են Արաբոյին գերի վերցնել։

Գևորգի առաջին ռազմական հանձնարարությունը լինում է դավաճան Կրպոյին պատժելը։ Նա Գալշո Մանուկի և Լևոնի հետ գնում է Ալիզռնան։ Գևորգը միանգամից ներխուժում է Կրպոյի տուն և վերջինիս գտնում է բակում նստած վիճակում։ Դանակի երկու հարվածով նա սպանում է դավաճանին։

Արաբոյի բանտարկությունից հետո Գևորգը կապվում է Մուրադ Պոյաճյանի հետ։ 1888 թ.-ի մայիսի 7-ին Գևորգը հրաժարվում է ուսումից և մեկ ամիս անց լքում է վանքը։

Արաբոն կարողանում է բանտից փախչել, սակայն Գևորգին խնդրում է լուր տարածել, որ Արաբոն գնացել է։ Հակառակ դեպքում թուրքերը Արաբոյին բռնելու պատրվակով կհարձակվեն անմեղ ժողովրդի վրա։ Արաբոն մեկնում է Կովկաս, որպեսզի հետո այնտեղից նոր ուժերով վերադառնա և պաշտպանի խեղճուկրակ գյուղացիներին։ Սակայն վերադառնալիս հայդուկապետը որոշում է լուսաբացով ճանապարհ ընկնել։ Գյոլ Առաշ ձորում նա իր ջոկատով ընկնում է շրջափակման մեջ։ Քրդերը գլխի են ընկնում, որ Արաբոն հայ է, և զինված ընդհարում է սկսվում։ Արաբոն իր ջոկատով զոհվում է։ Կենդանի է մնում միայն մի երիտասարդ[7]։

Առաջին մարտերը խմբագրել

 
Գևորգ Չավուշի քանդակը Ջերմուկ քաղաքում (հեղինակ՝ Հովհաննես Մուրադյան)

1893 թ.-ի հունիսի 17-ին ժամը 3-ին Տալվորիկում ահեղ պատերազմ է սկսվում։ Մեկ հայը կռվում էր 40-50 թշնամու դեմ։ Ժամանակին հասցնում են օգնության հասնել Հրայրը, Պետոն և Գրգոն։ Կռվում տղամարդկանց հետ հավասարը հավասարին կռվում էին նաև կանայք։

Գևորգն իր հուշերում նշել է.

  Հուլիսի 17-ին Տալվորիկի մեջ տեղի ունեցավ մեծ կռիվ։ Ինձ հետ էին Արմենակը, Արամը, Պողոսը և Հովհաննեսը։ Կանոնավոր զենք չունեինք, մեկ հատ մարտին իմ ձեռքին կար, մյուսները չախմախլի էին։ Այնտեղ մենք կորցրեցինք հինգ ընկերներ և մի կին, իսկ քրդերից սպանվեցին 30 հոգի։ Տեղացի խեղճ հայերը բավականին վնասվեցին, որովհետև քրդերը թալանեցին։ Մենք էլ անպաշտպան մնացինք. ոչ մի տեղից օգնություն չկար։ Մուրադն էլ ուշացավ։ Մինչև աշուն մնացինք այդ անորոշ վիճակում։ Արմենակը ևս թողեց մեզ ու գնաց Խնուս...
- Գևորգ Չաուշ[8]
 

Նույն թվականին Հրայրը մեկնում է Կովկաս, որպեսզի այնտեղից նոր ուժերով վերադառնա։ Իսկ Սասունի ինքնապաշտպանության ղեկավարությունն իր վրա է վերցնում Մուրադը։

1894 թ.-ի հուլիսի 15-ին Տալվորիկ Հարք թաղում ֆիդայիները ժողով են գումարում։ Նրանք որոշում են մինչև արյան վերջին կաթիլը կռվել և չհանձնել Տալվորիկը։ Գևորգ Չաուշն իր վրա է վերցնում Սատանի կամրջի պաշտպանությունը։ Այն քանդված վիճակում էր գտնվում և օսմանյան կառավարությունը Բաղեշից 16 քարտաշ է բերում։ Գևորգը հարձակվում է 15 թուրք զինվորների վրա, որի արդյունքում թուրքերից 7-ը զոհվում են, իսկ մյուսները փախչում են Մուշ։

Սակայն թշնամին մեծաքանակ էր, և հայերը չէին կարող դիմադրություն ցույց տալ։ Ստիպված աշխատում էին փրկել բնակչությանը զանգվածային կոտորածից։ Միայն Շենիկի վրա թուրքական բանակը 150 թնդանոթ էր գործածում։ Գևորգը օգնություն շտապեց իշխան Գրգոյին, բայց վերջինս ստիպված էր նահանջել։

1894 թ.-ն հայերի համար եղավ արյունոտ տարի։ Թուրքական բանակը և քրդական խուժանը կոտորում էր բոլորին՝ ծերերին, կանանց, երեխաներին։ Ողջ-ողջ այրում էին հայերին։

Օգոստոսի 3-ին թուրքերը գրավում են Գելին և այն հրդեհի վերածում։ Հրդեհում են նաև Գելիի Պետոյի տունը։ Այդ տեսնելով՝ Պետոն իր հրացանով սպանում է 27 հոգու, իսկ վառոդի վերջանալուց հետո անցնում է սրամարտի։ Պետոն մահանում է 13 խոցելի հարվածներից։

Օգոստոսի 27-ին թուրքերը մտնում են Տալվորիկ, բայց տալվորիկցիները կարողանում են հետ շպրտել թշնամուն և երեկոյան հեռանալ։ Այսպիսով հաջորդ օրը Տալվորիկն անցնում է թշնամու ձեռքը[9]։

Ձերբակալություն խմբագրել

1894 թ. օգոստոսի վերջին Գևորգ Չաուշը Մեծն Մուրադի հետ փոքրաթիվ խմբով ընկնում է պաշարման մեջ։ Նրանք կարողանում են երեք օր դիմադրություն ցույց տալ, իսկ հետո ձերբակալվում են։ Կռվողների շարքերում էին նաև Գասպարը և Ադամը։

Գասպարն առաջարկում է իր վրա վերցնել թշնամու հարվածը, սակայն Մուրադն ու Գևորգը դա կտրականապես մերժում են։ Արդյունքում հայդուկները գերի են ընկնում։

Հայդուկներին տանում են Մուշ, որտեղ նրանց 4 օր տանջանքների են ենթարկում։ Տղաներից մեկն անգամ մահանում է։ Դրանից հետո հայդուկներին տեղափոխում են Բաղեշի բանտ[10]։

Գևորգ Չաուշը սակայն փախուստ է կազմակերպում և համոզում է Մուրադին իր հետ փախչել։ Սակայն Մուրադը մերժում է առաջարկը։ Գևորգը 1896 թվականի ապրիլի 20-ի գիշերը փախչում է բանտից։ Այդ օրը եղանակը նույնպես նպաստում է փախուստին։ Դրսում թանձր մութ էր սարսափելի փոթորկի ու ձյունախառն անձրևի պատճառով[11]։

Աղբյուր Սերոբի ջոկատում խմբագրել

1898 թ.-ի Բաբշենի կռվից հետո Աղբյուր Սերոբը ստիպված էր հեռանալ իր հայրենի բնակավայրից։ Նա վաճառեց իր տունը և նրանով զենք գնեց։ Այնուհետև իր ընտանիքի հետ եկավ Սասուն։ Ֆիդայիները մեծ ոգևորությամբ ընդունեցին Սերոբին, որին խլաթցիները Աղբյուր անունն էին տվել, քանի որ նրա շնորհիվ խուսափել էին կոտորածներից։

Գևորգ Չաուշն իր խմբով միանում է Սերոբի խմբին։ Սերոբի խմբին է միանում նաև Անդրանիկը։

Սերոբն առաջինն էր, որ սկսեց ֆիդայական օրենքներ մտցնել հայդուկների մոտ։ Օրենքներից առաջինն այն էր, որ ֆիդային ամուսնացած էր զենքի հետ։ Իսկ հետագայում Սերոբը, տեսնելով, որ հայկական գյուղերը միմյանց հետ թշնամանում են աղջիկ փախցնելու պատճառով, հայտարարում է, որ աղջիկ փախցնողը դաժան կերպով պետք է պատժվի։

Այդ կարգադրությունից որոշ ժամանակ անց աղջիկ փախցնելու համար Տալվորիկն ու Աղբրիկը թշնամանում են Փսանաց գավառի հետ։ Պատճառն այն էր, որ Գևորգի հորեղբայր Ավեն փախցրել էր Առաքելոց վանքի տնտեսուհի Հերմոյին։

Սերոբը կարգադրում է, որ Գևորգն արժանի պատիժ տա իր հորեղբորը, քանի որ վերջինս նման բան չէր համարձակվի անել, եթե Գևորգն այդքան մեծ հեղինակություն չվայելեր հայդուկների շրջանում։ Գևորգը ստիպված սպանում է հորեղբորը։ Բայց դրանից հետո նա լքում է Սերոբի ջոկատը և մի քանի օր միայնակ է մնում[12]։

Աղբյուր Սերոբի մահը խմբագրել

Գևորգի բացակայության ընթացքում Սերոբը դառնում է դավաճանության զոհը։ Գեղաշենցի Ավեն ոչ միայն մատնում է Սերոբի գտնվելու վայրը, այլև հայդուկապետին թունավոր ծխախոտ է տալիս։ Սերոբը, քիչ անց ձեռքը ճակատին տանելով, տեսնում է, որ մազերը թափվում են և հասկանում է, որ իրեն դավաճանել են և թակարդ գցել։ Նա վերցնում է իր ընտանիքին և փորձում նահանջել։

2000 թուրք զինվորներ ու քրդեր պաշարում են Գելիեգուզան գյուղը։ Անհավասար կռվում զոհվում են Աղբյուր Սերոբը, որդին՝ Հակոբը, եղբայրները՝ Մխեն և Զաքարը։ Սերոբի կինը՝ Սոսեն, վերցնելով ամուսնու հրացանը, շարունակում է քաջաբար մարտնչել։ Թշնամու գնդակներից վիրավորված՝ Սոսեն այլևս անկարող է լինում շարունակել մարտը։ Թուրք զինվորները ուզում են սպանել վիրավոր Սոսեին, բայց Բշարե Խալիլը չի թողնում։ Խալիլը կտրում է Սերոբի գլուխը և գերեվարում Սոսեին։

Մեծ հայդուկի մահվանից հետո Անդրանիկն ու Գևորգ Չաուշը հետամուտ են լինում, որ բոլոր դավաճանները կրեն իրենց արժանի պատիժը։ Առաջինը որոշվում է պատժել դավաճան ռես Ավեին, ով թունավորել էր Սերոբին։ Երբ վերջնականորեն համոզվում են Ավեի դավաճանության մեջ, 1900 թվականի ապրիլ ամսին Գևորգ Չաուշը շենիկցի Մանուկի և Ղազարի հետ մտնում է Ավեի տուն և նրանից իմանում բոլոր դավաճանների անունները, իսկ այնուհետև սպանում նրան։ Ավեից հետո ոչնչացնում են բոլոր մյուս դավաճաններին, ովքեր կապ էին ունեցել Սերոբի մահվան հետ։

1900 թ.-ի նոյեմբերին Անդրանիկի, Գևորգ Չաուշի, Մակարի և Գալեի հետ 25 հայդուկներ դարան են մտնում Մառիկի կիրճում, որտեղով պետք է անցներ Խալիլ բեյը։ Նա իր 40 զինված հեծյալների հետ էր։ Երբ հեծյալները բավականին մոտեցան, հայդուկները կրակ բացեցին։ Բազմաթիվ թշնամիներ զոհվեցին, սատկեց Խալիլի ձին։ Խալիլին խուզարկեցին և գտան 13 հայ դավաճանների անուններ։ Դրանից հետո Խալիլի գլուխը կտրեցին[13]։

Առաքելոց վանքի կռիվը խմբագրել

 
Մշո առաքելոց վանքը

1901 թ.-ի նոյեմբերի 3-ին Անդրանիկը Գևորգ Չաուշի և 25-27 հայդուկների հետ փակվում են Մշո Սուրբ Առաքելոց վանքում, որը նաև կոչվում էր Թարգմանչաց վանք։ Անդրանիկը նախoրոք լավ մշակել էր իր գործունեությունը և վանքը ընտրել էր մի քանի նկատառումներով։ Նախ այն հայտնի վանք էր և հաստատ օտարերկրացիները ուշադրություն կդարձնեին այս կռվին։ Վանքի բակում էին թաղված Փավստոս Բուզանդն ու Մովսես Խորենացին։ Բացի այդ վանքն ուներ ամուր պարիսպներ և ջրի աղբյուր։ Իսկ սնունդն ու ռազմամթերքը ֆիդայիները նախօրոք էին բերել։

Դեպքի 4-րդ օրը թուրքական կառավարությունը առաջարկում է կա՛մ անձնատուր լինել, կա՛մ թողնել վանքը։ Անդրանիկը 3 օր մտածելու ժամանակ է ուզում, բայց թուրքերը չեն համաձայնվում և հարձակման են անցնում՝ այդպես էլ ոչ մի արդյունքի չհասնելով։

Անդրանիկն ուզում էր իր կամքը թելադրել սուլթանին, որը պետք է ստիպված լիներ զիջումների գնալ։ Սակայն նոյեմբերի 7-ին թուրքերը պաշարեցին վանքը 3000-անոց բանակով։ Պաշարումը տևեց օրեր։ Թուրքական բանակում 20 օրվա ընթացքում տիֆից ահագին զինվորներ մահացան։ Թուրքերը բանակցություններ սկսեցին պաշարման 17-րդ օրը։

1901 թվականի նոյեմբերի 27-ի գիշերը ֆիդայիները սպիտակ սավանների օգնությամբ աննկատ ճեղքում են վանքի պաշարումը և հեռանում[14]։

Գևորգը չի լքում Սասունը խմբագրել

Սասունի ապստամբության պարտությունից հետո Անդրանիկի և մի շարք այլ հայդուկների հետ հերոսական մարտեր է մղել Մշո դաշտում, այնուհետև անցել Վասպուրական։ Աղթամար կղզում կայացած ՀՅԴ ղեկավար գործիչների 1904 թվական սեպտեմբերյան ժողովի որոշմամբ մի խումբ մարտիկներով վերադարձել է Սասուն և շարունակել պայքարը թուրքական իշխանությունների դեմ՝ դառնալով ՀՅԴ Դուրան-Բարձրավանդակի (Մուշ-Սասուն) ներկայացուցիչը և Մուշ-Սասունի հայդուկների ղեկավարը՝ հայդուկապետ։

Գևորգ Չաուշի մարտական խումբը 1905-1907 թվականներին Կարս գյուղում, Աստղում, Արքավանքում և այլուր հերոսական մարտեր է մղել թուրքական գերազանցող ուժերի հետ։

Սուլուխ խմբագրել

 
Սուլուխի կամուրջը Արածանի գետի վրա

Թուրքերի հետապնդումներից ֆիդայիները փախչելով՝ գալիս են Մշո դաշտի Սուլուխ գյուղ։ Ֆիդայիները 3 օր մնում են այդտեղ և նույնիսկ պահակ չեն նշանակում։ Հայդուկները որոշում են քեֆ անել և ճանապարհել Ռուբեն Տեր-Մինասյանցին։

1907 թվականի մայիսի 27-ին թուրքական զորքերին հաջողվում է շրջապատել Գևորգ Չաուշի զորաջոկատը։ Սուլուխը մարտ վարելու համար նպատակահարմար վայր չէր, քանի որ ոչ մի սար չկար, այլ ամբողջը հարթավայր էր։

Ֆիդայիները ստիպված էին մարտնչել։ Գևորգը Հագոյին և մի քանի ֆիդայիների կարգադրում է կյանքի գնով պահել Սուլուխ կամուրջը։ Անհավասար կռիվ է սկսվում։ Գևորգը Գալեի հետ բարձրանում է տան տանիք և այնտեղից է կռվում։ Օրվա առաջին կեսը հայերը լավ դիրքերում էին։ Նույնիսկ տապալվել էր թուրքական զորքի հրամանատար Քյոսա Բինբաշին։ Կռվի ընթացքում զոհվեց Գալեն, իսկ քիչ անց փչացավ Գևորգի հրացանի զսպանակը։ Մինչ Գևորգը հրացանը կարգի էր բերում, թշնամու գնդակը դիպավ նրա ծնկին և անցավ թիկունքի միջով։

Թուրքերը այդ օրը 150 սպանված և 250 վիրավոր տվեցին։ Նրանք Մուշից թնդանոթ ուզեցին։ Հայերը հեռացան Սուլուխից։ Գալեի և Հագոյի դիակներն իջեցրեցին Մուրադ գետի մեջ։ Իսկ Գևորգին թողեցին Արածանիի ափին՝ կամրջի մոտ և երկու սուլուխցու կարգադրեցին հսկել։ Հաջորդ օրը՝ մայիսի 28-ին Գևորգին մահամերձ վիճակում գտնում է քուրդ ցեղապետ Զայնալ բեյը։ Գևորգը ջուր է խնդրում և ջուր խմելուց հետո մահանում է բեկի ձեռքերի վրա[15]։

Անձնական կյանքը խմբագրել

 
Հեղինե (Եղսո)՝ Գևորգ Չաուշի կինը, 1910

Գևորգ Չաուշը դեռևս 16 տարեկան հասակում ճանաչում էր Եղսոյին (Հեղինե), որը Հեղինի իշխան Վարդանի մինուճար դուստրն էր։ Եղսոն այն ժամանակ 11 տարեկան էր։ Երբ Գևորգն ընդունում է հայդուկության ուղին, Եղսոյին կանչում է իր մոտ և ասում, որ իրենց միջև ամեն ինչ վերջացած է, քանի որ ինքն ամուսնացած է զենքի հետ։ Աղջիկը չի դադարում Գևորգին սիրելուց, անգամ այն ժամանակ, երբ նրան հարազատները բռնի ուժով ամունսացնում են։

1905 թ.-ին Եղսոն փախչում է իր տանից և Ստեփան վարդապետին ուղարկում է Գևորգի հետ հանդիպման։ Եղսոն որոշել էր կյանքին վերջ տալ, քանի որ առանց Գևորգի իր կյանքն իմաստ չուներ, բայց ուզում էր մինչ կյանքին վերջ տալը տեսնել Գևորգին։ Գևորգը միանգամից մերժում է առաջարկը, բայց Գալեն ու Հագեն խնդրում են տեղի տալ աղջկան։ Գևորգն համաձայնվում է, ու հենց այդ օրն էլ հարսանիք են անում։ Բոլոր ֆիդայական օրենքներին հակառակ Գևորգն ամուսնանում է այն աղջկա հետ, որին սիրում էր դեռ շատ վաղուց։

Եղսոյին որպես հարսանեկան նվեր Գալեն ատրճանակ է նվիրում։ Իսկ Գևորգը ավելացնում է.

  Եղսո, իմ ընկերների նվիրած ատրճանակն ամենաթանկ նվերն է։ Հայդուկի զենքը խիզախ ոգի է սիրում։ Այդ սուրբ զենքով խփիր թշնամուն, խփի'ր, որտեղ էլ որ լինի։ Իսկ եթե ստեղծվի վիճակ, երբ կարող ես թշնամու ձեռքն ընկնել, չվարանես, ատրճանակի փողը քունքիդ մոտեցնել...
- Գևորգ Չաուշ[16]
 

Եղսոն ու Գևորգը որդի են ունենում, որին կնքում են Վարդգես անունով։ Գևորգի մահից հետո թուրքերն ամեն կերպ ջանում են սպասնել Եղսոյին և Վարդգեսին։ Մանուկը և ծերունի Մակարն իրենց կյանքը զոհելով կարողանում են փրկել Գևորգի ընտանիքին[17]։

Գևորգ Չաուշն արվեստում խմբագրել

Հայ ժողովուրդը բազմաթիվ երգեր է հյուսել նրա մասին։

Գևորգ Չավուշի մասին առաջին վեպը եղել է Կարո Սասունու «Սարերու ասլանը» սփյուռքում լայնորեն հայտնի վեպը։ Այս վեպի վրա հեղինակն աշխատել է շուրջ 40 տարի։ Այն առաջին անգամ հրատարակվել է 1966 թվականի Բեյրութում, իսկ երկրորդ անգամ՝ 1983 թվականին Թեհրանում։ Վեպը հասկանալի պատճառներով արգելված էր Խորհրդային Հայաստանում։ Ամբողջությամբ Գևորգ Չաուշի կյանքին է նվիրված նաև հայր և որդի Ստեփան և Կարո Պողոսյանների հեղինակած «Ինձ բահ տվեք... (Գևորգ Չաուշ)» փաստավավերագրական գիրքը։ Գևորգ Չաուշը նաև գործող անձ է Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վեպում։ Վեպի գլխավոր հերոսը հանդիսանում էր մեկ այլ անվանի հայդուկ՝ Մախլուտոն (Զորավար Սմբատ)։ Գևորգ Չավուշի մասին պատում է գրել նաև արձակագիր Սուրեն Սահակյանը իր «Հերոսապատում» (Երևան, 1990) գրքում։

Գևորգ Չաուշի թանգարան խմբագրել

1980-ական թվականներին Չաուշի զարմիկ Գևորգ Մելքոնյանի նախաձեռնությամբ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում ստեղծվել է Գևորգ Չաուշի թանգարանը։

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://360stories.com/turkey/place/sulukh-bridge-in-mush
  2. Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
  3. «Հայ ազատագրական շարժման գործիչներ։ Գևորգ Չաուշ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2015 Ապրիլի 4-ին.
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 529
  5. Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 58
  6. Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 72-73
  7. Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 78-82
  8. Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 104
  9. Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 112-121
  10. Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 109
  11. Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 175
  12. Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 188-189
  13. Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 195-198
  14. Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 232-238
  15. Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 426-431
  16. Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 391-393
  17. Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 402-403
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 19